Jump to content

Տիգրանակերտի ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
07:41, 10 Ապրիլի 2024 տարբերակ, BekoBot (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Տիգրանակերտի ճակատամարտ
ԹվականՀոկտեմբերի 6, Մ.թ.ա. 69
Մասն էՀայ-հռոմեական պատերազմ
ՎայրՄեծ Հայք, Աղձնիք նահանգ, Տիգրանակերտ քաղաքի մոտ
ԱրդյունքՀռոմեական բանակի հաղթանակ
Հակառակորդներ
Մեծ ՀայքՀռոմի Հանրապետություն
Հրամանատարներ
Տիգրան ՄեծԼուկուլլոս
Կողմերի ուժեր
70.000-80.000մոտ 50.000
Ռազմական կորուստներ
10.0005.600
Ընդհանուր կորուստներ

Տիգրանակերտի ճակատամարտ, ռազմական ընդհարում հռոմեական զորքերի և հայկական կայազորի միջև։ Տեղի է ունեցել մ.թ.ա. 69 թվականի հոկտեմբերի 6-ին Հայաստանի մայրաքաղաք Տիգրանակերտի մոտ։ Պոնտոսում հռոմեական տիրապետությունը տապալելու և իր դաշնակից Միհրդատ VI Եվպատորին գահին վերականգնելու նպատակով Հայոց թագավոր Տիգրան Բ Մեծը նախապատրաստվել է երկու ուղղությամբ մտնել Ասիա հռոմեական մարզը և վճռական ճակատամարտ տալ Եփեսոսի մոտ։ Սակայն, կանխելով Տիգրան Բ Մեծի հարձակումը, մ.թ.ա. 69 թվականի գարնանը հռոմեական 40 հազարանոց բանակը Լուկուլլոսի հրամանատարությամբ Կապադովկիայի վրայով ներխուժել է Հայաստան և պաշարել է Տիգրանակերտը։

Սկսվեց հայ-հռոմեական պատերազմը։ Պատերազմն ընթացել է երկու փուլով՝ մ.թ.ա. 69-67 թվականներ և 66 թվական։ Դրանք միմյանցից տարբերվում են ռազմավարությամբ և ձեռք բերված արդյունքներով։

Հռոմեական զորավար Լուկուլլոսը մշակել էր կայծակնային պատերազմի ծրագիր, որի հիմնական սկզբունքներն էին հանկարծակիությունն ու շեշտակի հարվածը։ Սակայն այն իրագործվեց միայն մասամբ։ Հռոմեական բանակի ներխուժումը Հայաստան իրոք որ անսպասելի էր։ Առանց որևէ դժվարության Լուկուլլոսը գրավեց Ծոփքը և սրընթաց շարժվեց Աղձնիք՝ գրավելու Տիգրանակերտը։ Անհրաժեշտ է նշել, որ այս ծրագիրը կազմված էր հայկական բանակի հնարավորությունները թերագնահատելու, իսկ հռոմեականինը՝ գերագնահատելու սխալ հաշվարկով։ Տիգրանակերտն անակնկալ գրոհով գրավելու ծրագիրը ձախողվեց։ Կայազորը, հայ տաղանդավոր զորավար Մանկայոսի (Մանուկ) հրամանատարությամբ, քաղաքը պաշտպանում էր հմտությամբ։ Գրոհի ձախողումից հետո Լուկուլլոսն ստիպված եղավ պաշարել այն։ Անցնում էին ամիսները, իսկ Տիգրանակերտը շարունակում էր հերոսաբար դիմադրել։ Կայծակնային պատերազմի ծրագիրը տապալվեց։

Լյուցիոս Լուկուլլոս

Լուկուլլոսի ներխուժման լուրը Տիգրան Բ-ն իմացավ հեռավոր Պաղեստինում, ուր կենտրոնացված էին հայկական բանակի գլխավոր հարվածային ուժերը։ Տիգրանը թագավորական գնդով շտապ վերադարձավ Հայաստան, իսկ բանակի հիմնական ուժերը՝ Բագարատ զորավարի հրամանատարությամբ, հետևեցին արքային։ Մինչև Հայաստան հասնելը Տիգրան Բ-ն Լուկուլլոսի դեմ ուղարկեց Մեհրուժան զորավարի փոքրաթիվ, սակայն մարտունակ զորաջոկատը։ Վերջինս հռոմեացիների գերակշիռ ուժերի հետ ընդհարման ժամանակ պարտվեց, իսկ Մեհրուժանն էլ զոհվեց։

Սեպտեմբերի կեսերին Տիգրանի գլխավորած հայկական բանակը մոտեցավ պաշարված Տիգրանակերտին։ Այստեղ էին գտնվում նրա ընտանիքը և գանձարանը։ Հայկական մի զորամաս հանկարծակի ու խիզախ գրոհով մուտք գործեց քաղաք և այնտեղից դուրս բերեց արքայից արքայի ընտանիքն ու գանձերի մեծ մասը։ Այս իրադարձությունն, անշուշտ, բարձրացրեց պաշարվածների ոգին և հավատ ներշնչեց հաղթանակի նկատմամբ։ ժամանեցին հայկական բանակի նորանոր զորամասեր։ Ըստ Ապպիանոսի` Տիգրանին ռազմաջոկատներ էին տրամադրել նաև ենթակա երկրները՝ Ատրպատականը (Մարաստանը), Աղվանքը, Վիրքը, Կորդուքը, Ադիաբենեն և անգամ Պարսից ծոցի արաբները։ Հայկական բանակի թիվը, նույն պատմիչի վկայությամբ, 300 հազար զինվոր էր։ Անշուշտ, սա իրականությանը չհամապատասխանող թվաքանակ է։ Այլ պատմիչներ խոսում են ընդամենը 70-80 հազար զինվորների մասին, այսինքն՝ մոտավորապես այնքան, որքան հռոմեական բանակի զինվորների թիվն էր՝ դաշնակից զորաբանակների հետ միասին։

Հոկտեմբերի 6-ի վաղ առավոտյան սկսվեց Տիգրանակերտի ճակատամարտը։ Լուկուլլոսը հիանալի օգտագործեց հայկական հրամանատարության թույլ տված ռազմավարական սխալներն ու տեղանքի առանձնահատկությունները։ Շրջանցելով Տիգրանի բանակը՝ նա հայոց զորքի թիկունքում կենտրոնացրեց նշանակալից ուժեր, որոնք էլ վճռեցին ճակատամարտի ելքը։ Ենթարկվելով երկկողմանի հարձակման և տալով զգալի կորուստներ՝ հայկական բանակն ստիպված էր նահանջել երկրի խորքը։ Հռոմեացիների հաղթանակը որոշեց նաև Տիգրանակերտի ճակատագիրը։ Կայազորի հույն վարձկանները, կաշառվելով Լուկուլլոսի կողմից, հոկտեմբերի վերջերին ապստամբություն բարձրացնելով, քաղաքի դարպասները բացեցին հակառակորդի առջև։ Նորակառույց ու հարուստ քաղաքը քարուքանդ եղավ ու թալանվեց։ Միայն Լուկուլլոսը ձեռք գցեց ութ հազար տաղանդ արժողությամբ գանձեր։ Տիգրան Բ Մեծի Միջերկրածովյան տերությունը՝ Ասորիք, Փյունիկիա, Կիլիկիա, անցել են Հռոմին։

Չնայած հաղթանակին` ճակատամարտը չի կանխորոշել պատերազմի ելքը. Արածանիի ճակատամարտ մ.թ.ա. 68-ում Լուկուլլոսի բանակը պարտություն է կրել և նահանջել Հայաստանից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։