Թեյլոր Շիլինգ (անգլ.՝ Taylor Schilling, հուլիսի 27, 1984(1984-07-27)[1], Բոստոն, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։ NBC հեռուստատեսայնի ցանցի «Գթասրտություն» (2009-2010) կարճաժամկետ սերիալի գլխավոր դերակար։ Նկարահանվել է «Ատլանտը ուսերը պարզեց․ Մաս 1» (2011) և «Հաջողակը» (2012) ֆիլմերում։ Շիլինգն առավել հայտնի է դարձել Netflix-ի «Նարնջագույնը նոր սևն է» սերիալում խաղացած Պիպեր Չեպմենի դերի շնորհիվ, որի շնորհիվ նա 2014 թվականին դարձել է «Էմմի» և «Ոսկե գլոբուս» մրցանակների դափնեկիր։
Շիլինգը ծնվել է Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում, որտեղ և սկսել է իր դերասանական կարիերան տեղական բեմադրություններում, ինչպիսին է «Տանիքի ջութակահարը»[2]։ 2002 թվականին Շիլինգն ավարտել է Վեյլանդի միջնակարգ դպրոցը, իսկ 2006 թվականին Ֆորդհեմի համալսարանում ստացել է արվեստի բակալավրի աստիճան[2]։ Այնուհետև նա դերասանական վարպետություն է սովորել Նյու Յորքի համալսարանում, իսկ արդեն 2007 թվականին իր առաջին քայլերն է կատարել հեռուստատեսությունում՝ փոքր դերակատարմամբ նկարահանվելով «Մութ պատմություն» անկախ ֆիլմում[3]։
2009 թվականին սկսնակ Շիլինգն անսպասելիորեն կարողացել է գլխավոր դեր ստանալ NBC-ի «Գթասրտություն» բժշկական դրամայում՝ պրոդյուսերներին զարմացնելով իր դերասանական խաղով։ Այդ պահին նա Մանհեթենում դայակ է աշխատել[4]։ Շոուն հաջողության չի հասել և 2010 թվականի գարնանը փակվել է։ Շիլինգը, սակայն, շուտով ստացել է կնոջ գլխավոր դեր «Հաջողակը» ֆիլմում, որը նկարահանվել է Նիկոլաս Սփարքսի հերթական վեպի էկրանավորմամբ[5]։ 2011 թվականին նա գլխավոր դեր է խաղացել նաև «Ատլանտը ուսերը պարզեց. Մաս 1» ֆիլմում, իսկ հետո կարճ ժամանակով հայտնվել է ««Արգո» գործողություն» ֆիլմում գլխավոր հերոսի կնոջ դերում[6]։
2012 թվականին Շիլինգը Netflix-ի «Նարնջագույնը նոր սևն է» սերիալում ստացել է գլխավոր դերը[7]։ Նա խաղացել է հակահերոին Պիպեր Չեպմենի՝ բիսեքսուալ կնոջ դեր, որը բանտ է նստել այն բանից հետո, երբ թմրանյութերի մաքսանենգությամբ զբաղվող իր նախկին սիրուհին իրեն հանձնել է իշխանություններին։ Շիլինգը այդ դերի շնորհիվ առաջ է անցել մի շարք այլ հանրաճանաչ դերասանուհիներից[7]։ Այդ դերի շնորհիվ նա գովեստի է արժանացել քննադատների կողմից և 2014 թվականին դառձել «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիր[2]։ Այնուամենայնիվ, Շիլինգն առաջադրվել է «Էմմի»՝ «Լավագույն դերասանուհի կատակերգական սերիալում», մրցանակին[8]։
2020 թվականի հունիսի 30-ին Թեյլոր Շիլինգը ներկայացել է քամինգ աութով՝ սոցիալական ցանցի իր էջում պատմելով նկարչուհի Էմիլի Ռիցի հետ հարաբերությունների մասին։ Զույգը հարաբերությունների մեջ է ավելի քան մեկ տարի[9]։