1918 թվականին ավարտել է Մոսկվայի համալսարանը։ Դասավանդել է երկրի մի շարք բուհերում (1924—1941 թվականներին և 1954 թվականից՝ Մոսկվայի համալսարանում)։ 1934 թվականից աշխատել է ԽՍՀՄ ԳԱ ֆիզիկայի ինստիտուտում։ Աշխատանքները վերաբերում են քվանտային մեխանիկային և դրա կիրառություներին, ճառագայթման տեսությանը, միջուկային մասնիկների փոխազդեցության և տիեզերական ճառագայթների տեսությանը, ջերմամիջուկային սինթեզին։ Մշակել է բյուրեղներում լույսի ցրման քվանտային տեսությունը, էլեկտրոններից լույսի ցրման տեսությունը, լուծել ձայնային քվանտների (ֆոնոնների) հասկացությունը։ Ստեղծել է (Սեմյոն Շուբինի հետ համատեղ) մետաղներում ֆոտոէֆեկտի քվանտամեխանիկական տեսությունը 1931 թ., կանխատեսել էլեկտրոնների հատուկ վիճակների գոյության հնարավորությունը բյուրեղների մակերևույթի վրա («Տամմի մակարդակներ»)։ 1934 թվականին առաջարկել և մաթեմատիկորեն զարգացրել է միջուկային ուժերի քանակական տեսությունը, որի սխեմայով ստեղծվել է միջուկային ուժերի արդի մեզոնային տեսությունը։ 1937 թվականին Իգոր Տամմը Իլյա Ֆրանկի հետ ստեղծել է Վավիլով-Չերենկովի էֆեկտի տեսությունը։ Մշակել է (1945 թ.) միջուկային տարրական մասնիկների փոխազդեցության բացատրության մոտավոր մեթոդ (Տամմի-Դանկովի մեթոդ)։ Ունի ջերմամիջուկային կառավարվող սինթեզի ստացման խնդրին վերաբերող կարևոր աշխատանքներ։ Ստեղծել է ֆիզիկոս-տեսաբանների դպրոց։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 557)։