Jump to content

Հունգարական արշավանքներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հունգարական տարեգրքում հիշատակված վաչկատուն հունգարների յոթ նշանավոր ցեղապետերը՝ ճերմակաձին հեծած մեծ իշխան Արպադի գլխավորությամբ։

Հունգարական արշավանքներ կամ հունգարական նվաճումներ (հունգ.՝ Honfoglalás), միջնադարյան Հունգարիայի պատմության ժամանակաշրջան, որի արդյունքում 9-10-րդ դարերում հունգարական վաչկատուն ցեղերը հաստատվում են Կենտրոնական Եվրոպայում՝ Կարպատյան տարածաշրջանում[1]։ Մինչ այդ, Դանուբյան ավազանի հարակից տարածքների նկատմամբ իրենց հավակնություններն ունեին Բուլղարական առաջին կայսրությունը, Արևելաֆրանկական թագավորությունը և Մեծ Մորավիան (չեխական թագավորություն)։

Մինչ այդ հունգարներն այս շրջաններում կռվել են որպես բուլղարական, ֆրանկական և չեխական բանակի վարձկաններ։ Ժողովուրդների մեծ գաղթի ընթացքում հունգարները հաստատվել էին՝ Պոնտո-կասպյան տափաստանում։ Անցնելով Մեծ Կովկաս լեռնային համակարգը՝ հունգարները հաստատվել են նաև Մեծ Հայքում (Սևորդիներ)։ Այնուամենայնիվ, վերջիններս համակված էին արևմուտք ներթափանցելու անսանձ ձգտումով[2]։

894-895 թվականներին հունգարներն անցնում են Կարպատյան լեռները և մարտի բռնկվում պեչենեգների և բուլղարների հետ։ Նրանք վերահսկողություն են սահմանում Դանուբ գետի արևելյան հատվածի վրա և իրենց իշխանապետության մեջ ներառում նաև Պանոնիան։ Օգտվելով Մորավիայում սկիզբ առած ներքին երկպառակտություններից՝ հունգարները 902-906 թվականներին ներխուժում են չեխական հողեր և հաղթում մորավական բանակին՝ այդպիսով նվաճելով այդ երկիրը։

907 թվականին տեղի ունեցած Պրեսբուրգի ճակատամարտում հունգարները հարված են հասցնում Բավարիայի դքսությանը։ Միևնույն ժամանակահատվածում հունգարական խմբերը ասպատակում են Բյուզանդական կայսրության սահմանամերձ շրջանները։ Այս նվաճումների արդյունքում 1001 թվականին Իշտվան I-ը Դանուբ գետի հովտում հիմնում է համանունգարական առաջին պետությունը[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Anonymus, Notary of King Béla: The Deeds of the Hungarians (Edited, Translated and Annotated by Martyn Rady and László Veszprémy) (2010) ISBN 978-963-9776-95-1.
  2. Constantine Porphyrogenitus: De Administrando Imperio (Greek text edited by Gyula Moravcsik (1967). Dumbarton Oaks Center for Byzantine Studies. ISBN 0-88402-021-5.
  3. Royal Frankish Annals (1972). In: Carolingian Chronicles: Royal Frankish Annals and Nithard's Histories (Translated by Bernhard Walter Scholz with Barbara Rogers); The University of Michigan Press; ISBN 0-472-06186-0.