Ապաճում
Ապաճում | |
---|---|
Տեսակ | հիվանդություն |
Atrophy Վիքիպահեստում |
Ապաճում, ատրոֆիա (հուն․՝ άτροφεω – քաղցում եմ, հյուծվում եմ), մարդկանց և կենդանիների օրգանների և հյուսվածքների չափերի փոքրացում, որն ուղեկցվում է տվյալ օրգանի կամ հյուսվածքի գործունեության անկումով։ Ապաճման պրոցեսը չպետք է շփոթել օրգանի ի ծնե թերզարգացման՝ հիպոպլազիայի հետ։ Ապաճումը լինում է ֆիզիոլոգիական, ախտաբանական, ընդհանուր և տեղային։
Ֆիզիոլոգիական ապաճում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիզիոլոգիական ապաճումը ի հայտ է գալիս օրգանների կամ հյուսվածքների բնականոն զարգացման տարբեր փուլերում (մարդու սեռակաև հասունացումից հետո ուրցագեղձի, ծերունական հասակում՝ կմախքի և բոլոր օրգանների Ապաճում)։ Ֆիզիոլոգիական ատրոֆիայի լավ օրինակ է արգանդի չափերի փոքրացումը ծննդաբերությունից հետո[1]։
Պաթոլոգիական ապաճում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ախտաբանական ատրոֆիան կարող է ունենալ բազմաթիվ պատճառներ, լինել տեղային կամ գեներալիզացված։ Ստորև ներկայացվում են պաթոլոգիական ատրոֆիայի հաճախակի պատճառները՝
- Անբավարար օգտագործում (օրգանը չօգտագործելու դեպքում կատարվող ատրոֆիա)։ Երբ կոտրված ոսկորի պատճառով վերջույթը անշարժացնում են, կամ երբ հիվանդը պետք է պահպանի անկողնային ռեժիմ, այդ ժամանակ կատարվում է չոգտագործվող վերջույթի մկանների ատրոֆիա։ Սկզբնական շրջանում ակտիվությունը վերականգնելու դեպքում ատրոֆիան կանգ է առնում, սակայն ավելի երկար ժամանակ չօգտագործելու դեպքում մկանաթելիկների քանակը և չափերը փոքրանում են։ Մկանային ատրոֆիայի հետ միասին կարող է տեղի ունենալ ոսկրային հյուսվածքի քայքայում, որը բերում է օստեոպորոզի[1]։
- Նյարդավորման խանգարում (դեներվացիոն ատրոֆիա)։ Կմաղքային մկանների նյութափոխանակությունը և գործառույթները մեծ կախվածություն ունեն նյարդավորումից։ Նյարդի վնասումը բերում է այդ նյարդի կողմից նյարդավորվող մկանաթելերի ատրոֆիայի։
- Արյունամատակարարման թուլացում։ Զարկերակների աստիճանական նեղացումը կարող է վատացնել հյուսվածքի արյունամատակարարումը (իշեմիա), որի արդյունքում կատարվում է ատրոֆիա։ Մեծ տարիքում կատարվում է ուղեղի որոշակի հատվածների ատրոֆիա՝ հիմնականում աթերոսկլերոզի ենթարկված զարկերակների նեղացման պատճառով։ Սա կոչվում է նաև «սենիլ ատրոֆիա», որի դեպքում ախտահարվում է նաև սիրտը։
- Անբավարար սնուցում։ Սպիտակուցների անբավարար ընդունման դեպքում (մարազմ), կարող են քայքայվել մկանները, որպեսզի ապահովեն սննդանյութերի անհրաժեշտ քանակը։ Մկանների հարաճող քայքայումը կարող է բերել կախեքսիայի։ Կախեքսիա դիտվում է նաև քրոնիկ բորբոքային հիվանդություններով և քաղցկեղով հիվանդների մոտ։ Բորբոքային ցիտոկինների բարձր քանակը (TNF անգլ.՝ tumor necrosis factor) կարող է իջեցնել ախորժակը և նպաստել ճարպերի քայքայվելուն։
- Էնդոկրին խթանման խանգարում։ Բազմաթիվ հորմոն-կախյալ հյուսվածքներին (կրծքագեղձ, սեռական օրգաններ) անրհրաժեշտ է հորմոնային խթանում նորմալ գործունեության համար։ Դաշտանադադարից հետո էստրոգենների ցածր քանակի պատճառով ատրոֆիայի են ենթարկվում էնդոմետրիումը, հեշտոցային էպիթելը և կրծքագեղձը։
- Ճնշում։ Հյուսվածքի ճնշումը երկար ժամանակով կարող է բերել հյուսվածքի ատրոֆիայի։ Մեծացող բարորակ ուռուցքը կարող է բերել շրջակա հյուսվածքների ատրոֆիայի։ Այս դեպքում ատրոֆիա լինում է արյունամատակարարման խանգարման՝ իշեմիայի պատճառով[1]։
Ախտաբանական, ընդհանուր ապաճումը (հյուծանք) առաջանում է անբավարար սնուցման, քրոնիկական վարակիչ հիվանդությունների, ինքնաթունավորումների, ներզատիչ գեղձերի և նյարդային համակարգի մի շարք հիվանդությունների հետևանքով։ Ախտաբանական տեղային Ապաճումը առաջանում է նյարդասնուցողական խանգարումների (կմախքային մկանների Ապաճումի պոլիոմիելիտի ժամանակ), անբավարար արյունամատակարարման (գլխուղեղի կեղևի Ապաճումի ուղեղայիև աթերոսկլերոզից), ֆունկցիայի խանգարման (տեսողական նյարդի Ապաճումը աչքը հեռացնելուց հետո), ճնշման (երիկամների Ապաճումը միզածորանի խցանման դեպքում), օրգանի անգործության (վերջույթների մկանների Ապաճումը երկարատև անշարժացումից), քիմիական և ֆիզիկական գործոնների ազդեցության (ավշային հյուսվածքի Ապաճումը ճառագայթային էներգիայից, վահանաձև գեղձի Ապաճումը յոդի պրեպարատների օգտագործումից) հետևանքով։ Ապաճման ժամանակ օրգանի չափերը փոքրանում են, բայց երբեմն ճարպային հյուսվածքի գերաճման հետևանքով, որը փոխարինում է ապաճած հյուսվածքին, օրգանը մեծանում է։ Ախտաբանական Ապաճումը որոշ փուլերում վերադարձելի է, իսկ խորացած դեպքերում բուժումն անհնար է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Robbins & Cotran Pathologic Basis of Disease 9th Edition. Canada: Elsevier. 14th July 2014. էջ 16. ISBN 9781455726134.
{{cite book}}
:|first=
missing|last=
(օգնություն)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Струков А. И., Патологическая анатомия, М., 1967;
- Cameron G. R., Pathology of the cell, Edinburgh, 1952.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]https://ru.wikisource.org/wiki/ЭСБЕ/Атрофия
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 502)։ |