Jump to content

Հայդելբերգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Հայդելբերգ
գերմ.՝ Heidelberg
Դրոշ Զինանշան

ԵրկիրԳերմանիա Գերմանիա
ՀամայնքԿարլսրուեի ադմինիստրատիվ օկրուգ[1]
Ներքին բաժանումՇլիրբախ, Հայդելբերգեր Ալթստադթ, Բերգհայմ, Վեստշտադտ, Heidelberg-Südstadt?, Ռորբախ, Կիրխհայմ, Պֆաֆենգրունդ, Wieblingen?, Handschuhsheim?, Neuenheim?, Boxberg?, Emmertsgrund?, Ziegelhausen? և Bahnstadt?
Մակերես108,89 կմ²
ԲԾՄ114±1 մետր
Բնակչություն162 960 մարդ (դեկտեմբերի 31, 2023)[2]
Ժամային գոտիUTC+1, UTC+2 և Ամառային ժամանակ
Հեռախոսային կոդ6221 և 6202
Փոստային դասիչ69001
Ավտոմոբիլային կոդHD
Պաշտոնական կայքheidelberg.de(գերմ.)(անգլ.)(չին.)
Հայդելբերգ (Գերմանիա)##
Հայդելբերգ (Գերմանիա)

Հայդելբերգ[3][4][5][6] (գերմ.՝ Heidelberg), քաղաք Գերմանիայում։ Գտնվում է Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի հյուսիս–արևմուտքում։ Բնակչությունը՝ 149 000 մարդ (2011) (մեծությամբ հինգերորդ քաղաքն է Բադեն-Վյուրթեմբերգում)։

Հայդելբերգը գտնվում է Հեսսենի խիտ բնակեցված շրջանում։ Մանհայմի և Լյուդվիգսհաֆենի հետ կազմում է Ռեյն–Նեկարի ագլոմերացիան։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհագրական դիրք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայդելբերգը գտնվում է Վերին Ռեյնի ցածրավանդակում՝ Նեկար գետի ափին։ Այս տեղանքում գետը դուրս է գալիս Օդենվալդի հարթավայրից և հոսում Հայդելբերգից 20 կմ հյուսիս–արևմուտք գտնվող այն հարթավայրը, որտեղ միախառնվում է Ռեյնին։

Քաղաքի վրա իշխող դիրք ունեն երեք բարձունքներ՝ Քյոնիգշտուլը (568 մ), Հայսբերգը (375 մ) և Հայլիհենբերգը («սրբերի սար», 445 մ)։

Բուսական և կենդանական աշխարհ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանի որ քաղաքը տեղակայված է Գերմանիայի ամենատաք շրջաններից մեկում, այստեղ կարելի է համդիպել Կենտրոնական Եվրոպայի համար այնպիսի անսովոր տեսակներ, ինչպիսիք են նշենին, արմավենին և նույնիսկ մեկ ձիթենի։

Հայդելբերգում հանդիպում է թութակի ամենակենսունակ տեսակներից մեկը՝ Psittacula krameri։ Այստեղ ապրում է նաև Եվրոպայում միակ բադատեսակը, որ գրանցված է Կարմիր գրքում՝ Anser cygnoides։

Վարչական բաժանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայդելբերգը Ռեյն-Նեկար շրջանի վարչական կենտրոնն է։ Չնայած դրան` քաղաքը առանձին շրջան է ներկայացնում գերմ.՝ Stadtkreis:

Քաղաքը բաժանված է 14 շրջանների (Altstadt, Bergheim, Boxberg, Emmertsgrund, Handschuhsheim, Kirchheim, Neuenheim, Pfaffengrund, Rohrbach, Schlierbach, Südstadt, Weststadt, Wieblingen, Ziegelhausen)։

Նախապատմական շրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

1907 թվականին Հայդելբերգի մերձակա Մաուեր բնակավայրում հայտնաբերվել են մարդկային մնացորդներ, որը 600.000 տարեկան էր։ Գտածոն անվանվեց «հայդելբերգյան մարդ»։

Հայլիհենբերգ սարի վրա հայտնաբերվել են քարեդարյան կացարաններ։

Հայդելբերգի մասին առաջին գրավոր վկայությունը վերաբերում է 1196 թվականին, սակայն քաղաքի շատ մասեր բնակեցված են եղել դրանից շատ առաջ` 6-8-րդ դարերում։ 1225 թվականին առաջին անգամ հիշատակվում է Հայդելբերգի ամրոցը։

1386 թվականին հիմնվել է Հայդելբերգի համալսարանը։

Միջնադարում Հայդելբերգը եղել է Պֆալց կոմսության նստավայրը։

Նոր ժամանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեսնամյա պատերազմի առաջին փուլում տուժեց նաև Հայդելբերգը։ 1622 թվականին Հայդելբերգը նվաճել է կայսրական ֆելդմարշալ կոմս Տիլին։ Տիլին տիրում է Պալատինի գրադարանին, որը 1623 թվականին հերցոգ Մաքսիմիլիան 1-ին Բավարացին նվիրել էր Գրիգորի 15-րդ պապին։ Վերջինս այն միացրել էր Վատիկանի գրադարանին։

Հայդելբերգը 1689 թվականին,ապա 1693 թվականին նվաճվում և ավերվում է ֆրանսիացիների կողմից։ Մասամբ պայթեցվում է նաև ամրոցը։ Դրանից հետո ամրոցն ավերելուց անմասն չեն մնում և քաղաքի բնակիչները, ովքեր ամրոցի քարերն օգտագործում են պատերազմից ավերված իրենց տները վերականգնելու համար։

Կուրֆյուրստին նվիրված արձան

1720 թվականին կուրֆյուրստի նստավայրը տեղափոխվում է Մանհայմ. այդ ժամանակվանից Հայդելբերգը կորցնում է իր քաղաքական նշանակությունը։

1803 թվականին գերմանական պատգամավորների որոշմամբ Հայդելբերգը Ռեյնի աջ ափին գտնվող տարածքների հետ մտնում է Բադենի կուրֆյուրստության կազմ։

1840 թվականին Մանհայմը և Հայդելբերգը միացվում են երկաթուղով. դա Բադենի առաջին երկաթուղին էր։

Նորագույն շրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

1944 թվականին Հայդելբերգում գործարկվում է գերմանական առաջին ցիկլատրոնը։

1972 թվականին քաղաքում անցկացվել են ամառային պարալիմպիկ խաղերը։

Հայդելբերգում շատ վաղ է տարածվել ռեֆորմացիան։ Չնայած բնակչությունը ընդունում էր Մարտին Լյութերի գաղափարախոսությունը, կուրֆյուրստ Օտտո Հենրին 1556 թվականին ընդունում է Ժան Կալվինի ռեֆորմացիան։ Այդպիսով` Հայդելբերգը երկար ժամանակ բողոքական քաղաք էր։ 17-րդ դարում քաղաքը մասամբ կաթոլիկացվում է։

Քաղաքային իշխանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայդելբերգը ձմռանը

Քաղաքային խորհուրդը բաղկացած է 40 անդամներից, որոնք աշխատում են հասարակական հիմունքներով։ Խորհուրդն ընտրվում է հինգ տարի ժամկետով։

Հայդելբերգի քույր քաղաքներն են.

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հացի շուկա. ստեղծվել է 16-րդ դարում

Հայդելբերգը զարգացած տնտեսությամբ և ենթակառուցվածքներով քաղաք է։ Գործազրկության մակարդակը նշանակալիորեն ցածր է երկրի միջին մակարդակից (4 %, 2003)։ Աշխատունակ բնակչության 21 %-ը զբաղված է արտադրական ոլորտում, 18 %-ը` առևտրի, 61 %-ը` այլ ծառայություններում։

Հայդելբուրգում են գտնվում խոշոր մի քանի ընկերություններ` Heidelberger Druckmaschinen, HeidelbergCement և այլն։

Շրջանի ամենախոշոր գործատուն Հայդելբերգի համալսարանն է։

Տրանսպորտ և հաղորդակցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի արևմտյան մասով անցնում է A5 ավտոմայրուղին (Ալսֆելդ-Ռեյնի Վայլ)։ Մեկ այլ մայրուղի` A656, կապում է Հայդելբերգը Մանհայմին։

2003 թվականի դեկտեմբերի 14-ից սկսել է գործել Ռեյն-Նեկար երկաթուղին (գերմ.՝ S-Bahn RheinNeckar), որը կապում է Հայդելբերգը շրջանի այլ քաղաքներին։ Քաղաքով են անցնում տարբեր ծայրամասեր գնացող գնացքներ` Շտուտգարտ - Քյոլն, Ցյուրիխ - Ֆրանկֆուրտ, Շտուտգարտ - Համբուրգ, Զալցբուրգ - Ֆրանկֆուրտ, Շտուտգարտ - Դորտմունդ, Կարլսրուե - Շտրալզունդ։

Տրամվայի առաջին գիծը քաղաքում գործարկվել է 1902 թվականին։ Բացի տրամվայի չորս գծերից` քաղաքով է անցնում տարածքի OEG երկաթգիծը (Հայդելբերգ - Մանհայմ - Վայնհայմ)։

Լեռնային երկաթգիծը, որ սկսել է աշխատել 1890 թվականից, և որը միացնում է ամրոցը Մոլկենկուր կայարանին և Քյոնիգշտուլ լեռնագագաթին, քաղաքի տեսարժան վայրերից է։

Կրթություն և գիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հայդելբերգի համալսարան (գերմ.՝ Ruprecht-Karls-Universität Heidelberg), հիմնադրվել է 1386 թվականին։ Գերմանիայում ամենահինն է և աշխարհում ամենահեղինակավոր համալսարաններից մեկը։
  • Հայդելբերգի բարձրագույն դպրոց (գերմ.՝ Fachhochschule Heidelberg), հիմնադրվել է 1969 թվականին։
  • Մանկավարժական ինստիտուտ (գերմ.՝ Pädagogische Hochschule Heidelberg), հիմնադրվել է 1962 թվականին, 1971 թվականից գիտական ինստիտուտ է։
  • Եկեղեցական երաժշտության ինստիտուտ (գերմ.՝ Hochschule für Kirchenmusik Heidelberg), հիմնադրվել է 1931 թվականին Բադենի բողոքական եկեղեցուն կից։
  • Հրեական մշակույթի և կրոնի ինստիտուտ (գերմ.՝ Hochschule für Jüdische Studien Heidelberg), հիմնադրվել է 1979 թվականին։

Գիտական հետազոտություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայդելբերգը Գերմանիայի գիտական խոշորագույն կենտրոններից է։ Այստեղ գործում են գիտական բազմաթիվ ինստիտուտներ` գերազանցապես կենսաբանական ուղղվածության։

  • Քաղցկեղի հետազոտության գերմանական կենտրոն (գերմ.՝ DKFZ)
  • Մոլեկուլյար կենսաբանության եվրոպական լաբորատորիա (գերմ.՝ EMBL)
  • Մաքս Պլանկի գիտական ընկերության ինստիտուտներ
  • Միջազգային իրավունքի ինստիտուտ (գերմ.՝ Max-Planck-Institut für ausländisches öffentliches Recht und Völkerrecht)
  • Միջուկային ֆիզիկայի ինստիտուտ (գերմ.՝ Max-Planck-Institut für Kernphysik)
  • Աստղագիտության ինստիտուտ (գերմ.՝ Max-Planck-Institut für Astronomie)
  • Բժշկական հետազոտությունների ինստիտուտ (գերմ.՝ Max-Planck-Institut für medizinische Forschung)

1892 թվականի մարտի 4-ին Հայդելբերգի աստղադիտարանի աստղագետ Մաքս Վոլֆը հայտնաբերել է Հայդելբերգի աստերոիդը։ Աստերոիդը անվանվել է քաղաքի պատվին, որի մերձակայքում գտնվել է աստղադիտարանը։

Մշակույթ, տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի մշակութային հարուստ կյանքը բացատրվում է նաև այն հանգամանքով, որ Հայդեբերգը ուսանողական քաղաք է։ Քաղաքում գործում են բազմաթիվ թատրոններ, մշակութային կենտրոններ և իհարկե, գիշերային ակումբներ։

1995 թվականին բացվել է «Կարլստոր կայարան» կենտրոնը. նախկին կայարանը ներկայումս մշակութային կենտրոն է` իր թատերական ստուդիայով, կինոթատրոնով։ Կենտրոնում անցկացվում են ցուցահանդեսներ, համերգներ, քաղաքական թեմայով գիտաժողովներ ու քննարկումներ, գրական հանդիպումներ։

  • Հայդելբերգի քաղաքային թատրոն (գերմ.՝ Theater der Stadt Heidelberg), ներկայացնում է դրամատիկական և օպերային բեմադրություններ։
  • Հայդելբերգի թատերական ազատ միավորում (գերմ.՝ Freier Theaterverein Heidelberg e. V)
  • Հայդելբերգի երաժշտական թատրոն
  • Երիտասարդական թատրոն Zwinger 3 և թատերական ստուդիա
  • Romanischer Keller.
  • Stephge junges theater Pfaffengrund.
  • Taeter-Theater
  • Թատերական ընկերություն Volksbühne (գերմ.՝ Theatergemeinde Volksbühne Heidelberg e. V.)
  • Թատերական վարպետանոց (գերմ.՝ Theaterwerkstatt Heidelberg)
  • Թատրոն «Ճանապարհին» (գերմ.՝ UnterwegsTheater)
  • Zimmertheater Heidelberg

Նոյեմբերին քաղաքում անցկացվում է միջազգային ամենամյա Մանհայմ - Հայդելբերգ կինոփառատոնը (գերմ.՝ Internationales Filmfestival Mannheim-Heidelberg

  • Անտիկ շրջանի թանգարան
  • Բոնսայ թանգարան (գերմ.՝ Bonsai-Museum)
  • Կարլ Բոշի թանգարան (գերմ.՝ Bonsai-Museum)
  • Դեղատնային գործի գերմանական թանգարան (գերմ.՝ Deutsches-Apotheken-Museum)
  • Փաթեթավորման գերմանական թանգարան (գերմ.՝ Deutsches Verpackungs-Museum)
  • Ֆրիդրիխ Էբերտի տուն-թանգարան (գերմ.՝ Friedrich-Ebert-Gedenkstätte)
  • Կիրհեյմի տարածքային թանգարան (գերմ.՝ Heimatmuseum Kirchheim)
  • Ռորբախի տարածքային թանգարան (գերմ.՝ Heimatmuseum Rohrbach)
  • Ցիգելհաուզենի տարածքային թանգարան (գերմ.՝ Bonsai-Museum)
  • Կուրպֆալցի թանգարան (գերմ.՝ Kurpfälzisches Museum)
  • Սրբազան արվեստի և լիթուրգիայի թանգարան (գերմ.՝ Museum für sakrale Kunst und Liturgie)
  • Երկրաբանական թանգարան
  • Պրիմիտիվ արվեստի թանգարան (գերմ.՝ Museum Haus Cajeth)
  • Համալսարանական նախկին բանտ (գերմ.՝ Studentenkarzer). պատերին պահպանված գրություններով կարելի է պատկերացում կազմել Առաջին համաշխարհային պատերազմին նախորդող շրջանի ուսանողական կյանքի մասին (վերջին բանտարկյալը բանտը լքել է 1914 թվականին)։
  • Մարքս Բերկի տեքստիլի թանգարան (գերմ.՝ Textilsammlung Max Berk)
  • Գնչուական սինտի և ռոմա ցեղերի մշակույթի կենտրոն և թանգարան (գերմ.՝ Dokumentations- und Kulturzentrum Deutscher Sinti und Roma)
  • Համալսարանական թանգարան (գերմ.՝ Universitätsmuseum)
  • Ազգագրական թանգարան (գերմ.՝ Völkerkundemuseum)
  • Կենդանաբանական թանգարան և այգի
  • Մանեսի օրեսգիրք (գերմ.՝ Der Codex Manesse), միջնադարյան ամենանշանավոր ձեռագիր մատյանը գերմաներենով։ Ստեղծվել է 1300 թվականին։ Ներկայումս պահվում է Հայդելբերգի համալսարանի գրադարանում։

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայդելբերգը գերմանական քիչ քաղաքներից է, որտեղ պահպանել են հին կառույցները` գրեթե չտուժելով Երկրորդ համաշխարհային պատերազմից։ Դա տեղի է ունեցել շնորհիվ այն բանի, որ ամերիկացիները նախապես ծրագրել էին Հայդելբերգում ձևավորել իրենց շտաբը։ 2004 թվականին Հայդելբերգի Հին քաղաքը (գերմ.՝ Altstadt) համաշխարհային ժառանգություն հռչակելու հայտ է ներկայացվել ՅՈՒՆԵՍԿՕ-ին, սակայն հայտը մերժվել է 2007 թվականին[7]։ Հին քաղաքում է գտնվում քաղաքի տեսարժան վայրերի մեծ մասը։ Դրանցից առանձնանում են հետևյալ կառույցները.

  • Հայդելբերգի ամրոց։ Քաղաքի խորհրդանիշն է, «Գերմանիայի ամենանշանավոր ավերակները»։
  • Համալսարանական գրադարան
  • Եկեղեցիներ
    • Սուրբ հոգու եկեղեցի
    • Ճիզվիտների եկեղեցի
    • Սուրբ Պետրոսի եկեղեցի
    • Նախախնամության եկեղեցի
  • Նեկարի հին կամուրջ
  • «Ասպետի մոտ» հյուրանոց (գերմ.՝ «Hotel zum Ritter»), 1592
  • Bergfriedhof գերեզմանոց, ուր գտնվում է Ֆրիդրիխ Էբերտի գերեզմանը։
  • «Փիլիսոփաների ճանապարհ» (գերմ.՝ Philosophenweg)
  • Նոյբուրգի աբբայություն
  • Քյոնիգշտուլ լեռան աստղադիտարան
  • Հայլիհենբերգ լեռ
  • Հայլիհենբերգ լեռան բացօթյա ամֆիթատրոն, որը կառուցվել է 1930-ական թվականներին (գերմ.՝ Heidelberger Thingstätte)
«Ասպետի մոտ» հյուրանոցային համալիր, 1592

Կազմակերպվող միջոցառումների ժամանակացույց

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մարտ - ապրիլ — «Հայդելբերգյան գարուն» երաժշտական փառատոն
  • Մարտ - ապրիլ — Զատկական ձվերի միջազգային տոնավաճառ (գերմ.՝ Internationaler Ostereiermarkt Heidelberg)
  • Ապրիլի վերջին հանգստյան օրեր — Կիսամարաթոն
  • Մայիս — Մեսպլատցի գարնանային տոնավաճառ
  • Հուլիս — Գերմանաամերիկյան ազգային տոն Patrick-Henry-Village (գերմ.՝ Deutsch-Amerikanisches Volksfest in der Patrick-Henry-Village)
  • Հուլիս - օգոստոս — Հայդելբերգի ամրոցի փառատոն (գերմ.՝ Heidelberger Schlossfestspiele)
  • Սեպտեմբեր — Հայդելբերգյան աշուն
  • Հոկտեմբեր — Աշնանային տոնավաճառ
  • Հոկտեմբեր - նոյեմբեր Հայդելբերգի թատերական օրեր` «Enjoy Jazz»
  • Նոյեմբեր — Մանհայմ - Հայդելբերգ միջազգային կինոփառատոն (գերմ.՝ Internationales Filmfestival Mannheim-Heidelberg)
  • Նոյեմբեր - դեկտեմբեր — Ամանորյա տոնավաճառ հին քաղաքում

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Deutsche Nationalbibliothek Record #4023996-2 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. Alle politisch selbständigen Gemeinden mit ausgewählten Merkmalen am 31.12.2023 (գերմ.)DESTATIS, 2024.
  3. Вишлёв О. В., Стрелецкий В. Н. Гейдельберг // Большая Российская энциклопедия. — Т. 29.
  4. Гейдельберг // Большая Советская энциклопедия. — Т. 35.
  5. Ф. Л. Агеенко. Словарь собственных имён русского языка. — Мир и образование, 2010.
  6. Суперанская А. В. Словарь географических названий. — М.: АСТ-ПРЕСС КНИГА, 2013. — 208 с. — С. 34.
  7. [1] Протокол 31-й сессии международного комитета ЮНЕСКО, стр. 28.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայդելբերգ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 156