Մասնակցել է 1972 և 1976 թվականների ամառային օլիմպիական խաղերին։ Ընդ որում՝ 1972 թվականին եղել է ընդամենը 13 տարեկան և մինչև օրս մնում է օլիմպիադաներին երբևէ մասնակցած գերմանացի ամենաերիտասարդ մարզիկը[3]։ 1972 թվականի մյունխենյան օլիմպիադայում երեք մրցաձևում դարձել է փոխչեմպիոն, իսկ հաջորդ՝ մոնրեալյան օլիմպիադայում հինգ մրցաձևում նվաճել է չորս ոսկե և մեկ արծաթե մեդալ։ Ընդսմին՝ չեմպիոնական չորս տիտղոսներն էլ նվաճել է՝ սահմանելով օլիմպիական և աշխարհի ռեկորդներ։
1978-1984 թվականներին ամուսնացած է եղել արևելագերմանացի լողորդ, օլիմպիական քառակի չեմպիոն Ռոլանդ Մաթեսի հետ, ու թեև երազանքի զույգի համարում են ունեցել[3], նրանից բաժանվել է և ամուսնացել գերմանացի մեկ այլ մարզիկի՝ աշխարհի չեմպիոն բոբսլեյիստ և տասնամարտիկ Շտեֆեն Գրումտի հետ (ամեն մեկից մեկ դուստր է ունեցել)։
1976 թվականի հոկտեմբերի 31-ին Մոնղոլիայի փոստ թողարկել է դրոշմանիշների շարք (№1018-1024 + փոստային բլոկ №С1025): 30 մոնգե արժողություն ունեցող №1020 դրոշմանիշին պատկերված է Կոռնելիա Էնդերը։
Գերմանիայի վերամիավորումից հետո հայտնի դարձավ, որ ԳԴՀ-ի լավագույն մարզիկներին հավաքական թիմերի բժիշկներն ու մարզիչները համակարգված կերպով տվել են արդյունավետությունը բարձրացնող անօրինական նյութեր՝ անաբոլիկ ստերոիդներ՝ առանց այդ մասին նրանց տեղյակ պահելու[4][5]։