Հայաստանի շինարարություն
ՀՀ շինարարություն։ Շինարարությունը տնտեսության կարևոր ճյուղերից է, կառուցում և վերակառուցում է տարբեր նշանակության շենքեր ու կառույցներ։ Այն որոշիչ դեր ունի երկրի տնտեսության զարգացման գործում։ ճյուղի արտադրանքն արտադրական ձեռնարկությունների, տրանսպորտային ճանապարհների, էներգետիկ, համակարգի, ջրատեխնիկական կառույցների, բնակելի տների, հանրակրթական դպրոցների, նախադպրոցների, գիտական, մշակութային և այլ հաստատությունների, օբյեկտների ավարտված և գործարկված շենքերն ու շինություններն են։ Հայաստանում շինարարությունն արագ տեմպերով զարգացել է խորհրդային իշխանության տարիներին, կառուցվել են հզոր ու բարդ շինարարական կառույցներ (ՀԱԷԿ, Հրազդանի ջէկ, «Նաիրիտ» գործարան, «Արփա-Սևան» թունել, Երևանի մետրոպոլիտեն, «Զվարթնոց» օդանավակայան և այլն), բազմաթիվ բարձրահարկ բնակելի շենքերով զանգվածներ հանրապետության տարբեր քաղաքներում և այլն։ Միայն 1976-1980 թվականին ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին կառուցվել և շահագործման են հանձնվել 5,6 միլիոն մ2 ընդհանուր մակերեսով բնակելի տներ, 143 հազար աշակերտ, տեղով հանրակրթական դպրոցներ, 30,6 հազար տեղով նախադպրոց, հիմնարկներ, 4 հազար մահճակալով հիվանդանոցներ և այլն։
Անկախացումից հետո շինարարության առավելագույն ծավալը (2008) 5 անգամ զիջել է խորհրդային տարիների առավելագույն ծավալին։ Սակայն պետական լայնածավալ շինարարությունը հաճախ իրականացվել է առանց երկրաշարժակայունության պարտադիր չափանիշների պահպանման, որի հետևանքը 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի պատճառած հսկայական ավերածություններն էին (ամբողջովին ավերվել են Սպիտակ քաղաքը և 58 գյուղ, Գյումրիում, Ստեփանավանում, Վանաձորում շարքից դուրս է եկել բնակելի ֆոնդի 70%-ը)։ Անկախացումից հետո Հայաստանում շինարարուն սկսել է զարգանալ 2003-2004 թվականից, որի համար բարենպաստ հող էր նախապատրաստել մինչ այդ տնտեսության մյուս ճյուղերի վերականգնումը։ Ոլորտի զարգացման համար լուրջ խթան են ծառայել կառուցապատման խոշոր ծրագրերը և հատկապես Երևանի Հյուսիսային պողոտայի նախագիծը, որն ավարտվել է 2010 թվականին։ 1999-2010 թվականին մեծածավալ (ավելի քան 1 միլիարդ դոլար) բարեգործ, ծրագրեր է իրականացրել Լինսի հիմնադրամը՝ ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանի ֆինանսավորմամբ, որի միջոցներով կառուցվել են ճանապարհներ, աղետի գոտում՝ բնակարաններ, նորոգվել մշակութային կենտրոններ։ 2005 թվականին շինարարության համախառն ծավալը հատել է 1 միլիարդ դոլարի (ՀՆԱ-ի 21,7%-ը), 2006 թվականին՝ 1,5 միլիարդ դոլարի (ՀՆԱ-ի 26,7%-ը) սահմանագիծը։ 2007-2008 թվականն ընդունված է համարել ՀՀ-ում շինարարության վերելքի տարիներ։ 2008 թվականին միայն Երևանում իրականացվել են 70 բնակարանաշինարարական ծրագրեր՝ յուրաքանչյուրը 50-200 բնակարանով։
2008 թվականի ֆինանսատնտեսական համաշխարհային ճգնաժամի հետևանքով 2009 թվականին շինարարության ընդհանուր ծավալները նվազել են 36,4%-ով, 2,6% անկում արձանագրվել է նաև 2010 թվականին։ 2011 ֊թվականին փոխվել է շինարարությանյան մեջ ներդրվող միջոցների կառուցվածքը, նվազել է պետական միջոցների հաշվին կատարվող շինարարությունը, բնակչության միջոցներով անհատական շինարարությունն ավելացել է մոտ 20%-ով, իսկ մասնավոր կազմակերպություններինը՝ 40%-ով։ Բնակարանաշինության մեծածավալ պետական ծրագիր է իրականացվում աղետի գոտում։ Մինչև 2013 թվականը Գյումրիի «Մուշ» և «Անի» Ավստրալիական թաղամասերում կառուցվելու են 137,4 հազար մ2 ընդհանուր մակերեսով 38 բազմաբնակարան շենքեր, Լոռու մարզի գյուղ, բնակավայրերում՝ 375 անհատական բնակելի տներ՝ 39 հազար մ2 ընդհանուր մակերեսով։ 2011 թվականին մեկնարկել է նաև 860 անհատ, բնակելի տների շինարարությունը Շիրակի Ախուրյան գյուղում։ 2012 թվականից նախատեսվում է սկսել «Հյուսիս-Հարավ» 556 կմ երկար, ավտոմայրուղու շինարարությունը, որն ապահովելու է Իրանից ՀՀ-ի և Վրաստանի տարածքներով ելք դեպի Սև ծով։ Բետոնե հիմքով արագընթաց մայրուղու շինարությունը ֆինանսավորելու են Ասիական զարգացման բանկը (500 միլիոն դոլար) և ՀՀ Կառավարությունը։ Ծրագիրը նախատեսվում է ավարտել 2017 թվականին։ ՀՀ-ում գործող խոշոր շինարարական ընկերություններից են «Գլենդել Հիլզ», «Ֆիլիշին», «Կամֆի», «Ակուրատ Գրուպ», «Ավալոն» և այլ ընկերություններ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայկական շինարարության արվեստի պատմության մասին՝ ճարտարապետություն հոդվածում
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |