Jump to content

Սկանդինավյան լեզուներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Սկանդինավյան լեզուներ
Տեսակլեզուների խումբ և լեզվաընտանիք
ԵնթադասԳերմանական լեզուներ և Northwest Germanic?
Գրերի համակարգլատինական այբուբեն
IETFgmq
ISO 639-5gmq

Սկանդինավյան լեզուների քարտեզ
 North Germanic languages Վիքիպահեստում

Սկանդինավյան լեզուներ, հնդեվրոպական լեզվաընտանիքի գերմանական լեզվախմբի հյուսիսային ենթախումբը, որի մեջ մտնում են դանիերենը, շվեդերենը, նորվեգերենը, իսլանդերենը և ֆարերերենը։ Շվեդերենը, դանիերենը և նորվեգերենը շատ մոտ են միմյանց, դա պայմանավորված է նրանց սերտ ազգակցությամբ, ինչպես նաև ավելի ուշ ժամանակաշրջանում նրանց պատմական սերտ շփումով ու փոխազդեցությամբ։ Կղզիներում խոսվող սկանդինավյան լեզուներ՝ իսլանդերենը և ֆարերերենը, դուրս են մնացել պատմական ընդհանուր զարգացումից և աչքի են ընկնում բազմաթիվ յուրահատկություններով, առաջին հերթին բառապաշարի և քերականական կառուցվածքի արխաիկությամբ։ Սկանդինավյան լեզուները ունեն մի շարք ընդհանուր հնչյունական և քերականական առանձնահատկություններ, որոնցով տարբերվում են մյուս գերմանական լեզուներից։ Հնչյունական առանձնահատկություններից են՝ բառասկզբի j-ի անկումը, բարձրացող երկբարբառների առաջացումը, բաղաձայնների առնմանման բազմաթիվ դեպքեր։ Ձևաբանական կարևոր առանձնահատկություններն են s, st-ով կազմված անդրադարձ-կրավորական բայաձևերը, վերջադիր որոշիչ հոդը։ Սկանդինավյան բարբառների տարածման հնագույն շրջանը սահմանափակվում է Սկանդինավյան թերակղզու հրվանդանի մասով և մոտակա կղզիներով։ Սկզբնապես աննշան բարբառային տարբերություններն ուժեղանում են 5—6-րդ դարերում՝ կապված սկանդինավյան ցեղերի տարածման հետ՝ մի կողմից դեպի հյուսիսային Սկանդինավիա, մյուս կողմից՝ դեպի Յուտլանդիա և հարևան կղզիները։ Արևմտասկանդինավյան բարբառների հիման վրա ձևավորվում է նորվեգերենը, արլսկանդինավյան բարբառների հիման վրա՝ շվեդերենը, և դանիերենը։ 9—10-րդ դարերում տեղի է ունենում Իսլանդիայի և Ֆարերյան կղզիների գաղութացումը նորվեգական գաղութարարների կողմից, որի հետևանքով կազմավորվում են իսլանդերենը և ֆարերերենը։ Առաջին գրավոր հուշարձանները, որոնց մեջ արտացոլումն են գտնում սկանդինավյան լեզուներ յուրահատկությունները, 8—11-րդ դարերում ռունագիր արձանագրություններն են (տես Ռուներ), որոնք գրված են, այսպես կոչված, կրտսեր ռունագրերով։ 12—13 դարերում Սկանդինավիայում տարածվել է լատինական գիրը և երևան են եկել առաջին հինսկանդինավյան ձեռագրերը (Ավագ էդդա, Կրտսեր էդդա, սագաներ ևն)։

Գրականություն

ռուս.՝ В е с се н Э*, Скандинавские языки, пер․ со швед․, М․, 1949; Стеблин-Каменский М․ И․, История скандинавских языков, М․, 1953․ Հ․ Ասմանգուլյան

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 436
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սկանդինավյան լեզուներ» հոդվածին։