Լեհաստան
Rzeczpospolita Polska Լեհաստանի Հանրապետություն |
||||
---|---|---|---|---|
|
||||
Ազգային օրհներգ՝ Լեհաստանի օրհներգՕրհներգ՝ |
||||
|
||||
Մայրաքաղաք | Վարշավա | |||
Ամենամեծ քաղաք | Վարշավա | |||
Պետական լեզուներ | Լեհերեն | |||
Կառավարում | Խորհրդարանական հանրապետություն | |||
- | Նախագահ | Անջեյ Դուդա | ||
- | Վարչապետ | Դոնալդ Տուսկ | ||
Հիմնադրում | ||||
- | Հայտարարված | Նոյեմբերի 11 1918 | ||
Տարածք | ||||
- | Ընդհանուր | 312 679 կմ² (68-րդ) | ||
- | Ջրային (%) | 3,07 | ||
Բնակչություն | ||||
- | 2015 նախահաշիվը | 38,301,884[1] (34-րդ) | ||
- | 2011 մարդահամարը | 38,441,588[2] | ||
- | Խտություն | 123 /կմ² (66-րդ) 319 /մղոն² |
||
ՀՆԱ (ԳՀ) | 2015 գնահատում | |||
- | Ընդհանուր | $990.568 միլիարդ[3] (21–րդ) | ||
- | Մեկ շնչի հաշվով | $25,703[4] (52-րդ) | ||
ՀՆԱ (անվանական) | 2015 գնահատում | |||
- | Ընդհանուր | $593.758 միլիարդ[5] (23-րդ) | ||
- | Մեկ շնչի հաշվով | $15,406[6] (56-րդ) | ||
Ջինի (2013) | 30.7[7] (միջին) | |||
ՄՆԶԻ (2013) | 0.834[8] (շատ բարձր) (35-րդ) | |||
Արժույթ | Զլոտի (PLN) | |||
Ժամային գոտի | +1 | |||
Ազգային դոմեն | .pl | |||
Հեռախոսային կոդ | +48 |
Լեհաստան[9], պաշտոնական անվանումը՝ Rzeczpospolita Polska (կարդացվում է՝ Ժեչպոսպոլիտա Պոլսկա), պետություն է Կենտրոնական Եվրոպայում՝ Վիսլա և Օդրա գետերի ավազանում՝ Բալթիկ ծովի ափին։
Սահմանակցում է արևմուտքից Գերմանիային, հարավից՝ Չեխիային և Սլովակիային, արևելքից՝ Ուկրաինային և Բելառուսին, հյուսիս-արևելքից՝ Լիտվային և հյուսիսի մի փոքր հատվածում Ռուսաստանի Կալինինգրադի մարզի հետ։ Բացի դրանից կիսում է ծովային սահմանը Դանիայի և Շվեդիայի հետ։
Լեհաստանի՝ որպես պետության առաջացման տարեթիվ ընդունված է համարել 966 թվականը, երբ Միեշկո I իշխանը ընդունեց քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն։
Մայրաքաղաքն է Վարշավան, իսկ մյուս մեծ քաղաքներից են Կրակովը, Վրոցլավը, Գդանսկը։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոչվել է լեհ ժողովրդի անունով, որի նախահայրը, ըստ ավանդության, եղել է Չեխի և Ռուսի առասպելական եղբայր Լեհը[10]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակակից Լեհաստանի տարածքում մեր թվականության սկզբին բնակվում էին գերմանական սկիրների և լուգիացիների ցեղերը։ Այնուհետև նրանց փոխարինեցին վելբարյան մշակույթի գոթերը, իսկ 1-ին հազարամյակի վերջում՝ արևելյան պոլյանները, որոնց անունով կոչվեց երկիրը, և լյախերը, որոնց անունից առաջացավ մյուս ազգերի կողմից ժողովրդին տրված անունը։ Հայերեն «լեհ» անունը նույնպես ծագում է լյախերի ցեղի անունից։
Լեհաստանի ամբողջ պատմությունը լի է դրամատիկ իրադարձություններով, հարևան տերությունների ներխուժումներով ու զավթումներով։ Իր պատմության ընթացքում Լեհաստանը հինգ անգամ իրար մեջ բաժանել են հարևան պետությունները[11][12][13][14]։
- Առաջին բաժանում՝ 1772 թվականին՝ Ռուսաստանի, Պրուսիայի, Ավստրիայի միջև,
- Երկրորդ բաժանում՝ 1793 թվականի հունվարի 23-ին՝ դարձյալ Ռուսաստանի, Պրուսիայի, Ավստրիայի միջև,
- Երրորդ բաժանում՝ 1795 թվականի հոկտեմբերի 24-ին՝ դարձյալ Ռուսաստանի, Պրուսիայի, Ավստրիայի միջև, որի ժամանակ տեղի ունեցավ անկախ լեհական ազգային պետության վերացում,
1807-1814 թվականներին շնորհիվ Նապոլեոնյան պատերազմների՝ 1807 թվականին՝ Պրուսիայից, իսկ 1809 թվականին՝ նաև Ավստրիայից խլված լեհական հողերի վրա Նապոլեոն Բոնապարտ կայսեր կողմից վերստեղծվեց լեհական ազգային պետականություն, Վարշավայի դքսություն անվամբ, որի գլուխ կանգնեցվեց Սաքսոնիայի կուրֆյուրստը։ Սակայն Նապոլեոն I-ի պարտությունից հետո Լեհական պետականությունը դարձյալ լուծարվեց, իսկ նրա հողերը բաժանվեցին կամ վերաբաժանվեցին հարևան պետությունների միջև։
- Չորրորդ բաժանում՝ 1814-1815 թվականներ՝ դարձյալ Ռուսաստանի, Պրուսիայի, Ավստրիայի միջև, սակայն այս անգամ Ռուսաստանի բաժինն առավել մեծացավ։ 1846 թվականին Ավստրիան՝ Ռուսաստանի և Պրուսիայի համաձայնությամբ զավթեց Կրակով քաղաքը իր շրջակայքով։
Առաջին համաշխարհային պատերազմում Գերմանական երկրորդ ռայխից ցարական Ռուսաստանի պարտության և ցարիզմի տապալման արդյունքում 1918 թվականին վերականգնվեց անկախ լեհական ազգային պետականությունը,
- Հինգերորդ բաժանում՝ 1939 թվականի օգոստոսի 23-ին՝ Խորհրդային Ռուսաստանի կամ ԽՍՀՄ-ի և նացիստական Գերմանիայի միջև (տե՛ս Մոլոտով-Ռիբենտրոպի պակտ)։ Օգոստոսի 23-ի գաղտնի խորհրդա-գերմանական պակտը կենսագործվեց 1939 թվականի սեպտեմբերին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելով, որի առաջին զոհը դարձավ Լեհաստանը։ Գերմանիան զավթեց Բուգ և Սան գետերից դեպի արևմուտք, իսկ ԽՍՀՄ-ը՝ դեպի արևելք գտնվող լեհական հողերը։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Լեհական պետությունը դարձյալ վերականգնվեց։ Ըստ Պոտսդամի կոնֆերանսի (1945 թվականի հուլիս-օգոստոս) որոշումների և 1945 թվականի օգոստոսի 16-ի խորհրդա-լեհական պայմանագրի՝ Լեհաստանին միացվեցին Օդեր գետից արևելք գտնվող գերմանական հողերը՝ Արևմտյան Պրուսիան, Սիլեզիան, Արևելյան Պոմերանիան և Արևելյան Բրանդենբուրգը, իսկ դրա փոխարեն ԽՍՀՄ-ը իրեն պահեց 1939 թվականի սեպտեմբերին Լեհաստանից խլած գրեթե բոլոր հողերը (բացառությամբ՝ 1945 թվականին Լեհաստանին վերադարձված Բելոստոկի օկրուգի (Պոդլյաշյե) Սան գետի աջ ափին գտնվող ոչ մեծ շրջանի)։ Ի դեպ, ԽՍՀՄ-ն իրեն պահեց նաև Գերմանիայից խլված Արևելյան Պրուսիան։
Այսպիսով՝ Լեհաստանի ներկայիս սահմանները ձևավորվել են Երկրորդ աշխարհամարտից հետո։ Ավելի քան երեսուն տարի Խորհրդային Միության գերիշխանության տակ գտնվելուց հետո (սոցիալիստական Լեհաստան՝ Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն) Լեհաստանը 2001 թվականից Եվրամիության անդամ-երկիր է։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմաբանների շրջանում ընդունված է կարծել, որ ժամանակակից Լեհաստանի տարածքում ուշ անտիկ ժամանակաշրջանից սկսած բնակվել են տարբեր ցեղեր։ Այս ցեղախմբերի էթնիկ և լեզվական պատկանելիությունը բուռն բանավեճերի առարկա է։ Հիմնական խնդիրն այն հարցն է, թե սլավոնական ցեղերը երբ են բնակեցրել այս տարածքները[15]։
Պիաստների տոհմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեհաստանը սկսել է կայանալ որպես միասնական տարածքային միավոր մոտ 10-րդ դարի կեսերին՝ Պիաստների տոհմի կառավարման շրջանում։ Պատմական վավերագրերում որպես Լեհաստանի առաջին առաջնորդ համարվում է Միեշկո I-ը, ով 966 թվականին մկրտվել է և կաթոլիկությունը հռչակել իր հպատակների նոր պաշտոնական կրոն։ Հաջորդ մի քանի դարերի ընթացքում մկրտություն է ընդունել երկրի գրեթե ողջ բնակչությունը։ 1000 թվականին Բոլեսլավ Խիզախը, շարունակելով իր հոր՝ Միեշկոյի քաղաքականությունը, Գնիեժնոյում համաժողով է անցկացնում՝ ստեղծելով Գնիեժնոյի մետրոպոլիտությունն ու Կրակովի, Կոլոբժեգի և Վրոցլավի թեմերը։
1109 թվականին Բոլեսլավ III-ը Հանդսֆելդի ճակատամարտում պարտության է մատնում Գերմանիայի թագավոր Հենրիխ V-ին։ 1138 թվականին Բոլեսլավ III-ը բաժանում է Լեհաստանն իր որդիների միջև։ 1226 թվականին Մազովիայից Պիաստների դինաստիայից Կոնրադ I դուքսը հրավիրել է Տևտոնական ասպետներին Բալթիկ պրուսական հեթանոսների դեմ համատեղ պայքարելու համար։ Այս որոշումը մեծ ազդեցություն ունեցավ երկրի պատմության ընթացքում Տևտոնական ասպետների ներգրավվածության համատեքստում։ 13-րդ դարի կեսերին Պիաստների դինաստիայի Սիլեզիական ճյուղը գրեթե հաջողությամբ միավորեց լեհական հողերը, սակայն, այնուհետև, երկիրը գրավում են մոնղոլները։ Նրանք հաղթանակ տարան 1241 թվականին Լեգնիցայի ճակատամարտում, որտեղ մահացավ դուքս Հենրի II Պիաստը։ 1320 թվականին, լեհական դքսությունների համախմբման մի քանի անհաջող փորձերից հետո, Վլադիսլավ I-ին հաջողվեց միավորել լեհական հողերի հիմնական մասը և դառնալ միավորված Լեհաստանի առաջին թագավորը։ Նրա որդի Կազիմիր III-ը (1333-1370 թվականներ) համարվում է լեհ ամենահզոր թագավորներից մեկը և ունեցել է առևտրի մեծ հովանավորի համբավ։ Նա իր թագավորական հովանավորությունը տարածում է հրեաների նկատմամբ։ Կազիմիր III-ն իր թագավորության տարածքներն ընդլայնում է շուրջ 250 %։ 12-րդ դարի առաջնորդները մեծ ուշադրություն են դարձրել նաև կրթությանը, ինչի արդյունքում Լեհաստանը դառնում այդ ժամանակների Եվրոպայի ամենակրթված երկրներից մեկը։ Կրակովի եկեղեցու 1110 թվականի վավերագրերում նշվում է, որ ժամանակի լեհ մտավորականները հաղորդակցվել են եվրոպական գրականության հետ[16][17]։
Կազիմիր III-ը գիտակցել է, որ երկիրը կրթված մարդկանց, հատկապես իրավաբանների կայուն խավի կարիք ունի, ովքեր կարող էին կոդիֆիկացնել պետության օրենքները, աշխատել դատարաններում։ Նրա ջանքերի շնորհիվ Հռոմի Պապ Ուրբանոս V-ը թույլատրում է հիմնել Կրակովի համալսարանը։
Կազիմիրի մահվանից հետո գահը չի ունենում արժանի հետնորդներ. նրա արու ժառանգորդները չափազանց երիտասարդ էին։ Այդ պատճառով էլ դադարում է Պիաստների դինաստիան։
Նույն այս ժամանակահատվածում Լեհաստանում նկատվում են նշանակալի միգրացիոն հոսքեր։ Քաղաքները հիմնականում բնակեցվում են գերմանացիների կողմից, արտոնություններ են ստանում հրեական և հայկական համայնքները։
Յագելոնյան արքայատոհմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Յագելոնյան արքայատոհմը Լեհաստանում կառավարել է ուշ միջնադարից մինչև նոր ժամանակների պայմանական բաժանման սկիզբը։ Հենց Յագելոնյան արքայատոհմի ժամանակ է (1386-1527 թվականներ) ձևավորվում լեհ-լիտվական միությունը։ Տոհմի հիմնադիրն է Լիտվայի մեծ իշխան Յոգալիան (լեհական տարբերակում Վլադիսլավ II Յագելոն)։ Այս համագործակցության շնորհիվ լեհական ազդեցության տակ հայտնվեցին Լիտվային պատկանող բազմաթիվ ռուսական տարածքներ։ Այս միությունը միջնադարյան Եվրոպայի ամենամեծ և ամենատևական քաղաքական միավորն էր։ Այս ընթացքում շարունակվեց պայքարը հյուսիսում Տևտոնական ասպետների հետ։ 1410 թվականի Գրունվալդի ճակատամարտում լեհ-լիտվական զորքերը վստահ հաղթանակ տարան, ինչն էլ հնարավորություն տվեց ընդլայնել պետության սահմանները հյուսիսում՝ ներառելով Լիվոնիան[18]։ 1466 թվականին տասներեքամյա պատերազմից հետո Կազիմիր IV Յագելոնն արքայական համաձայնություն տվեց Թորնի խաղաղության պայմանագրով ստեղծելու Պրուսիայի դքսությունը, որը լեհական վասալային միավոր էր լինելու։ Յոգելոնյան արքայատոհմն իր ազդեցությունն է տարածել նաև Բոհեմիայի և Հունգարիայի վրա[19][20]։
Հարավում Լեհաստանը պայքարում էր Օսմանյան կայսրության և Ղրիմի թաթարների դեմ (վերջիններս 1474-1569 թթ. ժամանակահատվածում 75 անգամ հարձակում են գործել Լեհաստանի վրա), իսկ արևելքում օգնում էի Լիտվային պայքարել Մոսկովյան Մեծ Իշխանության դեմ։ Որոշ պատմաբանների գնահատմամբ՝ Ղրիմի թաթարների կողմից ստրկության տարված լեհերի թիվը 1494-1694 թվականներին կազմել է շուրջ մեկ միլիոն մարդ[21]։
Լեհաստանում այս ժամանակահատվածում հիմնականում զարգանում էր հիմնականում գյուղատնտեսական ֆեոդալական պետություն։ Զգալիորեն աճում էր հողատեր ազնվականության դերը։ Լեհական Սեյմի՝ խորհրդարանի կողմից 1505 թվականին ընդունված որոշմամբ օրենսդրական իշխանության հիմնական մասը միապետից փոխանցվում է խորհրդարանին։ Այս ժամանակահատվածը հաճախ անվանում են «Ոսկե ազատության» ժամանակ, երբ երկիրը կառավարվում էր ազատ և հավասար լեհական ազնվականության կողմից։ Բողոքական Ռեֆորմացիայի շարժումներն էական ազդեցություն ունեցան նաև լեհական քրիստոնեության վրա, ինչի արդյունքում ընդունվեցին Եվրոպայում այդ ժամանակ դեռևս եզակի կրոնական հանդուրժողականության կանոններ։ Ընդունված է համարել, որ հենց այս կանոնների շնորհիվ Լեհաստանում չբռնկվեցին ներքին կրոնական պատերազմներ, որոնք այդքան բնորոշ էին ուշ միջնադարյան Եվրոպային։ Վերածննդի ժամանակաշրջանը համընկավ ուշ Յագելոնյան տոհմի կառավարման հետ (Սիգիզմունդ I և Սիգիզմունդ II Օգոստոս արքաների ժամանակաշրջան)։ Այս ընթացքում մեծ վերելք են ապրում լեհական մշակույթն ու տնտեսությունը։ 1543 թվականին ազգությամբ լեհ Նիկոլայ Կոպեռնիկոսը հրատարակում է իր «Երկնային ոլորտների պտույտի մասին» (De revolutionibus orbium coelestium) հիմնարար աշխատությունը, որով և դառնում է հելիոցենտրիկ տեսության հիմնադիրը։ Այս տեսությունն էլ հետագայում ընդունվում է որպես ժամանակակից աստղագիտության հիմք։ Այս ժամանակաշրջանի ևս մեկ խոշորագույն գործիչ էր բանաստեղծ Յան Կոխանովսկին[22]։
Լեհ-լիտվական միություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1569 թվականի Լյուբլինի դաշնագրով ստեղծվել է Լեհ-լիտվական միությունը։ Այն դաշնային պետություն էր՝ ընտրովի միապետությամբ, սակայն այն հիմնականում կառավարում էր ազնվականությունը տեղական ժողովների և միասնական խորհրդարանի՝ Սեյմի միջոցով։ Միության կայացման ժամանակը համընկել է Լեհաստանի կայունության և բարգավաճման շրջաններից մեկի հետ, ինչի շնորհիվ էլ միությունը հետագայում դարձավ եվրոպական տերությունը՝ Կենտրոնական Եվրոպայում զբաղեցնելով գրեթե մեկ միլիոն քառակուսի կիլոմետր տարածք։ Այս տերությունը դարձավ նաև Ուկրաինայում, Բելառուսում և Արևմտյան Ռուսաստանում «արևմտականացման», նույնիսկ «լեհականացման» նշանակալի գործոններից մեկը։ Լեհաստան-Լիտվայում տեղի են ունեցել մի քանի տոհմական ճգնաժամեր, մասնավորապես Վազա տոհմի թագավորներ Սիգիզմունդ III-ի և Վլադիսլավ IV-ի օրոք։ Բացի այդ, երկիրը ներգրավվեց Ռուսաստանի, Օսմանյան կայսրության, Շվեդիայի և կոզակների հետ մի շարք պատերազմների և բախումների մեջ[23]։
17-րդ դարի կեսերից ազնվականական ժողովրդավարության ներսում նկատվում են ներքին խնդիրներ՝ պետությունը խոցելի դարձնելով արտաքին ներխուժումների համար։
1648 թվականին երկրի հարավում բռնկվում է հետման Բոգդան Խմելնիցկու գլխավորած ապստամբությունը, ինչի արդյունքում բաժանվում է Ուկրաինան. արևելյան հատվածն անցնում է Ռուսաստանի տիրապետության տակ։ Դրան հետևում է շվեդական ներխուժումը, որի արդյունքում մեծ վնասներ են կրում Լեհաստանի կենտրոնական շրջանները։ Ներխուժումներին հետևում են սովը և համաճարկներ, ինչի արդյունքում բնակչության թվաքանակը 11 միլիոնից նվազում է 7 միլիոնի[24]։
Այնուամենայնիվ, Յան III Սոբիեսկուն հաջողվում է վերականգնել Միության ռազմական ենթակառուցվածքները, իսկ 1683 թվականին լեհական զորքերը մեծ ներդրում են ունենում Վիեննան Կարա Մուտաֆայի թուրքական զորքերի շրջափակումից ազատելու գործում։ Չնայած այս ամենին, Յան Սոբիեսկու կառավարման շրջանը դարձավ լեհական պետության ոսկե դարաշրջանի ավարտը. բազմաթիվ պատերազմների արդյունքում Լեհաստանը հսկայական տնտեսական և բնակչության կորուստներ է կրում, ինչի հետևանքով կորցնում է իր տիրապետող դիրքը Կենտրոնական Եվրոպայում։ Միության անկման վրա իրենց ազդեցությունն ունեցան նաև մագնատների միջև ներքին հակասությունները, ինչի հետևանքով բավականին թուլացավ նաև միապետությունը։ Այս ժամանակաշրջանը համընկավ Սաքսոն Վետինն արքայատոհմի Ավգուստ I և Ավգուստ II արքաների կառավարման շրջանի հետ։ Բացի այդ, այդ գործընթացի վրա իրենց ազդեցությունն ունեցան նաև Ռուսաստանի և Պրուսիայի վերելքը։ Այնուամենայնիվ, հենց այդ դարաշրջանում Լեհաստանում դրվեցին Լուսավորության հիմքերը[25]։
18-րդ դարի երկրորդ կեսին Միությունը փորձեց ներքին հիմնարար բարեփոխումներ իրականացնել տնտեսության, կրթության և մշակույթի ոլորտներում։ Մայրաքաղաքը Գդանսկից տեղափոխվեց բնակչությամբ ամենամեծ քաղաք՝ Վարշավա։ 1764 թվականի միապետի ընտրություններում ազդեցիկ մագնատների տոհմից ընտրվեց Ստանիսլավ Ավգուստ Պոնիատովսկին, ով ժամանակին եղել է Ռուսաստանի կայսրուհի Եկատերինա II-ի սիրեկանը։ Նա փորձում է որոշակի ներքին բարեփոխումներ իրականացնել՝ միաժամանակ պահպանելով կապերն իր ռուս հովանավորների հետ։ 1768 թվականին ձևավորվում է Ազնվական համադաշնությունը կամ շլյախտան (լեհերեն՝ szlachta), որն ապստամբություն է բարձրացնում թագավորի և նրա հովանավոր Ռուսաստանի դեմ՝ պահպանելու համար իրենց ավանդական արտոնությունները։ Այս բոլոր զարգացումները 1772 թ-ին բերեցին Լեհաստանի առաջին բաժանմանը Ռուսաստանի, Ավստրիայի և Պրուսիայի միջև։ Այսպես կոչված «Բաժանման Սեյմը» կանգնեց կատարված փաստի առաջ և ստիպված էր վավերացնել բաժանման մասին ակտը[26]։ Չնայած այս հսկայական կորուստներին՝ 1773 թվականին թագավորը հիմնադրում է Ազգային կրթության հանձնաժողովը, որը դառնում է կրթության հարցերով զբաղվող առաջին պետական հաստատությունը Եվրոպայում։
Լեհաստանի բաժանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]960-992 թվականներ - Պյաստերի դինաստիայի Մեշկո I-ի տիրակալությունը։ Լեհական պետության ձևավորումը Գնեզնոյի շուրջ։
966 վական - Մեշկո I-ի քրիստոնեության ընդունումը լատինական արարողակարգով։ Լեհական թագավորությունը հայտնվում է պապի գահի հովանավորության ներքո։
992-1025 թվականներ - Բոլեսլավ I Խիզախ․ պայքար գերմանական կայսր Հենրիխ II-ի հետ։ Արևմուտքում տարածքի ընդլայնումը ծովամերձ Սիլեզիայի, Լուժիցի և այլնի հաշվին։ Արշավանքներ դեպի արևելք, Կիեվի ժամանակվոր զավթումը (1018 թվական)։ Բոլեսլավ I-ը թագադրվում է որպես Լեհաստանի թագավոր։
11-րդ դար - Ֆեոդալական մասնատվածության սկիզբը։ Պայքար գերմանական կայսեր դեմ։ Պապերը, նամանավանդ Գրիգորիոս VII-ը, առավել հաճախ հանդես են գալիս Լեհաստանի թագավորի կողմից։ Լեհերը կաթոլիկություն են սերմանում Պոմորիեում։
1138 թվական - Բոլեսլավ III-ի մահը և նրա ժառանգորդների միջև կատաղի պայքարի սկիզբը։
1226 թվական - Պայքարելով հեթանոս պրուսների դեմ՝ իշխան Մազովեցկին օգնության կոչ է անում Տևտոնական օրդենին։ Ասպետները գրավում են Պրուսիան և դառնում են հենց Լեհաստանի անկախության սպառնալիք։
1241 թվական - Թաթար-մոնղոլական արշավանքը։ Կրակովի թալանը։
12-13-րդ դարեր - Լեհական հողերի գաղութացումը լեհական ֆեոդալների կողմից խրախուսվող Գերմանիայից եկած վերաբնակների կողմից։
13-րդ դարի երկրորդ կես-Մագդեբուրգի իրավունքի հիման վրա լեհական քաղաքների (Վրոցլավ, Կրակով, Պոզնանյ, Տորունյ) ինքնիշխանության ձեռքբերումը։
1320 թվական - Վլադեսլավ I Լոկետեկի կողմից լեհական հողերի միավորումը։
1333 թվական - Կազիմիր III։ Կիևյան Ռուսիայի գալիցյան և վոլինյան հողերի զավթումը։
1384 թվական - Լեհ թագուհի Յադվիգայի ամուսնությունը Լիտվանիայի Յգայլո մեծ իշխանի հետ, որն ընտրվեց Լեհաստանի և Լիտվանիայի թագավոր՝ Վլադիսլավ II անունով։
1410 թվական - Գրյունվալդի ճակատամարտը։ Վլադիսլավ II-ի գլխավորությամբ լեհա-լիտվա-ռուսական զորքերը ջախջախում են Տևտոնական օրդենի զորքերը։
1454 թվական և 1505 թվական - Նեշավյան ստատուտներն ու Nihil Novi Սահմանադրությունը սահմանափակում են թագավորի իշխանությունը և նրան դնում են շլյախտից կախման մեջ։
1543 թվական - Կոպերնիկոսի մահը։
1569 թվական - Լյուբլինի ունիան։ Լեհա-լիտվանական Րեչյ Պոսպոլիտա պետության վերջնական ձևավորումը։
16-րդ դարի կեսեր - Կրակովում մշակութային և ինտելեկտուալ կյանքի ծաղկումը։
1587 թվական - Pacta Conventa՝ շլյախտայի կողմից թագավորական իշխանության հետագա սահմանափակումը։
1587-1632 թվականներ - Սիգիզմունդ III-ի տիրապետությունը։ Նա ջանադրաբար սերմանում է կաթոլիկություն։
1596 թվական - Բրեստի եկեղեցական ունիան․ Ուկրաինայում Հռոմին ենթակա, բայց ուղղափառ արարողակարգով միասնական եկեղեցու առաջացումը։
1610 թվական - Սիգիզմունդ III-ի որդի Վլադիսլավ արքայազնի հռչակումը ռուսական ցար, այսպես կոչված Խռովության ժամանակաշրջանում։
1648 թվական - Ուկրաինայում կազակների ապստամբությունը։
1651 թվական - Յան-Կազիմիրի զորքերից կրած պարտությունից հետո Բոգդան Խմելնիցկին հակվում է Ռուսաստանի կողմը։
1652 թվական - Լեհական սեյմի կողմից Liberum Veto սկզբունքի ընդունումը։ Այսուհետ ցանկացած որոշում ընդունվում է սեյմի մասնակիցների բացարձակ միաձայնության դեպքում միայն։
1655-1656 թվականներ - Շվեդների ներխուժումը՝ պայքար Բալթիական ծովի վերահսկողության համար։ Յասնոգորսկի վանքի (Չենստոխովի) հերոսական պաշտպանությունը։
1660 թվական - Շվեդիայի հետ կնքված Օլիվի խաղաղ պայմանագիրը։
1667 թվական - Անդրուսովոյի հաշտությունը Ռուսաստանի հետ։ Ռուսաստանին են անցնում Սմոլենսկը, Ձախափնյա Ուկրաինան։
1683 թվական - Թուրքերի դեմ Վիեննայի մոտ Յան Սոբեսկիի գլխավորած լեհ-ավստրիական զորքերի տարած հաղթանակը։
18-րդ դար - Րեչյ Պոսպոլիտայի անկումը, հարևանների՝ Պրուսիայի, Շվեդիայի, Ռուսաստանի և Ավստրիայի կողմից նրա վերածումը տարածքային հավակնությունների։
1772 թվական - Լեհաստանի առաջին բաժանումը Պրուսիայի, Ավստրիայի և Ռուսաստանի միջև։ Լեհաստանը կորցնում է իր տարածքների երրորդը։
1791 թվական - Ժ.-Ժ.Ռուսոի գաղափարներով ոգեշնչված սահմանադրությունը։
1793 թվական - Լեհաստանի երկրորդ բաժանումը։
1794 թվական - Թադեուշ Կոստյուշկոյի գլխավորած ապստամբույթունը; ռուսական զորքերի կողմից այն ճնշելը, Վարշավայի Պրահա արվարձանի կոտորածը։
1795 թվական - Լեհաստանի երրորդ բաժանումը և լեհական պետության անհետացումը Եվրոպայի քարտեզից։ Նրա տարածքի 45 %-ն անցնում է Ռուսաստանին, 19 %-ը՝ Պրուսիային, 35 %-ը՝ Ավստրիային։
1807 թվական - Նապոլեոն I-ի և Դոմբրովսկու Լեհական լեգեոնի շնորհիվ ձևավորվում է Վարշավայի հերցոգությունը։
1815 թվական - Լեհաստանի վերաբաժանումը Վիեննայի կոնգրեսի պայմաններով։ Լեհական Թագավորության ստեղծումը։
1830-1831 թվականներ - Ապստամբություն Լեհական Թագավորությունում, ռուսական կառավարության կողմից ճնշումը։ «Վարշավայում թագավորում է կարգուկանոնը»,-հայտարարում է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիանին։
1831 թվական - Լեհական մտավորականության սերուցքի՝ Միցկևիչի, Շոպենի և այլոց վտարելու սկիզբը։
1846 թվական - Պրուսական Լեհաստանում Լ.Մերոսլավսկու գլխավորած և ավստրիական Լեհաստանում Է.Դեմբովսկու գլխավորած ապստամբությունները՝ 1848 թվականին «Ժողովուրդների գարնան» նախաշեմը։
1853 թվական - Ապստամբություն Լեհական Թագավորությունում, որը ճնշվեց Պրուսիայի օգնությամբ։
1916 թվական - «Լեհական Պետություն» ստեղծելու մասին ավստրա-գերմանական դեկլարացիան։
1917 թվական - Լենինը ճանաչում է գերմանական պետությունների տիրապետության տակ գտնվող Լեհաստանի ինքնորոշման իրավունքը։
1918 թվական - Անկախ Լեհական պետության ապստամբությունը։
1919 թվական - Առաջին օրենսդիր սեյմը։ Պիլսուդսկու կառավարությունը։
1919-1920 թվականներ - Լեհ-սովետական պատերազմը․ գերմանա-լեհական կոնֆլիկտը Սիկեզիայի պատճառով։
1926 թվականի մայիս - Գեներալ Պիլսուդսկու պուտչը։
1938 թվական - Լեհերի հրաժարվելը Ֆրանսիայի և ֆաշիստական Գերմանիայի միջև պատերազմի դեպքում խորհրդային զորքերին ճանապարհ տալուց։ Չեխասլովակյան ճգնաժամի ժամանակ Լեհաստանի կողմից Տեշինյան Սիլեզիայի անեքսիան։
1939 թվականի օգոստոսի 23 - Գերմանա-սովետական պակտը։
1939 թվականի սեպտեմբերի 1 - Գերմանական զորքերի Լեհաստան ներխուժումը։
1939 թվականի հոկտեմբեր - Խորհրդային Միությունն օկուպացնում է Լեհաստանի արևելյան մասը։ Լոնդոնում լեհական կառավարության ստեղծումը։
1943 թվական - Վարշավյան գետոյի ապստամբությունը։ Կատինյան կոտորածի բացահայտումն առաջ է բերում լոնդոնյան կառավարության խզումը Մոսկվայի հետ։
1943 թվականի դեկտեմբեր - Մոսկվայի օգնությամբ Կրայովա Ռադա Նարոդովայի ստեղծումը։ Կրայովայի բանակը ճանաչում է միայն Բուրա-Կոմարովսկում՝ լոնդոնյան կառավարության ենթակային։
1944 թվականի օգոստոսի 1 - Վարշավայի ապստամբության սկիզբը։
1944 թվականի դեկտեմբերի 31 - Խորհրդային և Կրայովա Ռադա Նարոդովայի զորքերի մուտքը Վարշավա։
1945 թվական - Յալթայի կոնֆերանսը որոշում է Լեհաստանի ապագա սահմանները։
1947 թվական - Դեմոկրատական «բլոկի» կառավարությունը սոցիալիստ Ցիրանկևիչի գլխավորությամբ։
1949 թվական - Միությունը ԽՍՀՄ-ի հետ և Լեհաստանի սովետականացումը, Կոմունիստ Գոմուլկայի կալանումը Տիտոյի գործից հետո, խորհրդային մարշալ Ռակասովսկին նշանակվում է ազգային պաշտպանության նախարար։ Կարդինալ Վիշինսկու կալանումը։
1956 թվական - Պոզնանյի ապստամբությունը; Գոմուլկայի վերադարձը։ «Լեհական հոկտեմբեր»ը․ հրաժարում բռնի կոլեկտիվացումից։ Կարդինալ Վիշինսկու ազատումը, եկեղեցու հանդեպ հանդուրժողականության քաղաքականությունը։
1968 թվականի մարտ - Ուսանողական ցույցեր Վարշավայում, ոստիկանության կողմից դրանց դաժան ճնշումը, Գոմուլկայի տեղը գալիս է Գերեկը։
1970-1980 թվականներ - Տնտեսության փլուզումն ու բյուրակրատիայի ռեժիմն առաջացնում են գործադուլներ Գդանյսկում՝ «ազատ» արհմիությունների կազմավորումը։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեհաստանի ընդհանուր տարածքը կազմում է 312,685 քառակուսի կիլոմետր։ Տարածքային առումով գրավում է աշխարհում 70-րդ, իսկ Եվրոպայում 9-րդ տեղը։ Երկիրը բաժանված է 16 մարզերի՝ վոյեվոդությունների, որոնք իրենց հերթին բաժանվում են պովիատների և գմինաների։ Տարածքի ցամաքային մասը կազմում է 304,225 քառ. կմ, իսկ ջրայինը՝ 8,430 քառ. կմ[28]։ Տարածքի 35.49 տոկոսը կազմում են վարելահողերը։ Ընդհանուր սահմանները կազմում են 3,071 կիլոմետր (Չեխիա՝ 796 կմ, Սլովակիա՝ 541 կմ, Ուկրաինա՝ 535 կմ, Գերմանիա՝ 467 կմ, Բելառուս 418 կմ, Ռուսաստան (Կալինինգրադի մարզ)՝ 210 կմ, Լիտվա՝ 104 կմ)[29] Ջրային սահմանը կազմում է 440 կմ։ Լեհաստանի ամենաբարձր կետը Ռիսի լեռն է, բարձրությունը 2499 մետր է։ Լեհաստանի մայրաքաղաքը Վարշավան է, մեծ քաղաքներն են Կրակովը, Վրոցլավը, Պոզնանը Գդանսկը[30]։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլիման չափավոր ցամաքային է։ Հունվարի միջին ջերմաստիճանը ծովափին և երկրի արևմուտքում -1 °C է, կենտրոնական շրջաններում՝ -3 °C, լեռներում՝ մինչե -6 °C, հուլիսինը՝ հյուսիսում 11 °C-17 °C է, կենտրոնական շրջաններում՝ 18-19 °C, լեռներում՝ 10-14 °C: Տարեկան տեղումների քանակը հարթավայրերում 500-700 մմ են, լեռներում՝ 800-1800 մմ։ Խոշոր գետերն են Վիսլան և Օդրան։ Հաշվվում է ավելի քան 9000 լիճ, մեծ մասը՝ երկրի հյուսիսում։ Կարպատների և Մուդետների ստորոտներին կան հանքային աղբյուրներ։
Հողեր և բուսականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեհաստանի տարածքի կեսից ավելին հերկված է, 27 %-ը զբաղեցնում են անտառները՝ փշատերև ծառատեսակների գերակշռությամբ։ Հարթավայրերում տարածված են պոդզոլային հողերը, արևելքում և հյուսիս-արևելքում՝ ճահճային, նախալեռներում՝ գորշ անտառային, նախալեռնային հարթավայրերում՝ սևահողերը, լեռներում՝ լեռնային գորշ, գետերի հովիտներում՝ ալյուվիալ հողերը։
Կենդանական աշխարհ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կենդանական աշխարհի ներկայացուցիչներից կան արջ, գայլ, լուսան, աղվես, փորսուղ, այծյամ, վարազ, եղջերու։ Կլիմայավարժեցվում են նախկինում համարյա լրիվ ոչնչացված զուբրերն ու կուղբերը։
Օգտակար հանածոներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեհաստանի ընդերքը հարուստ է ածխի, պղնձի, ծծմբի, գազի, արծաթի, կապարի և աղի պաշարներով[31]։
Պետական կարգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեհաստանը խորհրդարանական հանրապետություն է։ Գործող սահմանադրությունն ընդունվել է 1952 թվականին։ Պետության իշխանության բարձրագույն մարմինը միապալատ սեյմն է. ընտրվում է համընդհանուր, ուղղակի և հավասար ընտրական իրավունքով՝ փակ գաղտնի քվեարկությամբ։ Պետության բարձրագույն գործադիր-կարգադրիչ մարմինը կառավարությունն է, որին նշանակում է սեյմը։ Երկրի ղեկավարը համարվում է նախագահը, ով ընտրվում է համաժողովրդական ընտրությունների արդյունքում։ Դատական համակարգը կազմում են՝ գերագույն դատարանը, վոյեվոդությունների, պովյատների և քաղաքային դատարաններն ու հատուկ դատարանները։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության ավելի քան 96.9%-ը լեհեր[32] են։ Ապրում են նաև ուկրաինացիներ, բելառուսներ, սլովակներ։ Պաշտոնական օրացույցը Գրիգորյանն է, տիրապետող կրոնը՝ կաթոլիկությունը։ Բնակչության միջին խտությունը 1 կմ² վրա 123 մարդ է (2015)։ Քաղաքային բնակչությունը՝ 60,5%[32]: Խոշոր քաղաքներն են՝ Վարշավան, Լոձը, Կրակովը, Վրոցլավը, Պոզնանը, Գդանսկը, Գդինյան, Շչեցինը, Բիդգոշչը, Լյուբլինը, Կատովիցեն։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեհաստանը հետարդյունաբերական երկիր է։ ՀՆԱ-ի մեջ արդյունաբերության բաժինը 2014 թվականին կազմել է 32%[33], գյուղատնտեսությանը՝ 3,7%[33]: Արևմտյան սեկտորի տեսակարար կշիռը ազգային եկամտի մեջ կազմել է 81,6%։ Լեհաստանը ՏՓԽ-ի անդամ է և նրա շրջանակներում մասնագիտանում է մեքենաշինական արտադրանքի թողարկման մեջ, մատակարարում է նաև քարածուխ, կոքս, պղինձ, ցինկ, ծծումբ, կերակրի աղ, քիմիկատներ, դեղորայք, լայն սպառման ապրանքներ, գյուղատնտեսական արտադրանք։
Արդյունաբերություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արդյունաբերության կարևոր ճյուղերից է լեռնագործությունը։ Քարածխի և ծծմբի արտահանությամբ աշխարհում գրավում է երկրորդ տեղը։ Քարածխի արդյունահանության 3/4-ը կենտրոնացած է Վերին Միլեզիայի ավազանում։ Կոքսացվող քարածուխ է արդյունահանվում նաև Ներքին Սիլեզիայի ավազանում։ Նավթի պաշարները կազմում են 156 մլն բարել (2014)։ Բնական գազի պաշարները 2014 թվականին կազմել են 92 մլրդ մ³ գլխավոր շրջանը Սանդոմեժի գոգավորությունն է։ Մեքենաշինությունն աչքի է ընկնում մետաղատարությամբ, արտադրանքի բազմազանությամբ։ Նրա արտադրանքի արտահանության մոտ 1/3-ը կազմում են տրանսպորտային միջոցները։ Նավաշինության կենտրոններն են՝ Գդանսկը, Գդինյան, Շչեցինը, ավիաշինության՝ Վարշավան, Մելեցը, Սվիդնիկը, վագոնաշինության՝ Սվիդնիցան, Զելյոնա Դուրան, Վրոցլավը։ Կա սինթետիկ թելերի կիսաարտադրանքի (Տորուն և Գոժուվ, Վելկոպոլսկի քաղաքներում), դեղագործության և ֆոտոքիմիայի (Վարշավա, Կրակով, Զելյոնա Գուրա), օծանելիքների (Պոզնան, Լոձ, Կրակով), ռետինի (Գլուձյոնձ և Լոձ), ավտոդողերի (Օլշտին, Դեմբիցա, Պոզնան), ապակու, հախճապակյա և ճենապակյա իրերի արտադրություն։ Անտառային և փայտամշակման արդյունաբերությունը ներքին պահանջմունքներից բացի արտահանության համար տալիս է սղոցանյութ, կահույք, լուցկի, թուղթ։ Տեքստիլ արդյունաբերությունը հնագույն ճյուղերից է։ Թողարկում է բամբակյա, վուշյա, բրդյա, մետաքսյա և կիսամետաքսյա գործվածքներ, տրիկոտաժ՝ հիմնականում կենտրոնացած է Լոձի և Սուդետների (Ներքին Սիլեզիայի) շրջաններում, Բելսկո Բյալա Չենստոխովա և Բելոստոկ քաղաքներում ու դրանց շրջակայքում։ Զարգացած է կաշվի-կոշկեղենի արտադրությունը։ Սննդի արդյունաբերությունը թողարկում է շաքար, օղի, հրուշակեղեն, մսամթերքներ, յուղ, ծխախոտ, գարեջուր, մարգարին, ձկնեղեն։
Գյուղատնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղատնտեսության մեջ գերակշռում է մանր ապրանքային կացութաձևը։ Անհատական գյուղացիական տնտեսությունները տալիս են գյուղատնտեսական համախառն արտադրանքի մոտ 80 %-ը։ Սոցիալիստական սեկտորում օգտագործվել է գյուղատնտեսական հանդակների տարածության 21 %-ը։ Զարգանում են ինչպես արտադրական կոոպերատիվները, այնպես էլ գյուղատնտեսական խմբակները։ Գյուղատնտեսական համախառն արտադրանքի կառուցվածքում բուսաբուծությանը բաժին է ընկնում 54,8, անասնապահությանը՝ 45,2 %-ը։ Ապրանքային արտադրանքում հարաբերակցությունը հակառակն է՝ համապատասխանաբար 35,4%, 64,6%։ Ցանքատարածության կառուցվածքում հատիկային կուլտուրաները զբաղեցնում են 57,5, կարտոֆիլը 18,2, տեխնիկական կուլտուրաները 6,3, կերային կուլտուրաները` 14,9 %։ Լեհաստանն աշխարհում 2-րդ տեղն է գրավում տարեկանի և կարտոֆիլի բերքով։ Անասնապահության գլխավոր ճյուղերն են խոզաբուծությունը և խոշոր եղջերավոր անասունների բուծումը։ Զարգացած են թռչնաբուծությունն ու ձկնորսությունը։
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկաթուղիների երկարությունը 19,837 կմ է[34]։ Ավտոճանապարհների երկարությունը 412,035 կմ է, ներքին ջրային նավարկելի ուղիներինը՝ 6,6 հզ. կմ[34] (գլխավոր ջրային ուղին Օդրա գետն ու Գլիվիցեի ջրանցքն են)։ Կարևոր նավահանգիստներն են՝ Շչեցինը՝ Սվինոույսցեի հետ, Գդինյան և Գդանսկը։ Վարշավայի Օկենցե գլխավոր օդանավակայանն ունի միջազգային նշանակություն։
Արտաքին տնտեսական կապեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտահանության ծավալը 2014 թվականին կազմել է 219 մլրդ դոլար[33], հիմնական գործընկեր պետություններն են՝ Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Չեխիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, Իտալիան և Նիդեռլանդները[33]։ Արտահանում են մեքենաներ և արդյունաբերական սարքավորում, լայն սպառման ապրանքներ, քարածուխ, ցինկ, պղինձ, սև մետաղների գլանվածք և այլն[33]։
Ներմուծումը 2014 թվականին կազմել է 217 մլրդ դոլար[33], հիմնական գործընկեր պետություններն են՝ Գերմանիան, Ռուսաստանը, Նիդեռլանդները, Չինաստանը, Իտալիան, Չեխիան և Ֆրանսիան[33]։ Ներմուծում են մեքենաներ և սարքավորում, նավթ և նավթամթերքներ, երկաթի հանքանյութ, հացահատիկ և այլն[33]։
Առողջապահություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականին ծնունդը կազմել է 1000 բնակչին 9,74[35] մահացությունը՝ 10,9[35], կյանքի միջին տևողությունը (2014)՝ 77,4 տարի[35]։ Տարածված են սիրտանոթային համակարգի հիվանդությունները, չարորակ նորագոյացությունները։ Գոյություն ունի առողջապահության պետական համակարգ։ 2014 թվականին Լեհաստանում եղել է 3,682 հիվանդանոց՝ 1,217 մլն. մահճակալով, 5640 ծննդատուն։ Գործել են շտապ օգնության 431 կայան։ Բժիշկներ և դեղագործներ են պատրաստում բժշկական 10 ակադեմիաները (Վարշավայում, Բելոստոկում, Գդանսկում, Կրակովում, Լյուբլինում, Լոձում, Պոզնանում, Շչեցինում, Վրոցլավում, Կատովիցեում)։ Առողջարաններից հայտնի են՝ Կրինիցան, ժեգեստուվը, Շչավնիցան, Ռաբկան, Պոլյանիցա-Զդրույը, Ցեպլիցեն, Բուսկո-Զդրույը, Ցեխոցինեկը, Լյոնչեկ-Զդրույը, Սոպոտը, Կոլոբժեգը, Զակոպանեն։
Լուսավորություն
[խմբագրել | խմբագրել կոդը]10-11-րդ դարերում եկեղեցիներին և տաճարներին կից ստեղծվել են լատիներեն լեզվով առաջին դպրոցները։ 13-14-րդ դարերում կազմակերպվել են քաղաքային դպրոցներ՝ լեհերենով։ Դա կապված էր Վերածննդի և Ռեֆորմացիայի հետ, ըստ որում կարևոր դեր է կատարել Յագելլոնի համալսարանը։ Մինչև 17-րդ դարը ներառյալ դպրոցները ենթարկվում էին ճիզվիտական միաբանությանը։ 1773-1775 թվականների բարելավումներով ուսուցումը դարձավ աշխարհիկ և լեհերեն։ Լեհաստանի բաժանումը բացասական ազդեցություն է թողել կրթական գործի վրա ևս։ 1918 թվականին դպրոցները և համալսարանները վերականգնվեցին, բայց ժողկրթության մակարդակը երկար ժամանակ խիստ ցածր էր։ Գերմանա-ֆաշիստական օկուպացիայի ժամանակ դպրոցների մեծ մասը ոչնչացվել է։ Ժողովրդական Լեհաստանում ստեղծվել է պետական դպրոցական համակարգ, մանկապարտեզ (3-7 տարեկան երեխաների համար), պարտադիր հիմնական դպրոց (8-ամյա), միջնակարգ հանրակրթական դպրոց, որն ավարտողն իրավունք է ստանում բուհ ընդունվելու։ Ունի նաև տարրական և միջնակարգ մասնագիտական դպրոցներ։ 1973 թվականին որոշվել է անցնել համընդհանուր 10-ամյա միջնակարգ կրթության։ Խոշորագույն բուհերն են Յագելլոնի և Վարշավայի համալսարանները, պոլիտեխնիկական ինստիտուտները, գյուղատնտեսական և մանկավարժական բարձրագույն դպրոցները, բժշկական ակադեմիան։ Խոշոր գրադարաններն են՝ Ազգային գրադարանը Վարշավայում, Յագելլոնի, Վարշավայի և Պոզնանի համալսարանների գրադարանները, խոշոր թանգարանները՝ Ազգային և Պատմության թանգարանները (Վարշավայում և Կրակովում)։
Մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիտություն և գիտական հիմնարկներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիտության և տեխնիկայի պետական կառավարման բարձրագույն մարմինը բարձրագույն կրթության և տեխնիկական գիտությունների նախարարությունն է (կազմակերպվել է 1972 թվականին)։ Հետազոտությունները տարվում են ԳԱ հիմնարկներում, բուհերում և գերատեսչական գիտական հիմնարկներում, որոնց մեջ են մտնում (1973) 112 ԳՏԻ, 25 լաբորատորիա, 103 գիտահետազոտական կենտրոն, ժողտնտեսության գիտատեխնիկական բազայի 651 ինքնուրույն կենտրոն, 1670 ֆաբրիկագործարանային գիտահետազոտական կենտրոն։ Լեհաստանի գիտական հիմնարկները կապ ունեն 116 երկրի գիտական հիմնարկների հետ։ Լեհաստանը անդամ է 140 միջազգային գիտական կազմակերպությունների։
Ճարտարապետություն և կերպարվեստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեհաստանի տարածքում հնագույն ճարտարապետական հուշարձանները Բիսկուպինի փայտյա կառույցներն են (մ. թ. ա. մոտ 550-400)։ Պահպանվել X-XI դդ. պաշտամունքային և աշխարհիկ քարե կառույցների մնացորդներ։ Ռոմանական ոճի զարգացումը կապված էր ֆեոդալիզմի հաստատման հետ (Տումի, Կրակովի բազիլիկ կոստյոլները, XI-XII դարեր)։ XIII դարից աճել են քաղաքները, կազմավորվել են նրանց կենտրոնների անսամբլները, ստեղծվել նոր տիպեր (աշտարակավոր ռատուշա, տնտեսական կառույցներ և այլն)։ Ժողովրդական իշխանության հաստատումից հետո վերակառուցվել են 1939-1945 թվականների պատերազմի հետևանքով ավերված քաղաքները։ Հետպատերազմյան ճարտարապետական զարգացման ընթացքում մեծ դեր են խաղացել ավագ սերնդի ճարտարապետ Շ. Սիրկուսը, Բ. Պնևսկին, Բ. և Ս. Բրուկալսկիները և ուրիշները։ Պատմական ոճերով հրապուրվելու շրջանից (Սահմանադրության հրապարակը Վարշավայում) հետո, 1950-ական թվականների վերջին առաջացել է ձևերի ռացիոնալ պարզեցման ձգտումը։ 1960-ական թվականներին կառուցված հասարակական շենքերին բնորոշ են հատակագծերի ֆունկցիոնալ նպատակահարմարությունը, կառուցվածքային լուծումների յուրօրինակությունը, տիպային կառուցվածքային օղակների ռիթմիկ համադրումը (Ուսանողուհիների հանրակացարանը Կրակովում, «Սուպերսամ» խանութը Վարշավայում, «Մերկուրի» հյուրանոցը Պոզնանում)։
Երաժշտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեհաստանի երաժշտական մշակույթը իր բնույթով նման է սլավ, մյուս ժողովուրդների երաժշտական արվեստին։ Հնագույն ժողովրդական գործիքներից պահպանվել են փայտե թակիչներ, դափեր, սուլիչներ, որոնց նվագակցությամբ կատարվում են ծիսական ժողովրդական երգեր։ Ժողովրդական գործիքներից են նաև ջութակը, մազանկան, մարինան (աղեղնավոր և կսմիթավոր), լիգավկան, բազունան, տրոմբիտան (փողային)։ Ժողովրդական պարերից են՝ պոլոնեզը, կրակովյակը, մազուրկան, կույավյակը, օբերեկը։ Ազգային և ժողովրդական երաժշտության սկզբունքներին հետևելով զարգացման նոր ուղիներ են որոնել «Երիտասարդ Լեհաստան» խմբավորման կոմպոզիտորներ Մ. Կառլովիչը, Լ. Ռուժիցկին, Կ. Շիմանովսկին։ Լեհաստանում գործում են 21 սիմֆոնիկ նվագախումբ, 10 օպերային թատրոն, 9 օպերետային թատրոն, 7 բարձրագույն, մոտ 120 միջնակարգ և տարրական երաժշտական դպրոցներ։ Անց են կացվում միջազգային մրցույթներ․ Վարշավայում՝ Դաշնակահարների՝ Շոպենի անվան, Ջութակահարների՝ Վենյավսկու անվան (1935 թվականից), որը 1952 թվականից տեղի է ունենում Պոզնանում, փառատոներ (1956 թվականից ժամանակակից երաժշտության՝ «Վարշավյան աշուն», 1966 թվականից Բիդգոշչում՝ Արևելյան Եվրոպայում հնագույն երաժշտության, Սոպոտում՝ էստրադային երգի)։ Հանրաճանաչ են ժողովրդական երգի և պարի «Մազովշե» և «Շլյոնսկ» անսամբլները։ Տարբեր տիպի միավորումներից է 1870 թվականից գոյատևող Վարշավայի երաժշտական ընկերությունը։
Կինո
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեհաստանում ֆիլմերի կանոնավոր արտադրությունն սկսվել է 1908-1914 թվականներին։ 1910-1930-ական թվականներին հիմնականում էկրանավորվել են ազգային գրական երկեր և կինոկոմեդիաներ։ Նշանակալի երեույթ էր «Ատարտ» (1930) և «Կինոհեղինակների կոոպերատիվ» կինոմիավորումների ստեղծումը, որոնց ֆիլմերն ուղղված էին գաղափարազուրկ, շահութաբեր կինոարտադրանքի դեմ։ Կինոյի վերածնունդը սկսվել է ժողովրդական կարգերի հաստատումից հետո։ 1945 թվականին կինոարտադրությունը ազգայնացվել է, ստեղծվել «Ֆիլմ պոլսկի» պետական ստուդիան։ Հիմնականում նկարահանվել են պատերազմի ու ֆաշիստական օկուպացիայի ողբերգական դեպքերին նվիրված կինոնկարներ։ Առավել նշանավոր ֆիլմը «Վերջին հանգրվան»-ն է (1948, ռեժ. Վ. Ցակուբովսկի)։ 50-ական թվականներին նկարահանվել են բնույթով նորարարական ֆիլմեր՝ «Սերունդ» (1955), «Կանալ» (1957), «Մոխիր և ալմաստ» (1958, երեքի ռեժ. Ա. Վայդա), «Մեծ պատերազմի իսկական ավարտը» (1957, սովետական պրոկատում՝ «Դա մոռանալ չի կարելի», ռեժ. Ե. Կավալերովիչ)։ Հետագայում ևս պատերազմի թեման կրկին ու մեծ ուժով բարձրացվել է՝ «Ուղեորուհին» (1963, ռեժ. Ա. Մունկ), «Բնանկար ճակատամարտից հետո» (1970, ռեժ. Ա. Վայդա) և այլ ֆիլմերում։ Էկրանավորվել են լեհ դասական գրողների երկերը՝ Ս. Ժերոմսկու «Մոխիր» (1965, ռեժ. Ա. Վայդա), Բ. Պրուսի «Փարավոն» (1966, ռեժ. Ե. Կավալերովիչ), Հ. Աենկեիչի «Պան Վալադիեսկի» (1969) և «Ջրհեղեղ» (1974, ռեժ. Ե. Հոֆման)։ Զարգացած է վավերագրական (ռեժ, Ե. Բոսակ, Վ. Կազմերչակ և ուրիշներ) գիտամասսայական (ռեժ. Վ. Պուխալսկի Ս. Գրաբովսկի), մուլտիպլիկացիոն (ռեժ և նկարիչ՝ Ցա. Լենիցա, Զ. Օլդակ, Վ. Գերշ և ուրիշներ) ֆիլմերի արտադրությունը։
Հայերը Լեհաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տակավին 14-15-րդ դարերում Լեհաստանում ապաստան են գտել մեծ թվով հայ գաղթականներ, որոնք դարեր շարունակ հաշտ ու խաղաղ ապրել են տեղի բնակչության հետ։ Լեհաստանի հայ գաղութը ստվարացել է հատկապես Բագրատունյաց մայրաքաղաք Անիի կործանումից հետո։ Նրանց մեջ եղել են հմուտ արհեստավորներ, երկրագործներ, առևտրականներ, որոնք ըստ ամենայնի նպաստել են լեհական պետության զարգացմանը, հարկ եղած դեպքում զենքով պաշտպանել երկրի անվտանգությունը։ Ներկայումս Լեհաստանում բնակվում է 92.000 հայ, որոնց մեծ մասը Հայաստանից արտագաղթել են վերջին 10-15 տարիների ընթացքում։ Նրանց մի մասը լեհ հասարակության մեջ որոշակի դիրքի է հասել. զբաղված են պետական կառույցներում, գիտության ու մշակույթի բնագավառներում։ 1980 թվականից Կրակովում գործում են Հայ մշակույթի համակիրների շրջանակը (ընկերություն), 1985 թվականից՝ Հայ մշակութային ընկերությունը , որոնց նպատակն է համախմբել լեհահայությանը, վերականգնել նրանց մշակութային ավանդություններն ու կապեր հաստատել Հայաստանի հետ։ Գործում է Սուրբ Երրորդություն հայ կաթոլիկ եկեղեցին Գլիվիցեում, միակ առաքելական աղոթատեղին Վարշավայում։
Քաղաքի տեսարաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վարշավայի դքսություն
- Լեհաստանի չորրորդ բաժանում
- Լեհաստանի հինգերորդ բաժանում
- Խորհրդա-գերմանական պայմանագիր (1939)
- Լեհաստանի ֆուտբոլի ազգային հավաքական
- Լեհաստանի ֆուտբոլի առաջնությունը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Լեհաստանի բնակչությունը 2015 թվականին». Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին. Վերցված է 2015-04-12-ին.
- ↑ «Լեհաստանի բնակչությունը 2011 թվականին». Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին. Վերցված է 2015-04-12-ին.
- ↑ Լեհաստանի ՀՆԱ-ն
- ↑ Լեհաստանի մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն
- ↑ Լեհաստանի անվանական ՀՆԱ-ն
- ↑ Լեհաստանի մեկ շնչին ընկնող անվանական ՀՆԱ-ն
- ↑ Լեհաստանի Ջինի
- ↑ Լեհաստանի ՄԶՀ-ն
- ↑ Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 53. ISBN 99941-56-03-9.
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
- ↑ Костомаров Н. И. Старый спор: Последние годы Речи Посполитой. М., 1994.
- ↑ Туполев Б.М. Фридрих II, Россия и первый раздел Польши // Россия и Германия. Вып. 1. М., 1998.
- ↑ Польша и Европа в ХVIII веке: Международные и внутренние факторы разделов Речи Посполитой. М., 1999.
- ↑ Стегний П.В. Первый раздел Польши и российская дипломатия. – В кн.: Новая и новейшая история. 2001, № 1–2.
- ↑ Maciej Kosiński, Magdalena Wieczorek-Szmal (2007). "Z mroku dziejów. Kultura Łużycka". Muzeum Częstochowskie.
- ↑ Teeple, J. B. (2002). Timelines of World History. Publisher: DK Adult.
- ↑ Frucht, Richard C., ed. (2004). Eastern Europe: An Introduction to the People, Lands, and Culture
- ↑ Jerzy Wyrozumski – Historia Polski do roku 1505 (History of Poland until 1505), Państwowe Wydawnictwo Naukowe (Polish Scientific Publishers PWN), Warszawa 1986.
- ↑ Norman Davies (1996). Europe: a history. Oxford University Press. p. 428.
- ↑ "Jagiellon dynasty (European history)". Encyclopædia Britannica.
- ↑ Davies (2007). Warfare, State and Society on the Black Sea Steppe,1500–1700.. p.17.
- ↑ "The Crimean Tatars and their Russian-Captive Slaves". Eizo Matsuki, Mediterranean Studies Group at Hitotsubashi University.
- ↑ Józef Andrzej Gierowski – Historia Polski 1505–1764 (History of Poland 1505–1764), Państwowe Wydawnictwo Naukowe (Polish Scientific Publishers PWN), Warszawa 1986.
- ↑ Józef Andrzej Gierowski – Historia Polski 1505–1764 (History of Poland 1505–1764), p. 105-173.
- ↑ "Poland – The 17th-century crisis". Britannica Online Encyclopedia.
- ↑ Józef Andrzej Gierowski – Historia Polski 1764–1864 (History of Poland 1764–1864), Państwowe Wydawnictwo Naukowe (Polish Scientific Publishers PWN), Warszawa 1986, p. 1-74
- ↑ Marc Ferro. Comment on raconte l'histoire aux enfants. Payot, Paris. 106, Boulevard Saint-Germain, 1986
- ↑ «Լեհաստանի տարածքը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ «Լեհաստանի սահմանները». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ «Լեհաստանի լավագույն քաղաքները». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ «Լեհաստանի օգտակար հանածոներ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ 32,0 32,1 «Լեհաստանի Բնակչություն». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ 33,0 33,1 33,2 33,3 33,4 33,5 33,6 33,7 «Լեհաստանի Տնտեսություն». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ 34,0 34,1 «Լեհաստանի Տրանսպորտային Համակարգ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ 35,0 35,1 35,2 «Լեհաստանի Առողջապահություն». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 13-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լեհաստանում Հայաստանի դեսպանություն
- Armenia.pl Արխիվացված 2019-01-26 Wayback Machine
- Հայ մշակութային ընկերություն (Կրակով, Լեհաստան)
- Հայկական կիրակնօրյա դպրոց (Կրակով, Լեհաստան) Արխիվացված 2021-01-27 Wayback Machine
- Լեհահայոց Մշակույթի Հիմնադրամ
- Հայ-Լեհական կապերի զարգացման կենտրոն
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեհաստան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 521)։ |
|
|
- Երկրներ այբբենական կարգով
- Եվրոպայի երկրներ
- Բալթիկ ծովի երկրներ
- Եվրոպական միության անդամ երկրներ
- Եվրոպայի խորհրդի անդամ երկրներ
- Լիբերալ ժողովրդավարություններ
- Հանրապետություններ
- ՄԱԿ-ի անդամ երկրներ
- Միջերկրածովյան միության անդամներ
- ՆԱՏՕ-ի անդամ երկրներ
- Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրներ
- 1918 հիմնադրված պետություններ և տարածքներ
- 1918 հիմնադրումներ Լեհաստանում