Բոլիվիա, պետություն Հարավային Ամերիկայի կենտրոնական մասում։
Մակերևույթը լեռնային է։ Տարածքը զբաղեցնում են Կենտրոնական Անդերի լեռնաճյուղերը (Արևմտյան Կորդիլիերա, Ռիալ Կորդիլիերա, Կենտրոնական Կորդիլիերա) և դրանց միջև գտնվող Պունա սարահարթը։ Հարթավայրերը գտնվում են հյուսիս-արևելքում և աստիճանաբար իջնում են դեպի Ամազոնի դաշտավայր։
Կլիման մերձհասարակածային և արևադարձային է, լեռներում՝ խիստ արտահայտված վերընթաց գոտիականությամբ։ Գետերը՝ Բենին, Մամորեն և Գուապորեն, արագահոս են, ջրառատ և միախառնվելով առաջացնում են Մադեյրա գետը (Ամազոնի վտակ)։ Խոշոր լճերն են Պոոպոն և Տիտիկակայի արևելյան մասը։
Բոլիվիայի տարածքում հնագույն ժամանակներից բնակվել են հնդկացիական ցեղեր։ Գրեթե 300 տարի երկիրը Իսպանիայի գաղութն էր՝ Վերին Պերու անունով։ Ամերիկայի իսպանական գաղութների անկախության պատերազմի ընթացքում Սիմոն Բոլիվարի զորքերն ազատագրեցին երկիրը (1825 թվականին) և, ի պատիվ նրա, անվանեցին Բոլիվիայի Հանրապետություն։
Բնակչության 60 %-ը հնդկացիներ են՝ կեչուաներ, այմարաներ և այլք։
Տնտեսության հիմքը հանքարդյունաբերությունն է, գլխավորապես՝ անագի, նավթի, ծարիրի, կապարի և ցինկի արդյունահանումը։ Կան սննդի և տեքստիլ արդյունաբերության ձեռնարկություններ։
Երկրում պահպանվել են հնդկացիների մշակույթի որոշ ավանդույթներ։ Ազգային մշակույթի ամենաբնորոշ երևույթը դիմակահանդեսներն են, որ փետըրվար-մարտ ամիսներին կազմակերպվում են խոշոր քաղաքներում։ Դիմակահանդեսների օրերին խաղացվում են ներկայացումներ (դիաբլադոս), որոնց հիմքում բարու և չարի պայքարն է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 504)։