Jump to content

Գրիգորի Գագարին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիգորի Գագարին
Ծնվել էապրիլի 29 (մայիսի 11), 1810[1]
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2][3]
Վախճանվել էհունվարի 18 (30), 1893[4][1] (82 տարեկան)
Մահվան վայրՇատելրո[2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունդիվանագետ, սրբանկարիչ, նկարիչ, գրող, ճարտարապետ, ռազմական գործիչ, սպա, գծանկարիչ, արվեստագետ և պետական ծառայող
Թեմաներզինվորական ծառայություն[5], Դիվանագիտություն[5], գեղանկարչություն[5], գրաֆիկա[5], ճարտարապետություն[5], արվեստագիտություն[5] և պետական ծառայություն[5]
Պարգևներ
ՀայրԳրիգորի Իվանովիչ Գագարին
ՄայրԵկատերինա Գագարինա
ԱմուսինՍոֆյա Գագարինա
ԶավակներՄարիա Գագարինա, Andrey Gagarin?, Grigory Gagarin? և Anastasia Grigorievna Gagarina?
 Grigory Gagarin Վիքիպահեստում

Գրիգորի Գրիգորևիչ Գագարին (ռուս.՝ князь Григорий Григорьевич Гагарин, ապրիլի 29 (մայիսի 11), 1810[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2][3] - հունվարի 18 (30), 1893[4][1], Շատելրո[2]), իշխան, ռուս նկարիչ, նկարազարդող, արվեստի հետազոտող, ճարտարապետ, Նորին կայսերական մեծության պալատական օբեր-գոֆմեյստեր, Գեղարվեստի կայսերական ակադեմիայի փոխնախագահ, գեներալ-մայոր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգորի Գագարինը Գագարինների իշխանական տան ավագ սերնդի ներկայացուցիչներից էր։ Ծնվել է 1810 թվականի ապրիլի 29-ին (մայիսի 11), դիվանագետի ընտանիքում։ Հայրը իշխան Գրիգորի Իվանովիչ Գագարինն էր՝ բանաստեղծ և արվեստների հովանավոր, իսկ մայրը՝ Եկատերինա Պետրովնա Սոյմոնովան[6]։ Երբ Գրիգորին վեց տարեկան էր, նրանց ընտանիքը մեկնեց Եվրոպայում ճամփորդելու, որի ընթացքում նրանք հաստատվեցին Իտալիայում։ Այնտեղ ընտանիքի հայրը կատարում էր դեսպանի պարտականություններ։ Գագարինների տունը Հռոմում դարձել էր ռուսական համայնքի մշակութային կյանքի կենտրոն։ Նրանց մշտապես հյուրընկալվում էին Գեղարվեստի ակադեմիայի թոշակառուներ՝ Ալեքսանդր և Կառլ Բրյուլովները, Ֆեոդոր Բրունին, Սիլվեստր Շչեդրինը, Պյոտր Բասինը և Սամուիլ Հալբերգը։ Գրիգորիի հայրը երիտասարդ նկարիչներին օգնում էր պատվիրատուներ գտնելու գործում, նրանց համար թույլտվություն էր ստանում՝ Հռոմի մասնավոր հավաքածուներում պահվող նկարներից կրկնօրինակներ անելու համար[7]։

Գրիգորին վաղ տարիքից հետաքրքրվում էր նկարչությամբ։ Նրա առաջին փորձերը թվագրվում են 1815 թվականով։ Դրանք հիմնականում ջրաներկով արված նկարներ էին, ընտանեկան դիմանկարներ և գեղանկարներ։ Հաճախ օգնում էր ընտանեկան թատրոնի բեմանկարների հարցում։ Ոչ միայն նրա շրջապատը, այլ նաև Իտալիայում և Հռոմում տիրող մթնոլորտը ազդում էին նրա «էսթետիկական աշխարհընկալման» զարգացման վրա, քանի որ Հռոմն այն ժամանակ Եվրոպայի գեղարվեստական կենտրոնն էր։ 14 տարեկանում նա ընդունվել է Սիենայի Պտղոմեոսի քոլեջը։ Ընտանիքի հետ ճամփորդելու ընթացքում այցելել է նաև Փարիզ, որտեղ ապրում էր մորաքույրը՝ Սոֆյա Սվեչինան[8]։

1829 թվականին Գրիգորի Գագարինը Փարիզում գրագրի պաշտոնով աշխատանքի է անցել։ Այդ ընթացքում հնարավորություն է ստացել Սորբոնում ճարտարապետություն և շինարարական գործ սովորել, զուգահեռաբար դասախոսություններ էր լսում մաթեմատիկայի, իրավունքի, բանասիրության և փիլիսոփայության թեմաներով[9]։

1832 թվականին Գրիգորին մեկնել է Սանկտ Պետերբուրգ։ Հասարակության մեջ նա արագորեն ձեռք է բերել հմուտ նկարչի համբավ։ Նա ծանոթացել է Վասիլի Ժուկովսկու, Ալեքսանդր Պուշկինի, Վլադիմիր Օդոևսկու հետ։ 1832 թվականին նա մի շարք նկարազարդումներ է կատարել Պուշկինի «Ռուսլան և Լյուդմիլա» պոեմի համար, իսկ 1833 թվականին՝ «Հեքիաթ Սալթան թագավորի մասին» հեքիաթի համար։ Նույն թվականին մեկնել է Մոսկվա, որտեղ ջրաներկով նկարել է մոսկովյան ճարտարապետական հուշարձանները։ Նրա ուրվանկարները առանձնանում են մանրամասների պատկերմանն ուղղված ուշադրությամբ և հաջող կերպով մատուցում են շինություններից փոխանցվող ընդհանուր տպավորությունը։

1841 թվականին Գրիգորի Գագարինը ընդգրկվել է զինվորական ծառայության մեջ, պարգևատրվել Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշանով։ 1842 թվականին մասնակցել է իշխան Ալեքսանդր Չերնիշովի Դաղստան կատարվող արշավանքին։ 1848 թվականին գործուղվել է Թիֆլիս՝ իշխան Միխայիլ Վորոնցովի մոտ։ Բացի զինվորական և վարչական պարտավորություններից, որոնց համար արժանացել է մի շարք շքանշանների և կոչումների (ռոտմիստր, գնդապետ, գեներալ-մայոր), Գագարինը աշխատանք է տարել նաև կովկասյան քաղաքների կարիքները հոգալու համար։ Թիֆլիսում նրա նախագծով կառուցվել է թատրոնի շենք, վերականգնել է Սիոնի վանքի և այլ վանքերի, այդ թվում նաև Վրացական Բեթանիա վանքի որմնանկարները։

1858 թվականին նրան շնորհվել է գեներալ-մայորի կոչում, իսկ 1859 թվականին ստացել է Գեղարվեստի ակադեմիայի փոխնախագահի պաշտոնը[10]։ 1864 թվականին անցել է քաղաքացիական ծառայության՝ գաղտնի խորհրդականի պաշտոնով։ Ակադեմիայի փոխնախագահի պաշտոնն զբաղեցրել է մինչև 1872 թվականը։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդության տարիներին երկար ժամանակով արտասահմանում գտնվելը նպաստել էր արվեստի նկատմամբ Գրիգորի Գագարինի ունեցած սիրո ձևավորմանը։ Նա զբաղվում էր գեղանկարչությամբ և դեպի Արևելք կատարած ճամփորդությունները նպաստեցին, որպեսզի հրապուրվեր բյուզանդական սրբանկարչության և զարդապատկերների ոճով։ Հետագայում նա փորձել է կապ տեսնել բյուզանդական և ռուսական արվեստների միջև։ Հայտնի են «Le Caucase pittoresque» շքեղ հրատարակության համար արված նրա նկարները։ Գրիգորի Գագարինը նկարներ ունի նաև հայկական թեմաներով («Իջևանատուն Էրիվանում», «Էջմիածնի վանքը», «Հայ վաճառականների կանգառը», «Հայուհին», «Սևանա լճի ափին» և այլն)։

Գրիգորի Գագարինն ամուսնացել է երկու անգամ։ Առաջին անգամ ամուսնացել է 1843 թվականին՝ իշխան Նիկոլայ Դոլգորուկովի (Երկայնաբազուկ) դստեր՝ Աննա Նիկոլաևնայի հետ։ Ունեցել են մեկ դուստր։ Ծննդաբերելուց մի քանի օր հետո կինը մահացել է։

1847 թվականին ամուսնացել է պետական գործիչ, նահանգապետ Անդրեյ Դաշկովի դստեր՝ Սոֆյա Դաշկովայի հետ։ Այդ ամուսնությունից ունեցել է վեց երեխա։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգորի Գագարին» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 636