Jump to content

Երկաթի դար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Երկաթի դարի զենքեր և զարդեր։

Երկաթի դար, մարդկության պատմության ժամանակաշրջան, որ բնորոշվում է երկաթի օգտագործմամբ, երկաթե գործիքների գործածությամբ։ Բացի դրանից տեղի ունեցան նաև մի շարք այլ փոփոխություններ, որոնցով էլ սկիզբ առավ Երկաթի դարը։ Հայկական լեռնաշխարհում հնուց եղել են բազմաթիվ երկաթի հանքավայրեր, որի պատճառով էլ առաջին երկրներից մեկը, որում սկսել են օգտագործել երկաթ, եղել է Ուրարտուն։

Երկաթի դարը համընկնում է վաղ դասակարգային հարաբերությունների ծագմանը։ Հաջորդում է բրոնզի դարին։ «Երկաթե դար» տերմինը գիտության մեջ մտցրել է դանիացի հնագետ Կ․ Յու․ Թոմսենը 19-րդ դարի կեսին։ Տարբեր ժամանակներում երկաթի արտադրության նախնական շրջան են ունեցել բոլոր ժողովուրդները, սակայն «Երկաթե դար» տերմինը սովորաբար վերաբերում է միայն էնեոլիթում և բրոնզի դարում առաջացած քաղաքակիրթ ստրկատիրական պետությունների (Եգիպտոս, Հունաստան, Հնդկաստան, Չինաստան և այլն) տարածքից դուրս բնակվող նախնադարյան ցեղերին։ Քանի որ երկաթն այժմ էլ շատ օգտագործվող մետաղ է, հնագիտության մեջ ընդունված է նաև վաղ Ե․ դ․ արտահայտություևը։ Երկաթե դարը նախնադարյան հասարակության կյանքի նախորդ փուլերի՝ քարի դարի և բրոնզի դարի համեմատ, խիստ կարճ է տևել․ հիմնական ժամանակագրական սահմանները մ․ թ․ ա․ 9-7-րդ դարերն են, երբ Եվրոպայի և Ասիայի նախնադարյան շատ ցեղեր արդեն ունեցել են երկաթի սեփական արտադրություն, և հիմք է դրվել դասակարգային հասարակությանն ու պետությանը։

Որոշ Գիտնականներ երկաթե դարի վերջը Արևմտյան Եվրոպայում համարում են մ․թ․ա․ 1-ին դարը, երբ երևան են եկել հռոմեական գրավոր հուշարձանները, որոնք տեղեկություններ են հաղորդում արևմտաեվրոպակաև ցեղերի մասին։ Առաջին երկաթե առարկաների հումք է ծառայել երկնաքարային երկաթը, որից պատրաստված զարդարանքներ են գտնվել մ․թ․ա․ 3-րդ հազարամյակի եգիպտական դամբարաններում։ Ըստ առավել հավանական ենթադրություններից մեկի՝ հանքային երկաթն առաջին անգամ օգտագործվել է Հայկական լեռնաշխարհում (Անտիտավրոսում) մ․թ․ա․ 15-րդ դարում։ Մ․թ․ա․ 11-րդ դարից Փոքր Ասիայում, Հարավային Կովկասում, Հնդկաստանում և այլուր լայնորեն տարածվում են երկաթե գործիքներն ու զենքերը Հարավային Եվրոպայում, Արևելյան Եվրոպայում, Միջագետքում երկաթի արտադրությամբ զբաղվել են մ․թ.ա․ 8-7-րդ դարերում, Ամերիկայում, Ավստրալիայում և Խաղաղ օվկիանոսի շատ կղզիներում՝ միայն 16-17-րդ դարերում, եվրոպացիների միջոցով։

Հայաստանում երկաթի արտադրության թվագրման համար բացառիկ նշանակություն ունեն Թեյշեբաինիում (Կարմիր բլուր) գտնված դարբնոցային արհեստանոցը և Լճաշենում պեղված ձուլարանը (մ․թ․ա․ 13-12-րդ դարեր)։ Հայկական լեռնաշխարհում երկաթի մշակույթը առավելապես զարգացել է ուրարտական ժամանակաշրջանում․ գտնվել են բազմաթիվ երկաթե առարկաներ (գութանի խոփեր, բրիչի ծայրակալներ, մանգաղներ, մուրճեր, կացիններ, դռների փականքների օղակներ, նիզակների ու նետերի ծայրապանակներ, երկաթե սրեր, թերթավոր զրահներ և այլ)։ Երկաթի մշակույթի զարգացման համար Ուրարտուն ապահովված էր տեղական հումքով, հարուստ էին Մուշի, Բիթլիսի, Վանի, Ուրմիա լճի շրջակայքի, Աղձնիքի, Բարձր Հայքի և այլ վայրերի հանքերը։ 19-րդ դարի վերջին Կարմիր վանքում, Թազաքենդում, Ռեդկին–լագերում, Լոռեում և այլուր հայտնաբերվել են մ․թ․ա․ 1-ին հազարամյակի սկզբի երկաթե նիզակներ, դանակներ, սրեր, որոնց վաղ շրջանի նմուշներն ունեն բրոնզե բռնակներ։ Մեծամորում, մ․թ․ա․ I հազարամյակի սկզբին վերաբերող շերտերից գտնվել են հեմատիտե թիթեղիկներ և խարամի կտորներ, որոնց որոշ հատվածներում կան հեմատիտե բյուրեղիկների խմբեր։ Ենթադրվում է, որ երկաթահումքը բերվել է Հրազդանի և Մարմարիկի երկաթահանքերից։ Խրտանոցի, Աստղի բլուրի, Գոլովինոյի, Լենինականի, Կուրթանի, Ջարխեջի, Նոյեմբերյանի, Շամշադինի ու շատ այլ վայրերի հին դամբարաններում գտնվել են մ․թ․ա․ 8-7-րդ դարերի մեծ քանակությամբ երկաթե առարկաներ։

Երկաթե գործիքները բնության դեմ պայքարելու, արտադրողական ուժերի և արտադրական հարաբերությունների զարգացման լայն հնարավորություններ ընձեռեցին։ Երկաթը մեծ դեր ունեցավ նաև ռազմական գործում, քարե և բրոնզե զենքերը հետզհետե դուրս եկան ասպարեզից։ Աշխատանքի արտադրողականության բարձրացման շնորհիվ ավելացավ մթերքների արտադրությունը, որն իր հերթին նախադրյալներ ստեղծեց մարդու կողմից մարդու շահագործման համար։ Աստիճանաբար վերացան ցեղային միությունները, ուժեղացավ դասակարգային շերտավորումը, արտադրության միջոցները դարձան մասնավոր սեփականություն, անջատվեց ցեղային ավագանին, միջցեղային կռիվներն անխուսափելի դարձան։

Գրականություն

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երկաթի դար» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 596