Բաբելոն (անգլ.՝ Babel), 2006 թ. նկարահանված միջազգային դրամա, որի ռեժիսորն է մեքսիկացի Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն, իսկ սցենարիստը Գիլերմե Արիագան։ «Բաբելոնը» առաջին անգամ ցուցադրվել է Կաննի կինոփառատոնի ժամանակ։ Ավելի ուշ ֆիլմը շահել է «Ոսկե Գլոբուս» որպես տարվա լավագույն դրամա, և առաջադրվել յոթ «Օսկարի»` ստանալով մեկը երաժշտության համար։
Հարավային Մարոկկոյում Աբդուլլան գնում է 270 Winchester հրացանը իր հարևանից և տալիս այն իր երկու տղաներին` Յուսեֆին և Ահմեդին և ուղարկում պահելու ոչխարի հոտը։ Նրանք որոշում են փորձարկել զենքը։ Յուսեֆը կրակում է հեռվում անցնող տուրիստական ավտոբուսի վրա և ծանր վիրավորում Սյուզանին՝ մի ամերիկացի կնոջ, ով իր ամուսնու՝ Ռիչարդի հետ էր։ Տղաները հասկանալով, թե ինչ են արել, որոշում են թաքցնել զենքը։ Մարոկկոյի ոստիկանությունը, կասկածելով ահաբեկչության մեջ, գտնում է Հասսանին։ Նա ասում է, որ այդ զենքը ստացել է մի ճապոնացուց, հետո վաճառել իր հարևանին։ Երեխաները ամեն ինչի մասին պատմում են իրենց հորը և նրանք փախչում են տնից սարերը։ Ոստիկանները գտնում են նրանց, տեղի է ունենում փոխհրաձգություն և Ահմեդը վիրավորվում է, նրա եղբայրը դադարեցնում է կրակը և հանձնվում։ Այդ ժամանակ ավտոբուսը տեղափոխում է վիրավոր Սյուզանին մոտակա գյուղը։ Այստեղ տեղի անասնաբույժը կարում է Սյուզանի վերքը և նրանք սպասում են ուղղաթիռի, որը գալիս է վերջում։ Հինգ օր հիվանդանոցում անցկացնելուց հետո Սյուզանին ուղարկում են իր տուն։
Սյուժետային այս գիծը պատմում է մի ճապոնացի խուլ անչափահաս աղջկա՝ Չիեկոի մասին։ Նա ուզում է հասկացված լինել իր աշխարհում, իր շրջապատում, որից նա առանձնացած է։ Դա փորձում է անել ճապոնացի դետեկտիվ Կենյին, որը իրականում փնտրում էր նրա հորը՝ Յասիխիրոին, ում զենքից տեղի է ունեցել կրակոցը Մարոկկոյում։
Ամերիկայում Սյուզանի և Ռիչարդի երկու երեխաները գտնվում են Ամելիայի՝ մեքսիկացի կնոջ խնամակալության տակ։ Այդ ժամանակ տեղի է ունենում իր որդու հարսանիքը Մեքսիկայում։ Ամելիան որոշում է տանել երեխաներին իր հետ՝ նախընտրելով չհրաժարվել մասնակցությունից։ Նրա զարմիկ Սանտյագոն տեղափոխում է նրանց սահմանից այն կողմ։ Երեխաները ականատես են լինում մեքսիկական մեծ հարսանիքի, որը նրանց և ուրախացնում է և զարմացնում։ Հարսանիքից հետո Սանտյագոն մեքենայով հետ է տանում Ամելյային և երեխաներին, սակայն նրանց չեն թողնում անցնել սահմանը։ Սանտյագոն կտրում է սահմանը և քշում մեքենան դեպի անապատ, որտեղ նա իջեցնում է նրանց։ Շուտով Ամելյային գտնում է ամերիկյան ոստիկանությունը, որից հետո գտնվում են նաև երեխաները։ Ամելյային հետ պետք է ուղարկեն Մեքսիկա, քանի որ նա անօրինական էր աշխատում Ամերիկայում 16 տարի։