Անդյան կատու (լատին․՝ Leopardus jacobitus), հարավամերիկյան կատվազգի (Felidae)։ Բնակության վայրի դժվարամատչելիության պատճառով այս տեսակը վատ է ուսումնասիրված։
Անդյան կատուն արտաքնապես հիշեցնում է պամպասյան կատվին, որը հանդիպում է նույն տարածաշրջանում։ Երկու տեսակների միջև տարբերությունների հարցը ուսումնասիրությունների առարկա է գիտնականների մոտ, որոնք իրենց տրամադրության տակ ունեն միայն մի քանի նմուշ թանգարաններից։ Այս կատվի երկարությունը կազմում է 70 սմ, պոչի երկարությունը՝ 45 սմ, զանգվածը՝ 4-7 կգ։ Մորթին բավականին երկար է՝ ցրտերից պաշտպանվելու համար։ Գունավորումը մոխրագույն-շագանակագույն է, սև խալերով։ Պոչի վրա ունի օղակաձև նախշ։
Անդյան կատուն համարվում է Հարավային Ամերիկայի ամենահազվադեպ հանդիպող կատվազգին։ Տարածված է Անդերում. նրա արեալը ձգվում է հարավային ՊերուիցԲոլիվիայի հարավ-արևմուտքով մինչև Արգենտինայի հյուսիս-արևմուտք։ Հավանաբար նախընտրում է բնակվել 3000-5000 մ բարձրությունների վրա։
Սնվում է մանր կաթնասուններով, սակայն, ինչպես բոլոր կատվազգիները, բավական ճկուն է որսի ընտրության հարցում։