Jump to content

Երվանդունիների թագավորություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Երվանդունիների թագավորություն
 Վանի թագավորություն Մ.թ.ա. 570 -
Մ.թ.ա. 201
Արտաշեսյանների թագավորություն 
Փոքր Հայք 
Ծոփքի թագավորություն 
Կոմմագենե 
Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Վան
մ.թ.ա. 570 - մ.թ.ա. 331
Արմավիր
մ.թ.ա. 331 - մ.թ.ա. 220
Երվանդաշատ
մ.թ.ա. 220 - մ.թ.ա. 201
Մակերես 400.000 քառ. կմ
(մ.թ.ա. 570)
Լեզու Հայերեն, պարսկերեն, արամեերեն
Ազգություն Հայեր
Կրոն Հեթանոսություն, զրադաշտականություն
Զորք 48 000, որից 40 000 հետևակ, 8 000 հեծելազոր
Իշխանություն
Պետական կարգ Միապետություն
Դինաստիա Երվանդունիներ
Պետության գլուխ Թագավոր

Երվանդունիների թագավորություն, պետություն Հայկական լեռնաշխարհում[1] մ.թ.ա. 570 - մ.թ.ա. 201 թվականներին[2]։ Կառավարել է Երվանդունիների թագավորական տոհմը՝ Մեծ Հայքի երեք թագավորական հարստություններից[Ն 1] մեկը։ Տարածքը կազմել է նվազագույնը 200 000 քառ. կմ (Երվանդ Վերջինի գահակալման տարիներին մ.թ.ա. 220-201 թվականներ), առավելագույնը՝ 400 000 քառ. կմ՝ Տիգրան Երվանդյանի օրոք (մ.թ.ա. 560-535 թվականներ)։

Առաջին շրջանում մայրաքաղաքն էր Վանը՝ Վանի թագավորության արքաների նստավայրը։ Մ.թ.ա. 6-րդ դարում Հայաստանը վերածվում է Աքեմենյան պետության մարզի։ Նրա տարածքում առաջանում են երկու սատրապություններ։ Արևմտյան Հայաստանի մայրաքաղաքը շարունակում է մնալ Վանը, իսկ Արևելյան Հայաստանի վարչաքաղաքական կենտրոնն է դառնում Էրեբունին (Երևան)։ Աքեմենյան իշխանությունը տևում է երկու դար (մ.թ.ա. 522-331 թվականներ)։

Ալեքսանդր Մակեդոնացու արևելյան արշավանքից հետո Աքեմենյան կայսրությունը անկում է ապրում, իսկ Հայաստանը անկախանում է։ Երվանդ Գ արքան մայրաքաղաքը տեղափոխում է Արմավիր (մ.թ.ա. 331 թվական), իսկ Երվանդ Վերջինը կառուցում է Երվանդաշատ մայրաքաղաքը (մ.թ.ա. 220 թվական)[2]։Երվանդ

Համահայկական պետությունը։ Պարույր Սկայորդի

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ.թ.ա. 7-րդ դարի վերջերին խիստ թուլացել էին Առաջավոր Ասիայի նախկին հզոր տերությունները՝ Ասորեստանը և Վանի թագավորությունը։ Պատճառը Հյուսիսային Կովկասից ներխուժած կիմմերների և սկյութական ցեղերի ավերիչ ասպատակություններն էին։ Վանի թագավորության փլատակների վրա ստեղծվեցին մի շարք իշխանություններ, որոնց մեջ սկսեց առանձնանալ Պարույր Սկայորդու թագավորությունը։

Պարույր Սկայորդի
19-րդ դարի նկարիչ

Հայոց ավանդական պատմության համաձայն՝ Պարույր Սկայորդին Հայկ Նահապետի սերունդներից էր։ Նրա թագավորությունը միավորում էր պատմական Հայաստանի հարավային և հարավարևելյան շրջանները։ Պարույրն ակտիվորեն ներքաշվում է Առաջավոր Ասիայի երկու հզոր պետությունների՝ Մեդիայի (Մարաստան) և Բաբելոնիայի՝ Ասորեստանի դեմ մղած պայքարին։ Նրանք Պարույրին թագ են խոստանում։ Պարույրը մարական թագավոր Կիաքսարից թագ ստացավ Նինվեի վրա մարա-բաբելոնյան զորքերի արշավանքին և Ասորեստանի կործանմանը մասնակցելու համար[3]։ Մ.թ.ա. 609 թվականին նա Կյուաքսարեսի զորքերի հետ գրավում է Վանի թագավորության մայրաքաղաք Տուշպան, արդյունքում Ուրարտական տիրույթները անցնում են հայերին ու հայկական պետական կազմավորումներին, որոնցից ամենահզորը Երվանդունիներն էին։ Անդրադառնալով Պարույրի թագադրությանը՝ պատմահայր Մովսես Խորենացին, նշում է․

Ահա այժմ ես կուրախանամ՝ ոչ փոքր խնդություն զգալով, որ հասնում եմ այն տեղերը, ուր մեր բնիկ նախնիի սերունդները թագավորության աստիճանի են հասնում։

Պատմահայր Մովսես Խորենացին իր երկը ստեղծում էր մարզպանության շրջանում։ Լինելով անկախ հայկական պետականության ջատագովը՝ նա գրում է.

Ես շատ կփափագեի, որ այն ժամանակ... աշխարհ եկած լինեի, նրանց տերությամբ զվարճանայի և այժմյան վտանգներից խուսափած լինեի[4]։

Պարույրին հաջորդում է իր որդին՝ Հրաչյան։ Մովսես Խորենացին Հրաչյային համարում է Նոր Բաբելոնիայի թագավոր Նաբուգոդոնոսոր II-ի ժամանակակիցը (մ.թ.ա. 605-562 թթ.)՝ հավելելով[5], որ Երուսաղեմի գրավման և հրեաների գերեվարման ժամանակ (մ.թ.ա. 597 թ.) նա իր պետության տարածքում տեղ է հատկացրել հրեա որոշ գաղթականների, այդ թվում՝ Բագրատունիների նախնի Շամբատի տոհմին[5]։

Երվանդական թագավորության հիմնումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարույր նահապետի թագավորությունը երկար չտևեց։ Մեկ թագավորության ներքո ամբողջ երկիրը միավորելու գործն իրականացրեց նրա ազգականներից Երվանդ Ա Սակավակյացը[6]։ Վերջինիս իշխանության կենտրոնը սկզբում Այրարատն էր[7]։

Համահայկական թագավորության ստեղծմանը նպաստում էր մի կարևոր դարակազմիկ իրադարձություն. Հայկական լեռնաշխարհի հայալեզու ցեղերն ու ցեղային միությունները սկսել էին միավորվել, ավարտին էր մոտենում հայ ժողովրդի կազմավորումը։ Այն ակտիվացել էր մ.թ.ա. 2-րդ հազարամյակի վերջերին, բուռն ընթացել Վանի թագավորության շրջանում, իսկ Երվանդականների թագավորության օրոք թևակոխեց իր ավարտական փուլը։ Արամանի թագավորի կողմից արևմուտքում գրավված երկրների բնակչությունը, որ հնդեվրոպական էր և շատ մոտ հայերին, աստիճանաբար ներառվեց հայ ժողովրդի կազմավորման գործընթացների մեջ[8]։

Հայերը հարևանների կողմից դիտվում էին որպես Արամանի թագավորի ժողովուրդ, ուստի, հակառակ նրանց հայ ինքնանվանման, սկսեցին անվանել արամանի (որը ժամանակի ընթացքում վերածվեց արմենի), իսկ երկիրը՝ Արմենիա: Այս գործընթացների հետևանքով հայ ժողովրդի կազմավորումը թևակոխեց ավարտական փուլ, և երկրի ամբողջ բնակչությունը դարձավ հայախոս[9]։

Մ.թ.ա. 6-րդ դարի 70-ական թվականներին Հայոց թագավորությունը, բախվելով մերձավորարևելյան մարա-պարսկական տերությանը և հարկադրված ճանաչելով նրա գերիշխանությունը, այնուամենայնիվ պահպանել է իր պետական անկախությունը, տարածքային ամբողջականությունը, հոգևոր-մշակութային ինքնուրույնությունն ու կենսունակությունը, որոնք հաստատուն հիմքերի վրա էին դրվել նախընթաց դարերում։

Երվանդունյաց Հայաստանի պետական սահմանները համընկել են հայ ժողովրդի էթնիկական սահմաններին՝ ընդգրկելով ամբողջ Հայկական լեռնաշխարհը։ Հույն պատմագիր Հերոդոտոսը, վկայակոչելով Հեկատեոս Միլեթացու աշխարհացույցը, մ.թ.ա. 6-5-րդ դարերի Հայաստանը ներկայացրել է միաձույլ, հայ ժողովրդով բնակեցված ընդարձակ երկիր, որի սահմանները հարավ-արևելքում տարածվել են մինչև Տիգրիսի վտակ Փոքր Զավ գետի ակունքները և Մարաստան, հարավում՝ մինչև Ադիաբենե (նախկին Ասորեստանի կազմում), հյուսիս-արևմուտքում՝ մինչև Պոնտոս, արևմուտքում՝ մինչև Մեծ կամ Բուն Կապադովկիա, իսկ հարավ-արևմուտքում՝ մինչև Կիլիկիա[6]։ Պատմագիրը Հայաստանի անբաժան մասն է համարում Եփրատից արևմուտք ընկած Պակտիկեն, որը համընկել է հին պարսկական արձանագրություններում հիշատակվող Կատպատուկա (հին հայկական աղբյուրներում՝ Կապուտկե, Կապուտկող, ավելի ուշ՝ Փոքր Հայք) երկրամասին։ Այսպիսով, Հերոդոտոսին ծանոթ Հայաստանը լիովին ընդգրկում էր Հայկական լեռնաշխարհը[2]։ Համահայկական նորաստեղծ պետությունը ընդգրկում էր Վասպուրականը, Աղձնիքը, Մոկքը, Կորճայքը, Տուրուբերանը, Ծոփքը, Բարձր Հայքն ու Փոքր Հայքը, իսկ ավելի ուշ՝ նաև Այրարատը, Ուտիքը, Արցախը և Սյունիքը։

Համաձայն Մար Աբաս Կատինային վերագրվող «Նախնական պատմության» (որի պատառիկները բանաքաղությամբ ավանդել է պատմահայր Մովսես Խորենացինմ.թ.ա. 6-4-րդ դարերի Հայաստանում շարունակել են իշխել Արամի հիմնադրած Հայկազյան արքայատան ներկայացուցիչները[5]։ Պատմագիտության մեջ այդ արքայատունը հաճախ անվանում են Երվանդունի կամ Երվանդական՝ Երվանդ Ա Սակավակյաց Հայկազյանի (մ.թ.ա. 570-560) անունով[8]։

Երվանդ Առաջինի մասին ավանդախառն տեղեկություններ են հաղորդում Մովսես Խորենացին և Քսենոփոնը[1][10]։ Վերջինս նշում է, որ հայոց արքան ունեցել է ընդարձակ տիրապետություն, շուրջ 3 000 արծաթ տաղանդ (75 տոննա արծաթ) հարստություն, 40 000 հետևակային և 8 000 հեծելակային զինվորական ուժ։ Երվանդն իր արքունիքը շրջապատել է հայ ավագանու ներկայացուցիչներով՝ «պատվավոր հայերով»։ Երվանդի օրոք հայկական թագավորության մայրաքաղաքը եղել է Տուշպա-Վանը (վերանվանված՝ ԵրվանդավանՄ.թ.ա. 585 թվականին Աժդահակ թագավորի դեմ կռվում պարտվելով՝ Երվանդը ճանաչել է նրա գերիշխանությունը, վճարել տարեկան 50 տաղանդ հարկ, հայկական զորամասերով մասնակցել Մարաց արշավանքներին։ Սակայն, երբ Աժդահակը պատերազմի է դուրս եկել Բաբելոնիայի դեմ, Երվանդը հրաժարվել է մասնակցել։

Տուշպա. Վանի միջնաբերդ

Մարաստանի զորքերի գլխավոր հրամանատար Կյուրոս Աքեմենյանը ներխուժել է հայոց թագավորություն, կալանավորել Երվանդին և նրա ընտանիքին։ Երվանդի գահաժառանգ որդի Տիգրանի միջնորդությամբ կնքվել է նոր հաշտություն. Երվանդը վերստին ճանաչել է Աժդահակի գերիշխանությունը, տարեկան վճարել 100 տաղանդ հարկ, պարտավորվել զորքի կես մասով մասնակցել արշավանքներին։ Ըստ ավանդական պատմության՝ Երվանդի որդիներն էին Տիգրանը և Շավարշը, իսկ դուստր Տիգրանուհուն կնության է տվել Աժդահակին։ Հետագայում հայկական ուժերը մեծապես օժանդակում են Կյուրոս Մեծին գրավել Մարաստանը։ «Կյուրոպեդիա» աշխատությունում[10] նշված է, որ հայոց թագավորը մարերի դեմ կռվին տրամադրել է 20 000 հեծելազոր և 4 000 հետևակ։ Նույն աշխատություններից տեղեկություններ են պահպանվել նաև հայերի և նրանց հարևան խալդայների փոխհարաբերությունների մասին։ Խալդայները Փոքր Հայքի և Պոնտոսի միջև գտնվող Խաղտիք (Խալդիկա) կոչվող լեռնային երկրում բնակվող, մշակելի հողերից զուրկ, աղքատ, ծառերի ճյուղերից հյուսված կավեպատ վահաններով ու նիզակներով զինված, խաշնարած ցեղեր էին, ովքեր կողոպուտի նպատակով մշտապես հարձակվում էին հարթավայրերի երկրագործ հայերի վրա։ Խալդայների ու հայերի միջև մղվող մշտական կռիվների պատճառով Հայոց երկրի մի մասը մնացել էր անմշակ ու անմարդաբնակ։ Որոշ ժամանակ անց կնքվել է հաշտություն, որով, մի կողմից, խալդայները, հայոց թագավորին սահմանված հողային հարկը վճարելու պայմանով, իրավունք են ստանում տիրել ու մշակել հարթավայրի հողերը, իսկ մյուս կողմից՝ հայերը, խալդայներին որոշ տուրք վճարելու պայմանով, իրավունք են ստանում օգտվել արոտավայրերից։

Մարաստանի դեմ Երվանդի և նրա որդի Տիգրանի պայքարը արտացոլվել է հին հայկական բանահյուսության մեջ, որից պահպանվել են պատառիկներ։

Հայ-մարական հարաբերություններ։ Տիգրան Երվանդյան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռ մ.թ.ա. 612 թվականին մարական և բաբելոնական զորքերը, որոնց հետ միասին կռվում էին նաև հայկական զորաբանակներ, գրավեցին Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն և կործանեցին այն[8]։ Հայոց թագավորը փորձեց իր դաշնակիցներից՝ մարերից ու բաբելոնցիներից, աստիճանաբար հեռանալ և երկրի անվտանգությունն ապահովելու համար ամրացնել պետության բերդերն ու ամրոցները։ Մարական զորքերը մ.թ.ա. 585 թվականի մայիսի 28-ին ճակատամարտ տվեցին Լյուդիական թագավորության բանակներին Հալիս գետի մոտ։ Այն ավարտվեց արևի խավարման պատճառով, ինչը կողմերը համարեցին աստվածային նշան։ Պատերազմը դադարեց, երկու կողմերի միջև սահման ճանաչվեց Հալիս գետը, իսկ մինչև այն ընկած հողերը հանձնվեցին Երվանդականների թագավորությանը։

Տիգրան Երվանդյան,
19-րդ դարի նկարիչ

Երվանդ Սակավակյացից հետո գահ է բարձրանում իր որդիներից Տիգրանը (մ.թ.ա. 560-535 թթ.)[2]: Հայոց թագավորության սահմանները հարավ-արևելքում հասնում էին մինչև Մարաստան, իսկ հյուսիս-արևմուտքում՝ մինչև Սև ծովի ափերը։ Այն ներառում էր ոչ միայն Վանի թագավորության ողջ տարածքը, այլև անդրեփրատյան մի շարք երկրամասեր։ Նշանակալից էին թագավորության ռազմական ուժերը։ Երվանդականների թագավորությունը հզոր դաշնակից է ձեռք բերում ի դեմս պարսից արքա Կյուրոս Մեծի, ով ապստամբեց մարական տիրապետության դեմ[11]։

Տիգրան Երվանդյանը պարսից զորավար Կյուրոսի հետ մ.թ.ա. 550 թվականին մասնակցել է Մարաստանի, իսկ մ.թ.ա. 538 կամ 537 թվականին Բաբելոնի թագավորությունների կործանմանը։ Զորավարը հիմնադրում է նախադեպը չունեցող աշխարհակալ մի կայսրություն, որն իր սերունդների՝ Աքեմենյանների անունով կոչվում է Աքեմենյան Իրան՝ արիացիների պետություն։ Կյուրոս Մեծը՝ Երվանդ թագավորին ու իր ընտանիքին գերած մարական զորավար Կյուրոսի թոռը, Աքեմենյան պետության սահմաններն արևմուտքում հասցնում է մինչև Եգեյան և Միջերկրական ծովեր, արևմուտքում՝ Ինդոսի հովիտ (արևմտյան Հնդկաստան)։ Եգիպտոսը նվաճվում է մ.թ.ա. 525 թվականին։ Հյուսիսում բնական սահմանը Մեծ Կովկաս լեռնաշղթան էր։ Հայոց թագավորությունը, լինելով Կյուրոս Մեծի դաշնակիցը, իր արտոնյալ տեղն ուներ այդ տերության մեջ՝ շարունակելով մնալ գործնականում անկախ պետություն[12]։

Տիգրանին հաջորդել է Վահագն Երվանդյանը (մ.թ.ա. 535-515 թթ.)[13]: Մովսես Խորենացին նմանեցրել է նրան հայոց աստվածներից Վահագնի հետ[5]։ Այս թագավորների օրոք Վանը շարունակում էր մնալ հայոց պետության մայրաքաղաք։ Երկրորդ կարևոր քաղաքն էր Անի-Կամախը (Բարձր Հայքում), որը հոգևոր ու մշակութային կենտրոն էր։ Իրանում գահ է բարձրանում Կյուրոսի որդի Կամբյուսես II-ը (մ.թ.ա. 529-մ.թ.ա. 522)[14][15]: Աքեմենյան կայսրությունում քաղաքական վիճակն արմատապես փոխվեց, երբ իշխանության գլուխ եկավ Դարեհ Ա Վշտասպ թագավորը (մ.թ.ա. 522-մ.թ.ա. 486)[8]:

Հայկազյան Երվանդունիները Հայկական լեռնաշխարհում շարունակաբար գահակալել են մինչև մ.թ.ա. 3-րդ դարի վերջը։

Սատրապական Հայաստան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակապարսկական ապստամբություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ.թ.ա. 522 թվականին Իրանում գահ բարձրացավ Աքեմենյան արքա Դարեհ Ա Վշտասպը[2]։ Պարսկահպատակ բոլոր երկրները, այդ թվում նաև Հայաստանը, ապստամբեցին նրա դեմ։ Մեծ դժվարությամբ ճնշելով տերությանը համակած ապստամբությունները՝ Դարեհ Ա-ն, ի փառաբանություն իր՝ ապստամբների դեմ տարած հաղթանակների, փորագրել տվեց Բեհիսթունյան ժայռի եռալեզու արձանագրությունը[6][14]։ Վերջինիս պարսկերեն և էլամերեն մասերում Հայաստանն անվանվում է Արմինա, իսկ հայերը՝ արմինացի: Աքքադա-բաբելոներեն մասում Հայաստանն ավանդույթի ուժով շարունակում է կոչվել Ուրաշտու[8]:

Դարեհ I Մեծ (Բեհիսթունի արձանագրություն)
Հայաստանն Աքեմենյան տերության շրջանում

Հայերը ցույց տվեցին համառ ու կատաղի դիմադրություն։ Հայերի ապստամբությունը հնարավոր եղավ ճնշել միայն հինգ արյունահեղ ճակատամարտերից հետո, որոնց վայրերը հայտնի չեն։ Բանակներից մեկը ղեկավարում էր պարսից արքունիքի կողմից բարձր պատիվների արժանացած հայազգի Դադարշիշը, իսկ մյուսը՝ պարսիկ Վահումիսան։ Դադարշիշը Հայաստանում երեք ճակատամարտ է տալիս ապստամբների դեմ։ Յուրաքանչյուր ճակատամարտից հետո Դարեհն իր արձանագրության մեջ միաձև կերպով ավելացնում է.

Արամազդն ինձ օգնեց։ Շնորհիվ Արամազդի իմ բանակը շատ մարդ կոտորեց ապստամբների բանակից։

Սակայն հակառակ դրան՝ Բեհիսթունյան արձանագրությունից պարզվում է, որ և ոչ մի երկիր այնպիսի համառ դիմադրություն ցույց չի տվել պարսկական զավթիչներին, ինչպես Հայաստանը։ Հայերը ոչ միայն հաղթել են թշնամուն ճակատամարտում, այլև թշնամուն հետապնդել են մինչև երկրի սահմանները՝ Ասորեստանի հյուսիս։ Վահումիսա զորավարը երկու ճակատամարտ է գլխավորում, որոնցից առաջինը նույնպես ավարտվում է պարտությամբ։ Այսպիսով, պարսիկները պարտություն են կրել չորս ճակատամարտերում, և միայն հինգերորդ ճակատամարտից հետո երկիրը ճանաչել է Աքեմենյան Պարսկաստանի իշխանությունը։ Դատելով ամեն ինչից՝ ապստամբության պատճառներից մեկն այն էր, որ պարսից արքունիքը վերացրել էր Հայոց թագավորությունը։ Սակայն ապստամբությունը ճնշելուց հետո նոր հուզումների տեղիք չտալու համար, պարսից թագավորը վերականգնում է Երվանդականների հպատակ թագավորությունը, որի թագավորները միաժամանակ վերածվում են պարսկական սատրապների[16]։

Ապստամբությունը ճնշելուց հետո Աքեմենյանների իշխանությունը ամրապնդելու նպատակով Դարեհն իր տերությունը բաժանում է քսան մարզերի կամ սատրապությունների։ Նրանց գլուխ կանգնած էին բարձրաստիճան կառավարիչներ, ովքեր կոչվում էին «սատրապ»։ Վերջինս իր տարածքում ուներ դատական, վարչական ու ռազմական անսահմանափակ իշխանություն։ Սատրապների պարտականությունների մեջ էր մտնում հարկերի հավաքումը, պարհակների կազմակերպումը, ճանապարհների անվտանգությունը և այլն։

Հայը Երվանդյան Հայաստանից բերում է ընծա Աքեմենյան արքային
(Բեհիսթունի արձանագրություն)

Հայկական թագավորությունը վերածելով սատրապության-նահանգի՝ Աքեմենյան արքա Դարեհը նրա ղեկավար է նշանակում Վահագն Երվանդյանի որդի Հիդարնես Ա-ին[13]։ Ավելի ուշ երկրի տարածքում ստեղծվում են երկու սատրապություններ։ Արևմտյան Հայաստանը ընդգրկում էր 13-րդ սատրապությունը։ Նրա կենտրոնն էր Տուշպան (Վան)։ Ամեն տարի պարսկական գանձարանին էր վճարում 400 արծաթե տաղանդ (10 տոննա արծաթ) և պարսկական բանակին տրամադրում 20 000 նժույգ։ Արևելյան Հայաստանը ընդգրկում էր 18-րդ սատրապության տարածքը և ամեն տարի պարսկական գանձարանին վճարում էր 200 արծաթե տաղանդ։ Նրա կենտրոնն էր Էրեբունին (Երևան)։ Նույն ժամանակ Հին Արևելքի զարգացած ու հարուստ երկրներից Եգիպտոսը վճարում էր 700, Բաբելոնիան՝ 1000, իսկ Փոքր Ասիա թերակղզու երեք սատրապությունները՝ միասին 1760 տաղանդ արծաթ։

Հայաստանի այս երկու սատրապությունները միմյանցից անկախ ինքնուրույն միավորներ չէին, այլ փոխկապակցված երկու ստորաբաժանումներ։ Դրանք առաջացել էին հայ ժողովրդի կազմավորման մեջ ներգրավված բազմաթիվ, այդ թվում՝ հիմնականում հայկական ցեղերի ու նրանց զբաղեցրած տարածքների հետևանքով։ Այսպիսով, հայ ժողովրդի բնակության ու հայապատկան հողերի տարածքը զգալիորեն ընդարձակվել էր[3]

Դարեհ Առաջինը կառուցում է նաև «Արքայական» կոչվող մեծ ճանապարհը։ Այն, դուրս գալով Պարսկաստանի մայրաքաղաք Շոշից կամ Սուզայից, հասնում էր մինչև Փոքր Ասիայի արևմտյան ծովափին գտնվող Լիդիայի նախկին մայրաքաղաք Սարդես։ Մոտ 2 400 կիլոմետր տարածություն ունեցող այս ճանապարհն իր ապահովության և բարեկարգության պատճառով դառնում է միջազգային քարավանային առևտրի հիմնական մայրուղին։ Ապրանքափոխանակությանը և առևտրի զարգացմանը զգալի չափով նպաստում են նաև Դարեհի կողմից ոսկե, արծաթե և պղնձե դրամները գործածության մեջ մտցնելը և միասնական չափ ու կշռի սահմանումը։ Արքայական ճանապարհի մի որոշ հատվածը, որն ուներ մոտ 330 կիլոմետր երկարություն և 15 կայարան, անցնում էր սատրապական Հայաստանի հարավային նահանգների՝ Աղձնիքի և Ծոփքի վրայով։

Քսենոփոնը Սատրապական Հայաստանի մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարսից արքա Արտաքսերքսեսի (մ.թ.ա. 404-358 թթ.) եղբայր Կյուրոս Կրտսերը մ.թ.ա. 401 թվականին ապստամբում է նրա դեմ։ Հույները հաղթանակի դեպքում նոր թագավորից զիջումներ ստանալու հույսով ընդառաջում են Կյուրոսի խնդրանքին և նրան օգնելու համար ուղարկում են վարձկաններից կազմված տասը հազարանոց մի զորաբանակ։ Սակայն Կյուրոս Կրտսերն իր եղբոր դեմ մղած կռիվներում պարտվում և սպանվում է։ Հույն վարձկանների 10 000-անոց (բյուր) զորաբանակը ստիպված է լինում Բաբելոնի մոտից Միջագետքի, Կորդվաց աշխարհի և սատրապական Հայաստանի վրայով վերադառնալ Հունաստան[8]։

Աքեմենյան պետություն

Հույներին Իրան կանչելը կապված էր հույն-պարսկական պատերազմներում աթենացիների ու սպարտացիների հաղթանակների հետ։ Նրանք հմուտ զինվորների համբավ էին ձեռք բերել Մերձավոր Արևելքում։ Այդ զորաբանակի հրամանատարներից էր հույն գրող և զորավար Քսենոփոնը, ում «Անաբասիս» աշխատության մեջ բավականին հանգամանորեն պահպանվել է հայկական սատրապության նկարագրությունը[14]։ Հայոց թագավորությունը, որ շարունակում էր մնալ պարսկական սատրապություն։

Հայաստանի սատրապ Երվանդը (մ.թ.ա. 404մ.թ.ա. 360)[6], ով ամուսնացած էր Աքեմենյան արքա Արտաքսերսքես Բ-ի դստեր՝ Հռոդուգունեի հետ[1], շարունակում էր միաժամանակ ներկայացնել հայոց թագավորական իշխանությունը[13]։ Նրա տեղապահներն էին սատրապության երկու վարչական շրջանների հյուպարքոսները, որոնցից մեկը ազգությամբ պարսիկ էր։ Նահանջող հույները, Կորդուխների երկրի (Կորդուք) վրայով անցնելուց հետո հասնում են Կենտրիտես գետին (Բոհտանսու կամ Արևելյան Տիգրիս)։ Այստեղ նրանք գետի հակադիր ափին տեսնում են զինված ձիավորներ և նրանցից վերև՝ բլուրների վրա, շարքերով կանգնած հետևակ զորքեր, որոնք նպատակ ունեին թույլ չտալ հույներին անցնելու գետը և մտնելու Հայկական լեռնաշխարհ։ Մեծ վահաններով ու երկար նիզակներով զինված այս զորքերը Օրոնտաս-Երվանդի զորքերն էին, որոնք կազմված էին հայերից և խալդայներից։ Սակայն հույները կարողանում են անցնել գետը և մտնել Հայաստան, իսկ Օրոնտաս-Երվանդի զորքերը, հաշվի առնելով իրենց ուժերի փոքրաթիվ լինելը, խուսափում են ընդհարվել նրանց հետ։ Շարժվելով դեպի հյուսիս՝ հույներն անցնում են Հայկական Տավրոսը և իջնում Մուշի դաշտը, որտեղ կային բազմաթիվ գյուղեր։ Այստեղից սկսած՝ երկիրը կոչվում էր Արևմտյան Հայաստան, որի հյուպատոսը, այսինքն՝ փոխկառավարիչն էր պարսից թագավորի բարեկամ Տիրիբազը։ Նա բանակցություններ է վարում և պայման կապում, որ հույները չպետք է այրեն հայկական գյուղերը, իսկ կենսամթերքներ կարող են վերցնել այնքան, որքան անհրաժեշտ է իրենց։

Մայրաքաղաք Պերսեպոլիսի ավերակներ

Լինելով թվով սահմանափակ և գիտակցելով հայրենիք վերադառնալու ողջ դժվարությունները՝ հույները Հայոց երկրով անցնելիս շրջանցում էին ամրացված քաղաքները, բերդերն ու տաճարները, որոնց հետ բախումը կարող էր նրանց համար ճակատագրական լինել։ Այդ պատճառով նրանք խուսափում էին անհարկի հնարավոր ընդհարումներից, գերադասում բանակել առատ մթերապաշար ունեցող և անպաշտպան գյուղերում։

Հունական զորքի առաջապահ զորամասերն անցնում են Արևելյան Եփրատ (Արածանի) գետը։ Գերիների ու գրաստների մի մասին ցրտի պատճառով կորցնելուց հետո նրանք հասնում են այլ գյուղերի։ Քսենոփոնն իր զորամասով գնում է շրջակա գյուղերից մեկը և իջևանում գյուղապետի տանը։ Նա տեղեկացնում է, որ այնտեղ գյուղական տները գետնափոր էին՝ մարդկանց և անասունների համար առանձին հարկաբաժիններով ու մուտքերով, ․ վերջիններս՝ ջրհորի բերանի նման, որից մարդիկ ցած էին իջնում սանդուղքներով։ Տներում մարդկանց հետ ապրում էին նաև ընտանի կենդանիներ, որոնց համար ներքևից հատուկ մուտք էր շինված։ Յուրաքանչյուր գյուղ ուներ իր գեղջավագը։ Հույները Հայաստանում արձանագրում են գարեջրի գոյությունը[8]:

...Այնտեղ (Հայաստանում) կային նաև ցորեն ու գարի և ընդեղեն և կրատերների (կավե անոթ) մեջ գարուց պատրաստված գինի, որի երեսին լողում էին գարու հատիկներ. կրատերների մեջ կային նաև եղեգներ՝ մեծ ու փոքր, առանց ծնկի։ Ծարավելու դեպքում մարդ պետք է այդ եղեգի ծայրը բերանին դներ ու ծծեր։ Եվ այն շատ թունդ էր, եթե ջուր չխառնեին, իսկ սովոր մարդու համար շատ ախորժելի ըմպելիք էր։
- Քսենոփոն, «Անաբասիս»[17]

Հույները հայկական այս գյուղերում յոթ օր հանգստանալուց և պարենավորվելուց հետո շարժվում են Ֆասիս (Փոթի), հասնում Տրապիզոն, իսկ այնտեղից էլ հայրենիք։

Հայոց պետության անկախության վերականգնումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքները և Հայաստանը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Երվանդյան Հայաստանը մ.թ.ա. 4-րդ դարից-մ.թ.ա. 2-րդ դարը
Հայաստանն Ալեքսանդր Մակեդոնացու օրոք

Աքեմենյան տերության ներսում գնալով ուժեղանում էին կենտրոնախույս ձգտումները։ Գործնականում հանդես են գալիս անկախ ցեղեր ու ցեղախմբեր, որոնցից էին Հայկական լեռնաշխարհում գտնվող կարդուխները, խալդայները կամ սկյութները։ Միաժամանակ Բալկանյան թերակղզում գնալով ուժեղանում ու առնականանում էր Մակեդոնիայի ոչ մեծ թագավորությունը։ Ռազմական վերափոխությունների շնորհիվ, որոնց մեջ կարևոր դեր ուներ փաղանգի (ֆալանգ) ստեղծումը, մակեդոնական բանակը դարձավ իր ժամանակի ամենամարտունակ բանակը։ Իրեն բավարար չափով ուժեղ զգալով՝ Մակեդոնիայի թագավոր Ալեքսանդր Մակեդոնացին մ.թ.ա. 334 թվականին իր բանակով անցավ Բոսֆորի ու Դարդանելի նեղուցները և մեկ տարվա համառ կռիվներից հետո գրավեց Աքեմենյան տերության արևմտյան սատրապությունները։ Աքեմենյան բանակներն առաջին լուրջ պարտությունը կրեցին մ.թ.ա. 333 թվականին՝ Իսոսի ճակատամարտում։ Դրանով Ալեքսանդրի առաջ բացվեց Սիրիա և Եգիպտոս տանող ճանապարհը։ Մ.թ.ա. 331 թվականին նախկին Ասորեստանի տարածքում տեղի ունեցած Գավգամելայի ճակատամարտում Աքեմենյան վերջին արքա Դարեհ III Կոդոմանի զորքերը պարտություն կրեցին[15]։ Ճակատամարտի ժամանակ Դարեհ Գ-ն փախուստի դիմեց՝ հուսալքության մատնելով իր զորքերին և շատ չանցած սպանվեց իր իսկ մերձավորների ձեռքով[8]։

Գավգամելայի ճակատամարտին մասնակցել են Մեծ Հայքի և Փոքր Հայքի զորաբանակները։ Մեծ Հայքի զորքերը գլխավորում էր Երվանդ սատրապը։ Ալեքսանդր Մակեդոնացու զորքերը Հայոց երկիր չմտան և շարունակեցին իրենց ռազմերթը դեպի Միջին Ասիա և այնուհետև՝ Հնդկաստան, որոնց նվաճումը մեծ դժվարություններ ստեղծեց հունա-մակեդոնական զորքերի համար։ Հատկապես մեծ փորձություն էր նրանց համար մարտական փղերի դեմ պայքարելը։ Արշավանքն ստիպված եղան դադարեցնել։ Սակայն դրա արդյունքում նվաճվեց Աքեմենյան տերությունը, և ստեղծվեց մի նոր ու տարածքով նրան չզիջող պետություն, որն ընդունված է կոչել Ալեքսանդր Մակեդոնացու տերություն[6]։ Վերջինս իր պետության մայրաքաղաք դարձրեց վաճառաշահ Բաբելոն քաղաքը։ Մերձավոր Արևելքում սկսվեց հելլենիզմի կամ հունականության դարաշրջանը, որը տևեց 6-7 դար[18][19]։ Արևելքի երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, լայնորեն տարածվեց հունարենը, որը դարձավ իշխող խավերի խոսակցական լեզուն։

Ալեքսանդր Մակեդոնացի

Գավգամելայի ճակատամարտից հետո Ալեքսանդր Մակեդոնացին Հայաստանի սատրապ է նշանակում ազգությամբ պարսիկ Միհրանին։ Վերջինս, սակայն, էական ազդեցություն չի ունենում։ Մեծ Հայքում իրեն թագավոր է հռչակում ճակատամարտի մասնակից Երվանդը[13], որով դարեր առաջ հիմնադրված Երվանդական արքայատոհմը վերականգնում է իր լիակատար իշխանությունը[2]։ Փոքր Հայքում թագավորական իշխանությունն անցնում է Երվանդական արքայատոհմի ներկայացուցիչ Միթրաուստեսին (Միհրվայիշտ)[20]։

Կա տարբերակ, որի համաձայն Մակեդոնացու զորքերը մտել են հայոց երկիր[21]։ Երվանդ Գ արքան, հակահարված հասցնելով նրա զորավարներ Մեմնոնի և Սելևկոս Նիկատորի ոտնձգություններին, հաջողությամբ պաշտպանել է Մեծ Հայքի թագավորության անկախությունը։ Նրա աջակցությամբ իրենց անկախությունը պահպանել են նաև Փոքր Հայքի, Պոնտոսի և Կապադովկիայի թագավորությունները[6]։

Կայսեր մահից (մ.թ.ա. 323) հետո իշխանության համար պայքար սկսվեց նրա զորավարների միջև։ Նախկին տերության տարածքում ստեղծվեցին մի քանի պետություններ, որոնց մեջ ամենախոշորը և, թերևս, ամենաուժեղը Սելևկյան տերությունն էր՝ Անտիոք մայրաքաղաքով[14]։ Այս պետությունը հիմնել է Ալեքսանդրի զորավարներից Սելևկոս Նիկատորը մ.թ.ա. 305 թվականին։ Ասորիքից բացի, տերությունը ներառում էր Միջագետքը, Իրանը, Միջին Ասիան՝ ընդհուպ մինչև Հնդկաստան։

Հայաստանը և Սելևկյան թագավորությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնունդ առնելով հայկական նորանկախ թագավորության հարևանությամբ՝ Սելևկյան պետությունը մեծ վտանգ էր ներկայացնում հայկական թագավորությունների համար՝ անընդհատ փորձելով տիրանալ Հայկական լեռնաշխարհին[8]։

Արգիշտիխինիլի քաղաքի հատակագիծ

Մեծ Հայքի Երվանդականները, ինչպես նախկինում, այնպես էլ այժմ, իրենց պետության կենտրոնը դարձրին Այրարատյան դաշտը։ Նրանք իրենց աթոռանիստը հաստատեցին Արմավիր քաղաքում, որը Վանի թագավորության շրջանում ստացել էր Արգիշտիխինիլի անունը։ Մեծ զարգացում է ապրում քաղաքաշինությունը։ Մ.թ.ա. 3-րդ դարի վերջին քսանամյակին Մեծ Հայքում գահակալել է Երվանդ Դ Վերջինը (մ.թ.ա. 220-201)[2]:

Մովսես Խորենացին հաղորդում է, որ Երվանդ Դ-ն Արաքս և Ախուրյան գետերի խառնարանի մոտ իր անունով կառուցում է մի նոր քաղաք՝ Երվանդաշատը, և Արմավիրից այնտեղ է տեղափոխում արքունիքը։ Նոր մայրաքաղաքի կառուցման պատճառը Երասխի հունի փոխվելն էր, որի պատճառով Արմավիրը զրկվել էր բավարար ջրից[22]։ Երվանդաշատի միջնաբերդն ամրացնում է բարձր պարիսպներով, պարիսպների մեջ դնում պղնձե դռներ և ներքևից մինչև վեր բարձրացող երկաթե սանդուղքներ։ Բացի այդ, հայոց թագավորը Ախուրյան գետի ձախ ափին կառուցում է Երվանդակերտ դաստակերտն ու Բագարան փոքր քաղաքը։ Արմավիրից նա Բագարան է փոխադրում հեթանոս աստվածների արձանները և իր եղբորը՝ Երվազին, նշանակում քրմապետ[23]։ Մ.թ.ա. 3-րդ դարում են առաջանում նաև Երվանդավան, Նախճավան, Վարդգեսավան (հետագայում Վաղարշապատ), Երազգավորս և այլ քաղաքատիպ բնակավայրեր։

Ախուրյան

Զգալի թվով քաղաքների ու քաղաքատիպ ավանների առաջացումն ու զարգացումը Մեծ Հայքում առաջին հերթին պայմանավորված էին աշխատանքի հասարակական բաժանման հետագա խորացման, ուրարտական ժամանակաշրջանի հետ համեմատած՝ գյուղատնտեսության ու արհեստագործության ավելի բարձր զարգացման և դրանց հիման վրա, առևտրի ու դրամական շրջանառության ծավալման հետ։

Առևտրի և քաղաքների զարգացմանը որոշ չափով նպաստում է նաև միջազգային տարանցիկ առևտրի ճանապարհներից մեկը, որը Սելևկյանների նախկին մայրաքաղաք Սելևկիայից Միջագետքի, Մարաստանի ու Արարատյան դաշտի վրայով գնում էր Կոլխիդա և Սև ծովի նավահանգիստները, իսկ այնտեղից էլ՝ Բոսպոր (Ղրիմի թերակղզի) և մերձազովյան երկրները։ Այս ճանապարհի շնորհիվ Մեծ Հայքը ևս ներգրավվում է միջազգային առևտրի մեջ։ Երվանդունիների մայրաքաղաք Արմավիրում գտնվել են մ.թ.ա. 3-րդ դարի վերջին պատկանող հունարեն արձանագրություններ, որոնցից մեկի մեջ Մեծ Հայքի թագավորությունը անվանված է «գեղեցիկ երկիր Արմենիա»:

Փոքր Հայք, Ծոփք և Կոմմագենե

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ.թ.ա. 330 թվականին Միթրաուստեսի կողմից հիմնադրված Փոքր Հայքի թագավորությունն իր սահմանների մեջ ընդգրկում էր Եփրատ և Գայլ գետերի վերին հոսանքների միջև ընկած տարածքը։ Մ.թ.ա. 2-րդ դարի սկզբում Փոքր Հայքն իրեն է հպատակեցնում նաև խալդայներին ու տիբարեններին և հյուսիսից տարածվում է մինչև Սև ծովի ափերը։

Մ.թ.ա. 322 թվականին Կապադովկիայի, Պաֆլադոնիայի և Սև ծովի մոտակա շրջանները նվաճելու ժամանակ հունամակեդոնական զորքերը գրավում են նաև Փոքր Հայքը և այն միացնում Ալեքսանդր Մակեդոնացու քարտուղար Եվմենեսին հանձնված սատրապությանը։ Այստեղ կառավարիչ է նշանակվում Նեոպտղոմեոսը, ում վարած դաժան քաղաքականության պատճառով Փոքր Հայքի հայերը ապստամբություն են բարձրացնում զավթիչների դեմ։ Միայն Եվմենեսի միջամտության շնորհիվ, ով վարում էր համեմատաբար մեղմ քաղաքականություն, հնարավոր է լինում առժամանակ հանգստացնել ու հնազանդեցնել ապստամբ հայերին։ Սակայն Իսոսի ճակատամարտից հետո՝ մ.թ.ա. 301-300 թվականներին, Փոքր Հայքը կրկին ապստամբություն է բարձրացնում և վերականգնում իր անկախությունը։

Սկզբնաղբյուրների հաղորդած կցկտուր և պատահական տեղեկություններից երևում է, որ մ.թ.ա. 4-3-րդ դարերում Փոքր Հայքում ևս զգալի չափով զարգանում են երկրագործությունը, այգեգործությու­նը, անասնապահությունը, մետաղամշակությունը և արհեստագործության մյուս ճյուղերը։ Մեծ զարկ են ստանում նաև առևտուրն ու դրամական շրջանառությունը։ Սրանց զարգացման մեջ զգալի դեր են կատարում Միջագետքից ու Ասորիքից, Մեծ Հայքի ու Ծոփքի վրայով եկող և Փոքր Հայքում խաչվող առևտրական ճանապարհները, որոնք գնում էին դեպի Պոնտոս և Սև ծովի հարավային նավահանգիստները։ Փոքր Հայքն իր անկախությունն ու ինքնուրույնությունը պահպանում է համարյա երկու հարյուր տարի։

Մեծ Հայքի Երվանդականներն իշխում էին մի ընդարձակ երկրի, որը տարածվում էր Կուր և Երասխ գետերի միջագետքից մինչև Եփրատ՝ ներառելով Կոմմագենե երկիրը։ Ծոփքը կամ Ծոփաց աշխարհը գտնվում է Մեծ Հայքի հարավարևմտյան մասում։ Նրա թագավորության տարածքը տարածվում է Արածանի գետի ստորին հոսանքի շատ բարեբեր հովտում, որին Պոլիբիոսն անվանում է «գեղեցիկ դաշտ»։ Կոմմագենեն և Ծոփքն իրենց աշխարհագրական դիրքի պատճառով դեռևս աքեմենյան դարաշրջանից սկսած՝ տնտեսական, մասամբ նաև մշակութային ավելի սերտ կապերի մեջ էին գտնվում Ասորիքի, Միջագետքի ու Կապադովկիայի, քան Մեծ Հայքի հետ։

Սելևկյան տերության թագավորների քաղաքականության հետևանքով թագավորության առավել զարգացած երկրամասերից Ծոփքը և Կոմմագենեն անջատվում են Մեծ Հայքից և վերածվում առանձին թագավորության[24][25]։ Այստեղ իշխանության գլուխ է անցնում Երվանդական արքայատոհմի կրտսեր ճյուղի ներկայացուցիչ, Երվանդ Գ-ի որդի կուսակալ Սամոսը (մ.թ.ա. 260-240 թթ.)[13]:

Սամոս-Շամին հաջորդում է նրա որդի Արշամը (մ.թ.ա. 240-220 թթ.)[13]: Շամի և նրա հաջորդների օրոք թագավորությունում բուռն զարգացում են ապրում քաղաքները։ Շամը Կոմմագենեում կառուցում է Սամոսատ քաղաքը, իսկ Արշամը՝ Ծոփքում Արշամաշատը, որը դառնում է պետության մայրաքաղաքը։ Արշամ Երվանդունու մահից հետո թագավորությունը բաժանվում է երկու մասի։ Մ.թ.ա. 200 թվականին Ծոփք-Կոմմագենեի թագավորությունը տրոհվում է՝ ծնունդ տալով առանձին Ծոփքի և Կոմմագենեի թագավորություններին[1]։

Տրոհված և թուլացած Հայաստանն այլևս ի վիճակի չէր դիմադրելու Սելևկյանների նվաճողական քաղաքականությանը։ Սելևկյանները որոշակի քայլեր են ձեռնարկում այն գրավելու ուղղությամբ։ Ծոփքի Աբդիսարես թագավորը, օգտվելով Սելևկյանների՝ 217 թվականի Եգիպտոսի պտղոմեականներից կրած ծանր պարտությունից, հրաժարվում է ճանաչել Անտիոքոս Գ Մեծի (մ.թ.ա. 223-187 թթ.) գերիշխանությունը և նրան հարկ վճարել։ Անտիոքոս III-ը իր ուժերը վերականգնելուց հետո որոշում է կրկին Ծոփքը ենթարկել իրեն։ Այդ նպատակով նա 212 թվականին զգալի ուժերով ներխուժում է Ծոփք և բանակ է դնում Արշամաշատ մայրաքաղաքի մոտ։ Ծոփքի Քսերքսես թագավորը, նկատի ունենալով թշնամու ուժերի գերազանցությունը, դեսպաններ է ուղարկում Անտիոքոսի մոտ և հայտնում, որ ցանկանում է բանակցության մեջ մտնել նրա հետ։ Անտիոքոսը իր մոտ է կանչում Քսերքսեսին, հաշտվում նրա հետ և նույնիսկ նրան է զիջում հարկի մեծագույն մասը, որ մերժել էր իրեն վճարել Քսերքսեսի հայրը։ Այնուհետև Անտիոքոսը վերցնում է Քսերքսեսից 300 տաղանդ, 100 ձի և նույնքան ջորի, իրենց լծասարքերով, վերադարձնում է նրան ամբողջ իշխանությունը և ամուսնացնում նրան իր քրոջ հետ։ Նրանց հաջողվեց իրենց տիրապետությունը հաստատել հայկական բոլոր թագավորություններում՝ Մեծ Հայքում կառավարիչ նշանակելով Արտաշեսին, իսկ Ծոփքում՝ Զարեհին[26]։

Մ.թ.ա. 200 թվականին սելևկյան զորքերի աջակցությամբ հայ զորավար Արտաշեսը գահընկեց է արել Երվանդ Դ Վերջինին և կարգվել Մեծ Հայքի կուսակալ[1][2]։ Ճակատամարտում հայոց թագավորը սպանվել է։ Արտաշեսը հրամայել է սպանել տալ նաև նրա եղբորը՝ քրմապետ Երվազին։ Սելևկյան արքա Անտիոքոս Գ-ն Կոմմագենեում կուսակալ է կարգել հույն զորավար Պտղոմեոսին, իսկ Ծոփքում՝ հայազգի Զարիադրեսին (Զարեհ)[25]։

Ծոփքը ինչպես հնում, նույնպես և այս դարաշրջանում միջազգային տարանցիկ առևտրի կարևոր հանգույցներից էր։ Ծոփքի վրայով էր անցնում ոչ միայն հին աշխարհի տարանցիկ առևտրի գլխավոր մայրուղին, նրա զարկերակը հանդիսացող «Արքայական ճանապարհը», այլև հարավից դեպի Սև ծովի ափերը տանող բանուկ ու կարճ ճանապարհը։ Այստեղ էր գտնվում նաև Եփրատի կարևոր գետանցներից մեկը և նրա մոտ կառուցված Տոմիսա ամրոցը, որը կայան էր Փոքր Ասիայից, Սև ծովի ափերից, Միջագետքից և Ասորիքից եկած քարավանների համար։ Ծոփքի նշանավոր քաղաքներն էին Արշամաշատը և Արկաթիակերտը, որոնցից առաջինը գտնվում էր Արածանի գետի մոտ, իսկ երկրորդը՝ Տիգրիսի աղբյուրագետակ Արղանայի վրա։ Արշամաշատը Ծոփքի մայրաքաղաքն էր։ Այս երկու քաղաքներն էլ ոչ միայն վարչական, այլև արհեստագործության ու առևտրի կարևոր կենտրոններ էին։ Հայ թագավորներից Ծոփքի թագավորներն առաջինն են իրենց անունով սեփական դրամներ հատել։ Մինչև այժմ հայտնաբերվել են Արշամ, Աբդիսարես, Քսերքսես և Զարեհ թագավորների հատած արծաթե և պղնձե դրամները, որոնք պահվում են եվրոպական տարբեր թանգարաններում։

Զարեհի սերունդներն իշխեցին մեկ դար՝ մինչև մ.թ.ա. 94 թվականը, երբ Տիգրան Մեծը Ծոփքը միացրեց Մեծ Հայքի թագավորությանը[25]։ Կոմմագենեում հայկական արքայատոհմը շարունակեց իր թագավորությունը մինչև մ.թ. 72 թվականը՝ իշխելով մոտ 3 դար[24]։

Հայ թագավորներից ամենանշանավորն էր Անտիոքոս Ա Կոմմագենացին (մ.թ.ա. 70-34 թթ.)[13]: Նրա նախնիներին նվիրված արձանագրության մեջ Երվանդունիները դասվել են Դարեհ I Վշնասպ Աքեմենյանի հաջորդների ցանկում[1]։

Երվանդունիների թագավորության ներքին կյանքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական բարձրավանդակի զգալի տարածություններ ներգրավված էին հայ ժողովրդի կազմավորման մեջ։ Հայկական ցեղերի տարածվել էին ու հաստատվել բազմաթիվ երկրամասերում, թափանցել դեպի աշխարհագրական և տնտեսական մի միավոր կազող հայկական լեռնաշխարհի բնական սահմանները։ Երվանդունիների պետության առաջացումը ժողովրդակազմավորման ավարտված պրոցեսի քաղաքական ձևավորման մի նոր փուլ հանդիսացավ։

Երվանդունիների թագավորություն

Հայաստանի և Ատրպատականի սահմանը հավանաբար անցնում էր Արաքսի միջին հոսանքի շրջանից Ուրմիա և Վանա լճերի միջով մինչև Ջերմ գետի (Բոհտան-սու) ակունքների շրջանը։ Ջերմ գետով հարավային սահմանը ձգվում էր դեպի արևմուտք և շարունակվում Արևմտյան Տիգրիսով կամ Մասիոս (Տուր-Արդին) լեռնաշղթայով մինչև Եփրատ։ Հայաստանի արևմտյան սահմանի մի մասը պետք է անցած լինի Ամանոսի լեռներով և երկրի արևմտյան եզրով։ Եփրատ գետից սահմանն անցնում էր Եկեղիքի հարավային մասով։ Արևմտյան Եփրատից դեպի արևմուտք և հյուսիս գտնվում էր Փոքր Հայքը՝ մինչև Կապադովկիա և Արևելապոնտական լեռները։ Եփրատի վերին հոսանքից հյուսիսային սահմանը ընթանում էր դեպի արևելք, հավանաբար՝ Ճորոխով, իր մեջ ամփոփելով արդեն փասսիանների և հեսպերիտների, ինչպես նաև տաոխների երկրները։ Հայկական պետության հյուսիսարևելյան սահմանը ամենայն հավանականությամբ Կուր գետն էր։ Արևելյան Անդրկովկասի այդ ժամանակաշրջանի պատմության տվյալներից երևում է, որ Կուր գետից արևելք ձգվող տարածությունները, որտեղ բնակվում էին աղվանական և կասպիական բազմաթիվ քոչվոր ցեղեր, գտնվում էին մարական սատրապության և ապա Ատրպատականի պետության հսկողության տակ։

Այսպիսով, մ.թ.ա. 4-րդ դարի երկրորդ կեսին Հայկական լեռնաշխարհում առաջացած Երվանդյան պետության կազմի մեջ մտնում էին Կոմագենեն, Ծոփքը, Աղձնիքը, Մոկաց աշխարհը, Վասպուրականի զգալի տարածությունները և Տուրուբերանը, Այրարատը, Գուգարքը, Տայքը, Սյունիքը, Արցախը և Ուտիքը։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնագույն հայկական պետությունն իր բնույթով արևելյան տիպի միապետություն էր, որի գլուխ կանգնած էր թագավորը կամ թագավոր-սատրապը, (թագավորական իշխանությունը ժառանգական էր, որը հորից անցնում էր անդրանիկ որդուն)։ Ինչպես Աքեմենյան Պարսկաստանում և Առաջավոր Ասիայի շատ երկրներում, նույնպես և հայոց պետությունում հողը պետության սեփականությունն էր։ Իսկ հողային ռենտան և պետական հարկը հանդես են եկել միաձուլված տեսքով։ Բացի հողից, պետությանը կամ թագավորին են պատկանել նաև քաղաքները, բերդերը, հանքերը, ջրանցքները, ճանապարհները։ Օգտագործման իրավունքով, գուցե և գանձվող պետական հարկի մի մասը յուրացնելու պայմանով ընդարձակ հողային տիրույթներ են ունեցել թագավորական և ռազմաստրկատիրական ավագանու ազգատոհմերը։

Հայկական լեռնաշխարհը գյուղատնտեսության և արհեստագործության զարգացման համար ուներ բարենպաստ պայմաններ։ Երկրագործության համար լայն հնարավորություններ ունեին Այրարատյան, Շիրակի, Տարոնի (Մշո), Բագրևանդի (Ալաշկերտ), Բասենի դաշտերը, Վանի շրջակայքը և բազմաթիվ գետահովիտներ։ Զարգանում էին հացահատիկների մշակությունը, այգեգործությունն ու խաղողագործությունը։ Երկրի ընդարձակ ալպյան մարգագետիններն ու արոտավայրերը նպաստում էին անասնապահության զարգացմանը։ Հայկական լեռնաշխարհն աչքի էր ընկնում գյուղատնտեսական մթերքների արտադրության առատությամբ[8]։

Չկար մի տուն, որտեղ սեղանին չդնեին ուլի, խոզի, հորթի և հավի միս՝ ցորենի և գարու հացի հետ... Այստեղ նրանք արդեն ունեին անհրաժեշտ բոլոր տեսակի պարենի և բարիքների առատություն, մորթելու անասուններ, հաց, անուշահոտ հին գինիներ, չամիչ, ամեն տեսակի ընդեղեն։
- Քսենոփոն, մ.թ.ա. 4-րդ դար

Պատմիչը հիշատակում է գինիների ու գարեջրի մասին, որոնք խմում էին գետնի մեջ թաղված կարասներից՝ եղեգնի փողի օգնությամբ։

Բեհիսթունի արձանագրության, Հերոդոտոսի և Քսենոփոնի աշխատությունների հաղորդած տեղեկություններից երևում է, որ հայերը վաղուց նստակյաց էին և նրանց հիմնական զբաղմունքը երկրագործությունն ու անասնապահությունն էր։ Քսենոֆոնի այն վկայությունները, որ հայկական գյուղերում «պաշարեղենը շատ առատ էր», գյուղերը «լի էին բազում պաշարեղենով», ինքնին ապացուցում են, որ հայոց պետության տարածքում երկրագործությունը զարգացման բավական բարձր աստիճանի վրա էր։ Հայերը մշակում էին ցորեն, գարի, քնջութ, կտավատ և այլ ընդեղեններ։

Հայկական գյուղերի բնակչությունը, ինչպես երևում է Քսենոփոնի վկայություններից, կազմված էր տոհմացեղային կապերից կտրված, մենամուսնության և հայրական իրավունքի հիման վրա կազմված առանձին ընտանիքներից կամ ծխերից, որոնք միավորված էին տարածքային գյուղական համայնքներում։ Գյուղական տները, նրանց մեջ պահվող անասունները, կենսամթերքները, խմիչքները, տնային իրերը և այլն ընտանիքների կամ ազատ համայնականների մասնավոր սեփականությունն էին։ Երվանդունյաց թագավորությունում ազատ համայնականները շահագործվում էին կրկնակի կերպով։ Նրանք բնամթերքներով հարկեր ու տուրքեր էին վճարում ոչ միայն հայկական, այլև պարսկական պետությանը։ Բացի հարկերից ու տուրքերից, նրանք կատարում էին նաև շինարարական, փոխադրական և մի շարք այլ պարհակներ։ Համայնքի անդամներից հարկերի գանձումը կատարվում էր գյուղապետի կողմից։

Երվանդունիների թագավորությունում զարգացած էր այգեգործություն ու պտղաբուծություն։ Դրա լավագույն ապացույցն այն է, որ նահանջող հույները հայկական գյուղերի մեծ մասում գտել էին կարասների մեջ պահվող մեծ քանակությամբ սովորական, հին ու անուշահոտ գինիներ, չամիչ և այլ չոր մրգեր։ Բացի գինիներից, հայերը գիտեին պատրաստել նաև գարեջուր, քնջութի և կտավատի ձեթ, դառը նշի և բևեկնի յուղի օծանելիք, անուշահոտ յուղեր։

Ծոփքի Քսերքսես-Շավարշ թագավորի դրամը

Լեռնային և նախալեռնային շրջաններում զարգացած էր նաև անասնապահությունը։ Հայերը պահում էին խոշոր եղջերավոր անասուններ, ոչխար, այծ, խոզ, ձի, ջորի, էշ, ուղտ և տնային թռչուններ։ Երկիրը հատկապես հարուստ և հռչակված էր ազնվացեղ ձիերով։

Հայկական լեռնաշխարհը հնուց ի վեր հայտնի էր ոսկու, արծաթի, երկաթի, պղնձի ու կապարի հանքերով և շինարարական քարատեսակներով՝ տուֆ, մարմար, որձաքար (բազալտ) և այլն։ Մետաղային և ոչ մետաղային հանածոները նպաստում էին զանազան արհեստների զարգացմանը։ Բանակի զենքերն ու զրահները, պաշարողական մեքենաները պատրաստվում էին հմուտ արհեստավորների ձեռքերով։ Վերջիններս բացի բանակի կարիքները հոգալուց պատրաստում էին գյուղատնտեսական գործիքներ, կենցաղային իրեր (պղնձաման, անոթ, կարաս, կուլա, կուժ և այլն)։ Մեծ հռչակ էին ձեռք բերել հայ ոսկերիչներն ու արծաթագործները, որոնք հատկապես հմտացել էին կանացի նուրբ զարդեր պատրաստելու մեջ։ Մեծ զարգացում էին ապրել կաշեգործությունը և մանածագործությունը։ Երկրում արտադրվող մետաղների մի մասն արտահանվում էր հարևան երկրներ։

Հայերի մոտ վաղուց կատարվել էր աշխատանքի հասարակական բաժանում. մասնագիտացված արհեստը բաժանվել է երկրագործությունից։ Հերոդոտոսի և Քսենոփոնի տարբեր վկայություններից հայտնի է, որ հայերը իբրև զենք օգտագործել են սրեր, դաշույններ, նետ ու աղեղ, կարճ ու երկար նիզակներ, երկսայր տապարներ, տեգեր, մեծ ու փոքր վահաններ, երկաթե կամ պղնձե լաքերով հյուսված սաղավարտներ, զրահներ և այլն։ Քսենոփոնը վկայում է, որ հայոց թագավորը ունեցել է թանկարժեք զարդեր և տնային կարասիներ, իսկ հույները Տիրիբազի վրանում գտել էին արծաթե ոտքերով կահույքներ և ըմպանակներ։

Բացի գրավոր այս տեղեկություններից, Էրեբունի ամրոցի շրջակայքում, Երզնկայում և այլ վայրերում հայտնաբերվել են արծաթից ու բրոնզից շինված, նախշերով, տարբեր կենդանիների՝ ձիու և հեծյալի, ցլի գլխի, թևավոր առյուծի, արծվի, քարայծի բարձրաքանդակներով գեղազարդված եղջերաբաժակներ, թասեր, գավաթներ, ամանների բռնակներ և այլն։ Ոսկուց շինված զարդերից գտնվել է ծայրերը առյուծակերպ մի մանյակ, իսկ Արմավիրում՝ մահիկաձև, գեղազարդված և շատ նուրբ կրծքազարդ։ Նշված փաստերը ապացուցում են, որ մ.թ.ա. 6-4-րդ դարերում Հայաստանում զգալի չափով զարգացած էին մետաղամշակությունը և նրա հետ կապված արհեստները, և որ հայերը ժառանգել և հիմնականում պահպանել էին մետաղամշակության այն խոշոր նվաճումները, որ ձեռք էին բերել ուրարտացիները։

Բաբելոնի «կախովի այգիներ»

Պեղումների շնորհիվ հայտնաբերվել են կավե ամաններ, կարասներ ու կճուճներ, ուլունքներ, կենցաղային իրեր և այլն։ Այս և այլ իրերը վկայում են զարգացած մանածագործության ու կավագործության մասին։ Բացի այդ, պատմիչները վկայություն են տալիս հագուստի մասին։ Հայկական ավագանին և զինվորները հագնում էին կարճ վերնազգեստներ, ճտքավոր կոշիկներ, իսկ գյուղացիները՝ տարբեր գույնի երկար զգեստներ և տրեխներ։ Հին հայերը կրում էին նաև սրածայր, սաղավարտանման և այլ ձևի գլխարկներ։

Հին Հայաստանի տնտեսության մեջ մեծ դեր էր խաղում ներքին և արտաքին առևտուրը։ Նրա տարածքով էին անցնում Առաջավոր Ասիայի մի շարք առևտրական ճանապարհներ, որոնք հնարավորություն էին տալիս երկրին ակտիվ մասնակցություն ունենալ միջազգային տարանցիկ առևտրին։ Առևտրական ճանապարհների հիմնական խաչմերուկը Արմավիր մայրաքաղաքն էր, ապա՝ նորակառույց Երվանդաշատը[27]։ Առևտրական ճանապարհն անցնում էր նաև երկրի հարավային նահանգներով։ Դրա մասին են վկայում Ծոփքի ու Կոմմագենեի արքաների հատած արծաթե ու պղնձե դրամները[24]։

Հայոց երկրի և Բաբելոնի միջև Եփրատ գետի վրայով տեղի ունեցող առևտրի մասին մի հետաքրքիր տեղեկություն է պահպանվել Հերոդոտոսի մոտ։ Նա հայտնում է, որ Բաբելոնից առևտրականները գալիս էին հայերի երկիրը և այնտեղ գնում էին մեծ քանակությամբ գինի։ Այնուհետև նրանք տիկերով շրջապատված լաստանավեր էին պատրաստում, կարմիր կարասներով լցված գինին բեռնում էին նրանց վրա և Եփրատ գետի հոսանքով գալիս էին Բաբելոն։ Այստեղ գինին և լաստանավերի կմախքը վաճառելուց հետո տիկերը բեռնում էին գրաստներին և ցամաքային ճանապարհով, Եփրատ գետի ափով կրկին գալիս էին հայերի երկիրը։ Հակոբ Մանանդյանը ցույց է տվել, որ այդ միջնորդ առևտրականները ոչ թե եղել են հայերը, այլ ասորեստանցիները։ Այստեղից հետևում է, որ առևտրականները հայոց երկրում իրենց գնումները կատարել են ոսկու ու արծաթի կշռով կամ դրամահատված փողի միջոցով։ Առևտրի և արհեստադործության առաջին կենտրոնները քաղաքներն ու քաղաք-ամրոցներն էին, թեև ինչպես Արևելքի շատ երկրներում, այնպես էլ այդ ժամանակվա Հայաստանում քաղաքները դեռևս մեծ մասամբ ռազմավարչական կենտրոններ էին։

Ծոփքի Աբդիսար թագավորի դրամը

Սատրապական Հայաստանում գոյություն ունեցող առևտրի, առուծախի մասին կողմնակի վկայություններ կան նաև Քսենոփոնի «Կյուրոպեդիա» աշխատության մեջ։

Իր զինվորներին նա (Կյուրոսը) հրամայեց, որ ոչ ոքի հետ անարդար չվարվեն, և եթե հայերից որևէ մեկը հանդիպի՝ հայտնեն, որ անհանգիստ չլինեն և ասեն, որ ցանկացողները ծախու ապրանքներ բերեն ուր որ իրենք են գտնվելու, եթե նրանք կամենում են ծախել ուտելիք և կամ խմիչք։
- Քսենոփոն, մ.թ.ա. 4-րդ դար

Մեջբերված այս վկայությունը ցույց է տալիս, որ Քսենոփոնը ևս ականատես կամ տեղյակ է եղել, որ Հայկական լեռնաշխարհի առանձին մասերում առևտուրը կատարվել է ոսկու ու արծաթի կշռով կամ դրամահատված փողի միջոցով, իսկ բնակիչները մթերքներ ու խմիչքներ են վաճառել զինվորներին։ Հայոց թագավորի ունեցած 3000 արծաթ տաղանդի կարողությունը և Հայաստանի երկու սատրապությունների տարեկան վճարած 600 տաղանդի հարկագումարը նույնպես կողմնակի կերպով ապացուցում են, որ հայոց պետությունը անծանոթ չի եղել այս դարաշրջանում դրամական տնտեսությանը։

Պեղումների շնորհիվ պահպանվել են մ.թ.ա. 6-4-րդ դարերին վերագրվող դամբարանային կառույցներ։ Վաղ հայկական ժամանակաշրջանի համար հատուկ են ինչպես առանձին, այնպես և խմբակային թաղումները։ Առաջինները, ինչպես վկայում են Թեյշեբաինի քաղաքի պեղումները, ձվածիր հատակագծով, քարից սարքված գերեզմաններ էին՝ ծածկված կեղծ թաղով։ Խմբակային թաղումների համար բնորոշ է մեծ չափերի սալերից կառուցված սալարկղը։ Հուշարձանների և առարկաների երկրորդ խումբն առնչվում է հասարակության վերնախավի հետ։ Նրա մեջ մտնում են մի շարք շենքերի մնացորդներ, գեղարվեստական մետաղագործության բազմաթիվ իրեր և այլ նյութեր>[28]:

Հայկական մշակույթի ակունքները գալիս են դեռևս տոհմացեղային շրջանից և հայկական ցեղային միությունների ու պետական կազմավորումների ժամանակներից։ Դրանք մեզ ծանոթ են պահպանված առասպելներից, կրոնական հավատալիքներից, պեղումների ժամանակ հայտնաբերված նյութերից[8]։

Էրեբունի. Արևելյան Հայաստանի ռազմաքաղաքական կենտրոնը

Պատմական Հայաստանի տարածքում հայտնաբերվել են բազմաթիվ հնագույն բնակավայրեր, կիկլոպյան ամրոցներ, պեղվել են հարուստ դամբարաններ (օրինակ՝ Լճաշենում, Վանաձորում և այլուր)։ Դրանցում գտնված բարձր ճաշակով ու արվեստով պատրաստված զենքերը, գործիքները, կենցաղային առարկաները, արձանիկները, զարդերը և այլն վկայում են հին հայկական մշակույթի բարձր զարգացման մասին։ Գեղամա, Սյունյաց լեռներում և այլ վայրերում հայտնաբերված ժայռապատկերները պատկերում են անասնապահական, որսորդական կյանքը, ռազմի տեսարաններ։ Հայկական մշակույթը մեծ վերելք ապրեց հնագույն ժամանակներում։ Հին հայկական մշակույթի ձևավորման և զարգացման մեջ որոշակի դեր ունեցավ Վանի թագավորությունը։ Վերջինիս վերացումից հետո ուրարտական սեպագիրը մոռացվեց։ Սակայն պահպանվել են ոչ միայն շինարարական արվեստի, այլև կավե և մետաղյա իրերի, զենք ու զրահի և զարդերի շատ նմուշներ[8]։

Մ.թ.ա. 6-4-րդ դարերում շինությունները, ինչպես նաև կավե, քարե և մետաղյա իրերն ու զարդերը նույնպես բաժանվում էին երկու խմբի։ Դրանցից առաջինին վերաբերողները, որ պատկանում էին հասարակ ժողովրդին, պարզ էին ու հասարակ՝ հակառակ երկրորդ խմբի իրերի, որոնք շքեղ էին և մասամբ բերված էին այլ երկրներից։ Արինբերդում (Թեյշեբաինի) պեղվել են հեծյալների քանդակներով արծաթե ըմպանակներ (մ.թ.ա. 5-րդ դար)[29]։

Նեմրութի դիցապաշտարան

Աքեմենյանների օրոք զարգացում է ապրում պալատական ճարտարապետությունը։ Ուրարտական Էրեբունի քաղաքի միջնաբերդում հիմնական վերակառուցումները զգալի չափով փոխում են միջնաբերդի շենքերի ճարտարապետական կերպարը։ Մ.թ.ա. 8-րդ դարում կառուցված ուրարտական տաճարի նախամուտքի սյունաշարի ընդյանումով (հավանաբար մ.թ.ա. 5-րդ դարի առաջին կեսերին) կազմավորվեց սյունազարդ դահլիճը։ Ի տարբերություն ուրարտական շենքի պատերի, որոնց ներքևի քարե մասի բարձրությունը 1,5-2 մ պակաս չէ, և որոնք օժտված են արտաքին խոշոր ելուստ-որմահեցերով, դահլիճի հավելված հատվածների պատերի քարե մասը ցածր է (0.54 մ), շարված է մաքուր տաշված վեմերից, իսկ որմահեցերը ավելի փոքր չափերի են։ Դահլիճի մեջ պահպանված սյան հիմքերից երևում է, որ այն ունեցել է սյուների 5 շարք, ամեն մի շարքում 6-ական սյուն, որոնք կրել են դահլիճի հարթ ծածկը, ներսից, պատերի երկայնքով, ցածր նստարան էր ձգվում, որի հարավային մասում տեղադրված էր զոհասեղանը[28]։

Ալեքսանդր Մակեդոնացու բանակների կողմից Աքեմենյան Պարսկաստանի կործանումից հետո Առաջավոր Ասիայի երկրների կյանքում սկսվեց հելլենիզմի ժամանակաշրջանը՝ տեղական և հունական մշակույթի սերտաճմամբ[18]։ Երվանդունիների թագավորությունում հունարենը և հունական մշակույթը տարածում գտան գերազանցապես արքունիքում և ավագանու շրջանում, ինչպես նաև քաղաքային բնակչության մեջ, որտեղ մեծ թիվ էին կազմում բռնագաղթեցված հույները կամ հունախոս այլազգիները։ Հասարակ ժողովուրդը, ընդհակառակը, շարունակում էր պահպանել ազգային մշակույթն ու ավանդույթները՝ ազգային խառնվածքն ու դիմագիծը։ Հելլենիզմի դարաշրջանը Մեծ Հայքում տևեց 6 դար և հարստացրեց ազգային մշակույթը[30]։

Հին հայերը պաշտել են բնության երևույթները, կենդանական ու բուսական աշխարհի տարբեր ներկայացուցիչների։ Դիցարանը ձևավորվել է դարերի ընթացքում։ Գլխավոր աստվածը եղել է Հայկը[23][31], ով հանդես է գալիս որպես հսկա որսորդ։ Հայկն աստվածացված Հայկ Նահապետն է, ով ժողովրդի երգերում դարձել է լուսավոր ու գեղեցիկ մի համաստեղություն, որ հայերն անվանել են Հայկի անունով (Օրիոնի համաստեղություն)[8]։

Արա Գեղեցիկ և Շամիրամ
(նկարիչ՝ Վարդգես Սուրենյանց)

Լայն տարածում է ունեցել Արայի պաշտամունքը[31]։ Արան բնության, բուսականության, երկրագործության աստվածն է եղել։ Նա մեռնող և հարություն առնող աստված է, ով ամեն տարի ուշ աշնանը մեռնում է, իսկ վաղ գարնանը՝ հարություն առնում։ Նրանով է կենդանանում ողջ բնությունը, նա կյանքի խորհրդանիշն է։

Հին Հայաստանում ամենասիրված աստվածներից է եղել Վահագնը[31]։ Նա քաջության, որոտի, կայծակի և պատերազմի աստվածն էր, ով բազմիցս փրկել էր Հայոց աշխարհն արհավիրքներից։ Մովսես Խորենացին գրի է առել Վահագնի ծննդյան երգը[5][23], որ ոչ միայն հայկական, այլև համաշխարհային պոեզիայի սքանչելի գոհարներից է։ Վահագնը գեղեցիկ և քաջ երիտասարդ է, ով ծնվում է բնության չորս տարրերի՝ օդի, հողի, ջրի, կրակի, և բուսական աշխարհի միասնությունից[32]։ Հին դիցարանից նորին անցումը տեղի է ունեցել մ.թ.ա. 5-4-րդ դարերի սահմանագծում։ Դա կապված էր Աքեմենյան պետության հետ, երբ ընդունվում է զրադաշտականությունը։ Նոր աստվածները, որ հին դիցարանում մինչ այդ զբաղեցնում էին երկրորդական տեղ, այժմ սկսում են զբաղեցնել գլխավոր տեղերը։

Որպես գերագույն աստված՝ Հայկին փոխարինում է Արամազդը[31]։ Նա համարվում էր բոլոր աստվածների հայրը, երկրի և երկնքի արարիչը, ով բերք ու բարիք էր պարգևում աշխարհին և արիություն՝ մարդկանց։ Հայոց աշխարհում կառուցվել են Արամազդին նվիրված բազմաթիվ տաճարներ, որոնցից գլխավորը Արևմտյան Եփրատի ափին գտնվող Անի ամրոցի տաճարն էր։ Ի դեպ, այստեղ էր գտնվում հայոց թագավորների դամբարանը։ Հին հայերի ամենասիրելի աստվածուհին Անահիտն էր[31][33]։ Նա մայրության, պտղաբերության ու արգասավորության դիցուհին էր, Հայոց աշխարհի ու մասնավորապես Արտաշատ մայրաքաղաքի հովանավոր աստվածուհին[23]։ Անահիտն անվանվել է նաև Ոսկեհատ, Ոսկեմայր, քանզի միակն էր, ում նվիրված արձանը ոսկեձույլ էր։ Այն դրված էր Եփրատի ափին գտնվող Երիզա ավանում։ Անահիտի քույր Աստղիկը համարվում էր սիրո և գեղեցկության, ինչպես նաև լույսի աստվածուհի։ Նրանց կրտսեր քույրն էր Նանեն՝ իմաստության և ողջախոհության դիցուհին։ Աստվածների աստղաբույլում իր կարևոր տեղն ուներ Միհր աստվածը, ով Արեգակի և կրակի խորհրդանիշն էր, ջերմություն և կյանք պարգևողը։ Տիր աստվածը հովանավորում էր գիրն ու գրականությունը, ուսումն ու ճարտարապետությունը։ Վանատուրը հյուրընկալության աստվածն էր[31]։

Հելլենիզմի դարաշրջանում տեղի է ունենում հայկական հեթանոսական դիցարանի հելլենականացումը[19]։ Դա տուրք էր երկրում հաստատված նոր՝ հելլենիստական հարաբերություններին և տարածվող մշակույթին։ Հայկական աստվածները համադրվում են համապատասխան հունական աստվածների հետ։ Այսպես՝ Արամազդը նույնացվեց Զևսի, Անահիտը՝ Արտեմիսի, Վահագնը՝ Հերակլեսի, Աստղիկը՝ Ափրոդիտեի, Նանեն՝ Աթենասի, Տիրը՝ Ապոլլոնի հետ և այլն[6][33]։ Հայկական մեհյաններում դրվեցին հունական աստվածների արձանները։ Ազգային աստվածությունների պաշտամունքը շարունակվում էր, մինչդեռ հունական աստվածները շուտով մոռացվեցին[34]։

Երվանդունիների արքայացանկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երվանդունիները հայկական թագավորական և սատրապական տոհմ էին մ.թ.ա. VI-II դարերում։ Մովսես Խորենացին տեղեկացնում է, որ Ք.ա. 7-րդ դարի առաջին կեսին լեռնաշխարհի հարավ-արևմուտքում վերականգնվել էր Հայկազունների տոհմի իշխանությունը՝ Սկայորդու գլխավորությամբ[35]։

Հայոց պատմություն
Հայաստանի զինանշանը
Նախապատմություն
Մ.թ.ա. 2800 - մ.թ.ա. 590
Արատտա
Մ.թ.ա. 2800~16-րդ
Հայասա
Մ.թ.ա. 16-13-րդ
Վանի թագավորություն
Մ.թ.ա. 9-6-րդ
Հին շրջան
Մ.թ.ա. 590 - մ.թ. 428
Երվանդունիների թագավորություն
Մեծ Հայք, Փոքր Հայք, Ծոփք և Կոմմագենե
Արտաշեսյանների թագավորություն
Արշակունիների թագավորություն
Քրիստոնեության ընդունում
Ավատատիրության հաստատում
Գրերի գյուտ
Միջնադար
428 - 1375
Պարսկա-Բյուզանդական տիրապետություն
Արաբական տիրապետություն
Բագրատունիների թագավորություն
Վասպուրական
Վանանդ, Լոռի և Սյունիք
Կիլիկիայի հայկական թագավորություն
Զաքարյան իշխանապետություն
Օտար տիրապետություն
1375 - 1918
Խաչենի իշխանություն
Կարա-Կոյունլուներ և Ակ-Կոյունլուներ
Թուրք-պարսկական
տիրապետություն
Արևելյան Հայաստանը Ռուսաստանի կազմում
Հայոց ցեղասպանություն
Հայկական սփյուռք
Ժամանակակից պատմություն
1918 - ներկա
Հայաստանի առաջին հանրապետություն
Լեռնահայաստան
Խորհրդային Հայաստան
Արցախյան ազատամարտ
Հայաստան
Արցախի Հանրապետություն

Հայաստանի պորտալ

Երվանդ Ա Սակավակյաց

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երվանդ Ա Սակավակյաց (ծն. և մահվան թթ. անհայտ), թագավորել է մ.թ.ա. 570-560–ական թվականներին։ Երվանդի մասին ավանդախառն տեղեկություններ են հաղորդում Մովսես Խորենացին և Քսենոփոնը։

Խորենացին նրան անվանում է «Սակավակյաց»՝ նկատի ունենալով նրա թագավորելու կարճատևությունը։ Ինչպես նշում է Քսենոֆոնը Երվանդն ունեցել է ընդարձակ տիրապետություն, շուրջ 3000 արծաթ տաղանդ հարստություն, 40 հազար հետևակային և 8 հազար հեծելակային զինվորական ուժ։

Տիգրան Երվանդյան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիգրան Երվանդյան (ծն. և մահվան թթ. անհայտ), թագավորել է մ.թ.ա. մոտ 560-535–ին։ Հաջորդել է հորը՝ Երվանդ Ա Սակավակյացին։

Վարել է Հայաստանը Մարաստանի գերիշխանությունից ազատագրելու քաղաքականություն՝ նրա դեմ պայքարում կողմնորոշվելով դեպի նոր ձևավորող Աքեմենյան Պարսկաստանը։

Վահագն Երվանդյան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահագն Երվանդյան, կառավարել է մ.թ.ա. 530 - մ.թ.ա. 515 թթ.: Նա նախորդել է Տիգրան Երվանդյանին, իսկ նրան հաջորդել է որդին՝ Հիդարնես Ա-ն։ Մովսես Խորենացին նրան նույնացրել է Վահագն աստծու հետ։

Հիդարնես Ա Երվանդունին կառավարել է մ.թ.ա. 6-րդ դարի վերջում։ Նա հիմք դրեց Երվանդունիների արքայատոհմին նվիրված տոնակատարությունների, որոնք անց էին կացվում ողջ երկրով մեկ մ.թ.ա. VI դ.:

Հիդարնես Բ Երվանդունին կառավարել է մ.թ.ա. 5-րդ դարի սկզբում։ Նա Հիդարնես Ա-ի որդին էր և հաջորդողը։ Հիդարնես Բ-ի անվան հետ կապվող արձանագրություն է գտնվել Արմավիրում, որտեղ նկարագրված են նրա կին դառնալու համար անհրաժեշտ արտաքին հատկանիշները. դրանք էին՝ սպիտակ մաշկ, գեղեցիկ պարանոց, նուրբ քիթ, ուղիղ ատամներ։ Ըստ արձանագրության Հիդարնեսն ուներ այդ հատկանիշներն ու փորձում էր պահպանել իր տոհմի ազնվականությունը։

Հիդարնես Գ Երվանդունին կառավարել է մ.թ.ա. 5-րդ դարի կեսերին։ Հիդարնեսը հատկապես հպարտ էր իր շագանակագույն ձիերով։ Նա կազմակերպել էր 1.000 շագանակագույն ձիերից բաղկացած հեծելազոր, որն ահ ու սարսափ էր ներշնչում թշնամիների մեջ։

Արտաշիր Երվանդունի

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաշիր Երվանդունին կառավարել է մ.թ.ա. V դարի երկրորդ կեսերին։ Ըստ ավանդության մահից առաջ նա իր մոտ է կանչում իր որդիներին և հայտնում, որ յուրաքանչյուր Երվանդունու պարտքն է երկրում գոնե մեկ ջրանցք կառուցելն է, որը սակայն նա չհասցրեց կառուցել։ Այդ պատճառով նա թողնում է ամբողջ հարստությունը նրանց, որպեսզի նրանք իր փոխարեն կառուցեն։

Երվանդ Բ (ծն.թ. անհայտ– մ.թ.ա. մոտ 344), Հայաստանի սատրապ։ Սերել է Դարեհ I Մեծ Աքեմենյանների զինակից Հիդարնեսից, որը մ.թ.ա. VI դարում խնամիացել էր Երվանդունի արքայատան հետ, կառավարել է մ.թ.ա. 404-360 թթ.: Աթենքում գտնված արձանագրությունները վկայում են, որ Երվանդը ի վերջո, հանգրվանել է Հունաստանում և, հավանորեն, մահացել այնտեղ։

Երվանդ Գ (ծն. և մահվան թթ. անհայտ), Հայաստանի սատրապ մ.թ.ա. 336-331–ին, այնուհետև թագավոր մինչև մ.թ.ա. IV դ. վերջը։ Երվանդ Բ–ի որդին կամ թոռը։ Սատրապի պաշտոնում հաջորդել է Դարեհին։ Մ.թ.ա. 331–ին հայկական զորքով Աքեմենյան բանակում մասնակցել է Գավգամելայի ճակատամարտին։

Երվանդ Դ Վերջին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երվանդ Դ Վերջին (ծն.թ. անհայտ–մ.թ.ա. մոտ 200), Երվանդունիների արքայատան վերջին թագավորը Մեծ Հայքում մ.թ.ա. III դ. վերջին։ Նրա գահակալման տարիները նշանավորվել են շինարարական աշխատանքներով, որոնք ծավալվել են գլխավորապես Այրարատ նահանգում։ Երվանդը սպանվել է Երվանդաշատում, իր հայ զորավար Արտաշեսի զինվորներից մեկի ձեռքով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական հանրագիտարան հրատարակչություն պետական ոչ առևտրային կազմակերպություն, Երվանդունիներ, հ. 2 (խմբ. Հովհաննես Այվազյան), Երևան, «Հայկական հանրագիտարան հրատարակչություն», 2008 — 559 էջ։
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 «Երվանդունիների (Հայկազյան) թագավորությունը». Մ. Կատվալյան. www.historyofarmenia.am. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 3-ին.
  3. 3,0 3,1 Հ. Գ. ԺԱՄԿՈՉՅԱՆ, Ա. Գ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ,
    Ս. Տ. ՄԵԼԻՔ-ԲԱՇԽՅԱՆ, Ս. Պ. ՊՈՂՈՍՅԱՆ, ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ, սկզբից մինչև 18-րդ դարի վերջ (Երևանի Պետական Համալսարան), Երևան, Աբովյան փող. № 52, «ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹ3ՈՒՆ», 1975, էջ 87-93 — 704 էջ. — 20 000 հատ։
  4. «Պարույր թագավոր». Baghdasaryan Brothers. www.findarmenia.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 3-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Մովսես Խորենացի, Պատմութիին հայոց (խմբ. Մ. Աբեղյան, Ս. Հարությունյան, Ս. Մալխասյան,), Երևան, «Հայկական ԽՍՀ ԳԱ հրատարակչություն», 1991 — 699 էջ։
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 Cyril Toumanoff, The Orontids of Armenia
  7. «Արամ անունը հայ ժողովրդի երկրորդ ցեղանուն» (PDF). Ալբերտ Մուշեղյան. 2007. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 03 դեկտեմբներ 2014-ին.
  8. 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 8,11 8,12 «Հայ ժողովրդի պատմության դասագրքեր». ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 3-ին.
  9. «Հայ ժողովրդի կազմավորման ավարտը». Բաղդասարյան եղբայրներ. www.findarmenia.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 3-ին.
  10. 10,0 10,1 «Cyropaedia, Iranica online». Heleen Sancisi Weerdenburg. iranicaonline.org. 10.11.2011. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 3-ին. (անգլ.)
  11. «Հայ-մարական հարաբերությունները». Բաղդասարյան եղբայրներ. www.findarmenia.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 8-ին.
  12. «Հայ-պարսկական ռազմաքաղաքական դաշինքը». Բաղդասարյան եղբայրներ. www.findarmenia.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 8-ին.
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 13,5 13,6 Toumanoff, Cyrille, Dynasties from the Christian Caucasus of antiquity until the 19th century. Chronological and Genealogical Tables (Les Dynasties de la Caucasie Chrétienne de l'Antiquité jusqu'au XIXe Siècle. Tables Généalogiques et Chronologiques), Հռոմ, «1990» — 600 էջ։
  14. 14,0 14,1 14,2 14,3 «The Yervanduni Dynasty». Todd B. Krause, John A.C. Greppin, and Jonathan Slocum. utexas.edu. 2014 թ․ մայիսի 13. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 6-ին.
  15. 15,0 15,1 «Հայոց պատմություն (պարսկերեն)». Pichak.net. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 6-ին.
  16. «Հայերի Ք.ա. 522-521 թթ. հակապարսկական ապստամբությունը». Բաղդասարյան եղբայրներ. findarmenia.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 6-ին.
  17. «Հայաստանն ըստ Քսենոփոնի նկարագրության». Բաղդասարյան եղբայրներ. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 6-ին.
  18. 18,0 18,1 «Hellenistic Period». Antoine Simonin ((անգլ.)). ancient.eu. 2011 թ․ ապրիլի 28. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  19. 19,0 19,1 «Hellenistic Age». Բրիտաննիկա հանրագիտարան ((անգլ.)). Encyclopædia Britannica, Inc. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  20. «Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքները, Աքեմենյան Պարսկաստանի անկումը, Մեծ Հայքի և Փոքր Հայքի թագավորությունների ձևավորումը». Բաղդասարյան եղբայրներ. findarmenia.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 6-ին.
  21. «Ալեքսանդր Մակեդոնացին և Հայաստանը». «Մեր պատմության դասերը» հաղորդաշար. ԵՊՀ հայագիտության կենտրոն. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 6-ին.
  22. «Հայկական թագավորությունները և Սելևկյան տերությունը». Բաղդասարյան եղբայրներ. findarmenia.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 6-ին.
  23. 23,0 23,1 23,2 23,3 , Мовсес Хоренаци, История Армении («Հայաստան») (խմբ. Гагик Саркисян), Երևան, «vehi.net», 1990 — 291 էջ։
  24. 24,0 24,1 24,2 «Early Roman Rule in Commagene» (PDF). Michael Alexander Speidel ((անգլ.)). mavors.org. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  25. 25,0 25,1 25,2 «Армения в III - I вв. до н. э.». Национальная ЭНЦИКЛОПЕДИЧЕСКАЯ служба. interpretive.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 6-ին.
  26. «Ծոփք-Կոմմագենեի թագավորության առաջացումը». Բաղդասարյան եղբայրներ. findarmenia.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 6-ին.
  27. «Գյուղատնտեսություն, արհեստագործություն, առևտուր». Բաղդասարյան եղբայրներ. findarmenia.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 6-ին.
  28. 28,0 28,1 , Հայոց պատմություն, դասագիրք բուհերի համար, հ. 1 (խմբ. Աղայան Է. Բ., Առաքելյան Բ. Ն. և ուրիշներ), Երևան, Բարեկամության 24, «ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն», 1971, էջ 481 — 1009 էջ. — 12 000 հատ։
  29. «Հայկական մշակույթի ակունքները». Բաղդասարյան եղբայրներ. findarmenia.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 8-ին.
  30. «Հելլենիզմ հասկացությունը և հելլենիստական Հայաստանի մշակույթը». Բաղդասարյան եղբայրներ. findarmenia.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 8-ին.
  31. 31,0 31,1 31,2 31,3 31,4 31,5 , Հայ հին վիպաշխարհը (armenianhouse.org) (խմբ. Սարգիս Հարությունյան), Երևան, ««Արևիկ»», 1987, էջ 36 — 180 էջ։
  32. «Հայերի հին կրոնը». Բաղդասարյան եղբայրներ. findarmenia.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 8-ին.
  33. 33,0 33,1 ԽԱՉԱՏՐՅԱՆ, Ժ. Դ. «ԱՆԱՀԻՏ ԴԻՑՈԻՀՈՒ ՊԱՇՏԱՄՈՒՆՔՆ ՈԻ ՊԱՏԿԵՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՆՐԱ ԱՂԵՐՍՆԵՐԸ ՀԵԼԼԵՆԻՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՀԵՏ» (PDF). Պատմա-բանասիրական հանդես. hpj.asj-oa.am. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 8-ին.
  34. «Հայերի հեթանոսական նոր դիցարանը». Բաղդասարյան եղբայրներ. findarmenia.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 8-ին.
  35. Հայկական սովետական հանրագիտարանի գլխավոր խմբագրություն, Հայկական սովետական հանրագիտարան, հ. 3 (Հ․ Մեղապարտի անվան պոլիգրաֆ կոմբինատ), Երևան 9, Տերյան 91, «Հայ սովետական հանրագիտարան հրատարակչություն», 1976, էջ 640 — 720 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանի «Երվանդունիներ» հոդվածից (հ․ 3, էջ 640 )։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։