Հայաստանի արդարադատության ակադեմիա
Հայաստանի արդարադատության ակադեմիա | |
---|---|
Տեսակ | ՊՈԱԿ |
Հիմնադրված է | հունվարի 1, 2014 |
Ռեկտոր | Սերգեյ Առաքելյան |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Երևան |
Հասցե | Փիրումյանների փող. 9 |
Կայք | aoj.am |
Academy of Justice of the Republic of Armenia Վիքիպահեստում |
Արդարադատության ակադեմիան պետական ոչ առևտրային կազմակերպություն է։ Ակադեմիայի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է։ Այն իր բուն գործունեությունը սկսել է 2014թ. հունվարի 1-ից։
Ակադեմիայի առաքելությունն է՝ կյանքի կոչել դատավորների, դատախազների, քննիչների մասնագիտական պատրաստման և վերապատրաստման որակապես նոր մոտեցումներ, որոնք բխում են ՀՀ նախագահի կողմից հաստատված Իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարության ծրագրից։
«Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքին[1] համապատասխան, Ակադեմիայի կառավարումն իրականացնում է Կառավարման խորհուրդը[2], որի կազմում ընդգրկված են ՀՀ արդարադատության նախարարը կամ նրա նշանակմամբ՝ իր տեղակալը, երեք դատախազ, որոնց նշանակում է ՀՀ գլխավոր դատախազը և երեք դատավոր՝ ՀՀ դատավորների ընդհանուր ժողովը՝ քաղաքացիական, քրեական և վարչական մասնագիտացմամբ դատավորների ներկայացվածությամբ։
Ակադեմիան ղեկավարում է ռեկտորը, ով ընտրվում է Խորհրդի կողմից ՀՀ օրենսդրությամբ և Ակադեմիայի Կանոնադրությամբ սահմանված բաց մրցույթի կարգով՝ գաղտնի քվեարկությամբ, Խորհրդի անդամների առնվազն հինգ ձայնով ընդունված որոշմամբ։
Ակադեմիայի առաջին ռեկտոր է ընտրվել[3] իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռուբեն Մելիքյանը (2014-2016 թթ.): Վերջինիս հրաժարականից հետո՝ 2016 թ.-ի հունիսի 28-ին ընտրվել[4], այնուհետև՝ 2021 թ.-ի հունիսի 18-ին վերընտրվել է[5] իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Առաքելյանը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արդարադատության ակադեմիայի գործունեության կանոնակարգման համար 2013 թ. մայիսի 2-ին ընդունվել է «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքը։
Ակադեմիան հիմնադրվել է ՀՀ Կառավարության 2013թ. սեպտեմբերի 13-ի N990-Ա որոշմամբ[6] և ՀՀ Նախագահի կողմից հաստատված իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագրի շրջանակում։
2014 թվականի մարտի 18-ին տեղի է ունեցել Ակադեմիայի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա է գտնվել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Արդարադատության ակադեմիայի շենքը գտնվում է Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում։
Նպատակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակադեմիայի հիմնադիր փաստաթուղթը կանոնադրությունն է, որը սահմանում է Ակադեմիայի գործունեության նպատակները և հստակեցնում իրավական կարգավիճակին առնչվող հարցեր։
Ակադեմիան իր գործունեության նպատակների և խնդիրների կենսագործման ուղղությամբ՝
1) կազմակերպում և անցկացնում է որակավորման ստուգման արդյունքներով դատավորների թեկնածուների հավակնորդների, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի և հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների (այսուհետ՝ քննիչներ), և դատախազների թեկնածությունների ցուցակներում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստումը.
2) կազմակերպում և անցկացնում է դատավորների, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի և հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների (այսուհետ՝ քննիչներ), դատախազների, դատավորների թեկնածուների ցուցակում գտնվող անձանց վերապատրաստումը.
3) կազմակերպում և անցկացնում է դատական ծառայողների, քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայողների, դատախազությունում պետական ծառայողների և դատական կարգադրիչների վերապատրաստումը.
4) կազմակերպում է դատավորների, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի և հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների (այսուհետ՝ քննիչներ), դատախազների և դատական կարգադրիչների հատուկ ուսուցումը՝ հատուկ միջոցների և հրազենի գործադրման ունակություններն ուսուցանելու նպատակով.
5) իր իրավասության սահմաններում կնքում է պայմանագրեր Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական ու ֆիզիկական անձանց հետ, համագործակցում օտարերկրյա կազմակերպությունների հետ, անդամակցում միջազգային կառույցներին.
6) սույն օրենքով նախատեսված կրթական ծրագրերի իրականացման համար մշակում է ուսումնամեթոդական նյութեր։
«Բանբեր Արդարադատության ակադեմիայի» հանդես
[խմբագրել | խմբագրել կոդը]«Բանբեր Արդարադատության ակադեմիայի» եռալեզու հանդեսը լույս է տեսնում 2019 թվականից։ Տարեկան հրատարակվում է երկու համար՝ Ակադեմիայի գիտական խորհրդի երաշխավորությամբ։ Արդեն լույս է տեսել թվով 8 համար, որում տեղ են գտել ինչպես հայ, անպես էլ Ակադեմիայի օտարերկրյա գործընկեր կառույցների ներկայացուցիչների գիտական հոդվածները։
Հանդեսը ՀՀ ԲՈԿ-ի 2021 թվականի փետրվարի 5-ի թիվ 56Ա հրամանով ընդգրկվել է ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի պարբերական գիտական հրատարակությունների ցուցակում։ Բոլոր համարների էլեկտրոնային տարբերակը հասանելի է Արդարադատության ակադեմիայի պաշտոնական կայքում[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ««Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենք». www.arlis.am. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ «Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհուրդ». aoj.am. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ «Ռուբեն Մելիքյանն ընտրվել է Արդարադատության ակադեմիայի ռեկտոր». armenpress.am. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ «Սերգեյ Առաքելյանն ընտրվել է Արդարադատության ակադեմիայի ռեկտորի պաշտոնում». lragir.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ «Արդարադատության ակադեմիայի ռեկտոր ընտրվեց պրոֆեսոր Սերգեյ Առաքելյանը». iravaban.net.
- ↑ «Արդարադատության ակադեմիան հիմնադրելու վերաբերյալ ՀՀ կառավարության որոշում». www.arlis.am. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ «Բանբեր Արդարադատության ակադեմիայի» հանդեսի էլեկտրոնային տարբերակը
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայաստանի արդարադատության ակադեմիա» հոդվածին։ |