Jump to content

Ալեքսանդր Մակեդոնացու դամբարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդրի պատկերը Սիդոնի սարկոֆագում

Ալեքսանդր Մակեդոնացու դամբարան, դամբարան, որ կառուցվել է մ. թ. ա. 4-րդ դարի վերջին և որտեղ ամփոփված է Ալեքսանդր Մակեդոնացու աճյունը։ Առավել տարածում ունեցող վարկածներից մեկի համաձայն` զորավարի մարմինը տեղադրել են ոսկե դագաղի մեջ և այն լցրել մեղրով։ Սկզբում դագաղը տարել են Մեմփիս, ապա` եգիպտական Ալեքսանդրիա, որտեղ էլ այն գտնվել է մինչև անտիկ դարաշրջանի ավարտը, ինչից հետո անհետացել է։ Համարվում է, որ Ալեքսանդրի դամբարան են այցելել նշանավոր այնպիսի հռոմեացիներ, ինչպիսիք են Պոմպեոսը, Հուլիոս Կեսարը, Օկտավիանոս Օգոստոսը, Կալիգուլան։ Հին Ամֆիպոլիսի մերձակայքում գտնվող մարմարե դամբարանի պեղումները հիմք են տալիս ենթադրելու, որ դամբարանը կառուցվել է Ալեքսանդր Մակեդոնացու մարմինն ամփոփելու նպատակով[1]։

Բացի այդ, գոյություն ունի այսպես կոչված Ալեքսանդրի սարկոֆագը, որն իրականում Սիդոնի արքա Աբդոլանիմի սարկոֆագն է։ Իր պայմանական անվանումն այն ստացել է ֆրիզներից մեկին պատկերված զինվորի պատկերից, որ պարսիկների դեմ է պայքարում այսպես կոչված «առյուծի սաղավարտով», և որը նույնացվել է Ալեքսանդր Մակեդոնացու հետ։

Պատմական վկայություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալեքսանդրի դիակառքի վերականգնված տարբերակը Դիադորոսի նկարագրությամբ

Ալեքսանդր Մակեդոնացու կենսագիր Կալսինիասը գրել է, որ Ալեքսանդրը պատգամել է իրեն թաղել Եգիպտոսում` Սիվայում, որտեղ հին մեհյանի քրմերը նրան հռչակել էին Ամոնի որդի։ Պերդիկան խոստացել էր Ալեքսանդրին կազմակերպել դա, սակայն հետո որոշել է արքայի մարմինը տեղափոխել Մակեդոնիա։ Նրա մտադրությունի չի իրագործվում։ Պտղոմեոսը, Դամասկոսում հանդիպելով կառքին, առևանգում է Ալեքսանդրի մարմնով սարկոֆագը և 321 թվականին այն տեղափոխում Մեմֆիս։ Մեմֆիսում Ալեքսանդրի մարմինը, ամենայն հավանականությամբ, պահվել է Սերապեոնի տաճարում[2]։ Պլուտարքոսի վկայությամբ մի քանի տարի անց Պտղոմեոսն այն տեղափոխել է Ալեքսանդրիա` թաղելով ստորգետնյա դամբարանում[3]։ Ալեքսանդրի գերեզմանը դառնում է մարդկանց զանգվածային ուխտագնացության վայր։ Մ. թ. ա. 48 թվականին Ալեքսանդրի գերեզման է այցելում Հուլիոս Կեսարը։ Հռոմեական կայսր Օկտավիանոս Օգոստոսը, երբ նվաճում է Ալեքսանդրիան, «տեսնում է Ալեքսանդր Մեծի մարմինը, ում դագաղը տարել էին սրբավայրից։ Ի նշան մեծ ակնածանքի` նա ոսկե պսակ է դնում գերեզմանին` այնտեղ ծաղիկներ սփռելով»,- գրում է Գայոս Սվետոնիոսը[4]։ Համաձայն Դիոնիսիոս Կասիասի` Օկտավիանոսն անզգույշ շարժման հետևանքով քիթը կոտրել է մումիայի մոտ[5]։ Մարմինը գտնվել է ապակե սարկոֆագում, իսկ դամբարանը գտնվել է կենտրոնական հրապարակում։ Սվետոնիոսի խոսքերով Ալեքսանդրի դամբարան է այցելել նաև Կալիգուլան, ով իր սեփական ձեռքերով հանել է Ալեքսանդրի լանջապանակը և հետո ինքն է կրել այն։ Կարակալլան, ով 210-ական թվականներին այցելել է Ալեքսանդրիա, իր տունիկան ու մատանին խոնարհել է մեծ նվաճողի դամբարանին[6]։ Վերջապես, Սեպտիմիուս Սևերուսը հրամայել է որմնաշարել սրբազան դամբարանը, և դրանից հետո այլևս հայտնի չէ, թե որտեղ է այն գտնվում։

Կիևի Կոնստանդին I պատրիարքը, ով 1803 թվականին փորձել է հայտնաբերել Ալեքսանդրի գերեզմանը, համոզված է եղել, որ մինչև 15-րդ դարը Ալեքսանդրի դամբարանի տեղը լավ հայտնի է եղել։ 1850 թվականին տարածվել է տեղեկություն այն մասին, որ Կահիրեում ռուսական դեսպանության թարգմանիչ հույն Սկիլիցիսը մտել է Ալեքսանդրիայում գտնվող Էլ Նաբի Դանիել մզկիթի նկուղ։ Նա ներքև է իջել նեղ ու մութ ստորգետնյա անցումով և տեսել է միջատների կողմից արդեն վնասված փայտե դռներ։ Նայելով փայտի ճաքերից` նա տեսել է ապակե դագաղի մեջ գտնվող մարմին, որի գլխին եղել է ոսկե գլխանոց։ Շուրջը թափված են եղել պապիրուսե ձեռագրեր և գրքեր։ Դրանից հետո նրան արգելել են այցելել դամբարան։ Կահիրեի իսլամական համալսարանի պրոֆեսոր Աբդել Ազիզը 1990 թվականին հայտարարել է, որ իր հաշվարկներով Ալեքսանդրի մարմնով դագաղը գտնվում է Ալեքսանդրիայի հին հատվածում` Էլ Նաբի Դանիելի մզկիթի ավերակների տակ։ Այդ մզկիթը գտնվում է քաղաքի կենտրոնում` Դանիել մարգարեի անունը կրող ներկայիս փողոցում` Համալ Աբդել Նասերայի պողոտայի հետ հատման կետում, որը դեռևս Ալեքսանդրի օրոք նախագծել է հայտնի ճարտարապետ Դեյնոկրատը։ Ժամանակակից շատ հետազոտողներ կարծում են, որ Դանիել մարգարեի մզկիթը կառուցել են Ալեքսանդր Մակեդոնացու գերեզմանի վրա և աղոթել այնտեղ. մուսուլմանները այն համարել են իրենց սրբավայրը։ 1888 թվականին Հենրիխ Շլիմանը մզկիթի տարածքում պեղումներ անցկացնելու թույլտվություն է խնդրել, սակայն նրան մերժել են[7]։ Հին Ալեքսանդրիայի մի մասն արդեն մասամբ անցել է ջրի տակ, իսկ ծովի մերձափնյա հատվածում գտնվում են հին շինություններ։ 1996 թվականին ֆրանսիացի հնագետները Աբուկիր հրվանդանի փոքրիկ ծովախորշում` Արևելյան նավահանգստի լքված հատվածում, ջրերի տակ հայտնաբերել են գրանիտե երկու քանդակներ, մետաղադրամներ և զարդարանքի առարկաներ, որոնց տարիքն անցնում է 2.5 հազար տարին։ Դրանք բոլորը լավ պահպանված վիճակում են եղել (քանդակները ներկայումս գտնվում են քաղաքային այգում` Պոմպեոսի սյունաշարի շրջակայքում)։ Գտնվել են նաև մի քանի սարկոֆագներ։ Դա թույլ է տալիս ենթադրել, որ արքայական նստավայրի գլխավոր հատվածը գտնվել է հենց այդ տեղում, և տեսարժան վայրերի մեջ, հնարավոր է, եղել է նաև Ալեքսանդր Մակեդոնացու գերեզմանը։ Սակայն քանի որ պեղումներ կատարելու համար անհրաժեշտ է չորացնել ծովախորշը, մոտ ապագայում այս վարկածը ստուգելը գործնականում դառնում է անհնար։

Եգիպտական Բարձրագույն խորհուրդը պաշտոնապես ընդունել է Ալեքսանդրի գերեզմանը բացահայտելու ավելի քան 140 փորձ, այդ թվում` Ալեքսանդրիայի Նաբի Դանիել մզկիթում։ 1989 թվականին հույն հնէաբան Լիանա Սուվալիդին պեղումներ է սկսել Սիվա օազիսի շրջանում, որը հին ժամանակներում հայտնի է եղել Սանտարիա անունով։ Հին լեզուների փորձագետները նշում են, որ այդ անունը կարող է թարգմանվել սուրբ շրջան կամ էլ մեկնաբանվել հետևյալ կերպ. «տարածք, որտեղ հանգչում է Ալեքսանդրը»։ Ուշադրության է արժանի նաև այն փաստը, որ օազիսից 25 կմ հեռավորության վրա գտնվում է Ալ Միրաքի տեղանքը, որի անվանումը նման է հին հունական «միրաքիան» անվանմանը, որ թարգմանվում է «մարդ, որ մահացել է շատ երիտասարդ»։ Պեղումները շարունակվել են հինգ տարի, ինչի արդյունքում հայտնաբերվել են արքայական հուղարկավորությանը բնորոշ տարրեր։ Դամբարանային համալիրի մեջ մտել են եկեղեցին ու դամբարանը, որում գտնվել են ալաբաստրե սարկոֆագի բեկորներ, որը պատրաստված է եղել Եգիպտոսի սահմաններից դուրս, և խորաքանդակ` ութածայր աստղով։ Դամբարանից գաղտնի ելքը տարել է Ամոն Ռայի տաճար։ Այստեղ են գտնվել նաև երեք քարակոթող` հին հունարեն մակագրություններով։ Սակայն Հունաստանի ներկայացուցիչները, ովքեր այցելել են պեղումների վայր, ավերակների ուսումնասիրություններից հետո հայտարարել են, որ դամբարանի ոճը մակեդոնական չէ, և հայտնաբերված դամբարանային համալիրը վերաբերում է ավելի ուշ շրջանի։ Եգիպտական իշխանությունները 1996 թվականի վերջերին Լիանա Սուվալիդից հետ են վերցրել պեղումները շարունակելու արտոնագիրը` դա հիմնավորելով այն հանգամանքով, որ նա «առանց բավարար հիմքերի խառնաշփոթ է առաջացրել Սիվայում պեղումների շուրջ»։ Աշխատանքները շարունակելու իր բազմաթիվ խնդրանքներին նա, ինչպես և ուրիշ շատ մարդիկ, մերժում են ստացել։

Ամֆիպոլիսի դամբարանի պեղումները դարձյալ թարմացրել են Ալեքսանդրի թաղման շուրջ վեճերը։ Որոշ գիտնականներ կարծում են, որ դամբարանը կառուցվել է Ալեքսանդրի համար, բայց երբևէ չի կիրառվել Պտղոմեոս Լագոսի պատճառով։ Ուրիշներն էլ կարծում են, որ հռոմեական կայսր Կարակալլան` Ալեքսանդրի մեծ երկրպագուն, հնարավոր է, մ. թ. 2-րդ դարում նրա մարմինը տեղափոխել է Ամֆիպոլիս։ 2014 թվականի նոյեմբերի 12-ին Ամֆիպոլիսի դամբարանում հայտնաբերվել է կմախք։ Գենետիկական փորձաքննությունը թույլ է տալիս համամետել այդ մնացորդները Վերգինայի դամբարանի մնացորդների հետ։ Միայն ԴՆԹ թեստը հնարավորություն կտա հաստատել, թե գերեզմանում տղամա՞րդ, թե՞ կին է ամփոփված, ապա նոր միայն հետազոտել նրա ինքնությունը։

Հետաքրքրիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Տիրի եպիսկոպոս Դորոֆեյը (մ. թ. 255-362), երբ վերադարձել է արտաքսումից, հայտարարել է, որ Սիվա օազիսի բնակիչները եղել են հեթանոսներ և երկրպագել են եգիպտական Ամոն աստծուն և Ալեքսանդր Մեծին, ով թաղված է եղել այնտեղ։
  • Սուրբ քրիստոնյա Սիսոյը, ով ապրել է եգիպտական անապատի քարանձավներից մեկում, միշտ պատկերվել է Ալեքսանդր Մեծի դամբարանի հետ` մտորելով կյանքի ճոխության ու մահվան անխուսափելիության մասին։ Հնարավոր է, որ նա գտել է Ալեքսանդրի դամբարանը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Гробница, найденная в Амфиполисе, принадлежит Александру Македонскому
  2. Chugg A. The Sarcophagus of Alexander the Great? // Greece & Rome, Second Series, Vol. 49, No. 1 (Apr., 2002). — P. 16; P. 18
  3. The Elusive Tomb of Alexander
  4. «Ancient Sources». Արխիվացված է օրիգինալից 1998 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 29-ին.
  5. Дион Кассий. 51.16
  6. Суда (alpha, 2762)
  7. Alexander's Final Resting Place

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]