Jump to content

Ինես Ռամիրես Պերես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ինես Ռամիրես Պերես
Ծնվել է1960
ԾննդավայրՕախակա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Քաղաքացիություն Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Գործունեությունգյուղացի
Արտաքին պատկերներ
Ինես Ռամիրես Պերեսի լուսանկարը

Ինես Ռամիրես Պերես (իսպ.՝ Inés Ramírez Pérez, 1960, Օախակա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի գյուղացի կին, որն ինքն իրեն արել է կեսարյան հատում և առողջ երեխա է լույս աշխարհ բերել[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինես Ռամիրես Պերեսը ծնվել է 1960 թվականին Մեքսիկայի Օախակա նահանգում, գյուղացիների ընտանիքում, խոսում է սապոտեկ լեզվով և մի քիչ իսպաներեն։ Նա աշխարհում հայտնի է դարձել այն բանից հետո, երբ 2000 թվականին խոհանոցային դանակով կեսարյան հատում է կատարել ինքն իրեն, ընդ որում՝ ինքը ողջ է մնացել և պահպանել է իր որդու՝ Օռլանդո Ռուիս Ռամիրեսի կյանքը[2]։

Կեսարյան հատում

[խմբագրել | խմբագրել կոդը]

40-ամյա Ինես Ռամիրեսը միայնակ է եղել Ռիո Տալեայի (Հարավային Մեքսիկա) իր տանը, երբ սկսվել են ծննդյան ցավերը։ Մոտակա մանկաբարձուհին եղել է շատ հեռու՝ գյուղից ավելի քան 80 կմ հեռավորության վրա։ Ինես Ռամիրեսի ամուսինը, որը նրան օգնել էր նախորդ վեց երեխաների լույս աշխարհ գալու ժամանակ, գտնվում էր հարևան գյուղում։ Կնոջ ցավերն ուժեղանում էին, բայց ծննդաբերությունը տեղի չէր ունենում։ Կինը հասկացել է, որ ինչ-որ բան այն չէ, և որոշել է ինքնուրույն կեսարյան հատում կատարել։ 2000 թվականի մարտի 5-ի գիշերը, չդիմանալով ուժեղ ցավին, նա կատարել է այդ վիրահատությունը․ անզգայացման համար խմել է թունդ ոգելից խմիչք, 15-սանտիմետրանոց խոհանոցային դանակով կտրվածք է արել, ինչը հաջողվել է միայն երրորդ փորձից։ 15-սանտիմետրանոց ուղղահայաց կտրվածքի միջով նա ձեռքերով հանել է երեխային՝ ողջ տղայի։ Նա մկրատով կտրել է երեխայի պորտալարը, իսկ հետո կորցրել է գիտակցությունը։ Այս ամենը տևել է մոտ մեկ ժամ։ Մեր օրերում կեսարյան հատման ժամանակ բացում են միայն որովայնի ստորին հատվածը, մինչդեռ Ինեսը ստիպված էր կտրել ամբողջ որովայնը՝ մինչև կողոսկրերը[3]։

Ուշքի գալլով՝ կինը վիրակապել է վերքը և երեխաներից մեկին ուղարկել օգնություն կանչելու։ 16 ժամ անց նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա ենթարկվել է մի քանի վիրահատության և տասը օր անց դուրս է գրվել իր առողջ նորածին որդու հետ[2]։

Հարցազրույցներից մեկում Ինես Ռամիրեսը այսպես է մեկնաբանել իր արարքը. «Ես այլևս չէի դիմանում ցավին։ Ես որոշեցի, որ եթե երեխաս մահանա, ուրեմն ես էլ ապրելու պատճառ չունեմ։ Բայց եթե նրան վիճակված էր ողջ մնալ, ես պատրաստ էի ամեն ինչի, որպեսզի տեսնեմ, թե ինչպես է նա մեծանում։ Այլ ելք չունեի։ Հույսս Աստծու վրա էր, և հույս ունեի, որ նա կփրկի երկուսիս էլ»[4]։

Ինես Ռամիրես Պերեսը միակ կինն է, որ հաջողությամբ վերապրել է իր վրա կատարած կեսարյան հատումից հետո։ Նրա դեպքը նկարագրվել է «Գինեկոլոգիայի և մանկաբարձության միջազգային ամսագրի» (անգլ.՝ International Journal of Gynecology & Obstetrics) 2004 թվականի մարտի համարում[5]։ Ըստ մասնագետների՝ Ինես Ռամիրեսին օգնել է հանգամանքների համադրությունը. նա ճիշտ է ընտրել կտրվածքի տեղը՝ արգանդի դիմաց՝ առանց աղիքները վնասելու, ոչ ստերիլ պայմաններում կատարված վիրահատությունից վերքի վարակում տեղի չի ունեցել, մինչև վիրահատության ավարտը նա չի կորցրել գիտակցությունը ցավային շոկից կամ արյան կորստից[2]։

  • Լեոնիդ Ռոգոզով, Նովոլազարևսկայա անտարկտիկական կայանի բժիշկ, որը հեռացրել է սեփական կույր աղիքը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Самостоятельное кесарево». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 22-ին.
  2. 2,0 2,1 2,2 «This Woman Performed Her Own Cesarean Section—and Survived». The Healthy (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ դեկտեմբերի 4. Վերցված է 2023 թ․ փետրվարի 14-ին.
  3. «Inés Ramírez Explained». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 30-ին.
  4. «10 необычных медицинских феноменов». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 22-ին.
  5. Molina-Sosa, A; Galvan-Espinosa, H; Gabriel-Guzman, J; Valle, R. F. Self-inflicted cesarean section with maternal and fetal survival(անգլ.) // International Journal of Gynecology & Obstetrics : journal. — 2004. — Т. 84. — № 3. — С. 287—290. — doi:10.1016/j.ijgo.2003.08.018 — PMID 15001385. (անգլ.)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]