Չշփոթել Թագադիր ասպետություն (արքունի գործակալություն հին Հայաստանում) հոդվածի հետ։
Ասպետություն, զինվորական դաս միջնադարյանԵվրոպայում՝ կազմված միջին և մանր ֆեոդալներից։ Ասպետները, որպես սենիորի (խոշոր ազնվականի) վասալներ, նրա բանակում զինվորական ծառայության դիմաց վարձատրվում էին հողով։ Ասպետությունը լայն տարածում է գտել XI-XIV դարերում։ Ասպետների եկամտի աղբյուրը գյուղացիության շահագործումը և պատերազմական ավարն էր։ Ասպետները թագավորական ռազմական ուժ էին և միավորվում էին հատուկ օրդենների մեջ, որոնք հետագայում ասպետության, որպես հողատիրական դասի վերացվելուց հետո, պահպանվեցին արքունի բանակներում։ Բացի արքունական ասպետական օրդեններից XI-XII դարերում ստեղծվել էին երեք օրդեններ, որոնց նպատակն էր ուղեկցել և օգնել խաչակիրներին, պաշտպանել և ուժեղացնել Մերձավոր Արևելքում առաջացած ֆրանկական պետությունները։ Այդ օրդեններն էին՝ Հիվանդախնամ կամ Հյուրընկալների (1113), Տաճարականների (1119) և գերմանական Տևտոնյան (1118), որոնք հիմնադրվել էին Երուսաղեմում և գտնվում էին պապականության հովանավորության ներքո։ Ասպետները Մերձավոր Արևելք եկան Խաչակրաց առաջին արշավանքի ժամանակ։ Նրանք հաստատվեցին նաև Կիլիկիաում և տեղի հայ մեծ իշխաններից ու թագավորներից ստանալով հողային նվիրատվություններ՝ դարձան նրանց վասալները։ Օրդենները պարտավոր էին ռազմական օգնություն ցույց տալ հայերին։ Նվիրատվությունները պայմանական բնույթ ունեին և ետ էին խլվում վասալների անհավատարմության դեպքում։ Ասպետական օրդենների (Հյուրընկալների, Տաճարականների, Տևտոնյան) տիրույթներր Կիլիկիայում հիշատակվում են XII դարի առաջին կեսից։ Տևտոնյան օրդենը նվաճողական քաղաքականություն էր վարում սլավոնական ժողովուրդների նկատմամբ Արևելյան Եվրոպայում։ Սակայն ռուսական հողերը գրավելու նրա փորձը վճռական հակահարված ստացավ. 1242 թվականին Նովգորոդի իշխան Ալեքսանդր ՆևսկինՉուդ լճի ճակատամարտում ջախջախեց գերմանական ասպետներին։ Ֆեոդալական հարաբերությունների քայքայման, ինչպես և հրազենի երևան գալու հետևանքով ասպետությունը կորցնում է իր դերը և զրկվում երբեմնի հզորությունից։ Քայքայվող ասպետության որոշ մասը համալրում է մանր ազնվականության շարքերը։ Ասպետները հետևում էին պատվի վարքականոնի (ֆր.՝ chevalerie, անգլ.՝ chivalry, «ասպետականություն»), որի իդեալականացված պատկերը զարգացվել է միջնադարյան եվրոպական գրականության մեջ։ Պատվի ու պարտականության մասին ըմբռնումը հատկանշական էր ասպետության համար։ Այստեղից էլ փոխաբերական իմաստով «ասպետ» նշանակում է անձնուրաց և առաքինի, աշխատանքում բոլորանվեր անձնավորություն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 572)։