Կլյուզ (ֆր.՝ Cluses. klyz), քաղաք և համայնք Ֆրանսիայի հարավարևելյան մասում՝ Օվեռն-Ռոն-Ալպեր երկրամասի Վերին Սավոյ դեպարտամենտում։ Ընկած է Ֆոսինյի տարածաշրջանում՝ Արվե գետի հովտում, այդ գետի ափին, Ժնևի ու Շամոնիի միջակայքում։ Կլյուզի մերձակայքում են գտնվում ալպյան լեռնադահուկային առողջավայրերի մի շարք դահուկուղիներ, ինչը որոշակի գրավչություն է հաղորդում այս քաղաքին։ 20-րդ դարի առաջին կեսին բնակավայրը համբավվել էր նաև որպես ժամագործության կենտրոններից մեկը։
Կլյուզն զբաղեցնում է 10,45 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2011 թվականի տվյալներով եղել է 17.416[4]։
Ամեն տարի հունիսի վերջին կիրակի օրը Արվի գետահովտի 14 քաղաքներից մեկում ըստ հերթականության անց է կացվում Ֆոսինյիիի երաժշտական փառատոն՝ նվիրված Ֆոսինյիի երաժշտական ֆեդերացիայի հիմնադիր Ֆրանսուա Կուրտի հիշատակին։
Ամեն տարի Կլյուզում անց է կացվում նաև ժամանակակից ֆոլկ-ռոք և ռոք երաժշտության «Musiques en Stock» փառատոնը, որտեղ հանդիսականներն անվճար վայելում են բազմաթիվ հանրաճանաչ արտիստների կատարումները։