Թեոֆիլո Խուան Կուբիլյաս Արիսագան (իսպ.՝ Teófilo Juan Cubillas Arizaga; մարտի 8, 1949(1949-03-08)[1], Լիմա, Պերու), պերուացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ 1975 թվականի Ամերիկայի գավաթի հաղթող[2] և 1970, 1978 և 1982 թվականների աշխարհի առաջնությունների մասնակից[3]։ Պերուի 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստ[4], Հարավային Ամերիկայի 1972 թվականի լավագույն ֆուտբոլիստ, Ամերիկայի գավաթի 1975 թվականի լավագույն ֆուտբոլիստ[5], Պերուի հավաքականի պատմության լավագույն ռմբարկու, միակ պերուացին, որը խաղացել է աշխարհի երեք առաջնություններում։
Կուբիլյասը ֆուտբոլի աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուներից մեկն է (7-րդ տեղ)՝ երկու մրցաշարերում (1970 և 1978 թվականներին) ֆուտբոլիստը խփել է 10 գնդակ, դրանցից յուրաքանչյուրում 5-ական գոլ (նման ձեռքբերում, սակայն երկու մրցաշարերում անընդմեջ, կան միայն Միրոսլավ Կլոզեի և Թոմաս Մյուլերի ակտիվներում), նաև եղել է 1982 թվականի աշխարհի առաջնության մասնակից։ 1975 թվականին եղել է Ամերիկայի գավաթի հաղթող, Հարավային Ամերիկայի 1972 թվականի լավագույն ֆուտբոլիստ։
Կուբիլյասը երկու անգամ (1966, 1971) դարձել է Պերուի առաջնության լավագույն ռմբարկուն։ Եղել է Պերուի 1977 և 1978 թվականների չեմպիոն։ «Ալյանսա Լիմայի» (295 գոլ) և Պերուի հավաքականի պատմության մեծագույն ռմբարկուն է (45 գոլ՝ 117 խաղում, պաշտոնապես՝ 26 գոլ՝ 81 խաղում)։ Ընդգրկված է «ՖԻՖԱ 100»-ի ցուցակում։ Հարցման համաձայն՝ ըստ ՊՍՀՖՖ-ի քսաներորդ դարի լավագույն ֆուտբոլիստների ցուցակում զբաղեցնում է 48-րդ հորիզոնականը, իսկ Հարավային Ամերիկայում 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստների շարքում՝ 17-րդը։
1985 թվականին Կուբիլյասն ավարտել է ֆուտբոլիստի կարիերան, սակայն այն բանից հետո, երբ 1987 թվականի դեկտեմբերին «Ալյանսայի» ամբողջ թիմը կործանվեց, վերսկսել է կարիերան, որպեսզի օգնի իր հարազատ ակումբին։
Թեոֆիլո Կուբիլյասը Պերուի հավաքականի կազմում իր նորամուտը նշել է 1968 թվականի հուլիսի 17-ին Բրազիլիայի հավաքականի հետ ընկերական խաղում, որն ավարտվել է 0:4 հաշվով պերուացիների պարտությամբ։ 1970 թվականին Կուբիլյասն առաջին անգամ մասնակցել է աշխարհի առաջնությանը, որտեղ մասնակցել է չորս հանդիպման և խփել է հինգ գոլ, ինչը նրան թույլ է տվել դառնալ առաջնության երրորդ ռմբարկու և մրցաշարի լավագույն երիտասարդ խաղացող։ 1975 թվականին Կուբիլյասը մասնակցել է իր հավաքականի համար հաղթական Ամերիկայի գավաթին։ 1978 թվականին Կուբիլյասը երկրորդ անգամ է մասնակցել աշխարհի առաջնությանը, որտեղ անցկացրել է վեց հանդիպում և կրկին խփել է հինգ գոլ։ 1982 թվականին Կուբիլյասը մեկնել է իր երրորդ և վերջին աշխարհի առաջնությանը, որտեղ նա մասնակցել է իր հավաքականի բոլոր երեք հանդիպումներին, սակայն չի կարողացել աչքի ընկնել խփած գոլերով, ընդ որում 1982 թվականի հունիսի 22-ին Լեհաստանի հավաքականի հետ խաղը, որտեղ պերուացիները պարտվել են 1:5 հաշվով, Կուբիլյասի համար եղել է վերջին խաղը հավաքականի կազմում։ Հավաքականի կազմում Թեոֆիլո Կուբիլյասը ունեցել է 81 պաշտոնական հանդիպում, որոնցում խփել է 26 գոլ[6]։ Կուբիլյասը մասնակցել է նաև 36 ոչ պաշտոնական խաղերի, որոնցում խփել է 19 գոլ։
Թեոֆիլո Կուբիլյասի հանդիպումներն ու գոլերը Պերուի հավաքականում