Մաշվածքամարում
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Մաշվածքամարում, մաշվածքագրում, ամորտիզացիա, հիմնական ֆոնդերի արժեքի ու սպառողական արժեքի նվազում։ Ամորտիզացիան՝ դա հիմնական միջոցների պլանաչափ փոխհատուցման գործընթաց է, նրանց կորցրած արժեքը պատրաստի արտադրանքին մաս-մաս փոխանցելու միջոցով։
Արտադրության օգտագործման գործընթացում ֆոնդերը մաշվում են երկակի ձևով՝ ֆիզիկապես և բարոյապես՝ արժեքային ձևերով։
Հիմնական ֆոնդերի ֆիզիկական (նյութական) մաշումը դրանց սպառողական արժեքի ու արժեքի աստիճանական նվազումն է՝ արտադրական սպառման ընթացքում և բնության ուժերի ազդեցության հետևանքով։ Կատարվում է մետաղների մեխանիկական մաշման, կոռոզիայի ու հոգնածության։
Ֆիզիկական մաշումը կատարվում է երկու ձևով՝
- արտադրության մեջ օգտագործման հետևանքով՝ ֆիզիկապես մաշվում են, ջարդվում և այլն,
- անգործության պատճառով՝ անձրևներ, քամի և այլ բնական երևույթներ։
Օգտագործման ընթացքում հիմնական ֆոնդերի ֆիզիկական մաշման ինտենսիվությունը կախված է դրանց արտադրական բեռնավորումից և պահպանման պայմաններից։ Որքան մեծ է գործող հիմնական ֆոնդերի մաշվածությունը, այնքան կարճատև է դրանց ծառայության ժամկետը և ցածր՝ մնացորդային արժեքը։ Մաշվելու ընթացքում աշխատանքի միջոցների արժեքը մաշվածության չափով մաս-մաս փոխանցվում է նորաստեղծ արդյունքին և դրանց մաշվելուն համամասն ընդունում ամորտիզացիոն հատկացումների ձև։ Ամորտիզացիոն հատկացումներն օգտագործվում են աշխատանքի միջոցների լրիվ կամ մասնակի վերականգնման, հիմնական ֆոնդերի արդիականացման ու նորացման համար։
Հիմնական ֆոնդերի բարոյական մաշումը դրանց արժեքի նվազումն է՝ աշխատանքի արտադրողականության աճի ու տեխնիկական առաջընթացի հետևանքով։ Բարոյական մաշման են ենթարկվում հիմնական ֆոնդերի գրեթե բոլոր տեսակները, առաջին հերթին նրա ակտիվ մասը։ Դրսևորվում է երկու ձևով
- երբ նույն կոնստրուկցիայի մեքենաներն աշխատանքի արտադրողականության բարձրացման շնորհիվ որոշ ժամանակ անց թողարկվում են աշխատանքի ավելի փոքր ծախսումներով,
- տեխնիկական առաջընթացի շնորհիվ ստեղծվում է առավել արտադրողական ու խնայողական տեխնիկա։ Դրա հետևանքով առկա տեխնիկան, լինելով ֆիզիկապես չմաշված և օգտագործման համար պիտանի, հնանում է և խոչընդոտում աշխատանքի արտադրողականության բարձրացմանը։ Այդ պատճառով հին տեխնիկան անընդհատ փոխարինվում է նորով, կամ դրա առանձին դետալների, հանգույցների, հարմարանքների փոխարինման ուղիով արդիականացվում։ Որոշ հիմնական ֆոնդերի մաշումը կապված է նաև թողարկվող արտադրանքի հնացման հետ։
Հիմնական ֆոնդերի մաշումը կատարվում է լրիվ և մասնակի ձևերով։
Առաջին դեպքում նախկին մաշված սարքավորումները փոխարինվում են նորերով։
Երկրորդ դեպում ֆոնդերը կապիտալ վերականգնման են ենթարկվում կամ մոդեռնացվում են։
Արտադրանքի իրացման ժամանակ դրամական ձևով վերադառնում են ոչ միայն նյութերի արժեքը, այլ նաև ամորտիզացիոն մասհանումները, որոնք ներառվում են արտադրանքի ինքնարժեքի մեջ։ Ամորտիզացիան տարվա առանձին ժամանակահատվածներում կարող է չհամընկնել չափերի հետ, քանի որ հիմնական միջոցներն անհամաչափորեն են մաշվում, իսկ ամորտիզացիան տարվա ընթացքում մասհանվում է հավասար մասերով։ Ամորտիզացիոն մասհանումները կուտակվում են այսպես կոչված ամորտիզացիոն ֆոնդի մեջ, որը նախատեսվում է հիմնական միջոցները լրիվ վերականգնելու համար։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 408)։ |
|