Սեպուհ Աբգարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբգարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սեպուհ Աբգարյան | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | հունիսի 12, 1930 Կիպրոս |
Երկիր | Կիպրոս |
Մահացել է | օգոստոսի 5, 2014 (84 տարեկան) Նիկոսիա, Կիպրոս |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, դիրիժոր և ռադիոհաղորդավար |
Սեպուհ Լևոնի Աբգարյան (հունիսի 12, 1930, Կիպրոս - օգոստոսի 5, 2014, Նիկոսիա, Կիպրոս), հայազգի կոմպոզիտոր, երգիչ, դիրիժոր, ռադիոհաղորդավար, «Գոհար» սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի դիրիժոր, գեղարվեստական ղեկավար։
Կենսագրություն և ստեղծագործական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Կիպրոսի Նիկոսիա քաղաքում՝ ուսուցչի ընտանիքում։ Հայրը՝ Լևոն Աբգարյանը, ծնունդով սասունցի է եղել և եղել է Անդրանիկ զորավարի զինվորներից։ Նա Հալեպից զենք է փոխադրել և պատերազմի ժամանակ ակտիվ գործունեություն է ծավալել[1]։ Մայրը՝ Երմոնե Աբգարյանը, երգել է Բարսեղ Կանաչյանի «Գուսան» երգչախմբում և աշակերտել է գրականագետ Հակոբ Օշականին[1]։
Ընտանիքը տեղափոխվել է Բեյրութ, որտեղ Սեպուհը սովորել է Սուրբ Նշան դպրոցում և աշակերտել է Էդուարդ Տարոնյանին և Բարսեղ Կանաչյանին։ Նա միշտ երախտագիտությամբ է հիշել իր ուսուցիչներին, որոնք մեծ ազդեցություն են թողել նրա ձևավորման և կայացման վրա։ 13 տարեկանում նա իր ընտանիքի հետ տեղափոխվել է Հալեպ, որտեղ 1954 թվականին ավարտել է Մելգոնյան հայկական վարժարանը։ Այնուհետև ուսումը շարունակել է Փարիզում[2]։ Փարիզում աշակերտել է Ժորժ Դանդլոյին և Շառլ Քյոքլեին[1]։ Փարիզում ուսումը ավարտելուց հետո վերադարձել է Կիպրոս և աշխատել է տեղի վարժարանում։ Փարիզի կոնսերվատորիայում սովորելուց զատ վարպետաց դասեր է առել Նադիա Բուլանժեի «Ամառային տաղավար»–ում, որոնցից եղել է մեծանուն երաժիշտ Բենջամեն Բրիտտենը[3]։
Երկու այլ հայերի հետ Կիպրոսի հեռահաղորդակցության միությունում հիմնել է հայկական ռադիոհաղորդում, որտեղ աշխատել է շուրջ 46 տարի։ Միաժամանակ աշխատել է Մելգոնյան վարժարանում՝ որպես երգչախմբի ղեկավար և դասավանդել է արվեստի պատմություն[4][1]։
Հեղինակ է մի շարք երգերի, կամերային, սիմֆոնիկ երաժշտությունների, օրատորիաների, որոնք կատարվել են աշխարհի մի շարք երկրներում՝ Տոկիո, Փարիզ, Կիպրոս, Լիբանան, ԱՄՆ։ Սեպուհ Աբգարյանի ամենամեծ ձեռքբերումը եղել է «Գոհար» սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի ղեկավարումը, որը իր համերգներով հանդես է եկել Հայաստանում և սփյուռքի բազմաթիվ գաղթօջախներում։ Նա վերոհիշյալ համույթը ղեկավարել է հիմնադրման օրից մինչև կյանքի վերջ[5]։
Մահացել է Նիկոսիայում[6][7]։
Օգտագործել է Սասմա Մհեր ծածկանունը[8]։
Կարծիքներ Սեպուհ Աբգարյանի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]Սեպուհ Աբգարյանը մի Մեծություն է մեր իրականության մեջ, ափսոս քիչ բացահայտված։ Դավիթ Սարիբեկյան |
Բացի լավ արվեստագետ լինելուց՝ նա շատ հոգատար մարդ էր։ Կարող էր հայրաբար վերաբերվել բոլորին։ Նա հրաշալի հումոր ուներ, շատ-շատ լավ գիտեր հայոց պատմությունը։ Հեղինե Քալաշյան, երգչախմբի նախկին անդամ |
Չեմ վախենա ասել՝ հայ ազգային երգի շատ-շատ կորած ու անտեսված նմուշներ, մաեստրոյի ու «Գոհարի» շնորհիվ վերամշակվեցին ու ներկայացվեցին հանրությանը։ Սոնա Զարաֆյան, երգչախմբի անդամ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Երաժշտական Հայաստան. էջ 105
- ↑ Наталия Халатян. Браво, маэстро Сепух Абгарян Արխիվացված 2015-05-11 Wayback Machine - Голос Армении 25.09.2014
- ↑ Սեպուհ Աբգարյանի անձնական արխիվի նյութեր
- ↑ «ՍԵՊՈՒՀ ԱԲԳԱՐՅԱՆ». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ «БРАВО, МАЭСТРО СЕПУХ АБГАРЯН». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ «Մահացել է «Գոհար» նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սեպուհ Աբգարյանը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 24-ին.
- ↑ http://www.artsakank.com.cy/am/news/interview/2009/interview-sabouh-apkarian Արխիվացված 2015-09-23 Wayback Machine ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ԳՈՀԱՐԻ ԽՄԲԱՎԱՐ ԵՒ ԳԵՂԱՐՈՒԵՍՏԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ ԱԲԳԱՐԵԱՆԻ ՀԵՏ
- ↑ Բախտիար Հովակիմյան, Հայոց ծածկանունների բառարան, Ե., ԵՊՀ հրատ., 2005, էջ 547։