Jump to content

Դաստիարակություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայրը դստեր հետ
Հայ կինն իր երեխաների հետ (Ֆրիտյոֆ Նանսենի արխիվներից, 1925)

Դաստիարակություն, որոշակի տեխնոլոգիաների համակարգ, որն ուղղված է երեխայի անձի նպատակաուղղված ձևավորմանը։ Հասարակական, արտադրական, մշակութային կյանքին նախապատրաստելու համար։ Դաստարակությունը իրականացվում է ընտանիքի և դպրոցի համատեղ գործունեության ընթացքում, նախադպրոցական և արտադպրոցական հաստատություններում, հիմնարկություններում, մանկական, երիտասարդական, հասարակական կազմակերպություններում։

Դաստիարակությունը հասարակական կյանքի համընդհանուր անհրաժեշտ կատեգորիա է։ Սերտորեն կապված է ուսուցման հետ։ Դաստիարակության հիմնական եղանակներն են՝ ընտանեկան (տես ընտանեկան դաստիարակություն) և հասարակական։

Բովանդակությունը, մեթոդներն ու ձևերը պատմականորեն պայմանավորված են հասարակարգի առջև ծառացած խնդիրներով ն նրա շահերով։ Դաստիարակությունը վերնաշենքային երևույթ է։ Նրա նպատակներն ու խնդիրները որոշվում են հասարակական հարաբերություններով։

Բուրժուական մանկավարժությունը ժխտում է դաստիարակության կախումը կենսապայմաններից, այն բնորոշում է որպես աճող սերնդի հարմարումը, պասիվ համակերպումը տիրող կարգերին։

Պրագմատիկ մանկավարժությունը դաստիարակությանը համարում է փորձ ձեռք բերելու պրոցես։

Էկզիստենցիալիզմը այն դիտում է որպես «բռնություն անհատի նկատմամբ»։

Նախնադարյան հասարակարգում դաստիարակության կազմակերպված օջախներ չկային։ Երեխաները, մասնակցելով մեծահասակների աշխատանքներին, ձեռք էին բերում կենսափորձ ն զարգանում ֆիզիկապես։ Դասակարգերի առաջացմամբ դաստիարակությունը ստացավ դասակարգային բնույթ։ Ստրկատիրական հասարակարգում կազմակերպված Դասակարգություն էին ստանում ունևոր ընտանիքի երեխաները։

Սպարտայում դաստիարակությունը կրում էր ռազմաֆիզիկական, Աթենքում՝ մտավոր, գեղարվեստական, ֆիզիկակական բնույթ։

Ֆեոդալական հասարակարգում երեխաներն ստանում էին հիմնականում ռազմաֆիզիկական, իսկ եկեղեցական դասի երեխաները՝ կրոնական դաստիարակություն։ Բուրժուական հասարակարգում ավելի է խորանում դաստիարակության դասակարգային էությունը։ Եթե ունևորների երեխաներն ուսանում Էին էկոնոմիկայի, քաղաքականության, գիտության ու կուլտուրայի բնագավառներում աշխատելու համար, ապա՝ «․․․ բանվորների ու գյուղացիների երիտասարդ սերնդին ոչ այնքան դաստիարակում էին, որքան վարժեցնում նույն այդ բուրժուազիայի շները պաշտպանելուն։ Նրանց այնպես Էին դաստիարակում, որպեսզի բուրժուազիայի համար պիտանի ծառաներ ստեղծեն, որոնք ընդունակ լինեն նրան շահույթ տալու և միաժամանակ չվրդովեն նրա հանգիստն ու պարապությունը»։

Սոցիալիստական հեղափոխությունից հետո դաստիարակության նոր բնույթ է ստացել։ Փոխվել են նրա բովանդակությունն ու մեթոդները։ Սոցիալիստական հասարակությունը իր կարևոր խնդիրն է համարում անհատի բազմակողմանի զարգացումը, նրա մտավոր, բարոյական, աշխատանքային, ֆիզիկական և գեղարվեստական դաստիարակություն։ Խորհրդային մանկավարժության մեջ դաստիարակությունն ու կրթությունը միասնական են։ Ուսումնադաստիարակչական հաստատություններից կարևորագույնը դպրոցն Է։ Անձի ձևավորման համար կարևոր է հասարակական միջավայրը, գեղարվեստական գրականությունը, թատրոնը, կինոն, հեռուստատեսությունը։ Մանկական ու երիտասարդական կազմակերպությունները երեխաներին մասնակից են դարձնում հասարակական գործունեությանը, զինում նրանց քաղաքականապես և գաղափարապես։ Կոմունիստական կուսակցության կարևոր խնդիրներից էր աշխատավորության դաստիարակությունը։

Դաստիարակության տեսակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ դաստիարակության բովանդակության առանձնացնում են դաստիարակության հետևյալ տեսակները․

  • մտավոր
  • աշխատանքային
  • ֆիզիկական
  • բարոյական
  • հոգեբանաբարոյական
  • գեղագիտական
  • իրավական
  • հայրենասիրական
  • սեռային և սեռական
  • տնտեսագիտական
  • բնապահպանական (հայեցակարգի հեղինակ Յոլկա Յանակիևա)
  • և այլն

Ինստիտուցիոնալ տեսնակյունից․

  • ընտանեկան
  • կրոնական
  • հասարակական (նեղ իմաստով)
  • հակասոցիալական
  • շտկողական (կորեկցիոն)

Ելնելով դաստիարակության լայն ըմբռնումներից՝ ռուս մանակավարժության մեջ առանձնացնում են սոցիալական դաստիարակությունը, որը մարդու զարգացման համար պայմանների /նյութական, հոգեբանական, կազմակերպչական/ նպատակաուղղված ստեղծումն է[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Мудрик А. В. Воспитание / гл. ред. Давыдов В. В. — Российская педагогическая энциклопедия. — М.: Научн. изд. «Большая Российская энциклопедия», 1993. — Т. 2. — С. 166–168. — 608 с. — ISBN 5-85270-140-8.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 296
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են