Մարմնի երկարությունը 16-17 սմ է, թևերի բացվածքը՝ 23-29 սմ։ Հասուն արուի գլուխը և կրծքի վերին մասը կանաչ-մոխրագույն են, ակնօղակը՝ դեղնավուն, բեղերը և կոկորդը՝ դեղին, մեջքը՝ խիտ խայտերով։ Մարմինը ներքևից նարնջագույն-դարչնագույն է։ Էգն ավելի խամրած է, գագաթը և կրծքի վերին մասը՝ մանր խայտերով։ Ժամանակի մեծ մասն անցկացնում է գետնի վրա։
Գարնանային վերադարձը՝ ապրիլի վերջից մայիսի առաջին կեսին, ուղեկցվում է արուների միալար մեղմ երգով ու հարսանեկան զույգերի ընտրությամբ։ Ձվադրման պատրաստ առաջին բները հայտնվում են մայիսի կեսից մինչև ամսվա վերջը, կրկնակի բնադրման դեպքում՝ հուլիսի սկզբին։ Բույնը գավաթաձև է՝ չոր ցողուններից։ Բնադրում է գետնին՝ թփի կամ քարի տակ քողարկված (կառուցում է էգը)։ Դնում է 20 մմ տրամագծով, կապտավուն-սպիտակ՝ մուգ պտերով 4-6 ձու։ Թխսակալում է էգը՝ 13 օր։ Ձագերը բնից հեռանում են 7-8-րդ կամ 9-11-րդ օրը՝ կախված միջավայրի պայմաններից։ Հունիսի վերջից մինչև հուլիսի սկիզբը ձեռք են բերում ազատ թռչելու ունակություն և կազմում ընտանեկան խմբեր։ Աշնանային չուն՝ սեպտեմբերի վերջին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։