Ամբուազ դղյակ
Տեսակ | շատո |
---|---|
Երկիր | Ֆրանսիա[1] |
Տեղագրություն | Ամբուազ[1] |
Հասցե | place du Château |
Ճարտարապետական ոճ | միջազգային գոթիկա |
Ժառանգության կարգավիճակ | դասակարգված պատմական հուշարձան[1] |
Պաշտոնական կայք |
Ամբուազ դղյակ (ֆր.՝ château d'Amboise), պատմաճարտարապետական համալիր Ֆրանսիայում` Լուարի ափին գտնվող Ամբուազ քաղաքում (Էնդր և Լուարի դեպարտամենտ)։ Լուարայի դղյակներից է, ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամբուազի դղյակի առաջին սեփականատերը եղել է Անժուի կոմս Ֆուլկ Ներան։ Միջնադարում քաղաքում իշխում էր Ամբուազների հզոր տոհմը, որն այստեղից հսկում էր Լուարայի ծանծաղուտը։ 1430-ական թվականների սկզբներին ամրոցի տերը, մեղադրվելով արքայի դեմ ապստամբության մեջ, զրկվեց իր կալվածքներից։
Ներկայիս եռահարկ ամրոցը` իր կիկլոպյան աշտարակներով, սկսել է կառուցվել 1492 թվականին Կառլ VIII արքայի կամքով, ով ծնվել ու մահացել է Ամբուազում։ Ամրոցի աշխատանքներն ավարտելու համար քաղաք հրավիրված իտալացիներ Դոմենիկա դա Կարտոնան և ֆրա Ջոկոնդոն առաջինը Ֆրանսիա ներմուծեցին Վերածննդի ճարտարապետությանը բնորոշ տարրեր։ Ընդունված է համարել, որ Իտալիայի սահմաններից դուրս հենց Ամբուազում է հիմնվել կանոնավոր առաջին այգին։
Ֆրանցիսկոս I-ինը մեծացել է Ամբուազի ամրոցում, որը պատկանել է իր մորը` Լուիզա Սավոյացուն։ 1515 թվականին նա Կլու կալվածքում բնակեցրել է Լեոնարդո դա Վինչիին, ով այստեղ ավարտին է հասցրել «Ջոկոնդա» կտավը և հենց այդտեղ էլ մահացել 1519 թվականին։ Ընդունված է համարել, որ նկարիչը թաղվել է սուրբ Գուբերտի կաթոլիկ մատուռում (կառուցվել է 1491-1496)։
Ֆրանցիսկոս 1-ինի մահից հետո Ամբուազում հաստատվում են Հենրի II և Եկատերինա Մեդիչին։ Այստեղ են մեծանում նրանց նրանց երեխաները և ապրում հարսը` Մարի Ստյուարտը։ 1560 թվականին Գիզերը Բլուայից Ամբուազ են բերում երիտասարդ արքա Ֆրանցիսկոս 2-րդին, որի վրա ծրագրում էին հարձակվել հուգենոտները։ Հենց այստեղ էլ հարձակման կազմակերպիչների նկատմամբ դաժան հաշվեհարդար են տեսնում։
Հետագայում ֆրանսիական միապետները հետաքրքրություն չեն դրսևորում Ամբուազի դղյակի նկատմամբ։ Լյուդովիկոս 13-րդը այն նվիրում է իր եղբորը` Գաստոնին, իսկ Լյուդովիկոս XV-ը` Շուազելի նախարարին։ Լյուդովիկոս 14-րդը այստեղ էր պահում ձերբակալված Նիկոլյա Ֆուկեին և Լոզենի հերցոգին։ 19-րդ դարում այստեղ էին պահում գերված Աբդ ալ-Կադիրին։
Ֆրանսիական հեղափոխության տարիներին Ամբուազի դղյակի մեծ մասը ոչնչացվել է։ Որպեսզի կասեցվի մշակութային արժեքների թալանը, Ֆրանսիայի երրորդ հանրապետությունը 1872 թվականին ամրոցի պահպանված հատվածները հանձնել է Օռլեանի տանը։ Ներկայումս դղյակը գտնվում է սուրբ Լյուդովիկոսի ֆոնդի հոգածության տակ։
Ամբուազի դղյակը պատկերված է 20-րդ դարասկզբի բացիկներում[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 base Mérimée (ֆր.) — ministère de la Culture, 1978.
- ↑ «Ամբուազ դղյակը Լուարայի հովտում | Ավտոմեքենայով Փարիզից Ֆրանսիայով». www.paris1814.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 28-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամբուազ դղյակ» հոդվածին։ |
|