Jump to content

Կարմրաոտ բազե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մանրաբազեից)
Կարմրաոտ բազե
Կարմրաոտ բազե
Falco vespertinus
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Դաս Թռչուններ
Ընտանիք Բազեներ
Լատիներեն անվանում
Falco vespertinus



Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Կարմրաոտ բազե (լատին․՝ Falco vespertinus), բազեների ընտանիքի թռչուն, որը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Մարմնի երկարությունը 29-33 սմ է, էգերը մեծ են արուներից։ Տարածված է տափաստաններում և անտառատափաստաններում, Արևելյան Եվրոպայից մինչև Պրիմորիե։ Չվող թռչուն է, ձմեռում է Աֆրիկայում և Հարավային Ասիայում։ Սովորաբար զբաղեցնում է ուրիշ թռչունների բները։ Դնում է 3-4 խայտաբղետ ձու։ Սնվում է միջատներով, մանր կրծողներով, որոնց ոչնչացնելով մեծ օգուտ է տալիս։ Քանակը խիստ նվազելու պատճառով պահպանության տակ է առնված։

Արտաքին կառուցվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը 29-31 սմ է, թևերի բացվածքը՝ 66-78 սմ, կենդանի զանգվածը՝ 130-170 գ։ Արուի ընդհանուր գունավորումը սևակապտամոխրագույն է, առաջնային փետուրները՝ ավելի բաց մոխրագույն, ոտքերից մինչև ներքնապոչը՝ կարմիր։ Էգի գագաթը և մարմինը ներքևից նարնջագույն են, ակնադիմակը և բեղերը՝ սև, մեջքը՝ կապտամոխրագույն, զոլավոր, աչքերի շուրջը և կտուցի հիմքը՝ կարմիր։ Երիտասարդը վերևից մուգ կապտամոխրագույն է, փետուրները՝ լայն, շիկակարմիր՝ դարչնագույն երիզով, գագաթը, ճակատը՝ բաց գույնի, մարմինը՝ ներքևից բաց դարչնագույն՝ շիկակարմրադարչնագույն խայտերով։

Բնադրող-չվող է, հազվագյուտ։ Զոհին փնտրում է՝ լարերին նստած կամ օդում կանգի պահին նետվում նրա վրա։ Բնակվում է բաց տարածքներում։ Գարնանային վերադարձը՝ մայիսի առաջին կեսին։

Սննդառություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնվում է անողնաշարավորներով և այլ մանր կենդանիներով։

Բնադրում է մայիսի վերջին՝ ծառերի փչակներում կամ փորվածքներում, ագռավների հին բներում։ Դնում է 37 մմ տրամագծով, դեղնասպիտակ՝ դարչնագույն վրձնախազերով 3-6 ձու։ Թխսակալում են էգը և արուն՝ 28 օր։ Երիտասարդ թռչունները հայտնվում են օգոստոս-սեպտեմբերին։

Համարվում է որսորդ թռչուն։ Ոչնչացնում է մանր կրծողներին։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Եվրոպայում, Արևմտյան Սիբիրում։ Հայաստանում հայտնի է Արտաշատի, Հոկտեմբերյանի և Էջմիածնի շրջաններում, առավելապես Արաքս գետի հովտում և վտակներում։ Բնադրավայրը հայտնաբերվել են նաև Հրազդանի շրջանի Ծաղկաձոր գյուղում։ Դասվում է Հայաստանի բնադրող, չվող թռչունների թվին[1]։

Պահպանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհետացող տեսակ է, որն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում և գնահատվում է որպես խոցելի տեսակ։

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները հայտնի չեն։ Վերջին տարիներին բնադրման դեպքեր չեն նկատվել։

Հավանաբար վտանգման հիմնական գործոններ են հանդիսանում ապրելավայրերի քայքայումը և կերային պաշարների կրճատումը[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 243
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։