Հեթում Ա
Հեթում Ա | |
---|---|
Կիլիկյան Հայաստանի 3-րդ թագավոր և 32-րդ կառավարիչ] | |
Հեթում Ա-ի և Զաբելի պատկերը դրամի վրա | |
Իշխանություն | հունիսի 14, 1226 – 1269 |
Թագադրում | հունիսի 14, 1226 |
Ծնվել է՝ | մոտ 1213 |
Մահացել է՝ | հոկտեմբերի 28, 1270 կամ 1271[1] |
Ազգություն | հայ |
Նախորդ | Ֆիլիպ |
Լևոն Գ | |
Հաջորդող | Լևոն Գ |
Ուղեկից | Զաբել |
Տոհմ | Հեթումյաններ[2] |
գերիշխան | |
Հայր | Կոստանդին Գունդստաբլ |
Մայր | Ալիծ Հեթումյան |
Երեխաներ | Ֆիմի Հեթումյան, Լևոն Գ, Սիբիլ Հեթումյան, Մարիամ Հեթումյան, Թորոս Հեթումյան, Ռիթա Հեթումյան, Զաբել Հեթումյան և Ռիթա |
Հեթում Ա (1213[2] - հոկտեմբերի 28, 1270 կամ 1271[1]), Կիլիկիայի հայոց թագավոր (1226-1270), Կոնստանդին Գունդստաբլի որդին, Հեթումյանների թագավորական հարստության հիմնադիրը։
Գահակալությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեթում Ա-ն ծնվել է 1213 թվականին։ Հայտնի է, որ Կիլիկյան Հայաստանի գահ է բարձրացել 1226 թվականին՝ հիմնելով Հեթումյանների արքայատոհմը։ Բանն այն է, որ այստեղ հայկական իշխանապետություն, ապա թագավորություն հիմնած Ռուբինյանների տոհմը հանգել էր՝ Լևոն Բ արքայի մահվամբ։ Լևոն Բ-ն արական գծով հետնորդ չունենալու պատճառով Հայոց գահաժառանգ է օծում իր երկրորդ ամուսնությունից ծնված մանկահասակ դուստր Զաբելին (Իզաբելա), նրան խնամակալ նշանակելով սպարապետ Կոստանդինին՝ Հեթումյան իշխանական տոհմից։ Լևոն Բ-ի մահից հետո գահակալության հարցը լուրջ բարդություններ է առաջացնում։ Գահի շուրջ սկսված վեճերը հարթելու նպատակով 1221 թվականին Կիլիկիայի իշխանները Զաբելին ամուսնացնում են Անտիոքի դքսության իշխանազն Ֆիլիպի հետ։ Վերջինս լատինամոլ քաղաքականություն վարելու համար 1226 թվականին հայ իշխանների կողմից գահընկեց է արվում և բանտարկվում (ինն ամիս անց Կոստանդինի հրահանգով թունավորվում է)։ Թագավորական գահը դարձյալ թափուր մնալու պատճառով երկիրը նորից սկսում է ղեկավարել սպարապետը։ Նա այս անգամ ստանձնում է ոչ միայն թագուհի Զաբելի, այլև ամբողջ թագավորության խնամակալությունը։ Երեք տարի կառավարելուց հետո՝ 1226 թվականին Հայոց իշխանական խորհրդի համաձայնությամբ իր 13–ամյա որդի Հեթումին ամուսնացնում է Լևոն 2–րդի միակ գահաժառանգ դուստր Զաբելի հետ, նրան հռչակում է Կիլիկիայի Հայոց թագավոր, որը և դառնում է Հեթումյանների արքայատան հիմնադիրը։
Ռուբինյանների եւ Հեթումյանների տոհմերի արյունակցական միասնությունից ծնվում են իննը զավակ։ Հեթում Ա-ն և Զաբել թագուհին ունեցել են հինգ դուստր` Ֆիմի, Մարիյա, Սիբիլ, Ռիտա, Իզաբել և չորս որդի՝ Լևոն (24.01.1236 – 06.01.1289 թթ), Թորոս (1244 – 24.08.1266 թթ), Ռուբեն, Վասակ։ Պատմությանը հայտնի տվյալներով Վասակը մահանում է մանուկ հասակում՝ չորս տարեկանում։ 1266 թվականին Սև լեռների մոտ՝ Մառի կոչվող վայրում, արքայորդի Թորոսը զոհվում է եգիպտական զորքերի դեմ մղված մարտում, իսկ Լևոնը գերի է ընկնում։ 1268 թվականին հաշտություն է կնքվում և արքայազն Լևոնը վերադառնում է արքունիք։ Թորոսի որդի Մելքումը պապի հորդորով թողնելով արքունիքը, զորախմբով տեղափոխվում է տատերի երկիր՝ Սյունիք։
Հեթում Ա-ն իշխում է 1226-1269 թվականներին, որը մի բարդ ժամանակաշրջան էր Կիլիկիայի հայոց թագավորության համար. մի կողմից արևմուտքում տեղի էին ունենում խաչակրաց արշավանքները, որոնց արդյունքում Մերձավոր Արևելքում ստեղծվել էին եվրոպացի իշխանավորների հիմնադրած կոմսություններն ու դքսությունները՝ պայքարելով միմյանց դեմ, մյուս կողմից հայոց թագավորությանը սպառնում էին շրջապատող իսլամադավան պետությունները։ Այս բոլորի վրա գումարվել է մոնղոլների արշավանքը Ասիայի խորքերից՝ սպառնալով Մերձավոր Արևելքի ու Եվրոպայի երկրներին։ Ահա այստեղ է, որ կարևոր դերակատարություն է ստանձնում հայոց արքան՝ Հեթում Առաջինը։
Հեթումի օրոք ավելի կենտրոնացվեց միապետական իշխանությունը, հաղթահարվեցին ներքին երկպառակությունները։ Հզորացնելով ռազմական ուժերը և ամրացնելով պետության սահմանները՝ Հեթումը վարել է խաղաղասեր արտաքին քաղաքականություն, որի պայմաններում վերելք է ապրել տնտեսական և մշակութային կյանքը։ Թաթար-մոնղոլների ներխուժման սպառնալիքը կանխելու համար Հեթումը 1253 թվականին խաղաղության և փոխօգնության պայմանագիր է ստորագրել մոնղոլական Բաչու Նոյին զորավարի հետ, իսկ 1264 թվականին, մոնղոլական մայրաքաղաք Կարակորումում, անձամբ նոր դաշնագիր կնքել Մանգու խանի հետ։ 786-789 թվականներին մոնղոլների զինակցությամբ Հեթումը սանձել է Հալեպի ամիրայության, Իկոնիայի ու Եգիպտոսի սուլթանությունների ոտնձգությունները, ազատագրել Հերակլեա, Մարաշ, Այնթապ քաղաքներն ու նրանց շրջակա հողերը, Կիլիկյան Հայաստանին միացրել Կապադովկիայի հարավային շրջանները, առժամանակ՝ Հյուսիսային Ասորիքի զգալի մասը՝ Հալեպ կենտրոնով, մի շարք հաղթանակներով ամրապնդել պետության միջազգային հեղինակությունը։ Հզորացած Եգիպտոսի սուլթանությունը, օգտվելով մոնղոլական աշխարհակալության տրոհումից ու թուլացումից, 1264 թվականին 30000-անոց բանակով ներխուժել է Կիլիկիա, ավերել ու ավարի մատնել բազմաթիվ բնակավայրեր։ 1268 թվականի հուլիսին Հեթումը մի քանի սահմանային բերդերի ու ամրությունների զիջման գնով հաշտություն է կնքել Եգիպտոսի սուլթանության հետ, գերությունից ազատել որդուն՝ Լևոնին, և 1269 թվականին գահը նրան հանձնելով, մտել է վանք (Ակներ գյուղում[3]), ուր և մահացել է։ Հեթում Պատմիչը գրում է. «…և ինքն հրաժարեալ ի շքոյ կենցաղոյ՝ և մուտ ի կրօն, եւ կոչեցաւ Մակար, և յետ սակաւ ժամանակի հանգեաւ խաղաղութեամբ յամի 801»։
Հեթումի անունով և պատկերով հատվել են ոսկյա, արծաթյա և պղնձյա դրամներ։
Հեթում Ա-ի վարած արտաքին քաղաքականությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեթում Ա-ի անվան հետ են կապված Կիլիկիայի թագավորության արտաքին քաղաքականության երեք նշանակալից հաջողությունները։ Նրա օրոք է, որ իր վերելքի շրջանն ապրող Ռումի սուլթանությունը չեզոքության քաղաքականություն որդեգրեց Կիլիկյան Հայաստանի նկատմամբ, մոնղոլների հետ կնքվեց ռազմավարական դաշինք և Անտիոքի իշխանապետության նկատմամբ փաստացի հայկական պրոտեկտորատ հաստատվեց։ Հարկ է նշել նաև, թե ինչպես են ժամանակակիցները արտահայտվել Հեթումի մասին։ Միջնադարյան պատմագիրները նրան տվել են բազմաթիվ պատվանուններ՝ «Աստվածասեր», «Բարեպաշտ», «Մեծն», «Քրիստոսասեր», «Քրիստոսապսակ» և այլն, այս պատվաննուները ընդհանուր բնույթ կրելով, հատկացվում են գրեթե բոլոր հայ գահակալներին։ Սակայն Հեթումին տրվող պատվանունների շարքում ամենատարածվածը բարեպաշտն է, ինչով նա առանձնանում է մնացյալ բալոր հայ թագավորներից, և ինչը ևս մեկ անգամ հաստատում է նրա սրբակենցաղության մասին ձևավորված պատկերացումը։ Այս ամենից, թերևս, կարող է ստեղծվել այն միակողմանի տպավորությունը, որ Հեթումը սոսկ քրիստոնեական առաքինություններով օժտված բարոյական կերպար էր, այնինչ անժխտելի է, որ դրանով հանդերձ նա դրսևորել է պետական մեծ գործչին վայել բազմաթիվ ունակություններ, ընդ որում, թե՛ տնտեսական, թե ՛ ռազմական, և թե՛ դիվանագիտական ասպարեզներում։
Հեթում Ա-ի թագավորության առաջին տարիները համընկան Իկոնիայի սուլթանության առավելագույն հզորության՝ սուլթան Քեյ Կուբադի (789-796 թթ.) կառավարման ժամանակաշրջանի հետ։ Սակայն շուտով աշխարհաքաղաքական նոր իրադրության պայմաններ են հասունանում այստեղ։ Մոնղոլական բարբարոսական վաչկատուն ցեղերը կենտրոնական Ասիայի խորքերից խոշոր զանգվածներով ներխուժեցին Միջին Ասիա և Մերձավոր Արևելք։ Մոնղոլները գրավեցին նաև Պարսկաստանի զգալի մասը ու Անդրկովկասը, ապա պարտության մատնելով փոքր Ասիայի սելջուկներին՝ 8-րդ դարի սկզբներին նրանք սկսեցին սպառնալ Կիլիկիայի հայկական թագավորության գոյությանը։
Այս նույն ժամանակահատվածում հեղաշրջումներ էին նախապատրաստվում նաև իսլամի աշխարհում։ 1260-ական թթ., Ռումի սելջուկյան սուլթանը և եգիպտաասորիքյան Այուբյան սուլթանությունը հաջորդաբար հպատակեցվում և ոչնչացվում են երկու նոր և հզոր ռազմաքաղաքական ուժերի կողմից, որոնք շուտով առաջատար դեր են ստանձնում. հեթանոս մոնղոլները թագավորություն են հիմնում Պարսկաստանում, իսկ թուրք մամլուքներն իրենց ձեռքն են վերցնում իշխանությունը Եգիպտոսում և Ասորիքում։
Հեթում Ա-ն և մոնղոլները
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոնղոլների առաջին արշավանքը դեպի Անդրկովկաս ազդեցություն չունեցավ Փոքր Ասիայի և Մերձավոր Արևելքի քաղաքական իրադարձությունների վրա, սակայն վիճակը շուտով փոխվեց։ 763 թվականի Էրզրումի և Երզնկայի միջև գտնվող Քյոսադաղի մոտ մոնղոլների և Իկոնիայի սելջուկների միջև տեղի ունեցած ճակատամարտի նախօրեին Կիլիկիայի հայկական թագավորության առաջ ծառացել էր մի դժվարին հարց. կա՛մ երկիրը պետք է աջակցեր սելջուկներին և դրանով իր վրա ընդուներ մոնղոլների հաջորդ հարվածը, կա՛մ, հրաժարվելով սելջուկներին օգնելուց, պիտի շահեին մոնղոլների բարեկամությունը և դրանով զերծ մնային մոնղոլական ահարկու վտանգից։
Հեթում Ա-ն ընտրեց երկրորդ ուղին, որի արդյունքում թշնամացրեց Իկոնիայի սուլթանությանը, ապա նաև Եգիպտոսի մամլուքներին։ Քյոսադաղի ճակատամարտում պարտություն կրեց Ռումի սուլթանությունը, իսկ Կիլիկյան Հայաստանը շնորհիվ ճկուն դիվանագիտության խուսափեց մոնղոլների ամայացուցիչ ներխուժումից, սակայն սրվեցին թշնամական հարաբերությունները Ռումի սելջուկների հետ։ Այս հանգամանքից ելնելով տեղի է ունենում հայ-մոնղոլական հարաբերությունների նոր մերձեցում։ Այս նպատակով Հեթումի եղբայրը՝ Սմբատը, ուղևորվում է մեծ խան Գույուկի մոտ։ Եթե մոնղոլների համար Սմբատի գալը նշանակում էր Կիլիկյան Հայաստանի կողմից նրանց գերիշխանության ճանաչման հաստատում, ապա Կիլիկիայի համար թագավորի եղբոր դիվանագիտական առաքելությունը նշանակում էր օգնության խոստման ստացում՝ Իկոնիայի սուլթանության դեմ մղվող պայքարում։
Վերադառնալուց հետո Սմբատը Գույուկ խանի հրամանը՝ հայերին ընդդեմ սելջուկների օգնելու մասին, հաղորդեց մոնղոլ զորավար Բաչուին։ Բայց օգնությունը սահմանափակվում էր միայն նրանց կողմից սելջուկների վրա դիվանագիտական ճնշումով։ Կիլիկյան Հայաստանի զորքերի ռազմական գործողություններն ընդդեմ Իկոնիայի սուլթանության VII դարի 50-ական թվականներին հաջող էին ընթանում։ Այս նույն ժամանակահատվածում մոնղոլները լրջորեն պատրաստվում էին նոր արշավաքի դեպի Առաջավոր Ասիա, որպեսզի ամրապնդեն իրենց իշխանությունը մինչ այդ գրաված երկրներում, նվաճելով Միջագետքն ու Սիրիան։ Այդ կապակցությամբ մոնղոլ խաները ձգտում էին ուժեղացնել իրենց ազդեցությունը Կիլիկիայի հայկական թագավորությունում և Մերձավոր Արևելքի ուրիշ վասալ երկրներում, որպեսզի դրանք նպաստեին իրենց առաջիկա արշավանքի հաջողությանը։ Այդ իսկ պատճառով, այս անգամ, մոնղոլները Ոսկե Հորդա են հրավիրում անձամբ Հեթում թագավորին, այլ ոչ թե նրա եղբորը։
Հեթում Ա-ի մեկնումը Կարակորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակի բոլոր թագավորների մեջ միայն հայոց թագավոր Հեթում Ա-ն էր, որ իրեն անհամար նեղություններ պատճառելով ձգտում է քրիստոնյա ժողովուրդների դեմ ծառացած խնդիրը լուծելու գործնական հստակ քայլեր կատարել։ 796 թվականի գարնանը Հեթումը ձեռնարկում է դժվարին մի ճանապարհորդություն դեպի հեռավոր Կարակորում՝ մեծ խան Մանգուի մոտ։ Հանդիպելով նրան, բանակցում է և կնքում խիստ նպաստավոր դաշնագիր։ Այդ դաշնագրով հայոց արքան ոչ միայն իր թագավորությանը՝ Կիլիկյան Հայաստանին ու Արևելյան Հայաստանին (այսինքն բուն Հայաստանին, որի թագավոր ևս հռչակված էր նա) առնչվող, այլև առավել ընդգրկուն՝ Երուսաղեմը մուսուլմաններից ազատագրելու և ընդհանրապես քրիստոնյա Արևելքը մուսուլմանների ահագնացող հեղեղից փրկելու հարցեր է քննարկում։ Իսկ դա խոսում է Հեթում արքայի քաղաքական շրջահայեցության ու հեռատեսության մասին, քանզի նա քաջ գիտակցում էր, որ Մերձավոր Արևելքին ամբողջությամբ տիրելուց հետո, սարակինոսները մխրճվելու էին Կիլիկյան Հայաստան ու Մեծ Հայքի երբեմնի թագավորության տարածք, Բյուզանդիա, այնտեղից էլ՝ Եվրոպայի սիրտը։
Կնքված դաշնագրի մասին տեղեկություններ է հաղորդում դեպքերի ժամանակակից, հայոց արքայի զարմիկ Հեթում Պատմիչը. «Կայսրը Հեթումին ընդունեց մեծ սիրով ու բարեհաճությամբ, - գրում է նա, - և նրան այնպիսի շնորհների ու պատիվների արժանացրեց, որ մարդիկ դրա մասին խոսում են մինչև այսօր։ Մի քանի օր այնտեղ մնալուց հետո Հայաստանի թագավորն իր խնդրանքները ներկայացրեց մոնղոլների կայսրին։ Նա խնդրեց, որ հավիտենական խաղաղություն ու սեր հաստատվի մոնղոլների և քրիստոնյաների միջև (ուշադրություն դարձրեք, նշվում է ոչ թե հայերի, այլ քրիստոնյաների)։ Ապա խնդրեց, որ թաթար-մոնղոլների կողմից նվաճված կամ նվաճվելիք բոլոր երկրներում քրիստոնյաների եկեղեցիները, քահանաները, սպասավորներն ու մյուս կրոնական անձինք լինեն ազատ և չենթարկվեն ստրկության։ Այնուհետև Հեթում արքան խնդրեց, որ Մանգու խանը բարեհաճի օգնություն և խորհուրդ տալ՝ Սուրբ երկիրը մուսուլմանների ձեռքից ազատելու և այն քրիստոնյաներին վերադարձնելու համար։ Ապա խնդրեց, որ նա հրաման տա Ռումի սուլթանությունում (այժմյան Թուրքիայում) գտնվող թաթարներին, որպեսզի գնան կործանեն Բաղդատ քաղաքը և նրա խալիֆին, որը Մուհամմեդի սուտ հավատի հետևորդն է։ Նաև խնդրեց, որ կարիքի դեպքում իրավունք և թույլտվություն ունենա օգնության համար դիմելու այն մոնղոլներին, որոնք ամենամոտը կլինեն Հայաստանի թագավորությանը»։ Իսկ յոթերորդ խնդրանքը վերաբերում էր նրան, որ հայկական այն հողերը, որոնք գրավել էին մուսուլմանները, ազատագրվելու դեպքում վերադարձվեն հայերին։ Հեթում թագավորի Մանգու խանին ներկայացված նախապայմանների մասին նշված է նաև «Հորինված թագավորության փնտրումներում»[1] գիտական աշխատության մեջ։ Ըստ այդմ՝ Հեթումի առաջին նախապայմանն էր, որ Մանգու խանը քրիստոնյա կնքվի։
Հեթումը դաշինքի մեջ ներգրավում է նաև Անտիոքի իշխան Բոհեմունդ 2-րդին, ինչպես նաև հույներին և ասորիներին։ Հայ-մոնղոլական արշավանքը պատմության մեջ հիշատակվում է նաև որպես Դեղին Խաչակրաց արշավանք։
Իսկ ի՞նչ պատասխան է ստանում հայոց արքան Մանգու խանից. դարձյալ հաղորդում է Հեթում Պատմիչը. «Երբ Մանգու խանը լսեց Հայաստանի թագավորի խնդրանքները, - գրում է նա, - նա Հայաստանի թագավորին հրավիրեց իր մոտ, և իր իշխանների ու ողջ արքունիքի առջև պատասխանեց, ասելով. «Քանի որ Հայաստանի թագավորն այդքան ճանապարհ կտրելով, իր բարի կամքով եկել է մեր կայսրությունը, ապա պատշաճ է, որ մենք կատարենք նրա բոլոր խնդրանքները Մենք կամենում ենք, որ խաղաղություն և հավիտենական բարեկամություն լինի քրիստոնյաների (և ոչ միայն հայերի)» ու մոնղոլների միջև, բայց ուզում ենք, որ դուք երաշխավորեք, որ քրիստոնյաները իսկական խաղաղություն և անկեղծ բարեկամություն կանեն մեզ հետ, ինչպես մենք կանենք նրանց հանդեպ»։ Այսպիսով, Մանգու խանը բավարարում է Հեթում թագավորի բոլոր նախապայման-խնդրանքները, ինչի դիմաց հայկական բազմահազարանոց ծանր այրուձին մոնղոլական բանակի հետ միասին իրականացնում է Դեղին խաչակրաց արշավանքը։
Այսպիսով՝ Հեթում Առաջինի դիվանագիտական և ռազմական տաղանդի շնորհիվ Կիլիկյան Հայաստանը առժամանակ մեծացրեց իր կշիռն ու հեղինակությունը Փոքր Ասիայում և Մերձավոր Արևելքում։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կիրակոս Գանձակեցի, «Հայոց պատմություն», Երևան, 1982, 352 էջ։
- Հեթում պատմիչ, «Պատմութիւն Թաթարաց», Վենետիկ, 1842, 90 էջ։
- Միքայելյան Գրիգոր, «Կիլիկիայի հայկական պետության պատմություն», Երևան, 2007, 552 էջ։
- Մութաֆյան Կլոդ, «Կիլիկյան կայսրությունների խաչմերուկում», Երևան, 2001, 632 էջ։
- Տեր-Պետրոսյան Լևոն, «Խաչակիրները և հայերը», հատոր 2, Երևան, 2007, 672 էջ։
- Բելլա Բարսեղյան, «Հեթում արքան՝ միջնադարի հանճարեղ դիվանագետը», Էջմիածին, 2009։
- Гумилев, «Поиски вымышленного царства (Желтый крестовый поход)», Москва, 2006:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Историческая энциклопедия Сибири (ռուս.) / под ред. В. А. Ламин — Новосибирск: 2009. — ISBN 5-8402-0230-4
- ↑ 2,0 2,1 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974. — հատոր 6.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 139
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 332)։ |