Jump to content

Տիեզերական ժողովներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յոթ Տիեզերական ժողովները, Աշխարհի արարումը և Տասներկու Առաքյալների Ժողովը
(սրբապատկեր XIX դար)

Տիեզերական ժողովներ (հունարեն՝ Σύνοδοι Οικουμενικαί, լատին․՝ Oecumenicum Concilium), քրիստոնեական եկեղեցիների բարձրաստիճան հոգևորականության ընդհանրական ժողովներ, որոնց ընթացքում քննարկվում և որոշումներ են ընդունվում դավանաբանական և եկեղեցական կյանքի այլ բնագավառներին առնչվող տարբեր հարցերի վերաբերյալ։ Տիեզերական ժողովները նվիրված են եղել դավանության, հավատքի մաքրության և ուղղափառության պաշտպանության, աղանդավորների դեմ պայքարի խնդիրներին[1]։ Տիեզերական ժողովների որոշումները պարտադիր են կատարման դրանց հեղինակությունն ընդունող բոլոր եկեղեցիների համար։

Տեղական եկեղեցական ժողովներ անցկացվել են քրիստոնեության սկզբնավորման առաջին դարերից սկսած։ Մ.թ. III դարում նահանգի եպիսկոպոսների ժողովները արդեն լայն տարածում են ստանում՝ ընկալվելով որպես եկեղեցուն առնչվող խնդիրների լուծման սովորական միջոց։ Տիեզերական ժողովներ գումարելը հնարավոր դարձավ այն բանից հետո, երբ Հռոմի կայսր Կոստանդիանոս Ա Մեծը 313 թվականի Միլանի հրովարտակով դադարեցրեց քրիստոնյաների հալածանքները և թույլատրեց քրիստոնեություն բացահայտ դավանումը։ Տիեզերական հռչակված և ճանաչված առաջին եկեղեցական ժողովը գումարվեց 325 թվականին Նիկիա քաղաքում՝ նույն կայսեր նախաձեռնությամբ։ Հետագայում էլ Տիեզերական ժողովները հաճախ գումարվում էին բյուզանդական կայսրերի հրավերով։

Տիեզերական ժողովների հատկանիշները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիսուս Քրիստոսը Քրիստոնեության կարևորագույն դեմքերից է

 
Հիսուս Քրիստոսը
Ծնունդը · Մկրտությունը · Հարությունը · Զատիկ · Հիսուսը քրիստոնեությունում
Հիմնադրումը
Առաքյալները · Եկեղեցի · Հավատո հանգանակ · Ավետարան · Դրախտ
Աստվածաշունչ
Հին կտակարան · Նոր Կտակարան ·
Գրքերը · Կանոն · Ապոկրիֆ
Աստվածաբանություն
Ապոլոգետ · Մկրտություն · Աստված · Սուրբ Որդի · Սուրբ Հոգի ·
Աստվածաբանության պատմություն · Փրկություն · Սուրբ Երրորդություն
Պատմություն և Ավանդույթները
Ժամանակագրություն ·Քրիստոնեության պատմություն · Մարիամ Աստվածածին · Սուրբ Թադեոս · Սուրբ Բարդուղիմեոս ·
Գրիգոր Լուսավորիչ · Վաղ քրիստոնեություն · Տրդատ Գ ·
Տիեզերական ժողովներ · Վարդանանք ·
Ավարայրի ճակատամարտ · Միաբնակություն ·
Խաչակրաց արշավանքներ
Ուղղություններ և աղանդներ
Հայ Առաքելական Եկեղեցի ·
Կաթոլիկություն · Ուղղափառություն · Բողոքականություն ·
Հին արևելյան եկեղեցիներ · Թոնդրակյաններ ·
Պավլիկյաններ · Եհովայի վկաներ ·
Խաչակրաց արշավանքներ  ·
Միաբնակներ
Ընդհանուր թեմաներ
Մշակույթ · Մատաղ · Տաղեր · Պատարագ · Շարականներ · Այլ կրոնները · Աղոթք · Քարոզ · Կաթողիկոս
Պորտալ Քրիստոնեություն

Ուսումնասիրողները առանձնացնում են Տիեզերական ժողովներին հատուկ ներքին և արտաքին հատկանիշներ

Տիեզերական ժողովների արտաքին հատկանիշներին են վերաբերվում՝

  • ժողովում մասնակցության աշխարհագրական լայն ընգրկվածությունը, դրանում հնարավորինս մեծ թվով տեղական եկեղեցիների ներկայացուցիչների մասնակցությունը.
  • ժողովի հրավիրման կարգի, մասնակիցների կազմի, վարման և որոշումների ընդունման համապատասխանությունը սահմանված եկեղեցական կանոններին.
  • ժողովի որպես Տիեզերական ճանաչումը հնարավորինս մեծ թվով տեղական եկեղեցիների կողմից, այդ թվում այն եկեղեցիների, որոնք տվյալ ժողովին պատվիրակ չեն ուղարկել։

Տիեզերական ժողովների ներքին հատկանիշներն են՝

  • ժողովի համապատասխանությունը Սուրբ Գրքի ճշմարտություններին, առաքելական ավանդությանը, նախորդ բոլոր Տիեզերական ժողովների դավանության ու կանոններին.
  • բոլոր տեղական ժողովների կողմից դավանվող սկզբունքների միահամուռ արտահայտումը.
  • միայն Տիեզերական ժողովին հատուկ օրենսդիր գործունեություն (Հավատո հանգանակների կազմում և դավանության շարադրում)։

Տիեզերական ժողովն անսխալականությամբ է օժտված դավանանքի և խրատաբանության հետ կապված խնդիրների լուծման հարցում, քանի որ այն ճանաչվում է որպես Տիեզերական եկեղեցու մարմին, որն ուղղորդվում է Սուրբ Հոգու կողմից, իսկ նրա որոշումները ներշնչված են Սուրբ Հոգու կողմից։ Տիեզերական ժողովների նախատիպը Քրիստոսի առաքյալների մասնակցությամբ 51 թ. Երուսաղեմում տեղի ունեցած ժողովն է, որի որոշումները սկսվում են հետևյալ կերպ՝ «Հաճելի թվաց Սուրբ Հոգուն և մեզ» (Գործք 15.28)։

Դա նշանակում է, որ ժողովների որոշումները հայրերի կողմից սահմանվում էին և հաստատվում ոչ թե մեծամասնության սկզբունքով, այլ՝ Սուրբ Գրքի և Եկեղեցական Ավանդության հետ խիստ համաձայնեցմամբ՝ աստվածային նախախնամությամբ և Սուրբ Հոգու ներգործությամբ։

Եկեղեցու զարգացմանը և տարածմանը զուգընթաց ժողովները հրավիրվել են ամենատարբեր պատճառներով։ Ճնշող մեծամասնություն են կազմում այն դեպքերը, երբ ավելի մասնավոր հարցերի քննարկման համար չի պահանջվել ողջ Եկեղեցու գումարումը, և դրանք լուծվել են Տեղական եկեղեցիների հոգևոր հովիվների ուժերով։ Այդպիսի ժողովներն անվանվել են «Տեղական»։

Սակայն այն հարցերը, որոնք ունեցել են համաեկեղեցական քննարկման անհրաժեշտություն, ուսումնասիրվել են ողջ Եկեղեցու ներկայացուցիչների մասնակցությամբ։ Այս պայմաններում հրավիրված ժողովները, որոնցում ներկա են եղել ամբողջական Եկեղեցին, որը գործում է Աստծո օրենքներով և եկեղեցական կառավարման կանոններով, կրել են «Տիեզերական» տիտղոսը։ Ընդամենը այդպիսի յոթ ժողով է տեղի ունեցել։

Տիեզերական ժողովների տարբերությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիեզերական ժողովներին ներկա են գտնվել տեղական եկեղեցիների առաջնորդները կամ նրանց ներկայացուցիչները, ինչպես նաև եպիսկոպոսկությունը, ովքեր ներկայացրել են իրենց թեմերը։ Տիեզերական ժողովներում դավանաբանական և կանոնական որոշումները պարտադիր ընդունվել են ողջ Եկեղեցու համար։ Ժողովի՝ «Տիեզերական» կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ է հաստատում, ժամանակացույցի ստուգում և նրա կանոնակարգերի ընդունում բոլոր տեղական Եկեղեցիների կողմից։ Եղել են դեպքեր, երբ կայսեր կամ իշխող եպիսկոպոսի ճնշման ներքո ժողովների մասնակիցները կայացրել են որոշումներ, որոնք հակառակ են եղել ավետարանական ճշմարտությանն ու եկեղեցական Ավանդությանը։ Ժամանակի ընթացքում այդ ժողովները եկեղեցու կողմից մերժվել են[2]։

Տիեզերական ժողովների ցանկը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստոնեական տարբեր եկեղեցիներ Տիեզերական են ճանաչում տարբեր թվով ժողովներ։ Հայ Առաքելական եկեղեցին՝ այլ Արևելեյան ուղղափառ եկեղեցիների հետ միասին, ընդունում է միայն երեք Տիեզերական ժողովների հեղինակությունը՝

Վերոնշյալ ժողովների ընթացքում ընդունած աստվածաբանական-քրիստոսաբանական սկզբունքները կազմում են Հայ եկեղեցու դավանաբանության հիմքը։

Ռուս ուղղափառ եկեղեցին և Հույն ուղղափառ եկեղեցին Տիեզերական են ճանաչում յոթ ժողովները, վերոնշյալ երեքին գումարելով հետևյալ չորսը՝

Կաթոլիկ եկեղեցին որպես Տիեզերական ժողովներ ընդունում է 21-ը, վերոնշյալ յոթին գումարելով հետևյալ 14-ը՝

  • VIII – Կ. Պոլսի IV ժողով (869–870 թթ)
  • IX – Լատերանի I ժողով (1123 թ)
  • X – Լատերանի II ժողով (1139 թ)
  • XI – Լատերանի III ժողով (1179 թ)
  • XII – Լատերանի IV ժողով (1215 թ)
  • XIII – Լիոնի I ժողով (1245 թ)
  • XIV – Լիոնի II ժողով (1274 թ)
  • XV – Վիենի ժողով (1311–12 թթ)
  • XVI – Կոստանցի ժողով (1414–18 թթ)
  • XVII – Բազելի ժողով (1431–49 թթ)
  • XVIII – Լատերանի V ժողով (1512–17 թթ)
  • XIX – Տրիդենտի (Տրիենտի) ժողով (1545–1563 թթ)
  • XX – Վատիկանի I ժողով (1869–70 թթ)
  • XXI – Վատիկանի II ժողով (1962–65 թթ)

Առաջին Տիեզերական ժողով

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն կայացել է Կոստանդիանոս Մեծ կայսեր օրոք, 325 թվականին, Նիկիայում։

Ժողովի նպատակն էր Արիոսի հերետիկոսության հերքումը։ Արիոսը ալեքսանդրիացի հոգևորական էր, ով հայհոյում էր Աստծո Որդուն։ Արիոսը սովորեցնում էր, որ Որդին ստեղծված է, և եղել է ժամանակ, որ նա գոյություն չի ունեցել։ Հոր հետ Որդու համագոյությունը նա հիմնորեն ժխտում էր։

Ժողովը հռչակեց այն դոգման, որ Որդին Աստված է՝ համագոյակից Հորը։ Ժողովի ժամանակ ընդունվեցին նաև Հավատո Հանգանակի յոթ կետերը և 20 օրենքներ։

Երկրորդ Տիեզերական ժողով

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն հրավիրվել է Թեոդոսիոս Մեծ կայսեր օրոք, Կոստանդնուպոլսում, 381 թվականին։

Ժողովի գումարման առիթը եպիսկոպոս Մակեդոնի հերետիկոսության տարածումն էր։ Այդ ուսմունքը մերժում էր Սուրբ Հոգու աստվածությունը։

Այս ժողովում Հավատո Հանգանակը ճշգրտվեց և համարլվեց այն հատվածով, որը պարունակում է Սուրբ Հոգու մասին ուղղափառ ուսմունքը։ Ժողովի հայրերի կողմից կազմեցին յոթ կանոններ, որոնցից մեկը արգելում էր Հավատո Հանգանաի մեջ ինչ-որ փոփոխություններ մտցնել։

Երրորդ Տիեզերական ժողով

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն կայացել է Եփեսոսում, 431 թվականին, Թեոդոսիոս Կրտսեր կայսեր օրոք։

Ժողովը նպատակաուղղված էր Կոստանդնուպոլսի Պատրիարք Նեստորի հերետիկոսության հերքմանը։ Նեստորը Քրիստոսի մասին ասում էր, որ նա մարդ է, ով Աստծո Որդու հետ է միավորվել աստվածատուր կապով։ Փաստորեն նա պնդում էր, որ Քրիստոսն ունի երկու դեմք։ Բացի այդ նա Աստվածածնին անվանում էր Քրիստոսածին՝ մերժելով Նրա Աստվածամայր լինելը։

Ժողովը հաստատեց, որ Քրիստոսը Աստծո Ճշմարիտ Որդին է, իսկ Մարիամը՝ Աստվածածինն է։ Այն նաև ընդունեց ութ կանոններ։

Քաղկեդոնի կամ «Չորրորդ Տիեզերական» ժողով

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն տեղի է ունեցել Մարկիանոս կայսեր օրոք, Քաղկեդոնում, 451 թվականին։

Հայրերը այդ ժամանակ հավաքվել էին ընդդեմ Եվտիքես հերետիկոսի։ Նա պնդում էր, որ Որդու մարդեղության արդյունքում երկու բնությունները՝ աստվածայինն ու մարդկայինը, միավորվել են մի բնության մեջ՝ մարդկայինի ոչնչացմամբ։

Ժողովը վճիռ կայացրեց, որ Քրիստոսը միաժամանակ կատարյալ Աստված է և կատարյալ մարդ։ Մի դեմք, որն ներառում է երկու բնություն՝ միավորված անխառն, անխախտ, անբաժան և անխզելի կերպով։ Դրանից հետո ձևակերպվեցին երեսուն կանոններ։

Այս ժողովը Հայ Առաքելական Եկեղեցին չի դիտարկում տիեզերական, քանի որ նրա որոշումներին դեմ էին մի շարք պատրիարքությունների ներկայացուցիչներ հենց ժողովում։

Կոստանդնուպոլսի Երկրորդ կամ «Հինգերորդ Տիեզերական» ժողով

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն կայացել է Կոստանդնուպոլսում, 553 թվականին, Հուստինիանոս I կայսեր օրոք։

Այս ժողովում հաստատվեց Չորրորդ Տիեզերական ժողովի ուսմունքը, քննարկվեցին Օրիգենիզմը և Թեոդորետոս Կյուրացու և Իվա Եդեսացու որոշ ստեղծագործություններ։ Նրանց հետ միասին քննարկվեց Թեոդորոս Մոպսուեստացին՝ Նեստորի ուսուցիչը։ Թեոդեորետոս Կյուրացու մի շարք աշխատանքներ դատապարտվեցին։ Իսկ Թեոդորոս Մոպսուեստացին և Իվա Եդեսացին դատապարտվեցին որպես հերետիկոսներ։ Այս դատապարտությունները կոչվեցին նաև Երեք Գլուխների դատապարտություն։

Կոստանդնուպոլսի Երրորդ կամ «Վեցերորդ Տիեզերական» ժողով

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն տեղի է ունեցել Կոստանդնուպոլիս քաղաքում, 680 թվականին, Կոստանդին Պոգոնատոս կայսեր օրոք։

Ժողովի առաջադրանքն էր միակամության հերքումը, որը համարվում էր հերետիկոսություն։ Հերետիկոսությունը դիտվում էր նրանում, որ Քրիստոսն ունի ոչ թե երկու կամք, այլ՝ մեկ կամք։ Հայոց Եկեղեցին, ինչպես նաև ոչ-քաղկեդոնական այլ արևելյան եկեղեցիներ, չի ընդունել այս Ժողովի որոշումները, քանի որ միշտ կանգնած է եղել այն տեսակետի վրա, որ Քրիստոս՝ ունենալով մեկ դեմք և մեկ բնություն, ունի նաև մեկ կամք։ Միևնույն ժամանակ միակամության հետևորդ էր նաև Հռոմի Պապ Գոնորեոսը։

Ժողովը հաստատեց այն ուսմունքը, որ Քրիստոս ունի երկու կամք՝ որպես Աստված և որպես մարդ։ Այդուհանդերձ նրա մարդկային բնության կամքը լիովին համաձայն է աստվածայինին։ Հայոց Եկեղեցու վերաբերմունքն այս հարցին Մանազկերտի 726 թ. Ժողովում այն է, որ թեև ըստ բնությունների կարելի է ընդունել երկու կամք, սակայն ըստ միավորության Քրիստոս մեկ կամք ունի, և ըստ միավորության երկու կամք համարելը դատապարտելի է։

Կոստանդնուպոլսում 11 տարի անց տեղի ունեցած ժողովը, որը անվանվել է Տրուլի ժողով, անվանում են Հինգ-Վեցերորդ Տիեզերական ժողով։ Այն ընդունել է հարյուր երկու կանոններ։

Նիկիայի երկրորդ կամ «Յոթերորդ Տիեզերական» ժողով

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն կայացել է Նիկիայում, 787 թվականին, Իրինա կայսրուհու օրոք։ Դրա ընթացքում հերքվեց պատկերամարտության հերետիկոսությունը։ Ժողովի հայրերը կազմեցին քսաներկու կանոններ[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, էջ 1115» (PDF).
  2. 2,0 2,1 http://azbyka.ru/vselenskie-sobory Вселенские Соборы / azbyka.ru

Արտաքինն հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համլետ Դավթյան, ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԺՈՂՈՎՆԵՐԻ ԹՎԱՑՅԱԼ ԻՆՔՆՈւՐՈւՅՆՈւԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՇՈւՐՋԸ