Մատչելի հղումներ

Ռուսաստանը սաստկացնում է ԱՄՆ և Ուկրաինայի դեմ ուղղված ապատեղեկատվական արշավը


Ռուսաստանը ակտիվացրել է իր ապատեղեկատվական քայլերը՝ վարկաբեկելու Ուկրաինային աջակցելու Վաշինգտոնի ջանքերը և ուկրաինական իշխանությունները ներկայացնելու որպես «ահաբեկչական ռեժիմ»։

Հատկանշական է, որ Կրեմլի քարոզչական գործունեությունը ակտիվանում է Հյուսիսային Կորեայի հետ ռազմական համաձայնագրի կնքումից հետո, որը, շատերի գնահատմամբ, առաջիկա սրացման նշան է, և անգամ չի բացառվում, որ Փհենյանը զորքեր ուղարկի Ուկրաինա:

Ռուսաստանի կողմից Կիևի դեմ ուղղված քարոզչության սաստկացումը նաև համընկել է Եվրամիությանն անդամակցելու շուրջ Ուկրաինայի հետ մեկնարկած բանակցությունների հետ։

Ինչպես նախկինում, Մոսկվայի ապատեղեկատվական արշավին անմասն չեն ռուսաստանյան բարձրաստիճան այրերը, դիվանագիտական ապարատը և վերահսկվող լրատվամիջոցները, որոնք անհիմն կերպով մեղադրում են Միացյալ Նահանգներին՝ Ռուսաստանի դեմ հարձակումները կազմակերպելու մեջ։

Իր քարոզչական արշավում Կրեմլը փորձում է օգտագործել վերջերս Դաղստանում տեղի ունեցած ահաբեկչությունը և ուկրաինական զինուժի հարվածները օկուպացված Ղրիմում գտնվող ռուսական ռազմաբազաներին։

Վաշինգտոնում գործող Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտի համաձայն, տևական ժամանակ անգործության մատնված «Վիլայաթ Կովկասը», որը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կովկասյան ճյուղավորումն է, այժմ կրկին ակտիվացել է, և, ըստ ամենայնի, այդ կազմակերպության զինյալներն են կանգնած դաղստանյան արյունալի իրադարձությունների հետևում։

Ինչ վերաբերում է Ղրիմին, ապա ԱՄՆ պաշտոնյաները հերքել են Վաշինգտոնին հասցեագրված Ռուսաստանի մեղադրանքները՝ Ղրիմին հասցված հարվածներին նպաստելու վերաբերյալ՝ «Ամերիկայի ձայնին» հայտնելով, թե Ուկրաինան ձգտում է նվազագույնի հասցնել քաղաքացիական բնակչության շրջանում զոհերը՝ ի տարբերություն ռուսական ուժերի։

Կրեմլի դիրքորոշումը, սակայն, անփոփոխ է։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը բազմիցս հայտարարել է, թե Դաղստանում տեղի ունեցածը և նույն օրը Ղրիմին հասցված ուկրաինական հարվածները «ամենայն հավանականությամբ, սինքրոնացված էին», որի համար նա մեղադրել է ԱՄՆ-ին։

ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վասիլի Նեբենզյան երկրորդել է իր ղեկավարին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հայտարարելով, թե «ԱՄՆ-ն անմիջականորեն ներգրավված է Սևաստոպոլում ATACMS հրթիռների օգտագործմամբ ահաբեկչական հարձակման մեջ»՝ չներկայացնելով սակայն այդ մեղադրանքները հաստատող որևէ ապացույց։

Ռուսաստանի այլ պաշտոնատար անձինք և կրեմլամետ պրոպագանդիստները շարունակել են գիծը։

Սոցցանցերում գործող բազամթիվ կեղծ՝ ֆեյք օգտատերերի բանակը, ռուսաստանյան պետական վերահսկողության ներքո գտնվող լրատվամիջոցներն ու ողջ աշխարհում Ռուսաստանի դեսպանատները տարածել են նշված քարոզչական թեզը առցանց հարթակներում՝ թարգմանված բազմաթիվ լեզուներով։

Այդուհանդերձ, ռուսաստանյան ծայրահեղ աջ գործիչ Դմիտրի Ռոգոզինը, որը վերջերս նշանակվել է սենատոր՝ Կրեմլի կողմից օկուպացված Ուկրաինայի Զապորոժիեի մարզից, նախազգուշացրել է, որ Ռուսաստանի բոլոր ներքին խնդիրների համար Արևմուտքին մեղադրելը խոհեմ չէ։

«Կիևյան ահաբեկչական ռեժիմի» մասին խոսույթը նորություն չէ ռուսական քարոզչական տիրույթում։

Այն բանից հետո, երբ «Իսլամական պետություն-Խորասան» խմբավորումը այս մարտի 22-ին արյունալի ահաբեկչական գրոհ իրականացրեց Մոսկվայի մերձակայքում գտնվող համերգասրահում, ինչի հետևանքով զոհվեց 145 մարդ, ռուսաստանցի պաշտոնյաները և պետական լրատվամիջոցները մեղադրեցին Ուկրաինային և Արևմուտքին։

Բայց փաստն այն է, որ որևէ ապացույց չկա, թե Ուկրաինան կամ արևմտյան որևիցե երկիր ու կառույց դեր են խաղացել այդ ահաբեկչության մեջ, իսկ ԱՄՆ-ն շաբաթներ առաջ նախազգուշացրել էր Ռուսաստանին՝ սպառնալիքի մասին։

Սակայն ռուսաստանցի պաշտոնյաները, այդ թվում՝ Պուտինը, շարունակում են անհիմն մեղադրանքները Ուկրաինայի ու ԱՄՆ հասցեին՝ հիշատակելով անգամ անցած տարի հոկտեմբերին Դաղստանում տեղի ունեցած հակահրեական խռովությունները։

2017 թվականին Ռուսաստանը հայտարարեց, թե չեզոքացրել է Հյուսիսային Կովկասում գործող ահաբեկչական սպառնալիքը, այնինչ, իրականում, «Իսլամական պետության» հետ փոխկապակցված խմբավորումները շարունակել են գործել՝ ժամանակ առ ժամանակ իրականացնելով արյունալի հարձակումներ։

Դիտորդները նշում են, Ուկրաինայի դեմ պատերազմի պատճառով Ռուսաստանում անկացվող զորահավաքի ժամանակ դաշնության ազգային հանրապետություններում, ներառյալ՝ Դաղստանում, մարդկանց չափից դուրս շատ զինվորագրումը սրել է իրավիճակը։

Դաղստանում տեղի ունեցողի պատճառով ԱՄՆ-ին և Ուկրաինային մեղադրելը, սակայն, նախորդ ամիսների գործելակերպ չէ։ Երբ 2022 թվականի սեպտեմբերին հարյուրավոր դաղստանցիներ դուրս եկան փողոց՝ ընդդեմ զորահավաքի, տեղի քաղաքական գործիչները հայտարարեցին, թե Կիևն ու Վաշինգտոնը զանգվածային ցույցեր են կազմակերպել իրենց հանրապետությունում։

XS
SM
MD
LG