Կյուրիի ջերմաստիճան, Կյուրիի կետ (Պիեռ Կյուրիի անունով), երկրորդ կարգի ֆազային անցման ջերմաստիճան, անցում, որը կապված է նյութի սիմետրիայի հատկությունների թռիչքաձև փոփոխության հետ։ Օրինակ, Կյուրիի կետում ֆեռոմագնիսական նյութերը (երկաթ, կոբալտ, նիկել և այլն) կորցնում են բնորոշ մագնիսական հատկությունները և այդ կամ ավելի բարձր ջերմաստիճանում վերածվում են սովորական պարամագնիսների (տես Պարամագնիսականություն)։ Կյուրիի կետը երկաթի համար 1042K է, կոբալտի համար՝ 1393K, նիկելի համար՝ 631K։ Համանման ձևով Կյուրիի կետում սեգնետոէչեկտրիկները կորցնում են բնորոշ էլեկտրական հատկությունները՝ վերածվելով սովորական դիէչեկտրիկների։ Որոշ սեգնետոէլեկտրիկներ, բացի, այսպես կոչված, վերին Կյուրիի կետից, ունեն նաև ներքին Կյուրիի կետ (սեգնետային աղի համար՝ համապատասխանաբար 297K և 225K)։ Կյուրիի կետի մերձակայքում տեղի են ունենում նյութի ֆիզիկական շատ հատկությունների յուրօրինակ փոփոխություններ, որոնք մաքսիմումի են հասնում Կյուրիի կետում. այս հանգամանքը սովորաբար օգտագործվում է ֆազային անցման ջերմաստիճանը որոշելու համար։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 492)։