Թվաբանական սարք
Թվաբանական սարք, թվանշանային հաշվողական մեքենայի հիմնական սարքերից, որը կատարում է թվաբանական և տրամաբանական գործողություններ։ Ցանկացած թվաբանական կամ տրամաբանական գործողության կատարումը թվաբանական սարքերում վեր է ածվում տարրական գործողությունների և միկրոգործողությունների հաջորդական կամ զուգահեռ կատարման։ Թվաբանական գործողություններ են գումարումը, հանումը, բազմապատկումը, բաժանումը, արմատ հանելը ևն։ Դրանց մի մասը, ինչպես նաև աստիճան բարձրացնելը, լոգարիթմների, եռանկյունաչափական ֆունկցիաների և այլ արժեքների որոշումը հաճախ կատարվում են ստանդարտ ենթածրագրով։ ԹՏՄ-ի հիմնական գործողությունը գումարումն է, որին բերվում են մնացած թվաբանական գործողությունները։ Թվաբանական սարքը կապված է հիշող սարքի և կառավարման կենտրոնական սարքի հետ։ Բաղկացած է մի քանի ռեգիստրներից, գումարիչներից, տրամաբանական շղթաներից և կառավարման տեղական սարքից։ Թվաբանական սարքի հիմնական բնութագիրը և կառուցվածքը կախված են թվարկության համակարգից, թվերի կարգայնությունից, պահանջվող արագագործությունից, գործողությունների կատարման և նրանց արագացման ալգորիթմներից, կիրառվող սխեմաների տիպից և նրանց միջև եղած կապերից։ Ըստ գումարման կիրառվող եղանակի տարբերում են հաջորդական (թվերը գումարիչին մատուցվում են կարգ առ կարգ), զուգահեռ (բոլոր կարգերը միաժամանակ են տրվում գումարիչին) և հաջորդական-զուգահեռ կարգերը խումբ առ խումբ են տրվում գումարիչին։ Ըստ ընդունված թվարկության համակարգի թվաբանական սարք լինում է երկհիմն (առավել տարածված են), տասնհիմն և երկտասնհիմն, ըստ թվերի ներկայացման ձևի՝ ֆիքսած ստորակետով և սահող ստորակետով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 219)։ |