Jump to content

Գեղամայ լեռներ

Գեղամայ լեռներ
Տեսակ Լեռնաշղթայ
Երկիր  Հայաստան
Վարչատարածքային միաւոր Կոտայքի մարզ, Գեղարքունիքի մարզ եւ Արարատի մարզ
Լեռնաշղթայ Փոքր Կովկաս?
Բարձրութիւնը ծովու մակարդակէն 3597,3 մեթր
Երկարութիւն 65 քմ
Լայնութիւն 35 քմ
Բարձրագոյն գագաթ Աժդահակ?
Սմիթսոնիան կոդ 214070

Գեղամայ լեռներ , հրաբխային լեռնաշղթայ Հայկական լեռնաշխարհի՝ Հայաստանի կենդրոնական հատուածին մէջ՝ Կոտայքի, Գեղարքունիքի, Արարատի մարզերու սահմանագլուխին, կ'երկարին Սեւանայ եւ Արարատեան լեռնաշղթաներուն միջեւ՝ Հրազդան գետի վերին հոսանքէն սկսած գրեթէ միջօրէականի ուղղութեամբ մինչեւ Վարդենիսի լեռներուն արեւմտեան ծայրամասը, որուն կը հանգուցուի Գնդասար գագաթը։ Երկարութիւնը՝ շուրջ 70 քմ։

Առաւելագոյն բարձրութիւնը՝ 3597 մ (Աժդահակ լեռ)[1]։

Լեռնահամակարգը ունեցած է տարբեր անուանումներ, որոնք տրուած են տեղաբնիկ հայերու եւ յետագային Հայաստանի մէջ բնակութիւն հաստատած ժողովուրդներուն կողմէ։ Առաւել յայտնի հին անուանումը Գեղամայ լեռներն է։ Յայտնի եղած է նաեւ Գեղամի լեռներ, Գեղամայ լեռնաշղթայ, Գեղարքունեաց լեռներ անուններով։ Յետագային թուրքալեզու ազգերու կողմէ տրուած է Ահմանգան, Ահմանական եւ Ղանլը Կէօլ անունները։

Աշխարհագրութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Լեռնաշղթայի կեդրոնական մասը բարձրացած հիմքով լեռնավահան է, մօտ 65 քմ երկարութեամբ եւ 35 քմ լայնութեամբ, որուն վրայ շարուած են բազմաթիւ հրաբխային գագաթներ: Անոնցմէ ամէնաբարձրը՝ Աժդահակ գագաթը՝ 3597,3 մ բարձրութեամբ, ինչպէս նաեւ Սեւկատարը 3225,1 մ, Սպիտակասարը 3555,7 մ, Նազելին 3312 մ, Վիշապասարը 3157,7 մ, Եռակատարը 2589,6 մ, Գեղասարը 3443 մ, Ծաղկաւէտը 3076 մ, Մանկունքը (Մանկուվ) 2932,1 մ։ Յաճախ Գեղամայ լեռնաշղթային մաս կը կազմեն նաեւ Հատիս 2529,4 մ, Գութանասար 2299,6 մ, Մենակսար 2399,4 մ, Մեծ Լճասար 2393,8 մ, Փոքր Լճասար 2334,2 մ, Արմաղան 2829,1 մ եւ այլ հրաբխային լեռնագագաթները, որոնք բաւական հեռու տեղադրուած են բուն լեռնաշղթայէն։ Գեղամայ լեռնաշղթայէն դէպի արեւմուտք կը ձգուի Ողջաբերդի լեռնաբազուկը։ Գեղամայ լեռնաշղթային մէջ կան շարք մը լեռնային ոչ մեծ լիճեր, որոնք խառնարանային կը թուին։ Լիճերէն մէկը Աժդահակ լերան խառնարանէն է, որ կը սնուցուի ձիւնհալով[2]։

Հիմքով կաւիճի ու պալեոգենի տարասեռ է, մակերեւոյթով պլիոցենի ու անթրոպոգենի հրաբխային այրեր են։ Ունի անհամաչափ կառուցուածք։ Արեւելեան լանջերը, մեղմաթեք իջնելով, աստիճանաբար կը ձուլուին մերձսեւանեան լաւային սարաւանդներուն։ Արեւմտեան զառիկող լանջերը կ'իջնեն Հրազդանի հովիտը՝ առաջացնելով նախալեռնային գօտի՝ Հատիս, Գութանասար, Մենակսար եւ այլ հրաբուխներով։ Ջրբաժան գօտին 2800-3000մ. բարձր, ալիքաւոր սարաւանդ է՝ հրաբխային գլուվներով (Աժդահակ, Մազազ, Սեւկատար) եւ ժայթքման մնացորդային գմբէթներով (Սպիտակասար, Գեղասար, Գնդասար եւ այլն)։ Հարաւ-արեւմուտքին կ'անջատուի Ողջաբերդի սեղանաձեւ լեռնաճիւղը։ Հարաւը գտնուող բարձրադիր մասը մասնատուած է գետահովիտներով ու կիրճերով։ Պահպանուած են անթրոպոգենի թարմ հրաբխային ձեւերը։ Լաւային հոսքերը 15-20 քմ. լեզուակներով կը տարածուին Ազատի, Հրազդանի, Արգիճիի գետահովիտներուն մէջ, առաջացնելով բազմանկիւն, սիւնաձեւ առանձնացումներ։ Լանջերուն մէջ կան աղբիւրներու ելքեր (Քառասունակն, Ակունք, Լիճք եւ այլն)։ Գութանասարի, Սպիտակասարի, Գեղասարի, Հատիսի շրջակայքին մէջ կան վանակատի եւ պեռլիտի պաշարներ։ Որոշ հրաբխային գլուխներու խառնարաններ վերածուած են լճակներու։ Անթրոպոգենի սառցապատումներու հետքերը կառերու, տրոգներու և մորեններու ձեւերով պահպանուած են գետահովիտներու վերին մասերուն մէջ։ Կլիման բարեխառն եւ ցուրտ լեռնային է, ամառը՝ կարճատեւ, զով, ձմեռը՝ ցուրտ (240-250 օր), տարեկան միջին ջերմաստիճանը նախալեռներուն մէջ՝ 6-4 °C, սարաւանդներուն մէջ՝ 2-0 °C, գագաթին՝ -2 °C, տարեկան տեղումները՝ 500-900 մմ, ձիւնածածկոյթի հզօրութիւնը՝ 30-100 սմ։ Լանջերէն սկիզբ կ'առնեն Ազատ, Վեդի, Արգիճի, Գաւառագետ, Բախտակ եւ այլ գետեր։ Նշանաւոր է Ակնայ լիճը. Գեղամայ լեռնահաւանի հարաւ-արեւմուտքին լանջերը ներառուած են Խոսրովի անտառ արգելոցին մէջ։

Կենդանի բնութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Հողաբուսային ծածկոյթը ենթակայ է վերընթաց գօտիականութեան։ Մինչեւ 2800 մ լեռնատափաստաններ են, աւելի բարձր՝ մերձալպեան եւ ճահճացած մարգագետիններ։ Արեւմուտքի լանջերուն մէջ կան արեւելեան կաղնիի եւ գիհի փոքր անտառներ։ Կենդանիներէն կը հանդիպին ճագարամուկ, նապաստակ, գայլ, աղուէս, հազուադէպ՝ արջ, սողուններէն՝ մողէսներ, օձեր։ Շատ են թռչունները։ Անուանումը կը կապուի Հայկ Նահապետի ծոռ Ամասիայի որդի Գեղամի անուան հետ։

Գեղամայ լեռնաշղթային մէջ կարելի է հանդիպիլ թռչուններու մօտ 250 տեսակ, ինչ որ կը կազմէ Հայաստանի մէջ հանդիպող թռչնատեսակներէն 70 %-ին։ Լեռնաշղթայի հարաւային լանջերուն որոշ հատուածներ կը մտնեն Խոսրովի անտառ, պետական արգելոցի տարածքին մէջ։

Գագաթներու եւ անուանական կէտերու ցանկ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. Աժդահակ 3597 մ - Կոտայք / Գեղարքունիք
  2. Սպիտակասար 3555 մ - Արարատ /Կոտայք / Գեղարքունիք
  3. Կարմիր Կատար 3530 մ - Կոտայք / Գեղարքունիք
  4. Արեւմտեան Աղուսար 3468 մ - Կոտայք
  5. Գեղասար 3443 մ - Արարատ / Գեղարքունիք
  6. Արեւելեան Աղուսար 3434 մ - Կոտայք
  7. Աղուսար 3335 մ - Կոտայք
  8. Դիմաց լեռ 3335 մ - Կոտայք
  9. Գեղմաղան 3319 մ - Կոտայք
  10. Նազելի 3312 մ - Կոտայք / Գեղարքունիք
  11. Ոսկեսար 3291 մ - Գեղարքունիք / Արարատ
  12. Շամփրասար 3259 մ - Կոտայք / Գեղարքունիք
  13. Ակնասար 3258 մ - Կոտայք / Գեղարքունիք
  14. Ոչխարաթումբ 3238 մ - Գեղարքունիք
  15. Սեւկատար 3225 մ - Կոտայք
  16. Սեղանասար 3219 մ - Կոտայք
  17. Նարինէ 3200 մ - Կոտայք
  18. Շուշան 3200 մ - Կոտայք
  19. Ուղտուպար 3196 մ Արարատ/Գեղարքունիք
  20. Գռասար 3182 մ - Գեղարքունիք
  21. Պայտասար 3177 մ - Կոտայք
  22. Ուղտուսար 3170 մ - Կոտայք
  23. Վիշապասար 3157 մ - Արարատ
  24. Լճասար 3153 մ - Գեղարքունիք
  25. Երիցասար 3139 մ - Կոտայք
  26. Քարհանք 3139 մ - Կոտայք
  27. Գեղարքունիք 3132 մ - Գեղարքունիք
  28. Գեղաքար 3131 մ - Գեղարքունիք
  29. Գելոյիսար 3104 մ - Գեղարքունիք
  30. Մեծ Առիւծնախազ (Մեծ Շիրալի) 3092 մ - Գեղարքունիք
  31. Մանկունք 3088 մ - Արարատ
  32. Մազազ 3087 մ - Կոտայք / Գեղարքունիք
  33. Ծաղկաւէտ 3076 մ - Արարատ / Գեղարքունիք
  34. Մառախլապատ 3034 մ - Կոտայք / Գեղարքունիք
  35. Աճառ 3018 մ - Գեղարքունիք
  36. Փոքր Առիւծնախազ 3002 մ - Գեղարքունիք
  37. Կաշառոտ 2966 մ
  38. Գնդասար 2878 մ
  39. Կարմիր 2854 մ
  40. Պառուագլուխ 2832 մ
  41. Արմաղան 2829 մ
  42. Մշակնոց 2696 մ
  43. Պահակասար 2673 մ
  44. Պահասար 2648 մ
  45. Եռագագաթ 2589 մ
  46. Ճարտար 2558 մ
  47. Ջանասար 2544 մ
  48. Պահաբլուր 2533 մ
  49. Հատիս 2529 մ
  50. Սարիսուրբ 2526 մ
  51. Սահակասար 2508 մ
  52. Ասեղասար 2483 մ
  53. Եռաբլուր 2479 մ
  54. Մենակսար 2399 մ
  55. Ցլուգլուխ 2393 մ
  56. Կլոր Թառ 2358 մ
  57. Պահոց 2346 մ
  58. Փոքր Լճասար 2334 մ
  59. Գութանասար 2299 մ
  60. Հանդասար 2292 մ
  61. Տաշածսար 2291 մ
  62. Սուրբ Սարգիս 2270 մ
  63. Թոռաբլուր 2258 մ
  64. Այծասար 2242 մ
  65. Պանդուխտ 2236 մ
  66. Պառուիվանք 2226 մ
  67. Քարաձի 2063 մ
  68. Քառագագաթ 1948 մ
  69. Ջրասար 1922 մ
  70. Կլորդար 1921 մ
  71. Խաչիսար 1623 մ
  72. Բարդենուտ 1595 մ
  73. Սուրբսար 1424 մ
  74. Երախ 1419 մ
  75. Բագասուն 1252 մ

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  • Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 29 — 150 էջ։
  • Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջաններու տեղանուններու բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 822 — 992 էջ։
  • Աժդահակ
  • Գութանասար
  • Վիշապաքար

Արտաքին յղումներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  • Գեղամա 3000մ+
  • opentopomap.org
  1. (հայերեն) Աժդահակ (լեռնագագաթ), 2021-03-09, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D4%B1%D5%AA%D5%A4%D5%A1%D5%B0%D5%A1%D5%AF_(%D5%AC%D5%A5%D5%BC%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A1%D5%A3%D5%A1%D5%A9)&oldid=7775737, վերցված է 2022-04-27 
  2. «Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան, Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան - Գեղամա լեռներ»։ www.nayiri.com։ արտագրուած է՝ 2022-04-27