Jump to content

Ավստրիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Republik Österreich
Ավստրիայի Հանրապետություն
Ավստրիայի դրոշ
Դրոշ
Ավստրիայի զինանշանը
Զինանշան
Ազգային օրհներգ՝ Ավստրիայի Օրհներգ
Ավստրիայի դիրքը
Ավստրիայի դիրքը
Ավստրիայի տեղագրական քարտեզ
Մայրաքաղաք
և ամենամեծ քաղաք
Վիեննա
Պետական լեզուներ գերմաներեն
Կառավարում խորհրդարանական հանրապետություն
 -  Նախագահ Ալեքսանդր Վան դել Բելեն
 -  Կանցլեռ Կարլ Նեհամմեր
Հիմնադրում
 -  Հայտարարված հուլիսի 27 1955 
Տարածք
 -  Ընդհանուր 83,879 կմ²  (115-րդ)
 -  Ջրային (%) 1,7
Բնակչություն
 -  2015 նախահաշիվը 8,224,038[1]  (93-րդ)
 -  2011 մարդահամարը 8,217,280[2] 
 -  Խտություն 89 /կմ² (106-րդ)
220 /մղոն²
ՀՆԱ (ԳՀ) 2015 գնահատում
 -  Ընդհանուր $402.420 միլիարդ[3] (46-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $47,031[3] (16-րդ)
ՀՆԱ (անվանական) 2015 գնահատում
 -  Ընդհանուր $380.555 միլիարդ[4] (27-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $44,475[5] 
Ջինի (2014) 27,5[6] (ցածր
ՄՆԶԻ (2014) 0.881[7] (շատ բարձր) (21th)
Արժույթ Եվրո (EUR)
Ժամային գոտի +1, +2
Ազգային դոմեն .at
Հեռախոսային կոդ ++43
Ավստրիայի պատմություն

Նախապատմական Ավստրիա
Նորիկ և Ռեցիա
Արևելյան Մարկա
Ավստրիայի դքսություն
Ավստրիայի էրցհերցոգություն
Սրբազան Հռոմեական կայսրություն
(Հաբսբուրգյան միապետություն)
Ավստրիական կայսրություն
Ավստրո-Հունգարական կայսրություն
Գերմանական Ավստրիա
Առաջին Հանրապետություն
Նացիստական Գերմանիա
Ալպյան և Դանուբյան Ռեյսխգաու
Դաշնակցային բռնազավթում
Երկրորդ Հանրապետություն

Ավստրիա, պաշտոնապես՝ Ավստրիայի Հանրապետություն, Դաշնային Հանրապետություն։ Դեպի ծով ելք չունեցող պետություն է Կենտրոնական Եվրոպայում՝ ավելի քան 8,8 միլիոն բնակչությամբ։ Այն հյուսիսից սահմանակցում է Չեխիային և Գերմանիային, արևելքից` Հունգարիային և Սլովակիային, հարավից` Սլովենիային և Իտալիային, արևմուտքից` Շվեյցարիային և Լիխտենշտայնին։ Տարածքը կազմում է 83.879 կմ քառակուսի։ Տարածքի մեծ մասը կազմում են բարձրադիր լեռներ, և երկրի միայն 32 %-ն է 500 մետրից ցածր տեղանքում։ Երկրի բարձրագույն կետը 3798 մետր է[8]։ Երկրի բնակչության մեծ մասը խոսում է տեղի գերմաներեն բավարական բարբառով՝ որպես իրենց մայրենի լեզու[9] և գերմաներենով՝ որպես պետության պաշտոնական լեզու[10]։ Երկրի տեղային պաշտոնական լեզուներից են նաև հունգարերենը, բուրգենլանդյան խորվաթերենը և սլովեներենը[8]։

Ժամանակակից Ավստրիայի արմատները գալիս են Հաբսբուրգների ժամանակաշրջանից, երբ երկրի մեծ մասը Սրբազան Հռոմեական կայսրության մասն էր։ Ռեֆորմացիայի ժամանակներից Հյուսիսային Գերմանիայի շատ արքայազներ, դժգոհ լինելով կայսեր կառավարումից, օգտագործեցին Բողոքականությունը որպես ապստամբության դրոշ։ Երեսնամյա պատերազմում Շվեդիայի և Ֆրանսիայի թագավորությունների ազդեցությամբ հզորացավ Պրուսիայի թագավորությունը և Նապոլեոնյան պատերազմները թուլացրին Հյուսիսային Գերմանիայի ազդեցությունը, սակայն հարավում և կայսրության ոչ գերմանական տարածքներում կայսրը և Կաթոլիկությունը պահպանեցին վերահսկողությունը։ 17-րդ և 18-րդ դարերում Ավստրիան դարձավ Եվրոպայի գերտերություններից մեկը[11][12] և 1804 թվականին պաշտոնապես ստեղծվեց Ավստրիական կայսրությունը։ Նապոլեոնի պարտությունից հետո Պրուսիան Ավստրիային համարեց Մեծ Գերմանիայի ստեղծման գլխավոր մրցակից։ 1866 թվականին, երբ Ավստրիան պարտվեց Պրուսիային Ավստրո-պրուսական պատերազմում, Պրուսիան դարձավ Գերմանիայի միավորման միակ հավակնորդը։ 1867 թվականի Ավստրիան միավորվեց Հունգարիայի հետ և ստեղծվեց Ավստրո-Հունգարիան։ 1870-71 թվականների Ֆրանս-պրուսական պատերազմում Ֆրանսիայի պարտությունից հետո Ավստրիան դուրս մնաց նոր Գերմանական կայսրությունից, չնայած հաջորդ տասնամյակներում նրանց արտաքին քաղաքականությունը հիմնականում պաշտպանում էր Պրուսիայի ստեղծած կայսրությանը։ 1914 թվականի հուլիսի 28-ին Ավստրո-Հունգարիան պատերազմ հայտարարեց Սերբիային Հուլիսյան ճգնաժամից հետո` ապավինելով Գերմանիայի օգնությանը։ Այսպիսով Ավստրո-Հունգարիան առաջինը սկսեց պատերազմը, որը հետագայում վերաճեց Առաջին համաշխարհային պատերազմի։

Ավտրո-Հունգարիայի փլուզումից հետո՝ 1918 թվականին, Ավստրիան պաշտոնապես կոչվեց Գերմանա-Ավստրիական Հանրապետություն (Deutschösterreich) և փորձեց միանալ Գերմանիային, սակայն նրան մերժեցին Վերսալյան և Սեն Ժերմենի պայմանագրերով։ Անվանումը փոխվեց Ավստրիա (Österreich), որը կոչում են նաև Ավստրիայի Առաջին Հանրապետություն։ 1938 թվականին Նացիստական Գերմանիան բռնակցեց Ավստրիան Անշլյուսի շրջանակներում[13]։ Սա տևեց մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը, երբ դաշնակիցները օկուպացրին Ավստրիան և Ավստրիայի նախկին սահմանադրությունը չեղարկվեց։ 1955 թվականի Ավստրիայի անկախության հռչակագրով Ավստրիան նորից դարձավ անկախ պետություն` վերացնելով օկուպացիան։ Նույն տարում Ավտրիայի խորհրդարանը ստեղծեց Չեզոքության հռչակագիրը, համաձայն որի՝ Ավստրիայի երկրորդ հանրապետությունը դառնում էր ինքնիշխան չեզոք պետություն։

Ներկայումս Ավստրիան խորհրդարանական ժողովրդական հանրապետություն է` կազմված ինը դաշնային նահանգներից[8][14]։ Մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Վիեննան է[8][15]՝ 1,8 միլիոն բնակչությամբ։ Մյուս մեծ քաղաքներից են Գրացը, Լինցը, Զալցբուրգը և Ինսբրուքը։ Ավստրիան համարվում է աշխարհի ամենահարուստ երկրներից մեկը՝ ըստ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով։ Ավստրիան զարգացած, բնակիչների բարձր կենսամակարդակով երկիր է, որը 2014 թվականի դրությամբ 21-րդն էր Մարդկության զարգացման ինդեքսով։ Ավստրիան Միացյալ Ազգերի անդամ է 1955 թվականից[16], Եվրամիությանը միացել է 1955 թվականին և[8] ՏՀԶԿ հիմնադիրն է[17]։ 1995 թվականին Ավստրիան ստորագրել է նաև Շենգենյան համաձայնությունը[18] և ընդունել է եվրոն որպես ազգային արժույթ 1999 թվականին[19]։

Ավստրիացի արքա Ֆրանց Ժոզեֆ I

Հնագույն շրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդկային բնակության առաջին հետքերն Ավստրիայի տարածքում վերաբերում են պալեոլիթի դարաշրջանին։ Մ.թ.ա. 500-400 թվականներին՝ կելտերի ներխուժումից հետո, իլլիրիական բնակչությունը ենթարկվեց կելտացման։ Մ.թ.ա. 16-9 թվականներին Ավստրիայի տարածքը Դանուբից հարավ նվաճեցին հռոմեացիները։ Մ.թ. 4-րդ դարի երկրորդ կեսից Արևմտյան Ավստրիայում բնակություն հաստատեցին գերմանական, իսկ կենտրոնական և արևելյան մասերում՝ սլավոնական ցեղերը։

788 թվականին Ավստրիայի տարածքը մտավ ֆրանկների պետության մեջ։ Ֆրանկների պետության քայքայումից (843) հետո Ավստրիայի տարածքը մտավ Արևելաֆրանկական թագավորության(Գերմանիայի) մեջ։ 10-րդ դարում այն նվաճեցին հունգարացիները, բայց 955 թվականին նրանցից ետ նվաճեց գերմանացի Օտոն I թագավորը՝ ստեղծելով բավարական Արևելյան մարկը։ 976 թվականից այստեղ հաստատվեց Բաբենբերգների դինաստիան (մինչև 1246)։ 1156 թվականին Ավստրիան դարձավ դքսություն՝ վերջնականապես անջատվելով Բավարիայից։ 1276-1278 թվականներին գերմանացի Ռուդոլֆ I Հաբսբուրգ թագավորը գրավեց Ավստրիան ու Շտիրիան և 1282 թվականին հանձնեց իր որդիներ Ալբրեխտին ու Ռուդոլֆին։ Դրանով սկիզբ դրվեց Հաբսբուրգների բազմադարյան տիրապետությանը (մինչև 1918) Ավստրիայում։ 1335 թվականին Ավստրիային միացվեցին Կարինտիուն, 1363 թվականին՝ Տիրոլը, 1375 թվականին՝ Ֆորառլբերգի մեծ մասը, 1382 թվականին՝ Տրիեստը։ 16-րդ դարում Հաբսբուրգները, որոնք 1438 թվականից զբաղեցնում էին Հռոմեական Սրբազան Կայսրության գահը, օգտվելով թուրքական վտանգի հետևանքով ստեղծված իրադրությունից, իրենց տիրապետությունը տարածեցին Չեխիայի և Արևմտյան Հունգարիայի վրա։ Կազմավորվեց Հաբսբուրգների բազմազգ կայսրությունը, որի կենտրոնը Ավստրիան էր։

1529 թվականին թուրքերը պաշարեցին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննան։ Սկսվեցին ավստրո-թուրքական երկարատև (մինչև 18-րդ դար) ու ծանր պատերազմները։ 1525-1526 թվականներին Ավստրիայում բռնկվեց գյուղացիական ապստամբություն, որը Գերմանիայում տարածված գյուղացիական պատերազմի բաղկացուցիչ մասն էր։ Գյուղացիական ապստամբություններ տեղի ունեցան նաև 1595-1597 թվականներին և 1626 թվականին։ Սոցիալ-քաղաքական պայքարն Ավստրիայում 16-17-րդ դարերում ընդունեց ռեֆորմացիայի և հակառեֆորմացիայի կողմնակիցների սուր բախման բնույթ, ընդ որում, Ավստրիան հանդիսանում էր հակառեֆորմացիայի հենարանը։ 17-րդ դարի վերջին և 18-րդ դարում Հաբսբուրգների տիրապետության տակ անցան Հունգարիայի, Տրանսիլվանիայի մեծ մասը, Խորվաթիան, Հարավային Նիդերլանդները, Իտալիայի մեծ մասը, Սլովենիայի մի մասը, Հյուսիսային Բոսնիան։ Լեհաստանի բաժանման (1772, 1795) ժամանակ Հաբսբուրգները զավթեցին լեհական և ուկրաինական հողերի մի մասը։ Կարլոս VI 1713 թվականին Հաբսբուրգների թագի բոլոր տիրույթները հայտարարեց անբաժանելի։ Տղամարդ ժառանգորդ չլինելու դեպքում դրանք բոլորը պետք է անցնեին նրա դստերը՝ Մարիա Թերեզային։ Սակայն Կարլոս VI մահից հետո նրա դստեր ժառանգական իրավունքները սկսեցին վիճարկել, որը հասցրեց Ավստրիական ժառանգության համար պատերազմին (1740-1748)։ Թեև ի վերջո Մարիա Թերեզայի իրավունքները ճանաչվեցին, Ավստրիան կորցրեց տնտեսապես զարգացած Սիլեզիան, որը զավթել էր Պրուսիան։ Այն ետ գրավելու փորձը Յոթնամյա պատերազմում հաջողություն չունեցավ։ 17-րդ դարի երկրորդ կեսին և 18-րդ դարում Ավստրիայի ներքին զարգացման համար հատկանշական էր ճորտ գյուղացու կոռային աշխատանքի վրա հիմնված խոշոր կալվածատիրական տնտեսությունը, խոշոր ազնվականության տնտեսապես և քաղաքապես ուժեղացումը, բյուրոկրատիայի աճը։ Ավստրիայի տնտեսության մեջ դեռևս դանդաղ էին զարգանում կապիտալիստական տարրերը։ 18-րդ դարի երկրորդ կեսին Մարիա Թերեզան (1740-1780) և Իոսիֆ II (իշխել է 1780-1790) անցկացրին բարեփոխություններ, որոնք նպաստեցին պետական իշխանության կենտրոնացմանն ու ամրապնդմանը, կապիտալիստական մանուֆակտուրաների զարգացմանը։ 17-րդ դարի 70-80-ական թվականներին ձեռնարկված գյուղացիական բարենորոգումների փորձերը հանդիպեցին հետադիմական ազնվականության դիմադրությանն ու չիրագործվեցին։ Այս ժամանակին է վերաբերում ավստրիական բացարձակ միապետության վերջնական ձևավորումն ու ծաղկումը, որը Իոսիֆ II ժամանակ անվանվեց «լուսավորյալ» բացարձակ միապետություն։ 18-րդ դարում՝ ֆրանսիական հեղափոխության տարիներին, Ավստրիան հանդես եկավ որպես հեղափոխական Ֆրանսիայի դեմ ինտերվենցիայի նախաձեռնող և կազմակերպիչ։ Բայց մի շարք պարտություններ կրելով ֆրանսիական հեղափոխական զորքերից (1792) և ապա Նապոլեոն Առաջինից՝ զրկվեց իր տիրապետությունների մեծ մասից և հրաժարվեց Գերմանիայում ունեցած ազդեցությունից։ 1806 թվականին վերացվեց Հռոմեական սրբազան կայսրությունը։ Նապոլեոնյան Ֆրանսիայի պարտությունից հետո, Վիեննայի կոնգրեսի (1814—1815) որոշմամբ, Ավստրիային վերադարձվեցին կորսված տերիտորիաները, վերականգնվեց նրա ազդեցությունը Գերմանիայում։ Տնտեսապես համեմատաբար հետամնաց Ավստրիան դարձավ հետադիմության գլխավոր պատվարներից մեկը Եվրոպայում։ Դա դրսևորվեց Վիեննայի կոնգրեսում Ավստրիայի քաղաքականության մեջ և հատկապես հակահեղափոխական Սրբազան դաշինքի (1815) ստեղծման գործում։ 1821 թվականին Ավստրիայի զինված ուժերը ճնշեցին հեղափոխությունները Նեապոլիտանական թագավորությունում և Պիեմոնտում։

Ավստրո-Հունգարիան 1914 թվականին

Հեղափոխություն և Ավստրո-Հունգարիայի ստեղծում

[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի 30–40-ական թվականներին Ավստրիայում սկսեց զարգանալ կապիտալիզմը, ձևավորվեցին արդյունաբերական բուրժուազիան ու պրոլետարիատը, սակայն ֆեոդալական կարգերն արգելակում էին կապիտալիզմի զարգացումը։ Դասակարգային և ազգային հակասությունների արդյունք էր 1848-ի մարտին բռնկված հեղափոխությունը, որն ընդգրկեց Ավստրիան, Հունգարիան, Չեխիան, Գալիցիան ևն։ Լիբերալ բուրժուազիայի դավաճանության հետևանքով հեղափոխությունը պարտվեց։ Բայց հեղափոխության որոշ նվաճումներ պահպանվեցին, կոռի, բահրայի և այլ պարտավորությունների վերացումը հող նախապատրաստեց կապիտալիզմի արագ զարգացման համար։ Սարդինական թագավորության Ֆրանսիայի (1859), Պրուսիայի և Իտալիայի (1866) դեմ պատերազմներում կրած պարտությունները և 1867 թվականին Հյուսիս–Գերմանական Միության կազմավորումը հանգեցրին նրան, որ Ավստրիան կորցրեց իր ազդեցությունը գերմանական պետությունների վրա և իր դիրքը՝ որպես մեծ տերության։ ճգնաժամային այդ պայմաններում Ավստրիայի կառավարող շրջանները 1867 թվականին համաձայնագիր կնքեցին Հունգարիայի հետ, որով ավստրիական կայսրությունը վերածվեց դուալիստական միապետության՝ Ավստրո-Հունգարիայի, որը 1879 թվականին դաշինքի մեջ մտավ Գերմանիայի հետ՝ ընդդեմ Ռուսաստանի և Ֆրանսիայի։ 1888 թվականին ձևավորվեց Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, որի ղեկավարությունը 90-ական թվականների վերջերին զավթեցին օպորտունիստները։ Իմպերիալիզմի դարաշրջանում Ավստրիայում ուժեղացավ ազգային-ազատագրական պայքարը, լայն թափ ստացավ գործադուլային շարժումը, որոնք առավել չափով խորացան և սրվեցին Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ (1914—1918

Ավստրո-Հունգարիայի դրոշը

Պատերազմում կրած պարտության հետևանքով և Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության անմիջական ազդեցությամբ 1918-ին Ավստրիայում ստեղծվեց հեղափոխական ճգնաժամ։ 1918 թվականի հոկտեմբերից նոյեմբեր ամիսներին Ավստրիայում հաղթանակեց բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունը։ Հաբսբուրգների կայսրությունը քայքայվեց։ Նրա ավերակների վրա ստեղծվեցին նոր, անկախ բուրժուական պետություններ՝ Ավստրիան, Հունգարիան, Չեխոսլովակիան։ Հաբսբուրգների նախկին տիրապետությունների մի մասն անցավ Հարավսլավիային, Լեհաստանին և Ռումինիային։ Հեղափոխության վերելքի պայմաններում ստեղծվում էին բանվորների և զինվորների դեպուտատների սովետներ։ 1918 թվականի նոյեմբերին կազմավորվեց Ավստրիայի կոմունիստական կուսակցությունը։ Աշխատավորական զանգվածների ճնշման տակ 1918 թվականի նոյեմբերի 12-ին Ավստրիան հռչակվեց հանրապետություն։ Եվրոպայում ամենահետադիմական միապետական վարչակարգերից մեկը փոխարինվեց բուրժուա-դեմոկրատական կարգերով։ Պրոլետարիատը ձեռք բերեց որոշ նվաճումներ, բայց ագրարային ոչ մի բարենորոգում չանցկացվեց, հողի զգալի մասը մնաց խոշոր հողատերերի ձեռքում։ Սոցիալ-Դեմոկրատական կուսակցության պարագլուխները ջլատում էին բանվոր դասակարգի ուժերը և խոչընդոտում բուրժուական հեղափոխության վերածմանը պրոլետարականի։ Ավստրիական բուրժուազիային հաջողվեց սոցիալ-դեմոկրատիայի օգնությամբ պահպանել կապիտալիստական կարգերը։ 1919 թվականի սեպտեմբերի 10-ին Ավստրիայում ստորագրեց հաշտության պայմանագիր, որով Ավստրիան դրվում էր Անտանտի տերությունների հսկողության ներքո։ 1920 թվականի հոկտեմբերի 1-ին ընդունվեց Ավստրիայի Հանրապետության սահմանադրությունը։ 1922 թվականի հոկտեմբերի 4-ին Ավստրիայի, Անգլիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Չեխոսլովակիայի հետ ստորագրեց Ժնևի արձանագրությունևերը՝ 650 մլն. կրոն (ոսկով) միջազգային փոխառություն ստանալու մասին։ Ավստրիայի գրեթե ամբողջ ֆինանսները դրվում էին Ազգերի լիգայի նշանակած գլխավոր կոմիսարի վերահսկողության ներքո։ 1924 թվականի փետրվարին Ավստրիան դիվանագիտական հարաբերություններ հաստատեց ԽՍՀՄ-ի հետ։

1927 թվականի հուլիսյան իրադարձությունների հետևանքները

[խմբագրել | խմբագրել կոդը]

1927 թվականի իրադարձություններից հետո առաջացան նոր աջակողմյան մարտական կազմակերպություններ։

  • 1927 թվականին «Ազատության Լիգա» (գերմ. ՝ ) ռուս. (գերմ. ՝ Freiheitsbund) սոցիալ-դեմոկրատների գործողություններից պաշտպանվելու համար։
  • 1929-1930 "Բոուերնվեր" (գերմ. ՝ Բոուերնվեր)) ռուս."(գերմ. ՝ Bauernwehr) - "գյուղացիական միլիցիա":
  • 1932 թվականին վերանվանվել է" կանաչ ճակատ", գերմ. ՝ Grüne Front:
  • 1930 թվականին "Ավստրիական գրոհայինները" (գերմ. ՝ ) ռուս."(գերմ. ՝ Ostmärkische Sturmscharen), կղերական-ֆաշիստական, բայց ոչ գերմանամետ կազմակերպություն ։

Չնայած դրան, Ընդհանուր առմամբ, 1920-ականների վերջը բավական հաջող էր ավստրիական տնտեսության համար, ինչը թույլ տվեց բարձրացնել աշխատավարձը և կառուցել քաղաքային բնակարաններ աշխատողների և պետական ծառայողների համար։ Մեծ դեպրեսիան, որը սկսվեց 1929-ի վերջին, հանգեցրեց զանգվածային գործազրկության և խաչ քաշեց սոցիալական ծրագրերի վրա, ինչը կրկին սրեց աջերի և ձախերի պայքարը։

1930-ի մայիսին աջակողմյան մարտական կազմակերպությունը՝ Հեյմվերը, բերեց այսպես կոչված «Կորնոյբուրգի երդում»՝ խորհրդարանական ժողովրդավարության ամբողջական վերացման և այն «հայրենասերների իշխանության» փոխարինման համար պայքարելու համար՝ հասարակության և եկեղեցու հետ լայն դաշինքում։ 1930-ի մայիսին Ավստրիայի կառավարությունը հաստատեց, որ «արևմտյան ժողովրդավարությունը» և «արևմտյան ժողովրդավարությունը» անընդունելի են Ավստրիայի համար։ 1930-ի մայիսին աջակողմյան մարտական կազմակերպությունը Սոցիալ-դեմոկրատները հաղթեցին Վիեննայի 1932 թվականի տեղական ընտրություններում պարտված աջ ուժերը վախենում էին պարտությունից համապետական խորհրդարանական ընտրություններում և ուղղություն վերցրեցին իշխանությունը բռնի կերպով զավթելու և ընդհանրապես ժողովրդավարական ընտրությունները չեղարկելու համար։ Այս դասընթացին ակտիվորեն աջակցում էր Բենիտո Մուսոլինին։

Ավստրիան նացիստական Գերմանիայի տիրապետության ներքո

[խմբագրել | խմբագրել կոդը]

1929-1933 թվականների համաշխարհային տնտեսական ճգնաժամը ծանր հետևանքներ ունեցավ Ավստրիայի տնտեսության համար։ Կառավարող շրջանները սոցիալական հակասություններից և տնտեսական դժվարություններից դուրս գալու նպատակով մերձեցան իտալական ֆաշիզմի և գերմանական նացիզմի հետ։ 1933 թվականի մարտին արձակվեց պառլամենտը, վերացվեց մամուլի և ժողովների ազատությունը, ապրիլին ցրվեց Շուցբունդ Սոցիալ-Դեմոկրատական զինվորական կազմակերպությունը, մայիսին արգելվեց կոմկուսակցությունը։ 1930-ական թվականներին Ավստրիան դարձավ պրոիտալական և պրոգերմանական խմբավորումների պայքարի ասպարեզ։ Կանցլեր է. Դոլֆուսը, որը կողմնորոշում էր դեպի Իտալիան, 1934 թվականին սպանվեց Հիտլերի գործակալների՝ ավստրիական նացիստների ձեռքով։ 1936 թվականին Կուրտ Շուշնիգի կառավարությանը պայմանագիր կնքեց Գերմանիայի հետ, որով Ավստրիան փաստորեն պարտավորվում էր հետևել հիտլերյան Գերմանիայի քաղաքականությանը։ 1938 թվականի փետրվարի 12-ին Հիտլերը Ավստրիային վերջնագիր ներկայացրեց՝ պահանջելով գործողությունների լիակատար ազատություն ընձեռել ավստրիական հիտլերականներին և նրանց ներկայացուցիչներին ընդգրկել կառավարության մեջ։ Շուշնիգը տեղի տվեց, սակայն աշխատավորական զանգվածների ճնշման ներքո ստիպված էր մարտի 13-ին Ավստրիայի ճակատագրի վերաբերյալ ժողովրդական հարցում նշանակել։ Մինչ այդ՝ մարտի 11-ի լույս 12-ի գիշերը, հիտլերյան զորքերը օկուպացրին Ավստրիան։ Անգլիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի թողտվությամբ հիտլերականները հռչակեցին Ավստրիայի միացումը Գերմանիային։ Միակ պետությանը, որ հանդես եկավ դրա դեմ Սովետական Միությունն էր։ Նացիստական տիրապետության յոթ տարիները (1938—45) Ավստրիայի պատմության ամենամռայլ շրջանն էին։ Երկրի ամբողջ տնտեսությունը ենթարկվեց Գերմանիայի ռազմական կարիքներին։ 1943 թվականին ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի և Անգլիայի արտաքին գործերի նախարարները Մոսկվայի խորհրդակցությունում հայտարարեցին «Ավստրիան ազատ և անկախ տեսնելու» երեք տերությունների ցանկության մասին։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքը Եվրոպայում (անիմացիա)։ Ավստրիան ևս առանցքային երկիր է։

Հետպատերազմյան շրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիտլերյան լծից Ավստրիան փրկելու գործում վճռական դեր խաղաց խորհրդային բանակը, որը 1945 թվականի ապրիլի 13-ին ազատագրեց Վիեննան։ Ավստրիան բաժանվեց խորհրդային ամերիկյան, անգլիական և ֆրանսիական օկուպացիոն գոտիների։ 1945 թվականի ապրիլին Վիեննայում ստեղծվեց Ավստրիայի ժամանակավոր կառավարություն, որի իրավասությունն աստիճանաբար տարածվեց ամբողջ երկրի վրա։ 1946-1948 թվականներին Ավստրիայում ազգայնացվեցին ծանր արդյունաբերության զգալի մասը և երեք խոշոր բանկեր։ 1955 թվականի մայիսի 15-ին ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի, Անգլիայի, Ֆրանսիայի և Ավստրիայի ներկայացուցիչները Վիեննայում ստորագրեցին «Անկախ և դեմոկրատական Ավստրիայի վերականգնման մասին պետական պայմանագիրը», որով վերացվեց Ավստրիայի օկուպացումը։ 1955 թվականի հոկտեմբերի 26-ին Ավստրիայի խորհրդարանը օրենք ընդունեց Ավստրիայի մշտական չեզոքության մասին։ Ավստրիան պարտավորվել է չմիանալ ոչ մի ռազմական դաշինքի և թույլ չտալ օտարերկրյա ռազմական բազաներ ստեղծել իր տարածքում։ Ավստրիայի չեզոքությունը ճանաչել են աշխարհի շատ պետություններ։ 1955 թվականի դեկտեմբերին Ավստրիան դարձավ ՄԱԿ-ի անդամ։ 1962 թվականից բանակցություններ են տեղի ունենում ընդհանուր շուկային Ավստրիայի մասնակցության շուրջը։ 1945-1966 թվականներին իշխանության գլուխ էին կանգնած երկու խոշոր կուսակցաթյունների՝ Ավստրիական ժողովրդական կուսակցության (ԱԺԿ) և Ավստրիայի սոցիալիստական կուսակցության (ԱՍԿ) ներկայացուցիչներից կազմված կոալիցիոն կառավարությունները։ 1966 թվականի մարտի 6-ի պառլամենտական ընտրություններում ԱԺԿ ստացավ Ազգային խորհրդի տեղերի բացարձակ մեծամասնությունը և կազմեց միակուսակցական կառավարություն։ 1971 թվականի մարտին, Ազգային խորհրդի ընտրություններում ԱՍԿ կազմեց իր միակուսակցական կառավարությունը։

Պետական կարգ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրիան Ֆեդերատիվ Հանրապետություն Է։ Գործող սահմանադրությունը ընդունվել է 1920 թվականին (1929 թվականի և 1938-1945 թվականների փոփոխություններով)։ Ընտրելու իրավունք ունեն 19 տարին բոլորած անձինք, ընտրվելու՝ 25 տարեկանից։ Պետության ղեկավարը՝ պրեզիդենտը, ընտրվում է 6 տարով՝ ընդհանուր ընտրական իրավունքի հիման վրա։ Օրենսդիր իշխանության բարձրագույն մարմինը՝ պառլամենտը, կազմված է 2 պալատից՝ Ազգային և Ֆեդերալ խորհուրդներից։ Գործադիր իշխանությունը կենսագործում է կառավարությունը (կանցլեր, փոխկանցլեր, մինիստրներ)։ Կանցլերին, իսկ նրա առաջարկությամբ նաև կառավարությաև մյուս անդամներին նշանակում է պրեզիդենտը։ Կառավարությունը պատասխանատու է Ազգային խորհրդի առաջ։

Վարչական բաժանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն Ավստրիայի անկախության հռչակագրի՝ Ավստրիան համարվում է Ֆեդերատիվ Հանրապետություն և բաժանված է 9 ֆեդերալ շրջանների (գերմ.՝ Bundesländer

  1. Բուրգենլանդ (Burgenland)
  2. Կարինտիա (Kärnten)
  3. Ստորին Ավստրիա (Niederösterreich)
  4. Վերին Ավստրիա (Oberösterreich)
  5. Զալցբուրգ (Salzburg)
  6. Շտիրիա (Steiermark)
  7. Տիրոլ (Tirol)
  8. Ֆորարլբերգ (Vorarlberg)
  9. Վիեննա (Wien)

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավստրիան քարտեզի վրա
Տիեզերքից կատարված նկարահանումներով կազմված քարտեզ

Բնությունը

Ավստրիայի տարածքի 3/4 կազմված է Արևելյան Ալպերի ծալքակոշտավոր և ծալքավոր երիտասարդ լեռնաշղթաներից, որոնք արևմուտքում հասնում են 3.300-3.500 մ և ավելի, արևելքում՝ 2.400 մ բարձրության։ Հարավում և հյուսիսում լեռներն ավելի ցածր են, աչքի են ընկնում մեծ թեքությամբ և խիստ կտրտվածությամբ։ Արևելյան Ալպերին բնորոշ են երկայնակի ընդարձակ հովիտները (Ինն, Զալցախ, Էնս և այլ գետերի), իսկ արևելքի նախալեռներին՝ գոգավորությունները (Գրացի, Կլագենֆուրտի են)։ Արևելքում է Շտիրիաբուրգենլանդյան բլրապատ թեք հարթավայրը, հյուսիսում և հյուսիս-արևելքում՝ Մյուլֆիրտել, Վալդֆիրտել, Վեյնֆիրուել ցածր լեռները (400—900 մ)։ Արևելյան Ալպերը կազմված է բյուրեղային թերթաքարերից և պալեոզոյան ապարներից։ Ավստրիայի արևելյան մասը հարում է Վիեննայի ավազանի նեոգենի նստվածքներով լցված երիտասարդ իջվածքներին։

Օգտակար հանածոներ և ջրային ռեսուրսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգտակար հանածոներից են նավթը, գազը, մագնեզիտը ևն։ Հայտնի են Բադեն և Բադ Իշլ հանքային ջրերը։

Նկարված է տիեզերքից

Կլիման հարթավայրերում և նախալեռներում բարեխառն-ցամաքային է, արևմուտքում՝ ավելի խոնավ։ Հունվարի միջին ջերմաստիճանը - 1 °C–ից 4 °C է, հուլիսինը՝ 15 °C-ից 18 °C։ Տարեկան տեղումները 500-900 մմ են, լեռներում՝ 1.500—2.000 մմ։ Լեռնային շրջաններում ձյունը մնում է 7-8 ամիս։

Ավստրիայի տարածքի հիմնական մասը գտնվում է Դանուբի ավազանում, միայն ծայրագույն արևմուտքն է պատկանում Հռենոսի ավազանին։ Գլխավոր գետը Դանուբն է՝ Ինն, Լնս, Դրավա և Մորավա խոշոր վտակներով։ Գետերն աչքի են ընկնում մեծ անկումով, արագահոսությամբ և էլեկտրաէներգիայի զգալի պաշարներով։ Ավստրիայում կա 580 լիճ, գլխավորապես՝ սառցադաշտային ծագման։ Գերմանիայի և Շվեյցարիայի սահմանում է Բոդենի մեծ լիճը, Հունգարիայի՝ Նյոյգիդլեր Զե լիճը։

Գերակշռում են ճմապոդզոլային և գորշ անտառային, հարավ-արևելքում՝ խիստ պոդզոլացված և լվացված սևահողերը, լեռներում՝ գորշ լեռնապոդզոլային և լեռնամարգագետնային հողերը։

Բուսական և կենդանական Աշխարհ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուսականությունն առավելապես անտառային է։ Մինչև 600-800 մ բարձրություններում հանդիպում են կաղնու, հաճարենու, հացենու անտառներ, որոնք վերևում կազմում են համատարած գոտի։ 1.400 մ բարձրության վրա կան փշատերև ծառատեսակներ։ Խառը և փշատերև անտառները հասնում են մինչև 1.800 մ։ 2.000—3.000 մ բարձրության վրա տարածված են Ալպյան մարգագետինները։ Անտառային գոտում՝ գլխավորապես արգելավայրերում (Բարձր Տաուեռն, Գրոս՝ գլոքներ), պահպանվել են Եվրոպայի համար հազվադեպ ազնիվ եղջերուն, որմզդեղնը, այծյամը, գորշ արջը, վայրի խոզը, լեռնային արծիվը, բարձր լեռնային շրջաններում՝ ալպյան արջամուկը, լեռնայծը։

Ավստրիաի մակերևույթի 3/4 կազմված է Արևելյան Ալպերի ծալքակոշտավոր և ծալքավոր երիտասարդ լեռնաշղթաներից, որոնք արևմուտքում հասնում են 3300—3.500 մ և ավելի (Գրոսգլոքներ՝ 3797 մ), արլ-ում՝ 2400 մ բարձրության։ Հարավում և հյուսիսում լեռներն ավելի ցածր են, աչքի են ընկնում մեծ թեքությամբ և խիստ կտրտվածությամբ։ Արևելյան Ալպերին բնորոշ են երկայնակի ընդարձակ հովիտները (Ինն, Զալցախ, Էնս և այլ գետերի), իսկ արևելքի նախալեռներին՝ գոգավորությունները (Գրացի, Կլագենֆուրտի են)։ Արևելքում է Շտիրիաբուրգենլանդյան բլրապատ թեք հարթավայրը, հյուսիսում և հյուսիս-արևելքում՝ Մյուլֆիրտել, Վալդֆիրտել, Վեյնֆիրտել ցածր լեռները (400-900 մ)։ Արևելյան Ալպերը կազմված է բյուրեղային թերթաքարերից և պալեոզոյան ապարներից։ Ավստրիաի արևելյան մասը հարում է Վիեննայի ավազանի Նեոգենի նստվածքներով լցված երիտասարդ իջվածքներին։ Օգտակար հանածոներից են նավթը, գազը, մագնեզիտը և այլն։ Հայտնի են Բադեն և Բադ Իշլ հանքային ջրերը։ Կլիման հարթավայրերում և նախալեռներում բարեխառն-ցամաքային է, արևմուտքում՝ ավելի խոնավ։ Հունվարի միջին ջերմաստիճանը - 1 °C–ից 4 °C է, հուլիսինը՝ 15 °C-ից 18 °C։ Տարեկան տեղումները 500— 900 մմ են, լեռներում՝ 1.500—2.000 մմ։ Լեռնային շրջաններում ձյունը մնում է 7-8 ամիս։ Ավստրիաի տարածքի հիմնական մասը գտնվում է Դանուբի ավազանում, միայն ծայրագույն արևմուտքն է պատկանում Հռենոսի ավազանին։ Գլխավոր գետը Դանուբն է՝ Ինն, Լնս, Դրավա և Մորավա խոշոր վտակներով։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրիայի բնակչության մեծամասնությունը (97 %) ավստրիացիներ են, մնացածները մեծ մասամբ՝ սլովեններ, խորվաթներ, հունգարացիներ, չեխեր, ինչպես նաև հրեաներ, սերբեր ու գնչուներ, Արևելյան Եվրոպայի երկրներից և Արևմտյան Գերմանիայից ներգաղթած գերմանացիներ։ Պետական լեզուն գերմաներենն է։ Բնակչության 90 % կաթոլիկներ են, 6 %՝ բողոքական-լյութերականներ։ Տնտեսապես ակտիվ բնակչությունը կազմում է 4,3 մլն։ Երկրի բնակչության 70 %-ից ավելին կենտրոնացած է Վիեննայի ավազանում, Դանուբի և Հռենոսի հովիտներում, Շտիրիա-Բուրգենլանդյան հարթավայրում։ Քաղաքներում ապրում է բնակչության 65 %-ից ավելին, որից մոտ 22 %՝ Վիեննայում։ Գերակշռում են 10-15 հազար բնակիչ ունեցող քաղաքները։ Խոշոր քաղաքներն են՝ Վիեննան, Գրացը, Լինցը, Զալցբուրգը, Ինսբրուքը։

Տնտեսա-աշխարհագրական ակնարկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր բնութագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրիան կապիտալիզմի զարգացման բարձր մակարդակ ունեցող ինդուստրիալ-ագրարային երկիր է, որի տեսակարար կշիռը կապիտալիստական աշխարհի արդյունաբերական արտադրանքի մեջ 1970 թվականին կազմել է 0,8 %։ 1966 թվականին հասարակական ամբողջական արդյունքի արժեքի 40,8 % տվել են արդյունաբերությունն ու արհեստագործությունը, 7,4 %՝ գյուղատնտեսությունն ու անտառային արդյունաբերությանը, 13,8 %՝ առևտուրը, 6 %՝ տրանսպորտը, 32 %՝ շինարարությանն ու սպասարկումը։ Գյուղատնտեսությունն ապահովում է երկրի պարենային պահանջի 80-85 %։ Տրանսպորտում մեծ տեղ են գրավում տարանցիկ բեռները։ էկոնոմիկայի եկամտաբեր ճյուղը օտարերկրյա զբոսաշրջիկների սպասարկումն է (տարեկան մինչև 10 մլն մարդ)։ Համախառն արտադրանքի 25 % արտահանվում, մեծ քանակությամբ ներմուծվում է հումք, վառելիք և պարեն։ Ավստրիայի կախումն արտաքին շուկայից պայմանավորված է նրա զարգացման սոցիալ-պատմական պայմաններով։ Լեռնահանքային արդյունաբերությունը հիմնված է բազմազան օգտակար հանածոների ոչ մեծ պաշարների վրա։ Հնուց Ավստրիայում արդյունահանում են երկաթահանք (էյզեներց), ցինկ-կապար (Բլայբերգ) և պղինձ (Զալցբուրգ)։ Համաշխարհային կապիտալիստական տնտեսության մեջ Ավստրիան աչքի է ընկնում մագնեզիտի հանույթով (Շտիրիա, Կարինտիա)։

Գյուղատնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավստրիական Շոպերնաու գյուղի համայնապատկերն ամռանը
Զալցբուրգ
Լինց
Ինսբրուք
Վիեննա

Գետահովիտներում կլիման չափավոր տաք է ու մեղմ։ Ավստրիայի սեփական հացահատիկը չի բավարարում, ուստի նա հացահատիկ է գնում ուրիշ երկրներից։ Երկրում նավարկելի միակ գետը Դանուբն է։ Ավստրիայում զարգացած է արդյունաբերությունը։ Երկրի ընդերքից արդյունահանում են մագնեզիտ, նավթ, գազ, տարբեր մետաղների հանքաքարեր։

Ավստրիայում լեռնահանքային արդյունաբերությունը հիմնված է բազմազան օգտակար հանածոների ոչ մեծ պաշարների վրա։ Արդյունահանում են նավթ, գազ, երկաթ, ցինկ, կապար, պղինձ, մագնեզիտ, գրաֆիտ, կերակրի աղ, գորշ ածուխ և այլն։ Գործարաններն ու ֆաբրիկաները թողարկում են բարձրորակ տարբեր սարքեր ու մեքենաներ, գործվածքներ ու տպագրական թուղթ։

Երկիրն ունի բազմաճյուղ գյուղատնտեսություն։ Մշակում են ցորեն, աշորա, եգիպտացորեն, կարտոֆիլ, խաղող, մրգեղեն, սակայն սեփական հացահատիկն իրենց չի բավարարում, ուստի այն ներկրում են այլ երկրներից։ Գյուղատնտեսության գլխավոր ճյուղը անասնաբուծությունն է։ Ավստրիան հռչակված է ցեղական խոշոր եղջերավոր կենդանիների բուծմամբ։ Ամեն տարի Վիեննայի աշխատավորները, իրենց երախտագիտությունն արտահայտելով խորհրդային մարդկանց՝ Ավստրիայի ազատագրման գործում նրանց ունեցած ավանդի համար, թարմ ծաղիկներ են դնում Շվարցենբերգի հրապարակում գտնվող խորհրդային բանակի մարտիկների հուշարձանին։

Ամեն տարի միլիոնավոր օտարերկրյա զբոսաշրջիկներ են այցելում Ավստրիա, ծանոթանում նրա տեսարժան վայրերին, որոնցով հարուստ է այդ երկիրը։ Նրանք դահուկասահքի են ելնում Ալպերում, բուժվում առողջարանների բուժիչ ջրերով, այցելում հին դղյակներն ու թանգարանները։ Շատ թանգարաններ, հինավուրց պալատներ ու զբոսայգիներ կան հատկապես երկրի մայրաքաղաքում՝ գեղատեսիլ Վիեննայում։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնավորվել է XI–XII դդ.։ Վաղ շրջանում զարգացել է հոգևոր գրականությունը (միանձնուհի Ավայի պոեմները)։ 1160 թվականին ասպետ Հայնրիխ ֆոն Մելքը գրել է «Հիշեցում մահվան մասին» երգիծական պոեմը, որտեղ քննադատել է ավատատիրական կալվածատերերի կյանքը։ XII — XIII դդ. պոեզիան ծաղկել է - պալատական միջավայրում (Գիտմար ֆոն Այստ, Ռայնմար ֆոն Հագենաու)։ XII–XIII դդ. գրականությունը ավելի է մոտեցել ժողովրդական ստեղծագործությանը (միննեզինգերներ Վալտեր ֆոն դեր Ֆոգնլվայդեն, ՝ Ն. ֆոն Ռյոյենթալը և ուրիշներ)։ XIII դ. սկզբնավորվել է բյուրգերական գրականությունը (Շտրիկերի «Քահանա Ամիսը»)։ XIII—XIV դդ. բյուրգերական գրականությունը հարստացել է երգիծական ստեղծագործություններով (Հայնրիխ Տայխներ)։ Ավստրիայի գրականությունը զգալի առաջընթաց է ապրել Վերածննդի դարաշրջանում։ Առանձնապես զարգացել է դրամատուրգիան։ Այդ շրջանի ռեալիստական արձակի ներկայացուցիչ Աբրահամ ա Սանտա Կլարան իր «Սրիկայապետ Հուդա» երգիծական ստեղծագործությունում (1686—95) քննադատել է ավատական հասարակության վերնախավին։ XVIII դ. զարգացել է լուսավորական գրականությունը։ Սենտիմենտալիզմի շունչ ունի Մ. Գենիսի պոեզիան։ XVIII դ. վերջին և XIX դ. սկզբին ձևավորված ռոմանտիզմի զարգացմանը նպաստել են Ֆ. Գրիլպարցերը, Ի. Ցեդլիցը և Ն. Լենաուն, որոնք իրենց ստեղծագործություններում բողոքել են անհատի ներքին և արտաքին կաշկանդումների դեմ։ XIX դ. կեսերից գրականության մեջ աստիճանաբար տիրապետող է դարձել քննադատական ռեալիզմը։ Գյուղի կենցաղն է նկարագրել արձակագիր Պ. Ռոզեգերը։ XIX դ. 70-ական թթ. գրականության մեջ նկատելի են անկումային, հետադիմական գաղափարների արտահայտություններ։ Բերտա ֆոն Զուտները «Ցած դրեք զենքերդ» (1889) պացիֆիստական ստեղծագործության համար արժանացավ նոբելյան խաղաղության մրցանակի։ Դրամատուրգ և քննադատ Հ. Բահրը «Նատուրալիզմի հաղթահարումը» (1891) աշխատությամբ սկզբնավորել է նոր գրական ուղղություններ՝ իմպրեսիոնիզմ և նեոռոմանտիզմ։ Նրան հետևել են Հ. ֆոն Հոֆմանսթալը, Ա. Շնիցլերը, Ռ. Մ. Ռիլկեն և ուրիշներ։ 1910–11 թվականներին զարգացել է էքսպրեսիոնիստական ուղղությունը (Գ. Թրակլ, Ֆ. Վերֆել)։ Երկու համաշխարհային պատերազմների միջև ընկած ժամանակամիջոցում Ավստրիայի գրականության մեջ մեծ հաջողության է հասնում գեղարվեստական արձակը։ էքսպրեսիոնիզմից ռեալիզմի է անցել Ֆ. Վերֆելի ստեղծագործությունը («Մուսա լեռան քառասուն օրը» վեպը, 1934, որը նվիրված է առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ թուրք ջարդարարների դեմ մուսալեռցի հայերի ինքնապաշտպանական կռիվներին)։ Ֆաշիզմի կողմից Ավստրիայի օկուպացումը ծանր է անդրադարձել գրականության և նրա ներկայացուցիչների վրա։ Ֆաշիզմից ազատագրվելուց հետո ազգային գրականությունը իրենց երկերով հարստացրել են Է. Ֆիշերը, Ֆ. Չոկորը, Է. Պրիսոերը։

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրիայի ճարտարապետության վերելքը տեղի է ունեցել միջին դարերում. XI–XIII դդ. կառուցվել են ռոմանական ոճի բազիլիկներ Գուրկեում և Զեկաուում, մատուռներ, XIII—XV դդ.՝ գոթական ոճի երկուսից չորսնավանի եկեղեցիներ։ Հայտնի է Սուրբ Ատեֆանի մայր տաճարը Վիեննայում։ Վերածնության դարաշրջանում Վիեննայի, Գրացի, Ինսբրուքի և այլ քաղաքների ամրոցները վերակառուցվել են թուրքական արշավանքներից պաշտպանվելու համար։ XVI–XVIII դդ. Ավստրիայում բարձր զարգացման է հասել բարոկկոյի ոճի ճարտարապետությունը (Ֆիշեր ֆոն էռլախ, Հիլդերբրանդ և ուրիշներ)։ Հիասքանչ տաճարներ, պալատական շինություններ են կառուցվել Վիեննայում, Զալցբուրգում, Լինցում, Մելկում, որոնք աչքի են ընկնում ձևերի հարստությամբ, ազատ հատակագծով։ XIX դ. առաջին կեսի ճարտարապետության մեջ իշխում էր կլասիցիզմը, 2-րդ կեսին՝ էկլեկտիկ ոճը, որը XX դ. սկզբին փոխարինվեց «մոդեռն» ոճով, կառուցվեցին բազմաթիվ հասարակական շենքեր՝ օպերայի, պառլամենտի, քաղաքապետարանի (Ռատուշա) և ժողովրդական թատրոնի շենքերը Վիեննայում։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծվեցին մի շարք ժամանակակից ոճով շինություններ (ճարտարապետներ՝ Ֆ. Շուստեր, Վ. Ֆրանկ)։

Վիեննայի կերպարվեստի ակադեմիա

Ավստրիայի տարածքում գտնվել են նախնադարյան արվեստի բազմաթիվ նմուշներ. հին քարի դարի «Վիլլենդորֆի վեներան»՝ սխեմատիկ ձևերով արձանիկը, նոր քարի դարի խեցեղեն, բրոնզի դարի գործիքներ, զենքեր, հալշտատյան և լատենյան՝ վաղ կելտական մշակույթի առարկաներ, հռոմեական տիրապետության շրջանի (մ.թ.ա. I դարից մ.թ. 5-րդ դար) տեղական կերպարվեստի գործեր։ Պահպանվել են ռոմանական և գոթական ոճի բազմաթիվ հուշարձաններ։ Վերածննդի արվեստը Ավստրիայում կազմավորվեց 16-րդ դարում (Վ. Հուրերի գեղանկարչությունն ու գրաֆիկան)։ Ավստրիայի արվեստը միջազգային նշանակության ստացավ բարոկկոյի դարաշրջանում (17-րդ դարից 18-րդ դարեր)։ Ճարտարապետությանը համընթաց զարգացավ դեկորատիվ քանդակագործությունը (Բ. Պերմոզեր, Գ. Ռ. Դոններ, Ֆ. Կ. Մեսսերշմիդ), գեղանկարչությունը (Դ. Դրան, Պ. Թրոգեր, Ֆ. Ա. Մաուլբերչ), կահույքագործությունը, խեցեգործությունը (վիեննական ճենապակի 1718 թվականից)։ Դեպի կլասիցիզմ անցումը (18-րդ դարի վերջին քառորդ) դրսևորվեց Ի. Բ. Լամպիի, Գ. Ֆ. Ֆյուգերի, 3. Գրասսիի կատարած դիմանկարներում։ XIX դ.առաջին կեսին գեղանկարչության ասպարեզում տիրապետում էր քնարականությամբ երանգավորված ռոմանտիզմը։ Դարի կեսին հաստատվեց բիդերլեայերի արվեստը։ 19-րդ դարի երկրորդ կեսին գեղանկարչության ասպարեզում իշխում էր ռեալիզմը։ 1897 թվականին Վիեննայում կազմավորվեց «Սեցեսիոն» գեղարվեստական միավորումը, որը դարձավ անզուսպ դեկորատիվային երևակայությամբ հագեցված «մոդեռն» ոճի օրրանը։ 20-րդ դարի սկզբին գեղանկարչության ու գրաֆիկայի բնագավառում հաստատուն տեղ գրավեցին սուբյեկտիվիզմն ու ֆանտաստիկան, ապա էքսպրեսիոնիզմը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո աբստրակցիոնիզմի (քանդակագործ Ֆ. Վոտրուբա) և սյուրռեալիզմի (գեղանկարիչ Է. Ֆաքս) հետ միաժամանակ շարունակվում են ռեալիզմի հումանիստական ավանդույթները (Օ. Կոկոշկա, Դոբրովսկի)։

Հայտնի ուսուցիչներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրիայի երաժշտության ինքնատիպությունը պայմանավորված է երկրի բնակչության բազմազգ բնույթով և տարբեր երաժշտական մշակույթների (լատինական, գերմանական, հունգարական, իտալական և այլն) ազդեցությամբ։ Վաղ միջնադարում Ավստրիայի ժողովրդական երաժշտության տարածողները թափառաշրջիկ երգիչներն ու շպիլմաններն էին, ապա վագանտները՝ փախստական վանականները, որոնք ստեղծում էին հակաեկեղեցական երգեր։ VIII—XIII դդ. երաժշտական արվեստի կազմավորմանը նպաստեցին մենաստանները։ XII–XIIIդդ. մշակվեց միննեզինգերների պոեզիան, որոնք իրենց ստեղծագործության մեջ հենվում էին ժողովրդական երգերի վրա։ XIV դ. վերջին հանդես են գալիս ժողովրդական բազմաձայնության առաջին նմուշները։ XV դ. Վիեննայում, Ինսբրուքում, Գրացում կազմակերպվեցին առաջին պալատական երգչախմբերը։ XV–XVI դդ. ֆլամանդացի Հ. Իզաակի և ուրիշների շնորհիվ Ավստրիայի երաժշտության մեջ ներդրվեցին բազմաձայնության նիդերլանդական սկզբունքները։ 1498 թվականին Վիեննայում հիմնադրվեց կայսերական կապելլան։ XVII–XVIII դդ. Վիեննայում ապրել և ստեղծագործել են իտալական դպրոցի կոմպոզիտորներ Ա. Չեստին, Ա. Սալիերին և ուրիշներ։ 1741 թվականին հիմնադրվեց «Բուրգթեատր»–ը, ուր բեմադրվեցին Ի. Ումլաուֆի և Կ. Դիտերսդորֆի զինգշպիլները։ XVIII դ. ավստրիական ականավոր կոմպոզիտորներից է Ի. Ֆաքսը։ XVIII դ. կեսին կազմավորվում է, այսպես կոչված, հին վիեննական դպրոցը (Գ. Կ. Վագենզեյլ, Մ. Մոնն և ուրիշներ) և ավելի ուշ՝ վիեննական դասական դպրոցը, որի ներկայացուցիչներն էին Յ. Հայդնը, Վ. Մոցարտը և Վիեննայում ապրող գերմանացի կոմպոզիտոր Լ. Բեթհովենը։ Նրանց հարեց Ք. Վ. Գժուկը։ Երաժշտական ռոմանտիզմը սկզբնավորվեց Ֆ. Շուբերտի ստեղծագործության մեջ։ XIX դ.երկրորդ կեսին, որպես ուշ ռոմանտիկ՝ հանդես եկավ կամերային վոկալ ժանրի վարպետ Հ. Վոլֆը։ Այդ շրջանում ավստրիական երաժշտական կյանքում մեծ դեր խաղացին Յ. Բրամսի ստեղծագործությունները։ Ավստրիան վալսի հայրենիքն է։ XIX դ. վերջին և XX դ. սկզբին վերածնվեց ավստրիական սիմֆոնիզմը (Ա. Բրուքներ, Գ. Մահլեր)։ 1900-ական թթ. Ավստրիայում սկզբնավորվեց մոդեռնիստական նոր վիեննական դպրոցը (Ա. Շյոնբերգ, Ա. Վեբեռն, Ա. Բերգ)։ Ավստրիական մոդեռնիստներից են նաև Ֆ. Շրեկերը և է. Կշենեկը։ ժամանակակից ավստրիական երաժշտության մեջ գոյակցում են տարբեր ուղղություններ և դպրոցներ։ Տարբեր ֆորմալիստական ուղղությունների ներկայացուցիչների (Հ. Ելինեկ, Հ. Է. Ապոստել և ուրիշներ) հետ համընթաց ստեղծագործում են նեոկլասիցիստները (Պ. Անգերեր, Կ. Շիսկե)։ Դասական ավանդույթները շարունակվում են Յ. Մարքսի, Ա. Ուլի, Օ. Զիգլի, Մ. Ռուբինի ռեալիստական ստեղծագործություններում։

Ավստրիայի թատրոնը սկսել է ձևավորվել XVI դ.։ Սկզբնական շրջանում ներկայացումներ էին տալիս իմպրովիզատոր-դերասանների թափառաշրջիկ խմբերը։ Գլխավոր գործող անձը Հանսվուրսան էր։ XVI դ. վերջին և XVII դարում ճիզվիտական կոլլեգիումներին (ուսումնական հաստատություն) կից գործում էին թատրոններ։ Վիեննայում 1709 թվականին կառուցվեց «Քեռնթներթորթեատր»–ը, ուր դերասան և դրամատուրգ Յ․ Ստրանիցկին 1712 թվականին հիմնադրեց ավստրիական առաջին մշտական թատրոնը։ 1741 թվականին Վիեննայում բացվեց «Պալատին կից արքայական թատրոն»–ը («Բուրգթեսւտր»)։ Ազգային թատրոնի զարգացման համար մեծ նշանակություն ունեցավ դրամատուրգ Ֆ. Գրիլպարցերի պիեսների բեմադրությունը «Բուրգթեսւտըր»–ում։ XVIII դ. վերջին թատրոններ բացվեցին Վիեննայի արվարձաններում՝ «Լեոպոլդշտադթեատր» (1781), «Յոզեֆշտադթեատր» (1788) և այլն, ուր բեմադրվում էին Վ. Մոցարտի և Յ․ Հայդնի օպերաները, զինգշպիլներ, կատակերգություններ Հանսվուրստի մասնակցությամբ։ XIX դ. սկզբին դրամատուրգներ և դերասաններ Ֆ. Ռայմունդն ու Յ․ Նեսթրոյը ստեղծեցին ազգային կատակերգության ինքնատիպ ժանր՝ շարունակելով դեմոկրատական թատրոնի լավագույն ավանդույթները։ 1778 թվականին «Բուրգթեատր»–ին կից բացվեց առաջին թատերական դպրոցը (1909 թվականից՝ Երաժշտության և կերպարվեստի ակադեմիա)։ Թատրոնի ղեկավար (1849—67) Հ. Լաուբեին հաջողվեց հաստատուն տեղ տալ դասականներին (3. Վ. Գյոթե, Վ. Շեքսպիր, Ֆ. Շիլլեր), խումբն ամրապնդել այնպիսի դերասաններով, ինչպիսիք են՝ Ա. Զոնենթալը, 3. Լևինսկին, Շ. Վոլթերը։ 1870—81 թվականներին «Բուրգթեատր»–ը ղեկավարում էր ռեժիսոր Ֆ. Դինգելշտեղը, որը բեմադրեց Շեքսպիրի մի շարք ողբերգությունները, Հ. Իբսենի, Լ. Ան– Ցենգրաբերի և ուրիշների պիեսները։ XIX դ. վերջին թատերական արվեստում ուժեղանում են հակադեմոկրատական միտումները։ 1918 թվականից «Բուրգթեատր»–ը ստեղծագործական վերելք ապրեց (լավագույն դերասաններն էին՝ Գ. Ռայմերյսը, Մ. Դե– Վրիենթը, Ռ. Ասլանը, է. Բալզերը, Ա. Մոիսին և ուրիշներ)։ Առաջադիմական արվեստի համար պայքարում էր «Յոզեֆշտադթեատր»–ը, որը 1924–38 թվականներին ղեկավարում էր Մ. Ռայնհարդը։ 1948–56 թվականներին Վիեննայում գործում էին դեմոկրատական «Սկալա» թատրոնը, «Յոզեֆշտադթեատր»–ը, այսպես կոչված, քելլեր-թատրոնները («նկուղային թատրոններ»)։

Առաջին մշտական կինոթատրոնը բացվել է Վիեննայում, 1903 թվականին։ Անդրանիկ ազգային գեղարվեստական ֆիլմն է «Աստիճանից աստիճան» (1908, ռեժիսոր Հ. Հանուս)։ 1912 թվականին Կոլմը և Ֆլեկը հիմնեցին «Վիներ կունստֆիլմ» կինոֆիրման։ 1914 թվականին Ավստրիայի Կոլովրատի նախագահությամբ կազմակերպվեց «Սաշա-Մեստեր-ֆիլմ» (1918 թվականից՝ «Սաշա-ֆիլմ») բաժնետիրական ընկերությունը, որը երկար ժամանակ Ավստրիայի կինոարտադրության կենտրոնն էր։ 1920–1924 թվականներին Ավստրիայի կինոն վերելք ապրեց։ Հնչուն կինոյի երևան գալուց հետո մեծ թափ հաղորդվեց երաժշտական կինոնկարների թողարկմանը («Դիմակահանդես», 1934 և այլն)։ Ավստրիայի օկուպացումից հետո (1938) կինեմատոգրաֆիայի զարգացումը կանգ առավ։ Ավստրիայի անկախության վերականգնումով վերածնվեց կինոն։ Միջազգային կինոփառատոններում մրցանակների են արժանացել ավստրիական «Դատավարություն» (1948, ռեժիսոր Գ. Վ. Պաբստ), «Վերջին կամուրջը» (1954, ռեժիսոր Հ. Քյոյտներ) ֆիլմերը։ 1950–60-ական թթ. գերակշռում էին երաժշտական կինոնկարները՝ պիեսների, ռևյուների, օպերաների, օպերետների էկրանացումները, կոմպոզիտորներին նվիրված կենսագրական ֆիլմերը («Հերոսական սիմֆոնիա», «Ֆրանց Շուբերտ», «Վիեննայի սիրելին», «Ֆիդելիո», «Տուր ձեռքդ, իմ կյանք» և այլն)։ Առաջին անգամ «Ծեր կնոջ այցը» բեմադրվել է Ցյուրիխում՝ 1956 թ.-ի հունվարի 29-ին։ Թողարկվում են մեծ թվով մելոդրամաներ, ֆարսեր, դետեկտիվ ֆիլմեր։ Ավստրիայի կինոյի խոշորագույն դերասաններից են՝ Պ. Վեսսելին, Հ. Մոզերը, Մարիա Շելլը, Ռ. Շնայդերը, Օ. Վ. Ֆիշերը, ռեժիսորներից՝ Գ. Վ. Պաբստը, Վ. Կոլմ-Վելթեն, Վ. Ֆորստը, Է. Բորզոդին և ուրիշներ։ Կինոգործիչների կադրեր պատրաստում է Երաժշտության և կերպարվեստի ակադեմիան։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ավստրիայի բնակչությունը 2015 թվականին
  2. Ավստրիայի բնակչությունը 2011 թվականին
  3. 3,0 3,1 ԱվստրիայիՀՆԱ-ն
  4. Ավստրիայիանվանական ՀՆԱ-ն
  5. Ավստրիայիմեկ շնչին ընկնող անվանական ՀՆԱ-ն
  6. Ավստրիայի Ջինի
  7. Ավստրիայի ՄԶՀ
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 «Austria». The World Factbook. Central Intelligence Agency. 2009 թ․ մայիսի 14. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 31-ին.
  9. «Die Bevölkerung nach Umgangssprache, Staatsangehörigkeit und Geburtsland» (PDF). Statistik Austria. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 17-ին.
  10. «Austria». Encyclopædia Britannica. 2009 թ․ մայիսի 31. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 31-ին.
  11. Market Liberalism: A Paradigm for the 21st Century, page 247, David Boaz, Edward H. Crane, Cato Institute, Washington D.C. 1993, 978-0-932790-98-9
  12. The Transformation of European Politics, 1763–1848, Oxford History of Modern Europe, page 209, Paul W. Schroeder, Oxford University Press, 1996, 978-0-19-820654-5
  13. «Anschluss». Encyclopædia Britannica. 2009 թ․ սեպտեմբերի 24. Վերցված է 2009 թ․ մայիսի 31-ին.
  14. Lonnie Johnson 17
  15. «Probezählung 2006 – Bevölkerungszahl» (PDF). Statistik Austria (German). 2006 թ․ հոկտեմբերի 31. Վերցված է 2009 թ․ մայիսի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  16. Jelavich 267
  17. «Austria About». OECD. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 20-ին.
  18. «Austria joins Schengen». Migration News. 1995 թ․ մայիս. Վերցված է 2009 թ․ մայիսի 30-ին.
  19. «Austria and the euro». European Commission - European Commission.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավստրիա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 630