Դանիել Քանեման
Դանիել Քանեման (անգլ.՝ Daniel Kahneman, եբրայերեն՝ דניאל כהנמן, մարտի 5, 1934[1][2], Թել Ավիվ, Մանդատային Պաղեստին - մարտի 27, 2024[3], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), հրեա-ամերիկացի ականավոր տնտեսագետ և հոգեբան, արժանացել է Նոբելյան մրցանակի վարքագծային տնտեսագիտության ոլորտում իր աշխատանքների համար, հատկապես անորոշության պայմաններում որոշումների կայացման և դատողության վերաբերյալ (2002)։ Նա համարվում է վարքագծային տնտեսագիտության համահիմնադիրներից մեկը։ Վարքագծային տնտեսագիտության մեջ միավորված են տնտեսագիտությունն ու կոգնիտիվ հոգեբանությունը, որով բացատրվում է որոշում կայացնելու ռիսկի և իր վարքի վերահսկողության հանդեպ մարդու իռացիոնալ վերաբերմունքը։
Ամոս Տվերսկիի և այլոց հետ Կահնեմանը ստեղծեց ճանաչողական հիմք ընդհանուր մարդկային սխալների համար, որոնք բխում են հեուրիստիկայից և կողմնակալությունից (Kahneman & Tversky, 1973; Kahneman, Slovic & Tversky, 1982; Tversky & Kahneman, 1974), և զարգացրեց հեռանկարային տեսությունը (Kahneman & Տվերսկի, 1979)։
2011 թվականին Foreign Policy ամսագիրը նրան դասեց համաշխարհային առաջատար մտածողների ցանկում։ Նույն տարում Կահնեմանը հրատարակեց իր հետազոտությունների մասին պատմող Մտածողություն. արագն ու դանդաղը (Thinking, Fast and Slow) գիրքը, որը դարձավ բեսթսելլեր։
Կահնեմանը Պրինսթոնի համալսարանի Վուդրո Ուիլսոնի դպրոցում հոգեբանության և հասարակայնության հետ կապերի դասախոս է։ Նա նաև բիզնեսի և բարեգործության խորհրդատվական ընկերության՝ TGG Group-ի համահիմնադիր է։ Նա ամուսնացած էր կոգնիտիվ հոգեբան Անն Թրեյսմանի հետ, ով մահացավ 2018-ի փետրվարի 9-ին։
2015-ին, The Economist-ը Կահնեմանին համարեց աշխարհի յոթերորդ ազդեցիկ տնտեսագետը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կահնեմանը ծնվել է Թել Ավիվում, մանկությունն անց է կացրել Փարիզում, 1948 թ. տեղափոխվել է Պաղեստին։ 1954 թ. Երուսաղեմի հրեական համալսարանում ստացել է մաթեմատիկայի և հոգեբանության բակալավրի աստիճան, որից հետո աշխատել է Իսրայելի ՊՆ բանակում, հիմնականում՝ հոգեբանության բաժնում։ Տվյալ բաժինը զբաղվում էր զինակոչիկների ընտրությամբ և թեստավորմամբ։ Կահնեմանը մշակում էր անձի գնահատման թեստը։
Բանակում ծառայությունն ավարտելուց հետո Կահնեմանը վերադառնում է Հրեական համալսարան, որտեղ փիլիսոփայության և տրամաբանության դասընթացներ է անցնում։ 1958 թ. տեղափոխվում է ԱՄՆ և 1961 թ. Բերկլիի Կալիֆոռնիայի համալսարանում ստանում փիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճան հոգեբանության մեջ։
1969 թ. համագործակցում է Ամոս Տվերսկու հետ, ով Կահնեմանի հրավերով Հրեական համալսարանում դասախոսություն էր կարդում իրադարձությունների հավանականության գնահատման մասին։
2014-ին աշխատում է Փրինսթոնի և Հրեական համալսարաններում։ Անդամակցում է Economics and Philosophy ամսագրի խմբագրական կազմին։ Կահնեմանը երբեք չի հայտարարել, որ միայնակ է զբաղվել հոգեբանական տնտեսագիտությամբ[18], նա մատնանշում էր, որ այն ամենը, ինչին ինքն ու Տվերսկին հասել են այս բնագավառում, նրանք հասել են համահեղինակներ Ռիչարդ Թեյլերի և Ջեք Կնետչի հետ։
Ակադեմիական կարիերան
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոգնիտիվ հոգեբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կահնեմանը իր ակադեմիական կարիերան սկսել է 1961 թվականին Երուսաղեմի հրեականի համալսարանում որպես դասախոս։ 1966 թվականին դարձել է ավագ դասախոս։ Իր սկզբնական աշխատանքները եղել են տեսողական ընկալման և կենտրոնացման վերաբերյալ։ Օրինակ, իր առաջին հրատարակումը եղել է Science ամսագրում "Pupil Diameter and Load on Memory" վերնագրով (Kahneman & Beatty, 1966): Այս ժամանակահատվածում Կահնեմանը Միչիգանի համալսարանի (1965–66) և Քեմբրիջի կիրառական հոգեբանության հետազոտման բաժնի հրավիրյալ դասախոս էր (1968-1969)։ 1966-1967թթ. Կոգնիտիվ ուսումնասիրությունների կենտրոնի անդամ էր և Հարվարդի համալսարանում կոգնիտիվ հոգեբանության դասախոս։
Դատողություն և որոշումների կայացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս ժամանակահատվածում նա սկսում է իր երկարատև համագործակցությունը Ամոս Տվերսկիի հետ։ Նրանք միասին հրատարակում են դատողության և որոշումների կայացման վերաբերյալ մի շարք հոդվածներ։ 2002 թվականին Կահնեմանը արժանանում է Նոբելյան մրցանակի տնտեսագիտության ոլորտում հեռանկարային տեսության մեջ ունեցած իր ներդրման համար։ Կահնեմանն ու Տվերսկին Փոլ Սլովիկի հետ համատեղ խմբագրում են "Դատողությունը անորոշության պայմաններում. հեուրիստիկա և կողմնակալություն" (Judgement Under Uncertainty: Heuristics and Biases) աշխատությունը (1982), որը մեծ ազդեցություն ունեցավ նրանց հետագա աշխատանքի և մտածողության վրա։
Իր կենսագրությունում Կահնեմանը պատմում է, որ Տվերսկիի հետ համագործակցությունը սկսվեց այն բանից հետո, երբ Կահնեմանը նրան հրավիրեց հրեականի համալսարանում իր սեմինարներից մեկի ժամանակ դասախոսություն կարդալու (1968/1969): Նրանց առաջին համատեղ հոդվածը՝ "Հավատ փոքր թվերի օրենքի նկատմամբ" (Belief in the Law of Small Numbers), հրատարակվել է 1971-ին (Tversky & Kahneman, 1971): 1971-1979թթ. նրանք միասին հրատարակել են 7 հոդվածներ։ Բացի "Հեռանկարային տեսությունից" (Prospect Theory) շատ կարևոր էր նաև "Դատողությունը անորոշության պայմաններում. հեուրիստիկա և կողմնակալություն (Judgment Under Uncertainty: Heuristics and Biases)" հոդվածը (Tversky & Kahneman, 1974), որը հրատարակվել է Science ամսագրում և ներկայացնում էր նրանց հիմնական գաղափարը։
1978-ին Կահնեմանը հեռանում է հրեականի համալսարանից և աշխատանքի ընդունվում Բրիտանական Կոլումբիայի համալսարանում։
Վարքագծային տնտեսագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կահնեմանն ու Տվերսկին Ստենֆորդի համալսարանի Վարքագծային գիտությունների խորացված ուսումնասիրության կենտրոնի անդամներ էին 1977–1978թթ.: Նույն տարիներին Ռիչարդ Թեյլեր անունով մի երիտասարդ տնտեսագետ Տնտեսական հետազոտությունների ազգային բյուրոյի Ստենֆորդի մասնաճյուղում հրավիրյալ դասախոս էր։ Ըստ Կահնեմանի՝ ինքը և Թեյլերը կարճ ժամանակում ընկերացան և մեծ ազդեցություն ունեին միմյանց մտածողության վրա (Kahneman, 2003, p. 437): Թեյլերը, հիմնվելով հեռանկարային տեսության և Կահնեմանի ու Տվերսկիի աշխատությունների վրա, 1980-ին հրատարակեց "Դեպի սպառողի ընտրություն դրական տեսություն" (Toward a Positive Theory of Consumer Choice) հոդվածը, որտեղ Կահնեմանին անվանում է վարքագծային տնտեսագիտության հիմնադիր (Kahneman, 2003, էջ 438)։
Կահնեմանն ու Տվերսկին ամբողջությամբ ներգրավվում են այս նոր տեսության զարգացման մեջ։ Նրանք շարունակում են միասին հրատարակել հոդվածներ մինչև Տվերսկիի մահը։ Մինչ 1983թ. Կահնեմանը իր հոդվածները հրատարակում էր բացառապես Տվերսկիի հետ համատեղ, իսկ 1983-ին հրատարակեց երկու հոդված իր կնոջ՝ Անն Թրեյսմանի հետ, ում հետ ամուսնացել էր 1978-ին։
Հեդոնիկ հոգեբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1990-ական թվականներին Կահնեմանի ուշադրության կենտրոնում էր «հեդոնիկ հոգեբանությունը»։ Այս ենթաճյուղը սերտորեն կապված է դրական հոգեբանության շարժման հետ, որն այն ժամանակ լայն ճանաչում էր ձեռք բերում։ Համաձայն Կահնեմանի և նրա գործընկերների՝
Հեդոնիկ հոգեբանությունը ուսումնասիրում է, թե ինչն է փորձը և կյանքը դարձնում հաճելի կամ տհաճ։ Այն վերաբերում է հաճույքի, հետաքրքրության, ցավի, ձանձրույթի, ուրախության, տխրության, բավարարվածության և անբավարարվածության զգացողությունների հետ։ Այն նաև վերաբերում է հանգամանքների ամբողջությանը, կենսաբանականից մինչև սոցիալական, որոնք առաջացնում են այդ զգացողությունները։
Դժվար է ասել, թե երբ Կահնեմանը սկսեց կենտրոնանալ հեդոնիկ հոգեբանության ոլորտի ուսումնասիրության վրա, սակայն հավանական է, որ դա եղավ տնտեսական օգտակարության մասին իր աշխատությունից հետո։ Թեև նա 1979–1986թթ. հրատարակել է 23 աշխատանք և հոդված, 1987–1989թթ. Կահնեմանը հրատարակեց ընդամենը մեկ հոդված, որից հետո սկսեց հրատարակել հոդվածներ օգտակարության և դրա հոգեբանության վերաբերյալ (Kahneman & Snell, 1990; Kahneman & Thaler, 1991; Kahneman & Varey, 1991 և այլն)։ 1992 թվականին Վարեյն ու Կահնեմանը ներկայացրեցին պահերը և դրվագները որպես «ժամանակի ընթացքում ձեռք բերված փորձառություններ» գնահատելու մեթոդը։ Մինչ Կահնեմանը շարունակում էր ուսումնասիրել որոշում կայացնելու պրոցեսը (Kahneman, 1992, 1994; Kahneman & Lovallo, 1993 և այլն), հեդոնիկ հոգեբանությունը շարունակում էր մնալ շատ հրատարակիչների ուշադրության կենտրոնում (օրինակ՝ Fredrickson & Kahneman, 1993; Kahneman, Fredrickson, Schreiber & Redelemeier, 1993; Kahneman, Wakker & Sarin, 1997; Redelmeier & Kahneman, 1996):
Կահնեմանը Դեյվիդ Շկադի հետ զարգացրեց կենտրոնանալու պատրանքի գաղափարը (Kahneman & Schkade, 1998; Kahneman, Krueger, Schkade, Schwarz & Stone, 2006), որպեսզի բացատրի մարդկանց սխալ որոշում կայացնելը, երբ նրանք հաշվարկում են իրենց երջանիկ ապագայի վրա տարբեր իրավիճակների մի շարք ելքերի ազդեցությունը։ Դա հայտնի է նաև որպես ազդեցության կանխատեսում, որն առավելապես ուսումնասիրել է Դանիել Գիլբերտը։ ՙՙԻլյուզիա՚՚ է այն, երբ մարդիկ հաշվի են առնում մեկ գործոնի ազդեցությունը իրենց ապագա ամբողջ ուրախության վրա և հակված են չափազանցնել այդ գործոնի կարևորությունը՝ անտեսելով մնացած բոլոր գործոնների ազդեցությունը, որոնք շատ հաճախ ավելի մեծ ազդեցություն են ունենում։ Այս մասին խոսվում է Կահնեմանի և Շկադի՝ 1998-ի "Արդյոք Կալիֆոռնիայում ապրելը մարդկանց դարձնում է ավելի երջանիկ. կյանքի բավարարվածության վերաբերյալ դատողությունների պատրանքը (Does living in California make people happy? A focusing illusion in judgments of life satisfaction)" հոդվածում, որտեղ Միդվեսթի և Կալիֆոռնիայի ուսանողները ունեին կյանքի նույն բավարարվածության աստիճանը, սակայն Միդվեսթի ուսանողները կարծում էին, թե Կալիֆոռնիայում ապրող իրենց հասակակիցները ավելի երջանիկ են։ Միդվեսթի ուսանողները այս դատողությունն արել էին՝ հիմնվելով իրենց հասակակիցների բնակության վայրի վրա՝ գերագնահատելով Կալիֆոռնիայի լավ եղանակային պայմանների ազդեցությունը։
Դասավանդում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կահնեմանը Փրինսթոնի համալսարանի հոգեբանության ֆակուլտետի և Վուդրո Ուիլսոնի հանրային և միջազգային հարցերի դպրոցում ավագ գիտնական է և պրոֆեսորադասախոսական կազմի անդամ։ Նա նաև հրեականի համալսարանի գիտաշխատող է և ավագ գիտնական։
Անձնական կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Կահնեմանի առաջին կինը հրեա հոգեբան Իռա Կահնեմանն էր, ում հետ ունեն 2 երեխա։ Երկրորդ կինը կոգնիտիվ հոգեբան Անն Թրեյսմսնն էր մինչև վերջինիս մահը (1978-2018)։ Կահնեմանին բնութագրում են որպես հրեա աթեիստ։
Մրցանակներ և ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2001 թվականին նա ընտրվել է Գիտությունների ազգային ակադեմիայի անդամ;
- 2002 թվականին Կահնեմանը, լինելով հոգեբան, արժանացել է Նոբելյան մրցանակի տնտեսագիտության ոլորտում ՙՙհեռանկարային տեսության՚՚ ոլորտում իր աշխատանքի համար։ Կահնեմանը նշում է, որ երբեք չի անցել տնտեսագիտական որևէ կուրս, ինքը և Տվերսկին ամեն ինչ սովորել են Ռիչարդ Թեյլերի և Ջեք Կնետչի հետ համագործակցության արդյունքում;
- Կահնեմանը և Տվերսկին 2003-ին արժանացել են Լյուիսվիլ Գրավեմեյերի համալսարանի Հոգեբանության մրցանակի;
- 2007-ին, նրան շնորհվել է Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի կողմից մրցանակ`ամբողջ կյանքի ընթացքում հոգեբանության մեջ ունեցած ներդրումների համար;
- 2009-ի նոյեմբերի 6-ին նրան շնորհվեց պատվավոր դոկտորի աստիճան Նիդեռլանդների Ռոտերդամի Էրասմուս համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի կողմից։ Իր ելույթում Կահնեմանն ասել է. ՙՙԵրբ դու ապրում ես բավականաչափ երկար, դու տեսնում ես, թե ինչպես է անիրականը դառնում իրական՚՚: Նա նկատի ուներ այն հանգամանքը, որ երբևէ չի ակնկալել դառնալ հայտնի տնտեսագետ, երբ սկսում էր իր աշխատանքները, որոնք հետագայում անվանվելու էին վարքագծային տնտեսագիտություն;
- 2011 և 2012թթ. նա դարձավ Բլումբերգի 50 ամենաազդեցիկ մարդկանցից մեկը համաշխարհային ֆինանսական ոլորտում;
- 2011-ի նոյեմբերի 9-ին Ամերիկյան արվեստների և գիտությունների ակադեմիայի կողմից նրան շնորհվել է Talcott Parsons մրցանակ;
- Իր ՙՙՄտածիր դանդաղ, որոշիր արագ՚՚(Thinking, Fast and Slow) գիրքը 2011-ին արժանացավ Ներկայիս Հետաքրքրություն մրցանակին Los Angeles Times-ում;
- 2012-ին ՙՙՄտածիր դանդաղ, որոշիր արագ՚՚(Thinking, Fast and Slow) գիրքը Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից արժանացավ մրցանակի` Communication Award որպես2011-ի լավագույն գիրք;
- 2012-ին նա ընդունվեց Real Academia Española (Տնտեսագիտություն և ֆինանսներ) որպես ակադեմիկոս;
- 2013-ի օգոստոսի 8-ին նախագահ Բարաք Օբաման հայտարարեց, որ Դենիել Կահնեմանը կարժանանա նախագահական Ազատության մեդալին;
- 2015-ի հունիսի 1-ին նրան շնորհվել է Մոնրեալի ՄաքԳիլ համալսարանի Արվեստի ֆակուլտետի պատվավոր դոկտորի աստիճան;
- 2018-ի դեկտեմբերին Կահնեմանը սոցիալական գիտությունների ազգային ինստիտուտի կողմից արժանացել է ոսկե մեդալի։
Հրատարակված աշխատանքները
[խմբագրել | խմբագրել կոդը]Այստեղ ներկայացված են հրատարակված աշխատանքներից մի քանիսը։
Գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կահնեման, Դ. (1973) Ուշադրություն և ջանք (Attention and Effort). Իգլվուդ Քլիֆս, Նյու Ջերսի (Prentice-Hall)
- Կահնեման, Դ., Սլովիկ, Փ., Տվերսկի, Ա. (1982) Դատողությունը անորոշության պայմաններում. հեուրիստիկա և կողմնակալություն (Judgment Under Uncertainty: Heuristics and Biases). Նյու Յորք, Քեմբրիջի համալսարանի մամուլ
- Կահնեման, Դ., Դիեներ, Ի., Շվարց, Ն. (Eds.). (1999). Բարօրություն. Հեդոնիկ հոգեբանության հիմքերը (Well-being: The Foundations of Hedonic Psychology). Նյու Յորք, Russell Sage հիմնադրամ
- Կահնեման, Դ., Տվերսկի, Ա. (Eds.) (2000) Ընտրանքներ, արժեքներ և շրջանակներ (Choices, Values and Frames). Նյու Յորք, Քեմբրիջի համալսարանի մամուլ
- Կահնեման, Դ. (2011) Մտածողություն. արագն ու դանդաղը (Thinking, Fast and Slow), Farrar, Straus and Giroux, ISBN 978-0374275631. (Գրախոսվել է Ֆրիմեն Դայսոնի կողմից Նյու Յորքի Գրքերի գրախոսություններում, 2011-ի դեկտեմբերի 22, էջ 40-44)
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Kahneman D., Tversky A. (1979) Prospect theory։ An analysis of decision under risk. Econometrica, 47. - 313-327.
- Tversky A., Kahneman D. (1992) Advances in prospect theory։ cumulative representation of uncertainty. Journal of Risk and Uncertainty, 5. - 297-232.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 Daniel Kahneman, Nobel laureate who upended economics, dies at 90 — Washington Post.
- ↑ 4,0 4,1 4,2 Nobel Prize winning economist Daniel Kahneman who upended field dies aged 90
- ↑ Davos 2013 Participant List
- ↑ 6,0 6,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Daniel Kahneman — www.nasonline.org.
- ↑ Professor Daniel Kahneman — AAAS.
- ↑ Kahneman, Daniel: Az MTA köztestületének tagjai (հունգ.) — MTA köztestületi tagok adatbázisa.
- ↑ Dr. Daniel Kahneman — APS.
- ↑ Excmo. Sr. Dr. D. Daniel Kahneman — Royal Academy of Economic and Financial Sciences.
- ↑ Fellows of the Econometric Society — Econometric Society.
- ↑ https://kahneman.scholar.princeton.edu/
- ↑ 14,0 14,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ CONOR.Sl
- ↑ 16,0 16,1 16,2 16,3 16,4 16,5 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Who's who (բրիտ․ անգլ.) — (untranslated), 1849. — ISSN 0083-937X
- ↑ «Department of Psychology/Princeton University». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 23-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դանիել Քանեմանը Զանգակում
- Մտածողություն. արագն ու դանդաղը
- Մտածե՞լ եք, թե ինչպես եք մտածում
- Կահնեմանի կենսագրությունը
- Կահնեմանի՝ Նոբելյան մրցանակ ստացած դասախոսությունը
- Daniel Kahneman - Autobiography
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանիել Քանեման» հոդվածին։ |
|
|
- Մարտի 5 ծնունդներ
- 1934 ծնունդներ
- Թել Ավիվ քաղաքում ծնվածներ
- Մարտի 27 մահեր
- 2024 մահեր
- Նյու Յորք քաղաքում մահացածներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Հունգարիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամներ
- Երուսաղեմի հրեական համալսարանի շրջանավարտներ
- Բերքլիի համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Ազատության նախագահական մեդալով պարգևատրվածներ
- Ամերիկացի աթեիստներ
- Ամերիկացի հոգեբաններ
- Ամերիկացի տնտեսագետներ
- Բրիտանական ակադեմիայի թղթակից-անդամներ
- Հրեա հոգեբաններ
- Հրեա նոբելյան մրցանակակիրներ
- Հրեա տնտեսագետներ
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ