Jump to content

Նեոդասականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Նեոկլասիցիզմից)

Նեոդասականություն, նեոկլասիցիզմ կամ նեոկլասիկա, արվեստագիտության և մասամբ գրականագիտության մեջ ընդունված տերմին, որով նշվում են սոցիալական ուղղվածությամբ և գաղափարական բովանդակությամբ տարբեր 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի գեղարվեստական երևույթները, որոնց ներհատուկ է դասական արվեստի, Վերածննդի դարաշրջանի կամ Կլասիցիզմի (երաժշտության մեջ նաև բարոկկոյի շրջանի) արվեստների ավանդույթներին դիմելը։

Նեոդասականություն տերմինը լայնորեն կիրառվում է նաև (հիմնականում արտասահմանյան արվեստագիտության մեջ) 18-րդ դարի երկրորդ կեսից 19-րդ դարի առաջին կեսի ճարտարապետության և կերպարվեստի մեջ կլասիցիզմը (դասականություն) նշելու համար, ի տարբերություն 17-րդ դարի և 18-րդ դարի առաջին կեսի կլասիցիզմի։ Նեոդասականության առաջացումը (որպես ծրագրված վերադարձ անցյալի արվեստին) պայմանավորված էր տագնապալի և հակասական իրականությանը գեղագիտական ինչ-որ «հավերժ» արժեքներ, իսկ գեղարվեստական հոսանքների գաղափարական և ձևական համակարգին ապաժամանակային, ողջ կոնկրետ պատմականից «մաքրագործված» իդեալական կերպարներ, ձևերի խստություն ու վեհություն հակադրելու ձգտումով։ Միաժամանակ նեոդասականությունը ելակետային ընդհանուր գծեր ունի նեոռոմանտիզմի հետ, չնայած երբեմն հանդես է գալիս որպես նրա հակադրություն։ Դասական ավանդույթների զարգացումն ու ստեղծագործական վերաիմաստավորումը կարծես ի հայտ է բերում գեղարվեստական պրոցեսի պատմական հաջորդականությունը։ Միաժամանակ, դասական ձևական հնարքների մեխանիկական կիրառումը, դասական (20-րդ դարի արվեստում ոչ սակավ պաշտոնապես հորինված) մոտիվների միտումնավոր ընդմիջարկումը հանգեցնում են սխեմատիկ, անկենդան, կեղծ վեհությամբ երկերի ստեղծմանը։

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճարտարապետության մեջ հիմնականում կլասիցիստական ավանդույթների հետ կապված նեոկլասիցիստական հոսանքների ավելի լայն տարածման ժամանակաշրջանը բաժանվում է երեք փուլի. առաջինը սկսվել է մոտ 1910-ին, երկրորդը ըևդգրկել է հիմնականում 1930-ական թվականներին, երրորդը սկսվել է 1950-ական թվականների վերջին։ Սկզբնական շրջանում դասական ձևի կազմակերպմաև տրամաբանությունը և նրա լակոնիզմը հակադրվել են էկլեկտիկ և «մոդեռն» ճարտարապետություններին բնորոշ ձևերի կամայականությանը և դեկորի շռայլ կիրառմանը։ Մի շարք երկրներում այս շրջանի նեոդասականությունը կիրառում է «մոդեռնի» մշակած կառուցվածքային հնարքները և իր մեջ բովանդակել որոշակի ռացիոնալիստական միտումներ (Ֆրանսիայում՝ Օ․ Պեռե և Թ․ Գառնիե, Գերմանիայում՝ Պ․ Բեռենս, Ավստրիայում՝ Օ․ Վագներ և Ա․ Լոզ, Շվեդիայում՝ Գ․ Ասպլունդ և ուրիշներ)։ 1910-ական թվականներին ռուսական ճարտարապետությունում նեոդասականությունը ստացել է այլ երանգավորում, այստեղ գերիշխել է դասական ճարտարապետության հիմնական սկզբունքները հաստատելու ձգտումը (Ի․ Ա․ Ֆոմին, Ի․ Վ․ ժոլտովսկի, Վ․ Ա․ Շչուկո և ուրիշներ)։ Այդ տարիներին դասական ճարտարապետության մոտիվների ոճավորմանն են անդրադարձել նաև ռուս, «մոդեռնի» ներկայացուցիչները (Ֆ․ Օ․ Շեխտել, Ֆ․ Ի․ Լիդվալ և ուրիշներ)։

1910-ից 1920-ական թվականներին ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում նեոդասականությունը զարգացել է հիմնականում պաշտոնական ճարտարապետությունում (Ա․ Լինկոլնի հուշարձանը Վաշինգտոնում, 1914-ից 1922 թվականներին, ճարտարապետ Գ․ Բեկոն)։ 1930-ական թվականների Իտալիայի և Գերմանիայի ճարտարապետությունում նեոդասականության միջոցները կիրառվել են ստեղծելու համար չափազանցված մոնումենտալությամբ մարդուն ճնշող կառույցներ, որոնք ծառայում էին ֆաշիստական գաղափարախոսության պրոպագանդման նպատակին (Համալսարանական ավանը Հռոմում, 1930-1935 թվականներին, ճարտարապետ Մ․ Պյաչետինի, Արվեստի տունը Մյունխենում, 1933-1937, ճարտարապետ Պ․ Լ․ Տրոստ և այլն)։ 1950-ական թվականների վերջից նեոդասականությունը զարգացել է հիմնականում ԱՄՆ-ի ճարտարապետությունում (այսպես կոչված 1960-ական թվականների նեոդասականություն), որին նպաստել է պաշտոնական ծրագրով (նախատեսում էր կառույցների որոշակի ոճական բնույթ) տարվող շինարարությունը, դիվանագիտական ծառայությունների համար տարբեր երկրներում կառուցվել է մոտ 50 շենք։ Այս ուղղությանը բնորոշ են կլասիցիզմի կոմպոզիցիոն հնարքների համադրումը ժամանակակից կոնստրուկցիաների թելադրած ձևերին, թանկարժեք նյութերի նմանակումը, ԱՄՆ-ից դուրս կառուցված շինություններում հաճախ տեղական ճարտարապետության ավանդույթներին զուգակցված տարրերի կիրառումը (ԱՄՆ-ի դեսպանատան շենքերը Գելիում՝ 1958 թվական, ճարտարապետ Է․ Սթոուն, Լոնդոնում՝ 1960 թվական, ճարտարապետն է․ Սաարինեն, Աթենքում՝ 1957-1961 թվականներ, ճարտարապետ Վ.Գրոպիուս և այլն)։ Առավել նշանակալի կառույցը Նյու Ցորքի Լինկոլն կենտրոնն է (1960-ական թվականներ, ճարտարապետներ՝ Ֆ․ Զոնսոն, Ու․ Հարրիսոն, Մ․ Աբրամովից, է․ Սաարինեն)։

Նեոդասականության սկզբունքները արձագանք են գտել նաև 1930-ական թվականների երկրորդ կեսից մինչև 1950-ական թվականների սկզբի սովետական ճարտարապետության մեջ։

Կերպարվեստում «նեոդասականություն» տերմինը երևույթների առավել լայն շրջանակ է ընդգրկում, քան ճարտարապետության մեջ և կիրառվում է տարատեսակ գեղարվեստական հոսանքների նկատմամբ։ Պրեռաֆայելիաների ստեղծագործություններում (20-րդ դարի կեսից) արդեն նշմարելի էին նեոդասականության որոշ տարրերը։ Սակայն նեոդասականության մասին, որպես համեմատաբար ամբողջական երևույթի, կարելի է դատել այսպես կոչված նեոիդեալիզմի կապակցությամբ, որը վերջնականապես ձևավորվել է 1870-ական թվականներին, Գերմանիայում։ Բանակռիվ մղելով ինչպես ակադեմիական էկլեկտիկայի և նատուրալիզմի, այնպես էլ ռեալիզմի դեմ, հետևելով գեղեցկության «հավերժական» իդեալներին «նեոիդեալիստները» (գեղանկարիչներ՝ Ա․ Ֆոյերբախ, Ֆոն Մարե, քանդակագործ՝ Ա․ Տիլդեբրանդ) ձգտել են վերածնել դասական արվեստի մոնումենտալությունն ու պլաստիկական հստակությունը։ Գեղագիտության բնագավառում այդ ձգտումը հիմնավորվել է Կ․ Ֆիդլերի երկերում, որն արվեստի խնդիրը համարել է իրականության «քաոսի» հաղթահարումը։

Նեոդասականությունը մեծ տարածում է գտել 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին՝ որպես իմպրեսիոնիզմի նկատմամբ ռեակցիայի տարատեսակներից։ Այն իր մեջ զուգորդել է ուշ ակադեմիական շրջանի որոշակի միտումներ, այս կամ այն չափով անտիկ արվեստի (ընդ որում՝ ոչ այնքան դասական, որքան արխաիկայի շրջանի), հազվադեպ՝ Վերածննդի և կլասիցիզմի արվեստների սկզբունքներին ծրագրայնորեն հետևելը, վերջապես՝ հաճախ շատ մոտիկից «մոդեռնի» ոճավորմանը շփվելը։ «Նեոդասականություն» տերմինը տարբեր չափերով կիրառելի է 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի առաջին կեսի այնպիսի վարպետների ստեղծագործության կամ նրանց արվեստի առանձին կողմերի նկատմամբ, ինչպիսիք են քանդակագործներ Ա․ Մայոլը և է․ Ա․ Բուրդելը (Ֆրանսիա), Կ․ Միլլեսը (Շվեդիա), Ի․ Մեշտրովիչը (Հարավսլավիա), Ֆ․ Մեսսինան (Իտալիա), Ս․ Տ․ Կոնյոնկովը, Ա․ Տ․ Մատվեեը, Ա․ Դ․ Մերկուրովը (Ռուսաստան), գեղանկարիչներ Ֆ․ Բոդլերը (Շվեյցարիա), Պ․ Պյուվի դը Շավանը և Մ․ Դենին (Ֆրանսիա), Լ․ Ս․ Բակստը, Վ․ Ա․ Սերովը, Կ․ Ա․ Պետրով-Վոդկինը (Ռուսաստան)։ Նեոդասականության հետ շփման եզրեր ունեն էքսպրեսիոնիզմի, ֆուտուրիզմի, կուբիզմի նկատմամբ որպես ռեակցիա սկզբնավորված 1920-1930-ական թվականների կերպարվեստի հոսանքներից՝ «նոր նյութականությունը» (Գերմանիա), որն իր հերթին ազդել է ռեգիոնալիզմի վրա (ԱՄՆ), «մետաֆիզիկական գեղանկարչությունը» (Իտալիա), Պ․ Պիկասսոյի «նեոէնգրիզմը» (Ֆրանսիա)։ Ինչպես և ճարտառապետության մեջ նեոդասականության գեղարվեստական արտահայտչամիջոցները օգտագործել է ֆաշիստական վարչակարգերի պաշտոնական արվեստը՝ ստեղծելու համար կեղծ մոնումենտալ, սառը, անկյանք կամ փքուն-պաթետիկ կերպարներ, որոնք մարմնավորել են պետության հզորության պաշտամունքն ու «գերմարդ- հերոսին» (Իտալիայում գեղանկարիչներ Ա․ Ֆունի, Մ․ Սիրոնի, Գերմանիայում՝ Ա․ Բրեկեր և ուրիշներ)։

Գրականության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային գիտության մեջ գրականության ասպարեզում «նեոդասականություն» տերմինով նշվում են համեմատաբար նեղ հոսանքներ (1890-ական թվականների սկզբից մինչև 1900-ական թվականների կես), որոնք գեղագիտորեն համանման են 19-րդ և 20-րդ դարերի սահմանագծի կերպարվեստում եղած նեոդասականությանը (Ֆրանսիայում՝ այսպես կոչված ռոմանական դպրոցը՝ Շ.Մորիսի և ժ․ Մորեասի գլխավորությամբ, Գերմանիայում՝ Պ․ էռնստի, Վ․ Շոլցի, Ս․ Լյուբինսկու ստեղծագործությունը)։ Սոցիալ-քաղաքական ձգտումներով տարբեր նոր դասական գրողներին միավորում են գեղագիտության ու պոետիկայի ազգակցական սկզբունքները՝ բացասական վերաբերմունքը ինչպես նատուրալիզմի, այնպես էլ ֆրանսսիական սիմվոլիզմի ու գերմանական նեոռոմանտիզմի նկատմամբ, կողմնորոշումը դեպի անտիկ ողբերգությունն ու կլասիցիզմը, եվրոպական դասական մշակույթի «անսասան» ավանդույթների վրա հենվելը՝ ի հակակշիռ դեկադանսի և պրոզաիկ իրականության և, միաժամանակ, քննադատական ռեալիզմի ավանդույթների հետ կապերի խզումը։ 1930-ական թթ․ նեոդասականության յուրօրինակ տարատեսակը եղավ նաև «նոր հումանիզմ» հոսանքը ԱՄՆ-ի գրականության մեջ։

Լայն իմաստով նեոդասականություն են անվանում անտիկ կերպարների ու մոտիվների, սյուժեների ու կոնֆլիկտների օգտագործման վրա հիմնված գաղափարաոճական սկզբունքը, որը կլասիցիզմի դարաշրջանից հետո բազմիցս երևան է եկել 19-րդ և 20-րդ դարերում։ Սովորաբար նրան հատուկ է ավանդական պլաստիկ ավարտունությունն ու բանաստեղծական լեզվի պարզությունը։ Տարբեր երկրներում և տարբեր դարաշրջաններում նեոդասականությունը գաղափարագեղարվեստական բազմազան իմաստներ է ձեռք բերել։

Երաժշտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեոդասականությունը 20-րդ դարում երաժշտության հոսանքներից է, որի ներկայացուցիչները ձգտել են վերածնել վաղ դասական և մինչդասական երաժշտության ոճական գծերը։ Առավել զարգացման է հասել համաշխարհային երկու պատերազմների միջև ընկած ժամանակաշրջանում։ 1920 թվականին Ֆ․ Բուզոնին հրատարակել է Պ․ Բեքերին ուղղված բաց նամակ («Նոր կլասիցիզմ»), որը դարձել է այդ ուղղության մանիֆեստը։ 1924 թվականին Ի․ Ֆ․ Ստրավինսկին առաջ է քաշել «Ետ դեպի Բախը» լոզունգը, որի իմաստը բախյան տրամաբանության, երաժշտական ձևի կառուցման ու զարգացման սկզբունքների և երաժշտական լեզվի ժամանակակից արտահայտչամիջոցների միավորման մեջ էր։ Նեոդասականության գեղագիտական իդեալը «կարգ ու կանոնն է», գեղարվեստական ամբողջության բոլոր տարրերի կայունությունը, հավասարակշռվածու֊թյունը։ Այդ ներդաշնակությունը, սակայն, հասկացվում է ոչ որպես պայքարի արդյունք, ռեալ կենսական հակասությունների հաղթահարում, այլ ի սկզբանե գոյություն ունեցող, հավերժ ու անփոփոխ ինչ-որ բան։

Նեոդասականներին իր վերջին ստեղծագործություններում անմիջականորեն մոտեցել է Մ․ Ռեգերը։ Ավելի մակերեսային՝ արտաքին ոճավորման ձևով նեոկլասիցիստական միտումներ առկա են Ռ․ Շտրաուսի մոտ («Վարդերի ասպետը» օպերան, 1910 թվական)։ Գերմանական երաժշտության մեջ նեոդասականություն ուղղությունը գլխավորել է Պ․ Տինդեմիթը։ Նրա մոտ նեոկլասիցիստական միտումներն արտահայտվել են 16-րդ դարի գծատարած (լինեար) պոլիֆոնիային և բարոկկոյի դարաշրջանին բնորոշ գործիքային երաժշտության ձևերին անդրադառնալու մեջ։ 1920-ական թվականներին այդ հոսանքին որոշակի տուրք է տվել Ի․ Ֆ․ Ստրավինսկին («Էդիպ արքա» օպերա-օրատորիա, 1927 թվականին, «Պուլչինելլա» (Պերգոլեզիի թեմաներով), 1919 թվականին, «Ապոլլոն Մուսագետ» (նյուլլիի թեմաներով), 1927 թվականին, «Փերու համբույրը» (Չայկովսկու թեմաներով), 1928 թվականին, բալետները, «Սաղմոսների սիմֆոնիա», 1930 թվականին, օկտետ, 1923 թվականին և այլն)։ Նեոկլասիցիստական միտումները մասամբ արտահայտվել են 1920-ական թվականներին ֆրանսիացի «Վեցյակի» ներկայացուցիչների (Դ․ Միյո, Ա․ Հոնեգեր, Ֆ․ Պուլենկ և ուրիշներ), Մ․ Ռավելի, Օ․ Ռեսպիգիի առանձին երկերում։ Իտալական նեոդասականության ներկայացուցիչներ են Ի․ Պիցցետտին, է․ Մալիպիեռոն, Ա․ Կազելլան։

Նեոկլասիցիստական բնույթի ստեղծագործությունները մոտիկ են ոճավորմանը, միևնույն ժամանակ, հնագույն երաժշտության ընդօրինակումը դրանցում զուգակցվում է երաժշտական լեզվի արդիականացման, արխաիկի կողքին՝ ժամանակակից արտահայտչամիջոցների օգտագործման հետ։ Ամբողջության մեջ նեոդասական միտումները, իրենց էությամբ, հակասական են։ Մի կողմից վերածնվում են պարզությունը, կազմակերպվածությունը, երաժշտական հին ոճերի տրամաբանությունը, մյուսից՝ նեոդասականություն հանգեցնում է սառը, ձևական ընդօրինակման, հնացած ոճաձևերի արհեստական վերածննդին։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նեոդասականությունը դադարել է եվրոպական երաժշտության առաջատար ուղղություններից մեկը լինելուց, բայց դրա առանձին տարրեր պահպանվել են գաղափիարագեղարվեստական տարբեր դիրքորոշում ունեցող կոմպոզիտորների երկերում։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Колпинский Ю․, Фашизм и монументальное искусство, «Искусство», 1934, М.
  • Дурус А․, К вопросу о художественной политике немецкого фашизма, там же, 1934.
  • Ремпель Л․ И․, Архитектура послевоенной Италии, М․, 1935.
  • Михайлов М․, О классицистских тенденциях в музыке XIX— начала XX века, в кн․։ Вопросы теории и эстетики музыки, вып․ 2, Л․, 1963.
  • Грабарь-Пассек М․ Е․, Античные сюжеты и формы в западно-европейской литературе, М․, 1966.
  • Нестьев И․, На рубеже двух столетий, М․, 1967.
  • Бенуа А․ Н․, Русский неоклассицизм․ Возрождение классики, в кн․։ Алек- сандрь Бенуа размышляет․․․, М․, [1968].
  • Борисова Е․ А․, Неоклассицизм, в кн․։ Борисова Е․ А․, Каждан Т․ П․, Русская архитектура конца 19—начала 20 века, М․, 1971.
  • Мачульский Г․ К․, Неоклассицизм 60-х годов (Филипп Джонсон), в сб․։ Архитектура современного Запада, М․, 1973.
  • Рейнгардт Л․, «Новая вещественность» и риджионализм, в сб․։ Модернизм, М․, 1973.
  • Смирнов В․, Возникновение неоклассицизма и неоклассицизм И․ Стравинского, в кн․։ Кризис буржуазной культуры и музыка, вып․ 2, М․, 1973.
  • Denis М․, Theories․ 1890—1910․․․,3 ed․, P․, 1913.
  • Denis М․, Nouvelles theories․ 1914—1921, P․, 1922.
  • Stuckenschmidt H․t Neue Musik, B․, 1951.
  • Hitchcock A․, Architecture։ Nineteenth and Twentieth Centuries, Harmondsworth (a․ o․), 1958.
  • Austin W-, Music in the 20 th Century, N․ Y․, 1966.
  • Տtene E․ D․, The Evolution of an Architect, N․ У., 1972․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 227