Թրոմբին
Թրոմբին, հիդրոլազների խմբի ֆերմենտ։ Կարևոր գործոն է մարդու և կենդանիների արյան մակարդման պրոցեսում։ Շրջանառու արյան մեջ առկա էպրոթրոմբինի ձևով և ակտիվանում է ակտիվ թրոմբոպլաստինով։ Գլիկոպրոտեիդ է, մոլեկուլի զանգվածը մոտ 40.000 է։ Բյուրեղային վիճակում ստացվել է ամերիկացի գիտնական Ու. Սիգերսի և նրա աշխատակիցների կողմից (1972 թվականին)։ Թրոմբինը կազմված է դիսուլֆիդային կապերով միացած պոլիպեպտիդային շղթայից։ Հիմնական ֆունկցիան արյան լուծելի սպիտակուցը՝ ֆիբրինոգենը, ոչ լուծելի ֆիբրինի վերածելն է։ Թրոմբինի մասնակցությամբ տեղի է ունենում թրոմբոցիտների քայքայում, ինչպես նաև արյան մակարդուկի ռետրակցիա։ Արյան մեջ թրոմբինը ակտիվազրկվում է պլազմայի անտիթրոմբինով կամ հեպարինով։ Բժշկության մեջ օգտագործվում է մազանոթային արյունահոսությունը դադարեցնելու նպատակով՝ արյունահոսող մակերևույթին (ուղեղ, լյարդ) թրոմբինով թրջասպունգ է դրվում։
Պրոթրոմբինը մարդու և կենդանիների արյան պլազմայի սպիտակուց է։ Մոլային զանգվածը 70000 է։ Քիմական բնույթով գլիկոպրոտեիդ է, պարունակում է մոտ 12% ածխաջրեր, մոլեկուլի սպիտակուցային մասը ներկայացված է մեկ պոլիպեպտիդային շղթայով։ Օրգանիզմում պրոթրոմբինը ակտիվանում է պրոթրոմբինազ ֆերմենտով։ Կենսասինթեզը տեղի է ունենում լյարդի բջիջներում և կարգավորվում է К վիտամինով։ Գործնական բժշկության մեջ հիվանդների արյան մակարդման համակարգը բնորոշելու համար որոշվում է պրոթրոմբինային ցուցիչը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 228)։ |