Դոմինիկյան Հանրապետություն
Դոմինիկյան Հանրապետությունը (իսպ.՝ República Dominicana), կամ Դոմինիկանան պետություն է Կարիբյան ծովի Հայիթի կղզու արևելյան մասում և մերձափյան կղզիների վրա։ Կղզու արևմտյան մասը զբաղեցնում է Հայիթիի Հանրապետությունը։ Կղզին մտնում է Անտիլյան կղզեխմբի մեջ։ Մայրաքաղաքը Սանտո Դոմինգոն է։ Բնակչությունը գնահատվում է 10,090,000 մարդ (2009)։
Բնական պայմանները
[խմբագրել | խմբագրել կոդը]Մակերևույթը լեռնային է։ Այստեղ են գտնվում Կորդիլիերա Սենտրալ (առավելագույն բարձրությունը` 3157մ` Դուարտե լեռ), Կորդիլիերա Սեպտենտրիոնալ, Կորդիլիերա Օրիենտալ լեռնաշղթաները։ Գետերը (Սան Խուան, Յունա) կարճ են, ջրառատ, հարավ-արևմուտքում Էնրիկիլիո լիճն է։ Կլիման արևադարձային, պասսատային է։ Հաճախակի են արևադարձային փոթորիկները, որոնք մեծ վնաս են պատճառում երկրի տնտեսությանը։ Ամսական միջին ջերմաստիճանը 25°-27 °C է։ Անձրևային սեզոնը ձգվում է հուլիսից` հոկտեմբեր։ Տարեկան տեղումները` 1000-2000մմ։ Կան նիկելի, արծաթի, բոքսիտների, ոսկու, երկաթի պաշարներ։
Բնությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեռները ծածկված են խոնավ արևադարձային անտառներով, չոր շրջաններում տարածված են սավանաները։ Կենդանական աշխարհը հարուստ չէ, կան մողեսներ, կրծողներ, բազմատեսակ գունագեղ թռչուններ, միջատներ։
Բնակչությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության թիվը 10,219,000 մարդ է։ Բնակչության միջին խտությունը` 184.8 մարդ։ Կյանքի միջին տևողությունը` 72.2 տարի։ Ազգային կազմը` մուլատներ (73%), եվրոպացիներ (16%), սևամորթներ (11%)։ Ուրբանիզացման մակարդակը` 65%։ Պետական լեզուն` իսպաներեն։
Պետական կառուցվածքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Դոմինիկյան Հանրապետությունը անդամակցում է Միացյալ Ազգերի Կազմակերպությանը, Արժույթի Միջազգային Հիմնադրամին, Ամերիկյան Պետությունների Կազմակերպությանը։ Պետական կարգը` նախագահական հանրապետություն։ Պետության և կառավարության ղեկավարը նախագահն է։ Բարձրագույն օրենսդիր մարմինը` երկպալատ պառլամենտ` Ազգային կոնգրես` կազմված Սենատից և Պատգամավորների պալատից։ Երկիրը բաժանվում է 31 պրովինցիայի և 1 ազգային օկրուգի։ Մայրաքաղաքը` Սանտո Դոմինգո (1 887 հազար մարդ)։ Խոշոր քաղաքները` Սանտյագո (500 հազար մարդ), Պուերտո Պլատա (100 հազար մարդ)։ Քաղաքական կուսակցություններն են` Դոմինիկյան ազատագրման կուսակցություն, Դոմինիկյան հեղափոխական կուսակցություն, Սոցիալ-քրիստոնեական ռեֆորմիստական կուսակցություն և այլն։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տնտեսության հիմքը նախկինում գյուղատնտեսությունն էր։ Ներկայումս ստեղծվել է ազատ առևտրի գոտի, զարգացել է զբոսաշրջությունը։ Մշակում են շաքարեղեգ, ադամաթուզ, բրինձ, սուրճ, լոբի, կակաո, ծխախոտ և այլն։ Կան գյուղատնտեսական հումքի վերամշակման, տեքստիլ, ցեմենտի արտադրության ձեռնարկություններ, երկաթի, նիկելի, ոսկու, արծաթի արդյունահանում։ Արտահանվում է շաքար, սուրճ, ոսկի, արծաթ, ծխախոտ։ Ներմուծում է նավթ, նավթամթերք, տրանսպորտային միջոցներ, արդյունաբերական ապրանքներ։ Առևտրական գլխավոր գործընկերներն են` ԱՄՆ, Մեքսիկա, Վենեսուելա, Ճապոնիա, Հարավային Կորեա։ ՀՆԱ-ն` մեկ շնչի հաշվով 6 767 ԱՄՆ դոլար։ Ազգային արժույթը` դոմինիկյան պեսո (միջազգային նշանակումը DOP):
Պատմությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև XV դարի վերջը Հայիթի կղզում բնակվում էին հնդկացիական ցեղեր։ 1492թ-ին Կոլումբոսի արշավախումբը հայտնագործեց կղզին և այն անվանեց Էսպանյոլա` իր հայրենի Իսպանիայի անունով։ 1496թ-ին իսպանացիներն այստեղ հիմնեցին Սանտո Դոմինգո գաղութը։ Կղզու նկատմամբ հավակնություն ցուղաբերեցին նաև Անգլիան և Ֆրանսիան։ XV դարի վերջից կղզու արևելյան մասը (այժմյան Դոմինիկյան Հանրապետության տարածքը) մնաց Իսպանիայի տիրապետության տակ։ Անկախություն է ձեռք բերել 1865թ-ին։ 1916թ-ին երկրում բռնկվեց հակաիմպերալիստական ապստամբություն, և ամերիկյան զորքերը օկուպացրեցին երկիրը։ 1930թ-ին իշխանության գլուխ անցավ Ռ. Տրուխիլիոն, որը քաղաքական ահաբեկչական արյունոտ ռեժիմ հաստատեց երկրում։ 1962թ-ին ընտրություններում հաղթանակ տարավ Դոմինիկյան հեղափոխական կուսակցության ղեկավար Խուան Բոշը, որի օրոք ընդունվեցին մի շարք ժողովրդավարական օրենքներ։ 1965թ-ին երկիրը ենթարկվեց ինտերվեցիայի ԱՄՆ-ի կողմից։ 2006թ-ին ընտրություններում հաղթանակ տարավ Խոակին Բալագերը, ով մոտ 30 տարի կառավարում էր երկիրը։ Երկար տարիներ երկիրը չէր կարողանում դուրս գալ ճգնաժամային իրավիճակից։ Երկրի նախագահն է Դանիլո Մեդինան։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 29 // Constitution of the Dominican Republic — 2000.
- ↑ https://data.iana.org/time-zones/tzdb-2021e/northamerica
- ↑ Human Development Report — UNDP, 2022.
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոմինիկյան Հանրապետություն» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 433)։ |