Թավուտների ճակատամարտ
Թվական | 1864 թվական, մայիսի 5-7[1] |
---|---|
Մասն է | Ամերիկայի քաղաքացիական պատերազմ |
Վայր | Սփոթսիլվեյնի շրջան և Օրենջի շրջան, Վիրջինիա |
Արդյունք | ոչ վերջնական (Միությունը շարունակեց իր հարձակումը)[2] |
Հակառակորդներ | |
ԱՄՆ | ԱՀՆ |
Հրամանատարներ | |
Ուլիսես Ս. Գրանթ Ջորջ Միդ | Ռոբերտ Լի |
Կողմերի ուժեր | |
101 895[3] | 61 025[3] |
Ռազմական կորուստներ | |
17 666 (2 246 սպանված 12 037 վիրավոր 3 383 գերի ընկած և անհետ կորած)[4] | 11 033 (1 477 սպանված 7 866 վիրավոր 1 690 գերի ընկած և անհետ կորած)[4] |
Ընդհանուր կորուստներ |
Թավուտների ճակատամարտ (անգլ.՝ Battle of the Wilderness), Ամերիկայի քաղաքացիական պատերազմի ճակատամարտերից մեկը, որը տեղի է ունեցել 1864 թվական-ի մայիսի 5-7-ին, Ուլիսես Գրանթի հրամանատարության տակ գտնվող Միության բանակի և Ռոբերտ Էդուարդ Լիի հրամանատարության տակ գտնվող Համադաշնության բանակի միջև։ Այն տեղի է ունեցել դժվարանցանելի անտառոտ վայրում, որը հայտնի էր ինչպես Թավուտ (Wilderness), ընդհանուր 181 կմ² մակերեսով։ Կամպանիայի առաջին ճակատամարտն էր, որ տեղի ունեցավ Լիի և Գրանթի բանակների միջև։ Հարավի բանակը պարտության եզրին էր, բայց նրան փրկեց գեներալ Լոնգսթրիթի գլխավորած 1-ին կորպուսի անսպասելի հայտնվելը։
Այս ճակատամարտը նաև առաջինն էր Վիրջինիայի տարածքում, որից հետո ԱՄՆ-ի բանակը չսկսեց ետ գնալ դեպի հյուսիս։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մայիսի սկզբին Հյուսիսվիրջինյան բանակը գտնվում էր ամուր դիրքերում՝ Մայն Ռանի մոտ, իսկ Պոտոմաքսյան բանակը՝ Կալպերայի մոտ գտնվող ճամբարներում։ Մայիսի 4-ին Գրանթը բանակը շրջեց ճամբարներից և սկսեց Ռափիդան գետի անցումը։ Նրա նպատակն էր ոչնչացնել Հյուսիսվիրջինյան բանակը. նա ակնկալում էր, որ հակառակորդը ստիպված կլինի լքել ամրությունները կամ էլ կկտրվի Ռիչմոնդից։
Մայիսի 4-ին Լիի դիտորդները հաղորդեցին դաշնային բանակի շարժման մասին։ Դա կարող էր լինել և՛ ընդհանուր հարձակում, և՛ քայքայիչ տեղաշարժ, այդ իսկ պատճառով Լին Անդերսոնի դիվիզիան թողեց տեղում՝ Ռափիդան գետի գետանցումնեի պահպանման համար, իսկ Յուելլի կորպուսը և Հիլի երկու դիվիզիաները ուղարկեց արևելք, Գրանթին կանգնեցնելու համար։ Մարտի ուղարկված ուժերի քանակը հաշվվում է մոտ 28 000 մարդ։ Միաժամանակ Լին հրամայեց Լոնգսթրիթին Ռիչմոնդի մոտից վերցնել Պիկետի դիվիզիան և արագ գալ բանակի ամրապնդման համար։
Կողմերի ուժերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Բանակների գլխավոր հրամանատարները |
---|
|
Կամպանիայի սկզբում գեներալ Գրանթի բանակը կազմում էր 118 700 մարդ և 316 թնդանոթ[5]։ Այն կազմված էր գեներալ Միդի Պոտոմաքսյան բանակից և 9-րդ կորպուսից։ Ընդհանուր հաշվով գեներալ Գրանթի տրամադրության տակ կար հինգ կորպուս[6]։
- Ուինֆիլդ Հենքոքի 2-րդ կորպուս. Դեվիդ Բիրնի, Ֆրենսիս Բերնլոուի, Ջոն Գիբոնի և Գերշոմ Մոտի դիվիզիաներ։
- Գովերնոր Ուորենի 5-րդ կորպուս. Չարլզ Գրիֆինի, Ջոն Ռոբինսոնի, Սամուել Կրոուֆորդի և Ջեյմս Ուոդսվորթի դիվիզիաներ։
- Ջոն Սեջվիքի 6-րդ կորպուս. Հորացիո Ռայթի, Ջորջ Գետիի և Ջեյմս Ռիքեթսի դիվիզիաներ։
- Էմբրոուզ Բերնսայդի 9-րդ կորպուս. Թոմաս Սթիվենսոնի, Ռոբերտ Փոթերի, Օրլանդո Ուիլքոքսի և Էդվարդ Ֆեռերոյի դիվիզիաներ։
- Ֆիլիպ Շերիդանի Հեծելազորային կորպուս. Ալֆրեդ Տորբերտի, Դեվիդ Գրեգի և Ջեյմս Ուիլսոնի դիվիզիաներ։
Գեներալ Լիի Հյուսիսվիրջինյան բանակը կազմում էր մոտավորապես 64 000 և 274 թնդանոթ, և բաժանված էր չորս կորպուսների միջև[7]։
- Ջեյմս Լոնգսթրիթի 1-ին կորպուս. Չարլզ Ֆիլդի և Ջոզեֆ Քերշոուի դիվիզիաներ։
- Ռիչարտ Յուելի 2-րդ կորպուս. Ջուբալ Էրլիի, Էդվարդ Ջոնսոնի և Ռոբերտ Ռոդսի դիվիզիաներ։
- Էմբրոուզ Հիլի 3-րդ կորպուս. Ռիչարդ Անդերսոնի, Հենրի Հետի և Կադմուս Ուիլքոքսի դիվիզիաներ։
- Ջեբ Ստյուարտի Հեծելազորային կորպուս. Ուեյդ Հեմփթոնի, Ֆիցհյու Լիի և Ռունի Լիի դիվիզիաներ։
Մարտը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մայիսի 5-ի վաղ առավոտյան, երբ գեներալ Ուորենի 5-րդ դաշնային կորպուսը շարժվեց դեպի Պլանկ Ռոուդ, արևմուտքում երևաց Յուելի կորպուսը։ Գրանթը հասկացավ, թե ինչ կարող էր կատարվել, և խորհուրդ տվեց.
Եթե հնարավորություն լինի հանդիպել Լիի բանակի որևէ մասի հետ, ապա նրա վրա պետք է գրոհել միանգամից, առանց տեղակայման հնարավորություն տալու նրան։ |
Միդը կանգնեցրեց բանակը և հրամայեց Ուորենին հարձակվել, նախատեսելով, որ գործ ունի փոքրաթիվ ջոկատի, այլ ոչ թե մի ամբողջ հետևակային կորպուսի հետ։ Յուելի մարդիկ միանգամից սկսեցին ամրություններ և պաշտպանական գծեր կառուցել Սանդերս Ֆիլդի արևմտյան եզրում։ Ուորենը տեղակայվեց արևելյան դաշտի եզրին՝ երկու դիվիզիաներով. Չարլզ Գրիֆինի դիվիզիան կանգնեց աջից, իսկ Ջեյմս Ուոդսվորթի դիվիզիան՝ ձախից։ Սակայն, Ուորենը չորոշեց գրոհել, քանի որ վախենում էր աջից հայտնվել թևահար կրակի տակ։ Նա Միդից թույլտվություն խնդրեց երկարաձգել հարձակումն այնքան, մինչև Սեջվիքի 6-րդ կորպուսը հասցնի երկարացնել նրա գիծը աջից։ Այդպիսի որոշշումից դժգոհ՝ Միդը ժամը 13։00-ին Ուորենին հրամայեց գրոհել մինչև Սեջվիքի մոտենալը[8]։
Ուորենը ճիշտ դուրս եկավ, երբ զգուշանում էր իր աջ թևի համար։ Երբ հյուսիսցիները հարձակման անցան, Ռոմեյն Այրեսի բրիգադը ստիպված եղավ հարթավայրերում պաշտպանվել թևահար կրակից։ Այրեսից ձախ գտնվում էր գեներալ Ջոզեֆ Բաթլերի բրիգադը, նրան հաջողվեց խափանել Ջոն Ջոնսի բրիգադին, իսկ ինքը՝ Ջոնսը, սպանվեց մարտի ժամանակ։ Սակայն, Այրեսի ետ մնալու պատճառով, Բաթլերի բրիգադի թևը բաց մնաց, և բրիգադը ստիպված նահանջեց։ Բարլեթի ձին սպանվեց, և Բարլեթը հազիվ կարողացավ փրկվել գերեվարվելուց[9]։
Բարլեթից ձախ գտնվում էր գեներալ Լիզանդեր Քաթլերի Երկաթե Բրիգադը։ Այն անտառով շարժվում էր դաշտից հարավ և գրոհեց գեներալ Քալեն Բաթլի Ալաբամական բրիգադի վրա։ Ալաբամացիները սկզբում նահանջեցին, բայց հետո նրանց միացավ նաև Ջոն Գորդոնի բրիգադը, և նրանք հակագրոհի անցան՝ ստիպելով Երկաթե Բրիգադին իր գոյության ողջ պատմության ընթացքում առաջին անգամ նահանջել[10]։
Ավելի ձախում Ռոյ Սթոունի և Ջեյմս Ռայսի բրիգադները գրոհեցին Դոլսի ջորջիանացիների և Դանիելի հյուսիսկարոլինացիների վրա։ Երկու հարձակումներն էլ ետ մղվեցին, և Կրոուֆորդը իր մարդկանց հրամայեց հեռանալ։ Ուորենը հրետանուն հրամայեց Սանդերսի դաշտի վրա պահել հարձակումը, բայց հարավցիները մարտկոցից հրաձգային կրակ բացեցին և մինչև մթնշաղ թույլ չտվեցին տեղաշարժել թնդանոթները[11]։
Սեջվիքի կորպուսի առաջնապահ հատվածները Սանդերսի դաշտ հասան ժամը 15։00-ին, երբ Ուորենի մարդիկ արդեն ավարտել էին մարտը։ Սեջվիքը Յուելի կորպուսի վրա հարձակվեց ճանապարհի հյուսիսից, և մոտ մեկ ժամ երկու կողմերից փոխանակվում էին գրոհներով ու հակագրոհներով, մինչև, վերջապես բաժանվեցին, ամրությունների աշխատանքներ անցկացնելու համար։ Այդ մարտում մահացու վիրավորվեց Համադաշնության գեներալ Լերոյ Սթաֆորդը։ Մինյե գնդակը վնասել էր նրա ողնաշարը, բայց նա շարունակում էր գլխավորել իր լուիզիանացիներին։ Ավելի ուշ նրան տարան Ռիչմոնդ, որտեղ նա երեք օր անց մահացավ։
Մայիսի 5, Օրանժ Պլանկ Ռոուդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Էմբրոուզ Հիլի կորպուսը չկարողացավ անակնկալի բերել դաշնային բնակին և նկատվեց Սամուել Կրոուֆորդի դիվիզիայի զինվորների կողմից, ովքեր գտնվում էին Չեվինգ ագարակում։ Միդը Գետիի դիվիզիային հրամայեց պաշտպանել ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Օրանժ Պլանկ Ռոուդ և Բրոք Ռոուդ խաչմերուկը։ Ջեյմս Ուիլսոնի դդաշնային հեծելազորը, զինված բազմատարողունակ կարաբիններով, կարողացավ մի քիչ կանգնեցնել Հիլի հարձակումը։ Գետիի մոտերքում գտնվող դիվիզիան գրոհի նետվեց և մի քանի հարյուր մետր հետ շպրտեց հակառակորդին։ Մինչ այդ գեներալ Լին իր շտաբն էր տեղակայում Տապա ագարակում։ Նա Հիլի և Ստյուարտի հետ ուղղակի գտնվում էր այնտեղ, երբ զարմանքով նկատեցհակառակորդի զինվորներին, ովքեր դաշտ էին դուրս գալիս։ Գեներալները ստիպված եղան արագ հեռանալ, իսկ դաշնայինները ետ վարադարձան անտառ, այդպես էլ չիմանալով, թե իրենք որքան մոտ էին ամերիկայի պատմության ընթացքը փոխելուն։ Մինչ այդ Միդը Հենքոքի կորպուսն ուղարկեց, որպեսզի օգնության հասնի Գետիին[12]։
Ժամը 16։00-ին ժամանեցին Հենքոքի կորպուսի առաջին մասերը, և Միդը Գետիին հրամայեց գրոհել հակառակորդի դիրքերի վրա։ Բայց հենց հյուսիսցիները մոտեցան Հենրի Հետի դիվիզիայի դիրքերին՝ հայտնվեցին ուժեղ հրաձգային կրակի տակ՝ մի փոքրիկ բլուրից։ Աստիճանաբար ժամանեցին Հենքոքի դիվիզիայի նոր զորամասեր, և Հենքոքը նրանց ուղարկեց մարտի, այնպես որ գեներալ Լին ստիպված էր դուրս բերել իր պահեստազորը՝ Կադմուս Ուիլքոքսի դիվիզիան։ Մարտը շարունակվեց մինչև մթնշաղ՝ առանց որևէ նշանակալի փոփոխությունների[13]։
Մայիսի 6-ի ծրագրերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մայիսի 6-ին գեներալ Գրանթը որոշեց հակառակորդին մաս առ մաս պարտության մատնել։ Հիլի կորպուսը նրան ավելի թուլացած թվաց, այդ իսկ պատճառով նա վաղ առավոտյան Գետիի դիվիզիային և 2-րդ կորպուսին հրամայեց հարձակում գործել։ Միաժամանակ 5-րդ և 6-րդ կորպուսները շարունակում էին Յուելի դիրքերի վրա գրոհը, որպեսզի նրան թույլ չտան Հիլին օգնական զորքեր ուղարկել։ Բերնսայդի 9-րդ կորպուսը ուղարկվել էր, որպեսզի շրջանցի Հիլի կորպուսը հյուսիսից։ Հաջողության դեպքում Հիլը կջախջախվեր, և այդ ժամանակ կարելի կլիներ ողջ ուժերը կենտրոնացնել Յուելի դեմ[14]։
Մինչդեռ Լոնգսթրիթի կորպուսն արդեն մարտի դաշտից 10 մղոնի վրա էր գտնվում, դրա համար էլ Լին որոշեց նրան ուղարկել դիրքեր՝ Հիլի փոխարեն, իսկ Հիլին էլ, իր հերթին տեղափոխե դեպի ձախ, որպեսզի փակի երկու կորպուսների միջև եղած ճեղքվածքը։ Սակայն, Լոնգսթրիթը, մտածելով, որ շատ ժամանակ ունի, իր հոգնած մարդկանց թույլ տվեց քնել մինչև կեսգիշեր։ Մեկնելով մթունյան մեջ՝ նրանք չէին կարողանում շատ ճանապարհ անցնել՝ ժամանակ առ ժամանակ կորցնելով ճիշտ ճանապարհը, այդ իսկ պատճառով նրանք չկարողացան արևածագին զբաղեցնել իրենց տրված դիրքերը[15]։
Մայիսի 6, Լոնգսթրիթի հարձակումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Գործելով ճիշտ ըստ ծրագրի՝ ժամը 05։00-ին Հենքոքի 2-րդ կորպուսըգրոհեց հիլի դիրքերի վրա Ուոդսվորթի, Բիրնի և Մոտի ուժերով։ Գետիի և Գիբոնի դարձան պահեստազոր։ Ավելի շուտ՝ ժամը 04։45-ին, հարձակման անցան գեներալ Յուելի մարդիկ, սակայն ետ մղվեցին գեներալներ Սեջվիքի և Ուորենի կորպուսների կողմից։ Հիլի կորպուսի մի հատվածում 16 թնդանոթներ ինտենսիվ կրակ էին բացել դիրքերից՝ Տապա կույսի տան ուղղությամբ, և Հիլի բոլոր զինվորները սկսել էին նահանջել։ Իրավիճակն աղետալի էր, բայց ժամը 06։00-ին անսպասելիորեն հայտնվեց գեներալ Լոնգսթրիթի կորպուսի առաջնապահ ջոկատը՝ Ջոն Գրեգի տեխասյան բրիգադը, որը կազմում էր 800 հոգի։ Տեղի ունեցավ հետագայում հայտնի դարձած տեսարանը։
Ըստ մի վարկածի՝ Գեներալ Լին, թեթևացած և հուզված, գլխավերևում թափահարել՝ իր գլխարկը և բացականչել. «Texans always move them!» (թարգմանաբար. «Անվեհեր տեխասցիները միշտ առջևու՜մ են»)։ Հուզմունքից տարված՝ գեներալ Լին սկսել է ընդառաջ գնալ առաջնապահ բրիգադին։ Երբ տեխասցիները հասկացել են դա, կանգ են առել և վերցրել Լիի ձիու՝ Ճանապարհորդի սանձերը և ասել, որ առաջ կգնան, եթե միայն, գեներալ Լին իրենց թիկունքն անցնի։ Այստեղ է ասվել «General Lee To The Rear!» («Գեներալ Լի՛, դեպի թիկու՛նք։») արտահայտությունը[16]։
Ինչպես մի իրական լեդի, ով գնում է երեկույթի, Լոնգսթրիթը հաճախ է ուշանում իր ժամանման մեջ։ Բայց նա միշտ մի սենսացիա է ստեղծում, և այդպես հաճելի էր, երբ նա ժամանեց հսկայական, հին Առաջին Կորպուսի հետ, որը սլանում էր իր ետևից, ինչպես իր անձնական գնացքը։
Լոնգսթրիթի կորպուսը մարտի բռնվեց երկու ճակատային դիվիզիաներով. Չարլզ Ֆիլդի դիվիզիան (տեխասյան բրիգադի հետ) գնում էր ձախից, իսկ Ջոզեֆ Քերշոուի դիվիզիան ընթանում էր աջից։ Հյուսիսցիները, իրենց հարձակումից կազմակերպվածությունը կորցրած, չկարողացան դիմադրել ուժգին գրոհին, և մի քանի հարյուր մետր ետ մսվեցին Տապայի տան մոտից։ Տեխասյան բրիգադը ընթանում էր առջևից, և, հատկապես, նրա կորուստները մեծ եղան. 800-ից միայն 250-ը շարքի մեջ մնացին։ Սակայն, Հիլի կորպուսը փրկվեց։
Առավոտյան ժամը 10։00-ին Լոնգսթրիթի ինժեներները տեղեկացրի, որ Պլանկ Ռոուդի մոտ հայտնաբերել են կիսակառույց երկաթուղային ճանապարհ, որով հեշտությամբ կարելի է հակառակորդի թիկունք անցնել։ Լոնգսթրիթը փոխգնդապետ Մոքսլի Սորելին հրամայեց այդ ճանապարհով չորս մարտունակ բրիգադ անցկացնել, որպեսզի անսպասելի հարձակում գործեն հակառակորդի վրա։ Սորելը և իր հրամանատար Ուիլյամ Մահոունը կատարեցին առաջադրանքը և ժամը 11։00-ին գրոհեցին Հենքոքի կորպուսի վրա։ Հետագայում Հենքոքը գրել է, որ այդ թևահար գրոհը պատռեց իր գիծն, «ինչպես մի թաց սրբիչ»։ Այդ ժամանակ Լոնգսթրիթը կրկնեց ճակատային գրոհը, և դաշնային կորպուսը ետ շպրտվեց դեպի Բրոք Ռոուդ, որի ընթացքում մահացու վիրավորվեց գեներալ Ջեյմս Ուոդսվորթը[18]։
Լոնգսթրիթի վիրավորումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Երբ Լոնգսթրիթը իր շտաբի սպաների հետ Պլանկ Ռոուդով վերև էր գնում, նրանք հանդիպեցին Մահոունի մարդկանց, ովքեր իրենց գրոհներից հետո նահանջում էին։ Վիրջինացիները որոշեցին, որ հեծյալները դաշնային բանակի հեծելազորից են, և կրակ բացեցին նրանց ուղղությամբ։ Լոնգսթրիթը պարանոցի շրջանում ծանր վիրավորվեց, իսկ գեներալ Միկա Ջենքինսը սպանվեց։ Լոնգսթրիթը հասցրեց գեներալ Չարլզ Ֆիլդին հրահանգ տալ, որպեսզի «Ճնշում գործադրի հակառակորդի վրա» («Press the enemy»), սակայն հարավցիների շարքերում անկարգություն էր մտել, և մինչ նրանք կկազմակերպվեին, Հովարդի հյուսիսցիները ամուր պաշտպանական դիրքեր զբաղեցրեցին Բրոք Ռոուդի հողաշեն ամրությունների մոտ։ Հաջորդ օրը Լին Ռիչարդ Անդերսոնին հանձնեց 1-ին կորպուսի հրամանատարությունը։ Լոնգսթրիթը մինչև հոկտեմբերի 13-ը չկարողացավ վերադառնալ բանակ։ Այնպես ստացվեց, որ Լոնգսթրիթը իր մարդկանց կողմից վիրավորվեց հենց հենց այն վայրում, որտեղից 6 կմ հեռավորության վրա, դրանից մեկ տարի առաջ նման ձևով վիրավորվել էր Թոմաս Ջեքսոնը[19]։
Մայիսի 6, Գորդոնի հարձակումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարտի դաշտի հյուսիսային հատվածում տևում էին մինչև վերջ՝ առանց որևէ մեկի առավելության։ Վաղ առավոտյան գեներալ Ջոն Գորդոնը հակառակորդի գծում հետախուզում անցկացրեց և իր դիվիզիայի հրամանատարին՝ Ջուբալ Էրլիին, առաջարկեց թևահար գրոհ կազմակերպել, հենց նույն ճշտությամբ, ինչպես մեկ տարի առաջ Ջեքսոնը կազմակերպեց։ Սակայն, Էրլին մտածեց, որ դա շատ ռիսկային տարբերակ է։ Պատերազմից հետո Գորդոնը պնդում էր, որ գեներալ Լին անձամբ է այցելել Յուելին և հրամայել նրան իրագործել Գորդոնի ծրագիրը։ Սակայն, որոշ այլ հեղինակներ կասկածում են գեներալ Լիի անձնական միջամտության վրա։ Ամեն դեպքում, Յուելը հրամյեց նրան արագորեն սկսել գործողությունը մինչև արևամուտը։ Դաշնային բանակի աջ թևում կռվում էին անփորձ Նյույորքյան զորամասերը, ովքեր ողջ պատերազմն անցկացրել էին Նյու Յորքի ամրոցներում։ Գորդոնի գրոհը նրանց հանկարծակիի բերեց, բայց արդյունքում վրա հասնող մթությունը և խիտ բուսականությունը հարձակման դիմացն առան, և դաշնայինները, գործի դնելով իրենց պահեստազորը, կայունացրեցին աջ թևը։ Գիշերվա ընթացքում Սեջվիքի գիծը տարածվեց մինչև Գերման Պլանկ Ռոուդ։ Շատ տարիներ անց Գորդոնը փոշմանել է, որ ինչ-որ համաձայնությունների պատճառով իր գրոհը հետաձգվել է, պատճառաբանելով, որ «մեծագույն հնարավորությունը, որը տրվել էր գեներալ Լիի բանակին, բաց թողնվեց»[20]։
Դաշնային բանակի թևի տապալման մասին հաղորդագրությունը վախեցրեց Գրանթի շտաբում գտնվողներին, և սկսվեց մի երկխոսություն, որը հաճախ է մեջբերվում հուշագրություններում։
Շտաբի սպան հաղորդեց Գրանթին.
-Գեներալ Գրանթ, այս խնդիրը ինձ շատ լուրջ չի թվում։ Ես գիտեմ գեներալ Լիի մեթոդները իմ սեփական փորձից. նա իր ողջ բանակն ուղարկում է մեր և Ռապիդան գետի միջով, և մեզ կտրում հաղորդակցման ուղիներից։ Գրանթն ընդհատեց նրան. -Օ,ես հոգնել եմ լսել այն մասին, թե ինչ է պատրաստվում անել Լին։ Ձեզանից ինչ-որ մեկը մտածու՞մ է այն մասին, որ նա հանկարծ մի կրկնակի սալտո կանի, և կհայտնվի մեր թիկունքում և թևերում միաժամանակ։ Գնացեք ձեր խմբի մոտ և մտածեք, թե մենք ինչ կարող ենք անել, բացի մտածելուց, թե ինչ պետք է անի Լին[21]։ |
Մայիսի 7
[խմբագրել | խմբագրել կոդը]Մայիսի 7-ի առավոտյան Գրանթը կանգ առավ հակառակորդի լավ ամրացված դիրքերի վրա կատարվելիք մի անխուսափելի, հեռանկարային գրոհի մտքի վրա։ Գեներել Գրանթը չէր սիրում մանևրումներ, բայց այս անգամ նա ստիպված էր դեմ գնալ իր սկզբունքներին։ Նա սկսեց իր ուժերը Բրոք Ռոուդով դեպի հարավ նետել, որպեսզի հասցնի Սփոթսիլվեյնիի մետ գտնվող խաչմերուկը զբաղեցնի։ Հաջողվելու դեպքում նա կհայտնվեր Լիի և Ռիչմոնդի արանքում և հակառակորդին կստիպեր մարտը վարել ոչ շահավետ դիրքից։ Նա գիշերային մարշի հրաման տվեց, այն բանի հետ միասին, որ նրանք 16 կիլոմետր պետք է անցնեին մայիսի 8-ի առավոտյան, մինչև Սփոթսիլվեյնի։ Սակայն, նա չկարողացավ տեղաշարժն աննկատ կատարել, և Լին Սփոթսիլվենի հասավ ավելի շուտ, քան Գրանթը։ արդյունքում, Գրանթը կրկին ստիպված էր գրոհել ամուր դիրքերի վրա[22]։
Հետևանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]կորուստներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գոյություն ունեն այս ճակատամարտի կորուստների մասին տարբեր տեղեկություններ։ Ներքևում ներկայացված են այդ տեղեկությունները ըստ տարբեր աղբյուրների։
Աղբյուր | Հյուսիս | Հարավ | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Սպանված | Վիրավոր | Գերի/Անհետ կորած | Ընդամենը | Սպանված | Վիրավոր | Գերի/Անհետ կորած | Ընդամենը | |
Ազգային պարկի ծառայություն | 18,400 | 11 400 | ||||||
Բոունքեմփեր, «Հաղթող, այլ ոչ թե մսավաճառ»' | 2 246 | 12 037 | 3 383 | 17 666 | 1 495 | 7 928 | 1 702 | 11 125 |
Կատոն, «Գրանթն ընդունում է հրամանատարությունը» | 2 265 | 10 220 | 2 902 | 15 387 | ||||
Էյչեր, «Երկար գիշեր» | 2 246 | 12 037 | 3 383 | 17 666 | 7,750-11,400 | |||
Էսպոսիտո, «Վեսթ Փոյնթի ատլաս» | 15 000-18 000 | մոտավորապես 7 500 | ||||||
Ֆուտ, «Քաղաքացիական պատերազմ» | 17 666 | 7 800 | ||||||
Ֆոքս, «Գնդերի կորուստներ» | 2 246 | 12 037 | 3 383 | 17 666 | ||||
Մաքֆերսոն, «Ռազմի ճիչը» | 17,500 | մինչև 10 500 | ||||||
Ռեա, «Թավուտների ճակատամարտ» | ավելի, քան 17 666 | մոտավորապես 11 000 | ||||||
Սմիթ, «Գրանթ» | 2 261 | 8 785 | 2 902 | 13 948 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ NPS. There was no significant fighting on May 7 and some authors, such as Welcher, p. 941, use the dates May 5–6.
- ↑ NPS
- ↑ 3,0 3,1 NPS; Rhea, p. 34, estimates 120,000 Union, 65,000 Confederate.
- ↑ 4,0 4,1 Young, p. 235. Although estimates of Union casualties are relatively consistent across sources, historians have presented significantly different figures for Confederate casualties. See the Aftermath section on casualties.
- ↑ Eicher, p. 660; Rhea, p. 34, presents information from the morning reports on April 30, 1864. The Army of the Potomac reported 99,438 soldiers "present for duty equipped" and the IX Corps 19,331.
- ↑ Welcher, pp. 956–59.
- ↑ Eicher, p. 660; Alexander, p. 497. William N. Pendleton's report after the campaign in the Official Records, Series I, Volume 36, Part 1, pp. 1036–40, accounts for only 213 guns.
- ↑ Rhea, pp. 101–103, 130; Grimsley, pp. 35–36; Eicher, p. 664.
- ↑ Rhea, pp. 140–56; Welcher, pp. 942–44; Eicher, p. 665.
- ↑ Rhea, pp. 138–39, 157–62; Welcher, pp. 943–44.
- ↑ Rhea, pp. 162–69; Eicher, pp. 665–66.
- ↑ Eicher, pp. 664–67; Esposito, text to map 122; Grimsley, pp. 35, 39–41; Welcher, pp. 942, 945–47; Rhea, pp. 127–29, 133–36, 187–89.
- ↑ Rhea, pp. 191–229; Welcher, pp. 945–47; Eicher, pp. 666–67.
- ↑ Esposito, text for map 123; Grimsley, pp. 46; Rhea, pp. 230–31, 263–67; Welcher, p. 947.
- ↑ Rhea, pp. 241–42, 272–82.
- ↑ Grimsley, pp. 47–49; Salmon, p. 268; Rhea, pp. 283–302; Welcher, pp. 947–52.
- ↑ Rhea, Wilderness, p. 295.
- ↑ Salmon, pp. 268–69; Esposito, text for map 124; Rhea, pp. 302–13, 351–66; Welcher, pp. 952–54; Eicher, pp. 669–70.
- ↑ Wert, pp. 386–89, 393; Rhea, pp. 369–74; Salmon, p. 269; Eicher, p. 670.
- ↑ Rhea, pp. 404–20; Eicher, pp. 670–71; Salmon, p. 270.
- ↑ Simpson, p. 298; Grimsley, p. 58; Rhea, pp. 421–22.
- ↑ Kennedy, p. 283; Eicher, pp. 671–79; Simpson, pp. 300–301; Rhea, pp. 436–38.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- General Lee In The Wilderness Campaign Արխիվացված 2015-09-10 Wayback Machine
- General Lee To The Rear! Արխիվացված 2015-07-09 Wayback Machine
- Կամպանիայի անիմացված պատմությունը Արխիվացված 2009-02-27 Wayback Machine
- Battle of The Wilderness Քարտեզներ, լուսանկարներ, գրություններ։
- LEE TO THE REAR — Ջոն Ռեբեյն Թոմփսոնի բանաստեղծությունը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թավուտների ճակատամարտ» հոդվածին։ |
|