Զբաղվածության, տոկոսի և փողի ընդհանուր տեսություն
Զբաղվածության, տոկոսի և փողի ընդհանուր տեսություն անգլ.՝ The General Theory of Employment, Interest and Money | |
---|---|
Ենթավերնագիր | With a new introduction by Paul Krugman |
Հեղինակ | Ջոն Մեյնարդ Քեյնս |
Տեսակ | non-fiction work? և գրավոր աշխատություն |
Ժանր | ոչ գեղարվեստական |
Թեմա | Մակրոէկոնոմիկա |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Լեզու | անգլերեն |
Էջեր | 472 (2007 հրատարակություն) |
Երկիր | Մեծ Բրիտանիա |
Հրատարակման վայր | Միացյալ Թագավորություն |
Հրատարակիչ | Palgrave Macmillan |
Հրատարակման տարեթիվ | 1936 |
ԳՄՍՀ | 0-230-00476-8 |
OCLC | 62532514 |
Թվային տարբերակ | marxists.org/reference/subject/economics/keynes/general-theory/index.htm և hetwebsite.net/het/texts/keynes/gt/gtcont.htm |
«Զբաղվածության, տոկոսի և փողի ընդհանուր տեսությունը» անգլիացի տնտեսագետ Ջոն Մեյնարդ Քեյնսի վերջին և ամենակարևոր գիրքն է՝ գրված 1936 թվականին։ Այն ստեղծեց խորը փոփոխություն տնտեսագիտական մտքի մեջ՝ մակրոտնտեսագիտությանը տալով առանցքային նշանակություն տնտեսագիտության տեսությունում և համալրելով նրա մեթոդաբանության մեծ մասը[1]։ Այն ունեցել է հզոր հետևանքներ տնտեսական քաղաքականության վրա, որը մեկնաբանվում է որպես տեսական աջակցություն կառավարության համար, իսկ մասնավորապես՝ բյուջեի դեֆիցիտի, դրամական միջամտության և հակակոռուպցիոն քաղաքականության համար։ Տեսությունը անվստահություն է հայտնում ազատ շուկայում որոշումների ռացիոնալ կայացմանը։
Քեյնսը ժխտում էր, որ տնտեսությունը կարող է ավտոմատաբար ադապտացվել փոփոխություններին լրիվ զբաղվածություն և հավասարակշություն ապահովելու համար և հավատում էր, որ շուկաների անկանոն ու չվերահսկվող վարքը կհանգեցնի պարբերական ճգնաժամերի։ Ընդհանուր տեսությունը հաստատակամ «հարձակում էր գործում» իր ժամանակի դասական տեսության վրա։ Այն ներկայացնում էր սպառման գործառույթներիի կոնցեպցիաները, արդյունավետ պահանջարկի և իրացվելիության նախապատվության սկզբունքները, տալիս էր նոր հայեցակարգ տնտեսության բազմարկիչի և կապիտալի սահմանային արդյունավետության վերաբերյալ։
Քեյնսի նպատակները Ընդհանուր տեսության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդհանուր տեսության գլխավոր փաստարկն այն է, որ զբաղվածության մակարդակը որոշվում է ոչ թե աշխատանքի գնով, այլ ամբողջական պահանջարկով։ Եթե ապրանքների ամբողջական պահանջարկը լրիվ զբաղվածության պայմաններում փոքր է համախառն արտադրանքից, ապա տնտեսությունը ստիպված է կրճատվել, մինչև հավասարակշռության հաստատումը։ Այնուամենայնիվ, Քեյնսը չէր համարում, որ հավասարակշռության ժամանակ լրիվ զբաղվածությունը կատարյալ մրցակցային շուկայի բնական արդյունք է։ Դրանով նա վիճարկում էր իր օրվա ավանդական («դասական») տնտեսագիտությունը։
1935 թվականի Ամանորին իր ընկեր Ջորջ Բերնարդ Շոուին հասցեագրված նամակում նա գրում էր․ «Ես հավատում եմ ինքս ինձ, որ տնտեսագիտության տեսության մասին կգրեմ այնպիսի գիրք, որը կլինի հեղափոխական․ ոչ թե կարծում եմ, որ միանգամից, այլ առաջիկա տասը տարիների ընթացքում, երբ աշխարհը մտածելիս կլինի իր տնտեսական հիմնախնդիրների մասին։ Ես չեմ կարող ակնկալել, որ Դուք կամ մեկ այլ ոք ներկայումս կհավատա։ Բայց պարզապես չեմ էլ հուսա, թե ինչ եմ ասում, քանի որ իմ մտքում ես համոզված եմ»[2]։
Գրքի առաջին գլուխը ունի նման արմատական տոն.
«Այս գիրքը ես անվանել եմ «Զբաղվածության, տոկոսի և փողի ընդհանուր տեսություն»՝ շեշտը դնելով «ընդհանուր» բառի վրա։ Նա ունի այդպիսի անվանում, որպեսզի իմ փաստարկներն ու եզրակացությունները հակադրվեն դասական տեսության առարկաների հետ, որոնց ազդեցության տակ էլ մեծացել եմ, դրանք գերակշռում են ներկա սերնդի կառավարման և ակադեմիական դպրոցների և՛ գործնական, և՛ տեսական տնտեսագիտական մտքի մեջ այնպես, ինչպես հարյուր տարի առաջ էր։ Ես պնդում եմ, որ դասական տեսության փաստարկները կիրառելի են միայն հատուկ դեպքերում, ոչ թե ընդհանուր. այն դեպքերում, երբ ենթադրվում է, որ գոյություն ունի հավասարակշռության հնարավոր դիրքերը սահմանափակող գործոն։ Ավելին, դասական տեսության՝ ենթադրելի առանձնահատուկ դեպքը տեղի չունի տնտեսական այն հասարակության մեջ, որում մենք ապրում ենք, և որպես հետևանք՝ դրա դասավանդումը կլինի ապակողմնորոշող և աղետալի։»
Քեյնսի տեսության նկարագիրը
[խմբագրել | խմբագրել կոդը]Քեյնսի տնտեսագիտության տեսությունը հիմնված է խնայողությունների, ներդրումների և իրացվելիության(այսինքն՝ փողի) պահանջարկների փոխազդեցության վրա։ Խնայողությունները և ներդրումները անհրաժեշտաբար հավասար են իրար, սակայն տարբեր գործոններ ազդում են դրանց վերաբերյալ որոշումների կայացման վրա։ Ընդհանուր տեսության մեջ խնայելու ցանկությունը հիմնականում եկամտի գործառույթ է. որքան հարուստ է մարդը, այնքան ավելի շատ է ձգտում խնայել։ Ներդրումների շահութաբերությունը, մյուս կողմից, որոշվում է հասանելի կապիտալի վերադարձի և անվանական տոկոսադրույքի միջև գործող փոխհարաբերության միջոցով։ Տնտեսությունը կարիք ունի գտնելու հավասարակշռության այնպիսի մակարդակ, որի դեպքում գումարը խնայվում է ոչ ավելի, քան ներդրվում է, և դա կարող է իրականացվել եկամուտների կրճատման և զբաղվածության մակարդակի հետևողական նվազեցման միջոցով։
Դասական տեսության մեջ ոչ թե եկամուտը, այլ անվանական տոկոսադրույքն է համարվում խնայողությունների և ներդրումների միջև հավասարակշռություն պահպանող գործոնը, բայց Քեյնսը պնդում է, որ անվանական տոկոսադրույքը տնտեսությանում կատարում է այլ գործառույթ՝ այն է փողի պահանջարկի ու առաջարկի հավասարակշռում, և դա չի կարող ապահովել երկու առանձին հավասարակշռությունների պահպանումը։ Նրա կարծիքով հենց դրամական դերն է, որ հաջողության է հասցնում։ Հենց դրա համար է Քեյսնի տեսությունը համարվում փողի տեսություն․ տոկոսադրույքի և իրացվելիության դրամավարկային(մոնետար) տնտեսությունը փոխկապակցոված է արտադրության, ներդրումների և սպառման իրական տնտեսության հետ։
Քեյնսը իր տեսության մեջ մանրամասն քաղաքական ծագիր չի մշակել, սակայն գործնականում մեծ ուշադրություն է դարձրել երկարաժամկետ անվանական տոկոսադրույքների կրճատմանը[3] և միջազգային դրամական համակարգի բարեփոխմանը[4]՝ որպես մասնավոր հատվածի կողմից ներդրումների և սպառման խրախուսման համար անհրաժեշտ կառուցվածքային միջոցներ։
Քննադատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեռ Ընդհանուր տեսության գոյության ամենասկզբից եղել են բազմաթիվ վիճաբանություններ, թե իրականում Քեյնսն ինչ ի նկատի ուներ. ամենավաղ տեսակետները խիստ ծայրահեղական էին։ Տասնամյակներ անց Նեոդասական և Քեյնսյան տնտեսագիտության սինթեզը հաջողության հասավ Հարվարդի համալսարանի տնտեսագետ Ալվին Հանսենի, Մասաչուսետսի տեխնոլոգիական համալսարանի տնտեսագետ Փոլ Սամուելսոնի, ինչպես նաև Օքսֆորդի համալսարանի տնտեսագետ Ջոն Հիքսի շնորհիվ։ Հանսենն ու Սամուելսոնը ամբողջական պահանջարկի տեսության ինքնատիպ մեկնաբանություն առաջարկեցին քեյնսյան խաչի մոդելի միջոցով, իսկ Հիքսը ստեղծեց IS-LM մոդելը (Investments & Savings - Liquidity preference & Money supply): Այս երկու մոդելներն էլ դեռևս կարելի է գտնել դասագրքերում։ Պոստքեյնսյանները(հետքեյնսյանները), սակայն, պնդում են, որ Նեոդասական և Քեյնսյան տնտեսագիտությունների սինթեզի մոդելը ամբողջովին խեղաթյուրում և սխալ է ներկայացնում Քեյնսի օրիգինալ տեսության դրույթները։ Որոշ ժամանակակից տնտեսագետներ էլ կտրուկ դեմ են տնտեսությունում որևէ միջամտություն անելու հետ։
Եթե 1930-ական թվականներին Ընդհանուր տեսությունը մեծապես կիրառվում էր զանգվածային գործազրկությունը կրճատելու նպատակով, ապա արդեն 1970-ականներին դուրս մնաց կիրառությունից, ինչը կապված էր ստագֆլյացիայի հետ։ Իր տեսության մեջ Քեյնսը բացահայտորեն անդրադառնում է գնաճին, բայց այն էապես չի համարում որպես դրամական երևույթ, և ի հակադրություն Նեոդասականների նշում է, որ գնաճից պաշտպանվելու հիմնական միջոցն է փողի առաջարկի և անվանական տոկոսադրույքի վերահսկումը։
Եվ վերջապես, Ընդհանուր տեսությունը քննադատել են մարքսյան տնտեսագետները, ովքեր պնդում են, որ Քեյնսի գաղափարները երկարաժամկետ հատվածում կապիտալիզմի հակասությունների պատճառով չեն կարող դրական արդյունքներ ապահովել։ Ահա այդ գաղափարներից մի քանիսը, որ ի նկատի ունեին մարքսիստները.
- լրիվ զբաղվածության գաղափար, ինչն անհնարին է համարվում մասնավոր կապիտալիզմի պայմաններում,
- այն գաղափարը, որ պետությունը կարող է խրախուսել կապիտալ ներդրումները պետգնումների միջոցով, մինչդեռ պետգնումների աճը իրականում կարող է լինել շահույթի զուտ կորուստ։