Մարմարե քարանձավ
Մարմարե քարանձավ | |
---|---|
Տեսակ | էքսկուրսիոն անձավ |
Երկիր | Ուկրաինա |
Հայտնաբերման տարի | 1987 |
Մարմարե քարանձավ (ուկրաիներեն՝ Мармурова печера), քարանձավ Ղրիմում, Չատիր դաղ լեռան ստորին բարձրավանդակներից մեկում։ Զբոսաշրջիկների շրջանում մեծ հետաքրքրություն է վայելում։
Բացահայտման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1987 թվականին սիմֆերոպոլցի սպելեոլոգները Բին Բաշ Կոբա և Սուուկ Կոբա քարանձավներից ոչ հեռու հայտնաբերել են առանձնահատուկ գեղեցկությամբ հսկայական քարանձավ` սրահների բարդ համակարգով[1]։ Նոր քարանձավը, որի մուտքը գտնվում է ծովի մակարդակից 920 մ բարձրության վրա, կոչեցին «Մարմարե»։ 1988 թվականին հիմնադրված սպելեոզբոսաշրջության «Օնիքս տուր» կենտրոնը գիտական հետազոտությունների ավարտից հետո կազմակերպեց զբոսաշրջային ուղերթեր դեպի քարանձավ. անցկացվեց լուսավորություն, կառուցվեցին բետոնե ուղիներ, տեղադրվեցին բազրիքներ։ Այցելությունների համար քարանձավը բացվել է 1989 թվականին։ Այդ ժամանակից ի վեր այնտեղ եղել է մի քանի հազար մարդ։
Զբոսաշրջային ուղերթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Զբոսաշրջիկներին գրավում են քարանձավի հսկայական սրահները` հիասքանչ գոյացություններով, բյուրեղի հազվագյուտ տեսակներով։ Էքսկուրսային երթուղու երկարությունը մոտ 1.5 կմ է, բոլոր սրահների ընդհանուր ձգվածությունը` 2 կմ, խորությունը` 60 մ։
Երթուղին սկսվում է Հեքիաթների սրահից։ Այն առատորեն զարդարված է ստալակտիտներով, ստալագմիտներով, որոնք հեքիաթային հերոսներ են հիշեցնում։
Վագրի մուտք սրահում հարթակն ավելի ցածր է, ինչը թույլ է տալիս մոտիկից հիանալ ստալակտիտների հարյուրավոր տարատեսակներով։ Սրահն իր անունը ստացել է այստեղ հայտնաբերված գիշատչի մնացորդներից, որ ենթադրաբար սաբլեուզյան վագր է եղել։ Երկար ուսումնասիրություններից հետո, սակայն, գիտնականներն այն եզրահանգմանն են եկել, որ այն կարող է քարանձավային առյուծ լինել, բայց սրահի նախնական անունը պահպանվել է։ Մակածորուկային հիասքանչ սյուներով սրահը բաժանված է առանձին մասերի։
Վերակառուցման սրահը խոշորագույններից է Եվրոպայում, ամենախոշորը Ղրիմում։ Նրա երկարությունը 100 մ է, բարձրությունը` 28 մ։ Հսկայական պատերը ծածակված են կորալային «ծաղիկներով», իսկ ստալակտիտների ու ստալագմիտների բազմազանությունը, մակածորուկային հսկայական սյուները անմոռաց տպավորություն են թողնում մարդկային երևակայության վրա։ Վերևից երևում է Պալատային սրահը, իր` «Թագավոր» և «Թագուհի» մակածորուկային սյուներով։
Քարանձավի ներքին սրահը բնական ապարագիտական թանգարան է։ Այստեղ կազմակերպվում են էկզոտիկ սպելեոտուրեր։ Նախկինում դրա համար տրամադրվում էին լամպեր, հատուկ հագուստ, իսկ ներկայումս այնտեղ ձևավորել են հատուկ ուղիներ, այնպես որ դրանց անհրաժեշտությունն այլևս չկա։ Այդպիսի տուրը տևում է 2-2.5 ժամ։ Սպելեոտուրը սկսվում է Փլուզվող սրահից, ապա անցնում Վարդերի սրահ, որտեղ ամեն ինչ հիասքանչ է. պատերը պատված են մակածորուկային վարագույրներով, կրաքարի մեծակոշտերը` կալցիտի շերտով։ Քարերի տակ կենդանիների առեղծվածային կմախքներ են։ Անձավի հիմքը պատված է քարե հազվագյուտ «վարդերով»։
Հույսի սրահում պատերի երկայնքով ոսկեգույն քարահոսքեր են։ Պատշգամբի սրահը ամենամեծն ու ամենատպավորիչն է ներքին հատվածում։ Տասներկու մետրանոց հարթակը այն բաժանում է երկու շքեղ հարկերի։
Ջահի սրահում կարելի է հայտնվել քարե թզուկների մոտով անցնելուց հետո, որն իրենից ներկայացնում է հարյուրավոր թափանցիկ կալցիտային գոյացություններ։ Առաստաղից կախված են թանկարժեք «ջահերը», որոնք ամբողջովին ծածկված են կորալային «ծաղիկներով», որոնցից մի քանիսը հասնում են մինչև գետին։ Այստեղ ավարտվում է սպելեոտուրը, իսկ քարանձավը շարունակվում է ևս չորս սրահներով` Փլուզվող, Հունային, Շոկոլադե, Հելիկտիտային։
Մարամարե քարանձավի յուրօրինակությունը նրան համաշխարհային հռչակ է բերել։ Սպելեոլոգների կարծիքով այն մտնում է երկրագնդի ամենագեղեցիկ հինգ քարանձավների ցանկում։ Քարանձավը Եվրոպայի ամենաշատ այցելվող քարանձավներից է։ 1992 թվականին այն ընդգրկվել է Քարանձավների ձևավորման միջազգային ասոցիացիայի մեջ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ благодаря космической программе Буран http://kik-sssr.narod.ru/24_Rodnikovoe.htm Արխիվացված 2012-01-11 Wayback Machine
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարմարե քարանձավի տեղը Գուգլի քարտեզներում
- Մարմարե քարանձավ Արխիվացված 2018-07-12 Wayback Machine
- Մարմարե քարանձավը Ղրիմի ինտերակտիվ քարտեզին
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարմարե քարանձավ» հոդվածին։ |
|