Jump to content

1930-ականների բռնաճնշում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
18:10, 2 Մարտի 2024 տարբերակ, ԱշբոտՏՆՂ (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

1930-ականների բռնաճնշումները Խորհրդային միությունում ճնշման միջոցների շարան էր 1930-1940-ական թվականներին։ 1936-1938 թվականներին «Մեծ զտումն» հասել է իր գագաթնակետին՝ ունենալով ավելի մեծ զոհեր և ավելի խիստ պատիժներ և իր շրջանակում ներառել Խորհրդային Միության ամբողջ բնակչության քան Խորհրդային Միության այլ «զտումները»[1]։

1930-ականների բռնաճնշումները Հայաստանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1930-1940-ական թվականններերին Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունում չկար մի կոմունիստ կամ մի մարդ, որն իրեն ապահով զգար կոմունիստական կուսակցությունից վտարման, աքսորման, ձերբակալման կամ մահի դիմաց։ Խորհրդային Հայաստանում «Մեծ զտումն» սկսվեց 35-ամյա Հայաստանի ԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջյանի ձերբակալումով և սպանությունով, որը տեղի ունեցավ 1936 թվականի հուլիսի 9-ին Թիֆլիսում[1][2]։ Դրանից հետո բռնությունները ծավալվեցին, 1937 թվականի սեպտեմբերի 15-21-ի շաբաթվա մեջ հասնելով գագաթնակետին, երբ զանգվածային ձերբակալումները բանտերը հեղեղեցին։ Ամենալուրջ մեղադրանքները և բազում մահապատիժներ ներկայացվեցին 1937 թ.-ի դեկտեմբերին։ 1938 թվականի հունվարից հոսանքը շուռ եկավ և «զտիչների զտումն» սկսվեց, որը տևեց մինչև 1939 թվականի փետրվարը։

Թեև Հայաստանում տարբեր բնույթի մեղադրանքներ էին ներկայացվում, ներկայացրած մեղադրանքների զգալի մասը «ազգայնականությունն» էր։ 1926 թվականին որոշում էր ընդունվել այն մասին, որ եկեղեցին հրաժարվի Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրը՝ ապրիլի 24-ը նշելուց։ Մինչև 1937 թվականի վերջը Հայաստանում փակվել էր շուրջ 800 եկեղեցի։ 1930–1938 թվականներին բռնություն էր գործադրվել 164 հոգևորականի նկատմամբ, որոնցից 91-ը գնդակահարվել էին։ Իսկ ՀԿԿ Կենտկոմը 1938 թվի օգոստոսի 4-ին որոշում ընդունեց Էջմիածնի վանքը փակելու և հայ հոգևորականության համազգային կենտրոնը՝ Էջմիածնի կաթողիկոսությունը վերացնելու մասին[2]։

1920-1930-ական թվականներին Խորհրդային Հայաստանում բռնաճնշումների է ենթարկվել 18.315 մարդ, որից 4585-ը գնդակահարվել է։ Խորհրդային մեկ այլ աղբյուրի համաձայն, 1937 թվին 854 ուսուցիչ աշխատանքից ազատ են արձակվել, իսկ 448-ը ստաժավորվել են։ Ըստ մեկ արտագաղթողի զեկույցի, Գառնի գյուղի չափահաս բնակչության 18%-ը մեկ գիշերում ձերբակալվել է[1]։ Միայն 1930-1938 թվականներին Խորհրդային Հայաստանում ձերբակալվել է 14.904 մարդ, որից 4531-ի համար ընդունվել է գնդակահարության որոշում[2]։

Ստալինյան բռնաճնշումների հետևանքով սպանված նշանավոր հայեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստալինյան բռնաճնշումների հետևանքով աքսորի և բանտարկության դատապարտված նշանավոր հայեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Աթայան Ռոբերտ (1915–1994 թթ.) – ԽՄԿԿ անդամ, ՀԽՍՀ Արվեստի վաստակավոր գործիչ, երաժիշտ, երաժշտագետ, մի քանի մասնագիտական գրքերի հեղինակ է։ Բռնադատվել է 1934–1935 թթ.՝ մոտ վեց ամիս անցկացնելով Երևանի բանտում, այնուհետև 3 տարի շարունակ գտնվել է ՀԽՍՀ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի հսկողության ներքո։
  • Ալազան Վահրամ (Գաբուզյան 1903–1966 թթ.) – Անդրֆեդերացիայի և ՀԽՍՀ Կենտրոնական գործադիր կոմիտեների անդամ, ԽՄԿԿ անդամ, Հայաստանի Գրողների միության վարչության առաջին քարտուղար, գրական-հասարակական գործիչ, արձակագիր։ Բռնադատվել է նախ 1936–1947 թթ., այնուհետև՝ 1949–1954 թթ.՝ ընդհանուր առմամբ 17 տարի գտնվելով ԽՍՀՄ բանտերում և համակենտրոնացման ճամբարներում։ Այդ տարիների բանտային հուշերն արտացոլված են նրա «Տառապանքի ուղիներով» հուշագրությունում։
  • Ակինյան Ներսես (1883–1963 թթ.) – Վիեննայի Մխիթարյան միաբանության անդամ, Վիեննայի համալսարանի փիլիսոփայության պատվավոր դոկտոր, հայ պատմաբան, բանասեր, ձեռագրագետ։ 1928 թվականին բռնադատվել է 2 տարվա աքսորի՝ այնուհետև արտասահման մեկնելու թույլտվությամբ, որից և օգտվել է։
  • Ակունյան Հովհաննես (1868–1947 թթ.) – ՀԽՍՀ Ժողովրդական տնտեսության խորհրդի ժամանակավոր նախագահ, քիմիկոս, պրոֆեսոր, մի քանի մասնագիտական գրքերի հեղինակ։ Բռնադատվել է 1939–1944 թթ.՝ 5 տարի գտնվելով ԽՍՀՄ բանտերում և համակենտրոնացման ճամբարներում։
  • Աճառյան Հրաչյա (1876–1953 թթ.) – ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, Փարիզի լեզվաբանական ընկերության անդամ, Չեխոսլովակիայի Արևելագիտության ինստիտուտի գիտական բաժնի թղթակից-անդամ, Երևանի պետական համալսարանի Հայոց լեզվի ամբիոնի վարիչ, ականավոր լեզվաբան, բանասեր, մի քանի տասնյակ լեզվաբանական գրքերի հեղինակ։ Բռնադատվել է 1937–1939 թթ.՝ 2 տարի գտնվելով ԽՍՀՄ բանտերում՝ անազատության մեջ։
  • Անանյան Վախթանգ (1905–1980 թթ.) – ԽՄԿԿ անդամ, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ականավոր արձակագիր, հայ գրականության մեջ որսորդական պատմվածքի հիմնադիրը, բազմաթիվ գրքերի հեղինակ։ Բռնադատվել է 1937–1939 թթ.՝ 2 տարի գտնվելով ԽՍՀՄ բանտերում՝ անազատության մեջ։
  • Առաքելյան Կամսար (1900–1964 թթ.) – ՀԿ(բ)Կ Ղամարլուի (Արտաշատ) շրջկոմի առաջին քարտուղար, Երևանի պետական համալսարանի ռեկտոր, պատմաբան։ Բռնադատվել է 1938–1954 թթ.՝ 16 տարի գտնվելով ԽՍՀՄ բանտերում և համակենտրոնացման ճամբարներում։ Արդարացվել է 1954 թվականին։
  • Արամյան Վալտեր (1909–1994 թթ.) – Արձակագիր։ Բռնադատվել է 1932–1955 թթ.՝ 23 տարի գտնվելով ԽՍՀՄ բանտերում և համակենտրոնացման ճամբարներում։ Այդ տարիների բանտային հուշերն արտացոլված են նրա «Կոլիմա» վիպակում և «Հյուսիսային պատմվածքներ» պատմվածքաշարում։
  • Արզումանյան Անուշավան (1904–1965 թթ.) – ՀԿ(բ)Կ Կենտկոմի անդամ, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս, ԽՍՀՄ ԳԱ Համաշխարհային էկոնոմիկայի ու միջազգային հարաբերությունների ինստիտուտի տնօրեն, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր, Երևանի պետական համալսարանի ռեկտոր, Բաքվի պետական համալսարանի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր։ Բռնադատվել է 1937–1940 թթ.՝ 3 տարի անցկացնելով ԽՍՀՄ բանտերում՝ անազատության մեջ։
  • Արիստակեսյան Վահրամ (1899–1978 թթ.) – ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի պարարվեստի ուսումնարանի հիմնադիր-տնօրեն, նշանավոր պարուսույց, բալետմայստեր, բժիշկ, Հայկական ազգագրական պարի անսամբլի լավագույն մենապարողներից։ Բռնադատվել է 1938–1943 թթ.՝ 5 տարի գտնվելով ԽՍՀՄ բանտերում և համակենտրոնացման ճամբարներում՝ անազատության մեջ։ Արդարացվել է 1957 թվականին։
  • Արմեն Մկրտիչ (Ալիքյան–Հարությունյան 1906–1972 թթ.) – ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Հոկտեմբեր» գրական միության հիմնադիրներից, խորհրդահայ նշանավոր արձակագիր։ Բռնադատվել է 1937–1946 թթ.՝ 9 տարի գտնվելով ԽՍՀՄ բանտերում և համակենտրոնացման ճամբարներում։ Այդ տարիների բանտային հուշերն արտացոլված են նրա «Պատվիրեցին հանձնել Ձեզ» պատմվածքների ժողովածուի էջերում։
  • Բունիաթյան Նիկողայոս (Բունիաթով 1878 (1884)–1943 թթ.) – Երևանի առաջին գլխավոր ճարտարապետը, ԽՍՀՄ Ճարտարապետական ակադեմիայի ասպիրանտուրայի բաժնի ղեկավար, շուրջ 70 շենքերի ճարտարապետական նախագծերի հեղինակ։ Բռնադատվել է 1938 թ.՝ մի քանի ամիս անցկացնելով ԽՍՀՄ բանտերում՝ անազատության մեջ։
  • Գաբրիելյան Հենրի (Հարություն 1903–1981 թթ.) – ԽՍՀՄ ԳԱ Հայկական մասնաճյուղի Պատմության և Գրականության ինստիտուտի տնօրեն, ՀԿ(բ)Կ Կենտկոմին առընթեր Մարքսիզմ-Լենինիզմի ինստիտուտի տնօրեն, Երևանի պետական համալսարանի ռեկտոր, ՀԿ(բ)Կ Կենտկոմի մամուլի բաժնի վարիչ, ՀԽՍՀ Գիտության վաստակավոր գործիչ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ Բռնադատվել է 1937–1941 թթ.՝ 4 տարի գտնվելով ԽՍՀՄ բանտերում և համակենտրոնացման ճամբարներում։
  • Գյուլիքևխյան Հայկ (1886–1951 թթ.) – ՀԿ(բ)Կ Կենտկոմին առընթեր Մարքսիզմ-Լենինիզմի ինստիտուտի տնօրեն, Հայաստանի պատմության և գրականության ինստիտուտի տնօրեն, ԽՄԿԿ անդամ, Երևանի պետական համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, փիլիսոփայության պրոֆեսոր, խորհրդահայ գրաքննադատ, հասարակական գործիչ։ Բռնադատվել է 1938–1945 թթ.՝ 7 տարի գտնվելով ԽՍՀՄ բանտերում և համակենտրոնացման ճամբարներում։
  • Գրձելյան Գևորգ (1884–1977 թթ.) – ՀԽՍՀ Գիտության վաստակավոր գործիչ, Թիֆլիսի Հայոց գյուղատնտեսական ընկերությունների նախագահ, Հայկական Գյուղատնտեսական ինստիտուտի Այգեգործական ֆակուլտետի դեկան, նույն ինստիտուտի Այգեգործության ամբիոնի վարիչ, ՀԽՍՀ ԳԱ Այգեգործական ինստիտուտի գիտական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ, ԵՊՀ Այգեգործության ամբիոնի վարիչ, գյուղատնտես, դոցենտ։ Հեղինակ է այգեգործության վերաբերյալ մի շարք գիտական և հանրամատչելի գրքերի։ Բռնադատվել է 1937–1955 թթ.՝ 18 տարի գտնվելով ԽՍՀՄ բանտերում և համակենտրոնացման ճամբարներում։
  • Դաբաղյան Նորայր (1904–1955 թթ.) – ՀԿ(բ)Կ Կենտկոմի Մշակույթի և լուսավորության բաժնի վարիչ, Երևանի պետական համալսարանի ռեկտոր, ԽՄԿԿ անդամ, խորհրդահայ գրականագետ, պրոֆեսոր, խմբագիր։ Բռնադատվել է 1937–1939 թթ.՝ 2 տարի գտնվելով ԽՍՀՄ բանտերում՝ անազատության մեջ։
  • Դզնունի Դանիել (Ուզունբաջաղյան 1895–1967 թթ.) – Հայկինոյի տնօրեն, ՀԽՍՀ Հայկինեմատոգրաֆիայի հիմնադիրներից, արվեստի վաստակավոր գործիչ, արվեստաբան։ Բռնադատվել է 1938–1943 թթ.՝ 5 տարի գտնվելով ԽՍՀՄ բանտերում և համակենտրոնացման ճամբարներում։ Արդարացվել է 1954 թվականին։
  • Եղիազարյան Արտավազդ (Արտո 1899–1974 թթ.) – ԽՄԿԿ անդամ, ՀԽՍՀ և Անդրֆեդերացիայի Կենտգործկոմի անդամ, ՀԿ(բ)Կ Կենտկոմի անդամ, ՀԽՍՀ Լուսավորության Ժողկոմ, ՀԽՍՀ պետական, հասարակական գործիչ, պատմական գիտությունների դոկտոր, տնտեսագետ։ Բռնադատվել է 1937–1955 թթ.՝ ընդհանուր առմամբ 18 տարի գտնվելով ԽՍՀՄ բանտերում և համակենտրոնացման ճամբարներում։
  • Թերզիբաշյան Վահրամ (1898–1964 թթ.) – ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, գրականագետ, թատերագետ։ Բռնադատվել է 1950–1955 թթ.՝ 5 տարի գտնվելով ԽՍՀՄ բանտերում և համակենտրոնացման ճամբարներում։
  • Լեռ Կամսար (Թովմասյան Արամ 1888–1965 թթ.) – Ականավոր երգիծաբան, արձակագիր։ Բռնադատվել է 1935–1955 թթ.՝ 20 տարի անցկացնելով ԽՍՀՄ բանտերում և համակենտրոնացման ճամբարներում։ Այդ տարիների բանտային հուշերն արտացոլված են նրա «Բանտիս օրագիրը» և «Չապրված օրեր» գրքերում։
  • Հասրաթյան Մորուս (Մարգար 1902–1979 թթ.) – Մատենադարանի տնօրեն, Հայաստանի պատմության պետական թանգարանի տնօրեն, Հայաստանի հեղափոխության թանգարանի տնօրեն, ՀԿ(բ)Կ Կենտկոմին առընթեր կուսակցական պատմության փոխտնօրեն, Հայկական Մանկավարժական ինստիտուտի Հայ ժողովրդի պատմության ամբիոնի վարիչ, ՀԽՍՀ Գիտության վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ ԳԱ թղթակից-անդամ, պատմական և բանասիրական գիտությունների թեկնածու։ Բռնադատվել է 1938–1940 թթ.՝ 2 տարի անցկացնելով ՀԽՍՀ բանտերում։
  • Հովհաննիսյան Աշոտ (Իոնեսյան 1887–1972 թթ.) – ՀԿ(բ)Կ Կենտկոմի առաջին քարտուղար, ՌՍԴԲԿ անդամ, ՀԽՍՀ Լուսժողկոմ, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, պատմաբան, ՀԽՍՀ ԳԱ Պատմության ինստիտուտի Նոր պատմության բաժնի վարիչ։ Մոտ մեկ տասնյակ պատմագիտական գրքերի հեղինակ է։ Բռնադատվել է 1937–1949 թթ.՝ 12 տարի գտնվելով ԽՍՀՄ բանտերում և համակենտրոնացման ճամբարներում։ Արդարացվել է 1954 թվականին։
  • Ղամբարյան Ստեփան (1879–1948 թթ.) – ՀԽՍՀ ԳԱ թղթակից-անդամ, ԽՍՀՄ ԳԱ Հայկական մասնաճյուղի նախագահության անդամ, ԽՍՀՄ ԳԱ Հայկական մասնաճյուղի Օրգանական քիմիայի բաժնի վարիչ, ԵՊՀ Օրգանական քիմիայի բաժնի վարիչ, ՀԽՍՀ Գիտության վաստակավոր գործիչ, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ Բռնադատվել է 1938–1944 թթ.՝ 6 տարի գտնվելով ԽՍՀՄ բանտերում և համակենտրոնացման ճամբարներում։
  • Մազմանյան Միքայել (1899–1971 թթ.) – ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ճարտարապետ, նախագծել է մի քանի քաղաքների, թաղամասերի և մի շարք շենքերի ճարտարապետական նախագծերն ու հատակագծերը։ Բռնադատվել է 1938–1954 թթ.՝ 16 տարի գտնվելով ԽՍՀՄ բանտերում և համակենտրոնացման ճամբարներում։
  • Մահարի Գուրգեն (Աճեմյան 1903–1969 թթ.) – ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ, տաղանդաշատ արձակագիր, բանաստեղծ։ Բռնադատվել է նախ 1936–1947 թթ., այնուհետև՝ 1949–1954 թթ.՝ ընդհանուր առմամբ 17 տարի գտնվելով ԽՍՀՄ բանտերում և համակենտրոնացման ճամբարներում։ Այդ տարիների բանտային հուշերն արտացոլված են նրա «Ծաղկած փշալարեր» վիպակում, ինքնակենսագրական և այլ պատմվածքներում և այդ տարիներին գրած նամակներում։
  • Մելիք-Աղամիրյան Հմայակ (1887–1986 թթ.) – ՀԽՍՀ պետպլանի փոխնախագահ, քիմիկոս, ճարտարագետ-տեխնոլոգ, մասնակցել է Խորհրդային Հայաստանի մի քանի գործարանների հիմնադրմանը։ Բռնադատվել է 1937–1944 թթ.՝ 7 տարի գտնվելով ԽՍՀՄ բանտերում և համակենտրոնացման ճամբարներում։ Արդարացվել է 1954 թվականին։
  • Մելիք-Օհանջանյան Կարապետ (Կարո 1893–1970 թթ.) – Էջմիածնի գիտական ինստիտուտի նախագահ, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, ազգագրագետ, բանասեր, հայագետ, արևելագետ, թարգմանիչ։ Բռնադատվել է 1937–1942 թթ.՝ 5 տարի գտնվելով ԽՍՀՄ բանտերում և համակենտրոնացման ճամբարներում։
  • Նավակատիկյան Հովհաննես (1888–1952 թթ.) – Երևանի պետական համալսարանի պրոռեկտոր, ԵՊՀ Ֆիզիկամա-թեմատիկական ֆակուլտետի դեկան, ԵՊՀ Ընդհանուր ֆիզիկայի ամբիոնի առաջին վարիչը, ֆիզիկոս, մաթեմատիկոս, պրոֆեսոր, մանկավարժ։ Բռնադատվել է 1938–1944 թթ.՝ 6 տարի գտնվելով ԽՍՀՄ բանտերում և համակենտրոնացման ճամբարներում։
  • Նորենց Վաղարշակ (Երիցյան 1906–1973 թթ.) – ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ, բանաստեղծ։ Բռնադատվել է 1937–1954 թթ.՝ 17 տարի գտնվելով ԽՍՀՄ բանտերում և համակենտրոնացման ճամբարներում։
  • Շիրմազան Գրիգոր (Շիրմազանյան 1892–1964 թթ.) – Երևանի պետական համալսարանի Տեխնիկական ֆակուլտետի դեկան, ՀԽՍՀ Հողագործության ժողովրդական կոմիսարիատի ջրային վարչության գլխավոր ինժեներ, ՀԽՍՀ վաստակավոր իռիգատոր։ Բռնադատվել է 1937–1955 թթ.՝ 18 տարի անցկացնելով ԽՍՀՄ բանտերում և համակենտրոնացման ճամբարներում։
  • Չալոյան Վազգեն (1905–1981 թթ.) – ՀԽՍՀ Կերպարվեստի, պատմության և գրականության թանգարանի տնօրեն, ՀԽՍՀ ԳԱ թղթակից-անդամ, ՀԽՍՀ Գիտության վաստակավոր գործիչ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր։ Հեղինակ է մոտ մեկ տասնյակ փիլիսոփայական գրքերի։ Բռնադատվել է 1936–1937 թթ.՝ մոտ մեկ տարի գտնվելով ՀԽՍՀ բանտերում։
  • Չուբարյան Գրիգոր (1888–1962 թթ.) – ՀԽՍՀ Արդարադատության ժողկոմի առաջին տեղակալ, ՀԽՍՀ առաջին Սահմանադրության, քրեական դատավարության և հողային օրենսգրքերի կազմող, Երևանի պետական համալսարանի հիմնադիր դասախոսներից, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, հասարակական-քաղաքական գործիչ, նշանավոր իրավաբան, իրավագետ, դատապաշտպան։ Բռնադատվել է նախ 1937–1948 թթ., այնուհետև՝ 1949–1956 թթ.՝ ընդհանուր առմամբ 18 տարի գտնվելով ԽՍՀՄ բանտերում և համակենտրոնացման ճամբարներում։
  • Պարսամյան Վարդան (1909–1990 թթ.) – ՀԽՍՀ Գիտության վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ ԳԱ Պատմության ինստիտուտի Նոր պատմության բաժնի վարիչ, Երևանի պետական համալսարանի Հայ ժողովրդի պատմության ամբիոնի վարիչ, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մոտ մեկ տասնյակ պատմագիտական գրքերի հեղինակ։ Բռնադատվել է 1936 թվականին՝ երեք ամիս անցկացնելով Երևանի բանտում։
  • Ջանյան Բոգդան (Օհանջանյան 1917–2010 թթ.) – Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի գրողների մարզային բաժանմունքի պատասխանատու քարտուղար, բանաստեղծ։ Բռնադատվել է 1948–1954 թթ.՝ 6 տարի գտնվելով ԽՍՀՄ բանտերում և համակենտրոնացման ճամբարներում։ Այդ տարիների բանտային հուշերն արտացոլված են նրա «Կյանքը հրացանի փողի տակ» հուշագրությունում։
  • Ջուհարյան Թորգոմ (1905–1988 թթ.) – ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ, ՀԽՍՀ ԳԱ Հայոց լեզվի և գրականության սեկտորի վարիչ, Երևանի պետական համալսարանի Մանկավարժության ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ Մի քանի գիտամանկավարժական գրքերի հեղինակ է։ Բռնադատվել է 1938–1940 թթ.՝ 2 տարի գտնվելով ՀԽՍՀ բանտերում։
  • Ռոտինյան Լևոն (1879–1964 թթ.) – ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Հայկական մասնաճյուղի ֆիզիկական քիմիայի բաժնի վարիչ, Երևանի պետական համալսարանի, այնուհետև՝ Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի անօրգանական և անալիտիկ քիմիայի ամբիոնների վարիչ, ԵՊՀ Ֆիզիկական քիմիայի ամբիոնի վարիչ, ՀԽՍՀ Ժողտնտխորհի քիմիայի գիտահետազոտական ինստիտուտի ֆիզիկական քիմիայի բաժնի վարիչ, ՀԽՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ Բռնադատվել է 1938–1943 թթ.՝ 5 տարի գտնվելով ԽՍՀՄ բանտերում և համակենտրոնացման ճամբարներում։
  • Ստեփանյան Ստեփան (1897–1982 թթ.) – ԽՄԿԿ անդամ, Կովկասյան բանակի 1-ին հայկական հրաձգային գնդի դպրոցի պետ, գնդի հրամանատար, դիվիզիայի հրամանատարի տեղակալ։ Բռնադատվել է 1937–1939 թթ.՝ 2 տարի անցկացնելով Երևանի բանտում։ 1941–1945 թթ. մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին։
  • Վեսպեր (Մարտիրոս Դաբաղյան 1893–1977 թթ.) – Բանաստեղծ, թարգմանիչ, խմբագիր, մանկավարժ։ Բռնադատվել է 1949–1955 թ.՝ 6 տարի անցկացնելով ԽՍՀՄ բանտերում և համակենտրոնացման ճամբարներում։
  • Վշտունի Ազատ (Կարապետ Մամիկոնյան–Թաշճյան 1894–1958 թթ.) – Հայաստանի պրոլետարիական գրողների ընկերակցության նախագահ։ Բանաստեղծ, խմբագիր, հասարակական գործիչ։ Բռնադատվել է 1937–1939 թթ.՝ 2 տարի գտնվելով ՀԽՍՀ բանտերում՝ զրկված լինելով ազատությունից։
  • Տրոցկի Նիկոլայ (1878–1957 թթ.) – ԽՍՀՄ ԳԱ Հայկական մասնաճյուղի Բուսաբանության սեկտորի վարիչ, Հայկական անասնաբուժական ինստիտուտի կերահայթայթման ամբիոնի վարիչ, Երևանի պետական համալսարանի Բույսերի ձևաբանության և կարգաբանության ամբիոնի վարիչ։ Բռնադատվել է 1936–1938 թթ.՝ 2 տարի անցկացնելով ԽՍՀՄ բանտերում և համակենտրոնացման ճամբարներում։ Արդարացվել է 1955 թվականին։
  • Քոչար Գևորգ (1901–1973 թթ.) – ԽՍՀՄ Շինարարության և Ճարտարապետության ակադեմիայի թղթակից-անդամ, ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ԽՍՀՄ բազմաթիվ շենքերի և մի քանի քաղաքների նախագծերի հեղինակ-ճարտարապետ։ Բռնադատվել է 1938–1954 թթ.՝ 16 տարի անցկացնելով ԽՍՀՄ բանտերում և համակենտրոնացման ճամբարներում, որտեղ նույնպես մինչև 1960 թվականը շարունակել է աշխատել որպես ճարտարապետ։
  • Քոչար Երվանդ (Քոչարյան 1899–1979 թթ.) – ԽՍՀՄ և ՀԽՍՀ Ժողովրդական նկարիչ, քանդակագործ, «Սասունցի Դավիթ» և «Վարդան Մամիկոնյան» արձանների հեղինակը։ Բռնադատվել է 1941–1943 թթ.՝ 2 տարի գտնվելով ՀԽՍՀ բանտերում՝ զրկված լինելով ազատությունից։
  • Քոչարյան Արամ (1903–1977 թթ.) – ՀԽՍՀ Արվեստի վաստակավոր գործիչ, Շամշադինի երաժշտական արշավախմբի ղեկավար։ Հեղինակ է «Տերն ու ծառան» օպերայի, երաժշտական գրքերի, երգերի, խմբերգերի, գործիքային երկերի, ժողովրդական և աշուղական երգերի մշակումների։ Բռնադատվել է 1931–1933 թթ.՝ 2 տարի գտնվելով ԽՍՀՄ բանտերում և համակենտրոնացման ճամբարներում։

Խորհրդային Հայաստանում բռնաճնշումների ենթարկվածների վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1921 թ. Խորհրդային Հայաստանում բռնադատվել է 1400 մարդ։
  • 1921–1930 թթ. բռնադատվել է 1246 մարդ, որից գնդակահրավել է 44–ը։
  • 1930–1938 թթ. բռնադատվել է 14.904 մարդ, որից գնդակահրավել է 4531–ը։ 
  • 1939 թ. բռնադատվել է 765 մարդ, որից գնդակահրավել է 10–ը։
  • 1940–1953 թթ. բռնադատվել է 21.494 մարդ, որից 1949 թ. բռնադատվել է 13.272 մարդ։
  • 1920–1953 թթ. ընդհանուր առմամբ բռնադատվել է մոտ 42000 մարդ, որից մոտ 7.000-ը գնդակահարվել է։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղարվեստական գրականություն Ստալինյան բռնաճնշումների մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Մարի Մատթէոսեան. Խորհրդային քաղաքականությունների ազգեցությունը Հայաստանում (անգլերեն՝ The Impact of Soviet Policies in Armenia). էջեր 155–156.
  2. 2,0 2,1 2,2 «Քաղաքական բռնությունները»։ Վերցված՝ 2013 թ․ փետրվարի 5։ Արխիվացված 2012-10-16 Wayback Machine «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 29-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «1930-ականների բռնաճնշում» հոդվածին։