Ավլախոտ (լատին․՝ Sisymbrium), աղբաղբուկ, աղբուղ, խոզակնճիթ, կաղամբազգիների (խաչածաղկավորներ) ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 80 (այլ տվյալներով՝ 90), ՀՀ-ում՝ 7 տեսակ՝ ավլախոտ դեղատու (S. officinale), ավլախոտ բարձր (S. altissimum), ավլախոտ երկբլթակ (S. bilobum), ավլախոտ Լյոզելի (S. loeselii) և այլն։ Հանդիպում է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է այգիներում, բանջարանոցներում, հացահատիկի ցանքերում, աղբոտ վայրերում։
Ցողունը կանգուն է, ճյուղավորվող, նոսր մազմզուկածածկ, բարձրությունը՝ 20-70 սմ։ Տերևները հերթադիր են, փետրաբաժան, նեղ գծաձև կամ լայն նըշտարաձև։ Ծաղկաբույլը ողկույզ է, ծաղիկները՝ վառ կամ բաց դեղին։ Ծաղկում է ապրիլ-մայիսին։ Պտուղը պատիճ է, սերմերը՝ մանր։ Որոշ տեսակներ վնասակար կամ թունավոր են. պարունակում են գլիկոզիդներ, որոնք ճեղքվելով՝ առաջացնում են սուր հոտով և համով մանանեխայուղեր, իսկ որոշ տեսակների սերմերն օգտագործում են մանանեխի փոխարեն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։