Ցողունն ուղիղ է, ճյուղավորվող, բարձրությունը՝ 1-1,5 մ։ Տերևները հերթադիր են, բարդմատնաձև, տերևիկները՝ ամբողջաեզր, երկարավուն-օվալաձև, գծանշտարաձև, երկարավուն–ձվաձև և այլն։ Ծաղկաբույլն ուղղաձիգ ողկույզ է, ծաղիկները՝ սպիտակ, դեղին, վարդագույն, կապույտ և այլն։ Ծաղկում է մայիս-սեպտեմբերին։ Պտուղը հաստակեղև, բազմասերմ, թավոտունդ է։ Սերմերը կլորավուն են, կողավոր, բազմերանգ, պարունակում են ճարպեր, սպիտակուցներ և այլն։
Մշակվում է կերի և կանաչ պարարտացման նպատակով։ Կերի համար մշակում են միամյա տեսակները, առավելապես դեղին Լուպին։ Օգտագործվում է պրոտեինային նյութերով (29–46%) հարուստ կանաչ զանգվածը և հատիկը։ Որոշ տեսակներ ունեն դեկորատիվ նշանակություն։ Ակտիվ ազոտսևեռող է։ Հայաստանում վայրի վիճակում չի հանդիպում, սակայն որոշ մարզերում (Լոռի) մշակվում է որպես կերաբույս։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 685)։