Հայերը Լոս Անջելեսում
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Հայերը Լոս Անջելեսում բնակություն են հաստատել 19-րդ դարի վերջից։ Համայնքը ձևավորվել և ստվարացել է Առաջին համաշխարհային պատերազմից հետո, երբ Արևմտյան, ինչպես նաև Արևելյան Հայաստանից ԱՄՆ են գաղթել բազմաթիվ հայեր։ Այդ հոսքն ավելացել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո և այժմ էլ շարունակվում է Մերձավոր և Միջին Արևելքի երկրներից ու Հայաստանից։ Ներկայումս (2003) Լոս Անջելեսում և շրջակա քաղաքներում (Մոնթեբելո, Գլենդել, Փասադենա, Հոլիվուդ, Էնսինո, Բևեռլի Հիլզ, Սանտա Մոնիկա) բնակվում է շուրջ 600 հազար հայ (միայն 200 հազար բնակչություն ունեցող Գլենդելում հայության թիվը շուրջ 180 հազար է)։ Լոս Անջելեսի համայնքն ամենահայահոծն է ԱՄՆ-ում։
Հայերի գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկզբնական շրջանում հայերի մեծ մասը զբաղված էր գյուղատնտեսության և արդյունաբերության մեջ։ Ներկայումս մեծ թիվ են կազմում մտավորականները (ճարտարագետներ, դասախոսներ, բժիշկներ, փաստաբաններ, արվեստագետներ), նաև խոշոր արդյունաբերողները, գործարանատերերն ու առևտրականները։ Համայնքի ազգային կյանքը կազմակերպում են եկեղեցին, ազգային կուսակցությունների տեղական կազմակերպությունները, հայրենակցական, մշակութային, կրթական ու մարզական միությունները։ Լոս Անջելեսը Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ-ի Արևմտյան թեմի կենտրոնն է. գործում են 25 առաքելական (17-ը՝ էջմիածնապատկան, 8-ը՝ անթիլիասապատկան), 6 ավետարանական, 1 կաթոլիկ եկեղեցիներ։ 1964-ին բացվել է առաջին ամենօրյա դպրոցը՝ Սրբոց նահատակաց Ֆերահյան ազգային երկրորդական վարժարանը, այնուհետև՝ Մեսրոպյան ազգային վարժարանը, Ռոզ և Ալեք Փիլիպոս, Մանուկյան-Դեմիրճյան, Վահան և Անուշ Շամլյան, Մխիթարյան հայրերի, Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա, Արշակ Տիգրանյան, Շառլոթ և Էլիզ Մերտինյան ավետարանական, Ալֆրեդ և Մարգարիտ Հովսեփյան (Սուրբ Գրիգոր Լուսավորիչ), Հայ քույրերի, Արի Կիրակոս Մինասյան, «Մաշտոց» երեկոյան և շաբաթօրյա հայոց լեզվի վարժարանները, Էմմանուել Աստվածաշնչի, Մաշտոց քոլեջները, Աստվածաբանական բարձրագույն դպրոցը։ Գործում են նաև մեկօրյա դպրոցներ։ 1976-1992-ին գործել է Լա Վեռնի Ամերիկահայ միջազգային քոլեջը։ Լոս անջելեսի կալիֆորնյան համալսարանում (UCLA) գործում են Գրիգոր Նարեկացու անվան հայագիտական և հայ կրթական հիմնարկության հայ ժողովրդի արդի պատմության ամբիոնները։
Քաղաքական կուսակցություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]19-րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբին մուտք գործելով ԱՄՆ` հայ ազգային - քաղաքական կուսակցությունները (ՍԴՀԿ, ՀՀԴ, ՌԱԿ) իրենց տեղական կազմակերպություններն են հիմնել նաև Լոս Անջելեսում։ Հնչակյան կուսակցության հովանավորությամբ են գործում Նոր սերունդ մշակութային, Հայ մարմնամարզական, Հայ երիտասարդական («Կայծ») միությունները, ՀՀԴ հովանավորությամբ՝ Համազգային հայ կրթական և մշակութային ընկերակցությունը, Հայ դատի հանձնախումբը, Հայ օգնության, Հայ մարմնակրթական ընդհանուր միությունները, Հայ երիտասարդաց դաշնակցության մասնաճյուղը, ՌԱԿ-ի հովանավորությամբ՝ Թեքեյան մշակութային միությունը, Արմենական երիտասարդաց շարժումը, Հայ իրավանց խորհուրդը։ Բարեսիրական գործունեություն են իրականացնում ՀԲԸՄ Լոս Անջելեսի մասնաճյուղը, հայրենակցական միությունների կենտրոնական գրասենյակները կամ մասնաճյուղերը։
Հայկական կենտրոններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գործում են նաև Ամերիկայի հայկական համագումարի Լոս Անջելեսի գրասենյակը, Ամերիկահայ քաղաքացիների լիգայի մասնաճյուղը, Հայ կրթական հիմնարկությունը, Միացյալ հայկական ֆոնդը, Կալիֆոռնիայի հայ գործատերերի միությունը, Հայ գործատերերի զարգացման և վարժողական կենտրոնը, Հայկական արվեստի, Հայ դրամագիտական, Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների, Ամերիկահայ հիվանդապահների ընկերակցությունները, Հայ թատրոնի ընկերությունը, Հայկազյան քոլեջի տիկնանց օժանդակ մարմինը, Դավթյան-Մարիամյան կրթական հաստատությունը, Մխիթարյան կրթական, ԱՐՓԱ հիմնարկները, Ամերիկահայ թատերաերաժշտական, Հայ համալսարանականների, Հայ ընտանեկան, Հայ-ամերիկյան տարեցների, Կալիֆոռնիայի ամերիկահայ բժշկական, Հայաստանի բուհերի շրջանավարտների «Վահագն», Հայ իրավաբանների, Հայ պարարվեստի, Հայ արհեստավարժների, բժշկական օգնություն հայերին, Կալիֆոռնիայի հայ ատամնաբուժական, Իրանահայ, Պոլսահայ միությունները, հայկական ֆիլմի հիմնարկությունը, Լարք երաժշտական ընկերակցությունը։ Առողջապահական խնդիրներով են զբաղվում Հոլիվուդի հայկական դարմանատունը, «Արարատ» ծերանոցը և «Արարատ» կազդուրման տունը (կից գործում է Էսքիջյան թանգարանը)։ Մշակութային գործունեություն են ծավալում «Վարդան Աճեմյան», «Անդրանիկ», «Վարդան», «Նորք», «Հեքիաթն է կանչում» (մանկական) թատերախմբերը, երգչախմբեր, պարախմբեր, գործում է Վանուշ Խանամիրյանի անվան պարարվեստի դպրոցը։
Պարբերականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լոս Անջելեսում առաջին հայ պարբերականը՝ Նոր օրը, լույս է տեսնում 1921-ից։ Հրատարակվում են «Ասպարեզ», «Լրաբեր», «Քաջ Նազար», «Նոր կյանք», Մասիս, Կամարակ, «Նավասարդ», «Փարոս», «Հայ կյանք», «Նոր Հայաստան», «Հայ բույժ», «Այգ», «Լույս», «Համայնապատկեր», «Առագաստ» "The California Courier", "The Armenian Observer", "AIM" պարբերականները։ Լույս են ընծայվում նաև "Armenian Directory Yellow Pages" (1980-ից) հատորները, "Armenian-American Almanac" (1985-ից) հատորները։ Գործում են «Ապրիլ», «Սարդարապատ», «Նավասարդ», «Պերճ», «Շիրակ», «Շարժուն գրախանութ» գրատներն ու հրատարակչությունները, ինչպես նաև «Հայ թելեթայմ» (1979-ից), "The Hye Ligth" (1982-ից), "Հորիզոն" (1989-ից), "Հայաստան" (1989-ից) հեռուստաժամերը, «Հայ թելեռադիո» (1982-ից) ռադիոժամերը։
Քաղաքական գործիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1982-1991-ին Կալիֆոռնիայի նահանգի նահանգապետ է ընտրվել ամերիկյան պետական և քաղաքական գործիչ հայազգի Ջորջ Դոքմեջյանը (Գուրգեն Դոքմեջյան)։ 2001-ին Լոս Անջելեսի քաղաքապետարանի որոշմամբ՝ Հոլիվուդի մի թաղամաս կոչվել է "Little Armenia" («Փոքրիկ Հայաստան»)։
2002 թվականին Գլենդելի քաղաքապետ է ընտրվել (քաղաքի պատմության մեջ երկրորդ անգամ) քաղաքային խորհրդի հայ անդամ Րաֆֆի Մանուկյանը (2002-2003, 2005-2006)։ Առաջին հայ քաղաքապետն էր Լարի Զարյանը (1986-1987, 1990-1991, 1993-1994, 1997-1998)։ 2004 թվականին քաղաքապետ է ընտրվել Բոբ Յուսեֆյանը (2004-2005), 2007 թվականին՝ Արա Նաջարյանը (2007-2008, 2010-2011, 2015-2016, 2019-2020), 2014 թվականին՝ Զարեհ Սինանյանը (2014-2015, 2018-2019), 2017 թվականին՝ Վարդան Կարապետյանը (2017-2018), 2020 թվականին՝ Վրեժ Աղաջանյանը (2020-2021), 2022 թվականին՝ Արտաշես Քասախյանը (2022-2023), 2024 թվականին՝ Էլեն Ասատրյանը (2024-ներկա)[1]։ Այսպիսով, 29 տարվա ընթացքում (1986-2025) Գլենդելի քաղաքապետի պաշտոնում հայերը պաշտոնավարել են 17 տարի։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ City of Glendale, Mayors' Gallery
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |