Jump to content

Դորիա Շաֆիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դորիա Շաֆիկ
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 14, 1908(1908-12-14)[1][2]
ԾննդավայրՏանտա, Եգիպտոս[1]
Մահացել էսեպտեմբերի 20, 1975(1975-09-20)[3][1][2] (66 տարեկան)
Մահվան վայրԿահիրե, Եգիպտոս
Քաղաքացիություն Եգիպտոս
Կրոնիսլամ
ԿրթությունՓարիզի համալսարան
Մասնագիտությունթարգմանչուհի, խմբագիր, լրագրող, կանանց իրավունքների պաշտպան, փիլիսոփա և գրող
ԵրեխաներJehane Ragai?
 Doria Shafik Վիքիպահեստում

Դորիա Շաֆիկ (արաբ․՝ درية شفيق‎‎; դեկտեմբերի 14, 1908(1908-12-14)[1][2], Տանտա, Եգիպտոս[1] - սեպտեմբերի 20, 1975(1975-09-20)[3][1][2], Կահիրե, Եգիպտոս), եգիպտացի ակտիվիստուհի, բանաստեղծուհի, կանանց իրավունքների համար պայքարող, «Նեղոսի դուստր» հասարակական շարժման հիմնադիր[4]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շաֆիկը ծնվել է Տանտա քաղաքում, ինժեների ընտանիքում և սովորել ֆրանսիական միսիոներական դպրոցում։ Շաֆիկը եղել է ամենաերիտասարդ եգիպտուհին, ով ավարտել է ֆրանսիական բակալավրիատը (համապատասխանում է լրիվ միջնակարգ կրթությանը)։ 1928 թվականին նա հանդիպել է Խուդա Շաարավիին, ով Շաֆիկին ծանոթացրել է ֆեմինիստական գաղափարներին և օժանդակել նրա կրթություն ստանալու ձգտումներին[5]։ Նույն թվականին Շաֆիկը Եգիպտոսի կրթության նախարարությունից Սորբոնում սովորելու կրթաթոշակ է ստացել և մեկնել է Փարիզ[6]։

1935 թվականին Շաֆիկը մասնակցել է «Միսս Եգիպտոս» մրցույթին, որը ցնցել է հանրությանը, քանի որ մինչ այդ ոչ մի մուսուլման կին չէր մասնակցել մրցույթի[7]։ Շաֆիկը գրել է, որ մասնակցության պատճառը եղել է ոչ միայն ինտելեկտուալ, այլև «կանացի» ոլորտում իրեն դրսևորելու ցանկությունը[5]։ Այնուհետև Շաֆիկը ուսումը շարունակել է Փարիզում, իսկ 1940 թվականին ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան[7]։

Ուսումն ավարտելուց հետո Շաֆիկը վերադարձել է Եգիպտոս։ Նրան մերժել են Կահիրեի համալսարանում դասավանդել՝ համարելով «չափազանց ժամանակակից»[6]։

1945 թվականին Շաֆիկը դարձել է ֆրանսիական La Femme Nouvelle ամսագրի գլխավոր խմբագիր։ Նույն թվականին հիմնել է «Բինթ էն-Նիլ» («Նեղոսի դուստր») ամսագիրն արաբերեն լեզվով։ Ամսագրի հիմնական նպատակն է եղել լուսաբանել կանանց խնդիրները[8]։ 1948 թվականին Շաֆիկը կազմակերպել է համանուն կազմակերպությունը, որը զբաղվել է սոցիալական խնդիրներով, կանանց շրջանում անգրագիտության ու գործազրկության վերացման հարցերով, պայքարել է կանանց ընտրական իրավունքի համար։

1951 թվականի փետրվարի 18-ին Շաֆիկը և մոտ մեկուկես հազար այլ կանայք բողոքի ցույց են անցկացրել Եգիպտոսի խորհրդարանի առջև՝ պահանջներ ներկայացնելով կանանց սոցիալ-տնտեսական իրավունքների վերաբերյալ։ Սենատի ղեկավարը ցուցարարներին խոստանում է մասնակի բավարարել նրանց պահանջները, սակայն մշակված փոփոխություններն այդպես էլ չեն ընդունվել[6]։

1952 թվականի հեղափոխությունից հետո «Նեղոսի դուստր»-ը դարձել է քաղաքական կուսակցություն։ 1954 թվականի մարտի 12-ին Շաֆիկը հացադուլ է հայտարարել ի նշան բողոքի՝ առանց կանանց մասնակցության սահմանադրական հանձնաժողով ստեղծելու։ Հացադուլը տևել է 8 օր։ Արդյունքում գործող նախագահ Մուհամմեդ Նագիբը խոստացել է կանանց հնարավորություն տալ լիարժեք մասնակցելու երկրի քաղաքական կյանքին[7]։

Դրանից հետո Շաֆիկը մեկնել է միջազգային շրջագայության՝ դասախոսություններ կարդալով Եգիպտոսում կանանց շարժման մասին, այցելել է Իտալիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Ճապոնիա, Հոնկոնգ, Պակիստան, Հնդկաստան և Ցեյլոն։

Նրա ջանքերի շնորհիվ կանայք ձայնի իրավունք են ստացել 1956 թվականին ընդունված սահմանադրությամբ։ Սակայն կանանց ընտրություններին մասնակցության սահմանափակումներ են դրվել, որը տղամարդկանց համար չկար։ 1957 թվականին Շաֆիկը հացադուլ է հայտարարել Գամալ Աբդել Նասերի ավտորիտար կառավարության դեմ։ Սակայն այս անգամ նա հասարակական աջակցություն չի ստացել։ Շաֆիկին հեռացրել են «Բինտ էն-Նիլ»-ից՝ ենթարկելով տնային կալանքի և արգելելով նրա անունը հիշատակել մամուլում։

Դրանով ավարտվել է Շաֆիկի հասարակական գործունեությունը։ Շաֆիկը կալանքի տակ ապրել է 18 տարի։ Այդ ժամանակ նա սկսել է բանաստեղծություններ գրել[9]։ 1975 թվականին Շաֆիկը ինքնասպանություն է գործել[6]։

Հարգանքի տուրք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի դեկտեմբերի 14-ին Google-ը թողարկել է յուրահատուկ բացիկներ Շաֆիկի ծննդյան 108-ամյակի կապակցությամբ[10]։ 2018 թվականին Նյու Յորք Թայմսը ուշացած հրապարակել է Շաֆիկի մահախոսականը[7]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1937 թվականին Շաֆիկն ամուսնացել է Նուր ադ-Դին Ռագայի հետ, ով նույնպես սովորում էր Փարիզում։ Նրանք ունեցել են երկու դուստր՝ Ազիզան և Ջեհանը։ 1968 թվականին Դորիան և Նուր ադ-Դինը ամուսնալուծվել են[6]։

Լրացուցիչ գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Asunción Oliva Portoles, Recuperación de una voz olvidada, Madrid: Huerga y Fierro editores, 2010. 9788483748237
  • Cynthia Nelson, Doria Shafik, Egyptian Feminist: A woman Apart, Gainesville: University Press of Florida (EE.UU.), 1996. 9780813014555

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Dictionary of African Biography / E. K. Akyeampong, Henry Louis Gates, Jr.NYC: OUP, 2012.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 AlKindi (Դոմինիկյան Արևելագիտության ինստիտուտի առցանց կատալոգ)
  3. 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. Bonnie G. Smith The Oxford Encyclopedia of Women in World History. — Oxford University Press, 2008. — 2710 с. — ISBN 978-0-19-514890-9
  5. 5,0 5,1 Cynthia Nelson Doria Shafik Egyptian Feminist : A Woman apart. — American Univ in Cairo Press, 1996. — 360 с. — ISBN 978-977-424-413-1
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 «Doria Shafik Feminist Activist Egypt, Womens Rights». doria-shafik.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 2-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 «Overlooked No More: Doria Shafik, Who Led Egypt's Women's Liberation Movement (Published 2018)». The New York Times. 2018 թ․ օգոստոսի 22. 0362-4331. Վերցված է 2021 թ․ փետրվարի 2-ին.
  8. «Bint al-Nil Journal». digitalcollections.aucegypt.edu. Վերցված է 2021 թ․ փետրվարի 3-ին.
  9. Nathalie Handal The Poetry of Arab Women: A Contemporary Anthology. — Interlink Books, 2001. — 380 с. — ISBN 978-1-56656-374-1
  10. «108 лет со дня рождения Дории Шафик». www.google.com (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 28-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դորիա Շաֆիկ» հոդվածին։