Թամար Էշել
Թամար Էշել | |
Կուսակցություն՝ | Մաարախ |
---|---|
Կրթություն՝ | Լոնդոնի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, դիվանագետ և ակտիվիստ |
Ծննդյան օր | հուլիսի 24, 1920[1] |
Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Վախճանի օր | հուլիսի 24, 2022 (102 տարեկան) |
Վախճանի վայր | Երուսաղեմ |
Թաղված | Հար Հայմենխոտ |
Քաղաքացիություն | Իսրայել |
Թամար Էշել (եբրայերեն՝ תמר אשל, հուլիսի 24, 1920[1], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հուլիսի 24, 2022, Երուսաղեմ), իսրայելցի նախկին դիվանագետ, քաղաքական գործիչ[2]:
Կենսագրություն
Թամար Էշելը ծնվել է Լոնդոնում: Թեև Թամարը ծնվել է Միացյալ Թագավորությունում, Իսրայելի արտաքին գործերի նախարար Մոշե Շարեթը հետագայում նրան գրանցել է որպես բնիկ իսրայելցի, քանի որ նրա ծնողները արտասահմանում էին որպես «պետության գործակալներ»: Էշելի ծնողները Անգլիայում Հրեական գործակալության գաղտնի գործակալներ էին: 1923 թվականին Էշելը նրանց հետ վերադարձել է Մանդատային Պաղեստինին: Նրա մայրը եղել է հայտնի Ֆեյնբերգ և Բելքինդ ընտանիքների անդամ և Ավշալոմ Ֆեյնբերգի քույրը: Հայրը՝ տարածաշրջանի առաջին փաստաբան Զե’և Շոամը, սովորել է Սանկտ Պետերբուրգի համալսարանում, որտեղ էլ հանդիպել է իր ապագա կնոջը՝ Զիլլա Ֆեյնբերգին: Պաղեստին վերադառնալուց հետո նրանք բնակություն են հաստատեցին Հայֆայում, որտեղ Էշելն ավարտել է Հրեական Ռեալի դպրոցը, այնուհետև Լոնդոնի համալսարանում ուսանել է արևելագիտություն[3]:
Լոնդոնում գտնվելու տարիներին ակտիվ գործունեություն է ծավալել Հագանայի հետ, իսկ 1940-ական թվականներին գլխավորել է վերջինիս ներգաղթային գրասենյակը Ֆրանսիայում[3]: Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում եղել է բրիտանական բանակի կամավոր, նախ եղել է վարորդ, այնուհետև Մերձավոր Արևելքի ռազմական կրթական գրադարանների հաստատման ղեկավար: Լոնդոնում և Եգիպտոսում եղել է Հաբոնիմ և Հե-Հալուց շարժումների խորհրդատու: Բրիտանական բանակից դուրս գալուց հետո Երուսաղեմում դարձել է Հագանայի քաղաքական և ռազմական հետախուզության ծառայության սպա:
Դիվանագիտական և քաղաքական գործունեություն
1948 թվականին Իսրայելի պետության ստեղծվելուց հետո սկսել է աշխատել Երուսաղեմում` Արտաքին գործերի նախարարության համար: Էշելը ներկայացրել է նախարարությունը Միավորված ազգերի կազմակերպության պատվիրակության կազմում և նրա անունից տարբեր պաշտոններ է զբաղեցրել Վարչապետի գրասենյակում: 1968 թվականին նախարարությունից պաշտոնաթողությունից հետո նրան շնորհվել է դեսպանի կոչում[3]:
1970-ական թվականներին Էշելը եղել է Երուսաղեմի քաղաքային խորհրդի անդամ և քաղաքապետ Տեդդի Կոլլեկի տեղակալ: Նաև ղեկավարել է «Na'amat» կանանց կազմակերպությունը, նախքան Մաարախ կուսակցությամբ Քնեսեթում ընտրվելը: 1981 թվականի ընտրություններում պահպանել է իր տեղը և պաշտոնավարեց մինչև 1984 ընտրությունները: Ակտիվ կերպով աշխատել է տնտեսության, ներքին քաղաքականության և պետական կոմիտեներում, զբաղվել Խորհրդային Միությունից և Եթովպիայից ներգաղթի հարցերով: Շարունակել է արտերկրյա շրջագայությունները, դասախոսել Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում և ավելի քիչ չափով, Լատինական Ամերիկայում:
Անձնական կյանք
1948 թվականին Թամարն ամուսնացել է տնտեսագետ Լիոնել Շվարցի (1912-1962) հետ: 1949 թվականին ծնվել է նրանց դուստրը՝ Յաիլը: 1960 թվականին, առաջին ամուսնու հետ ամուսնալուծվելուց վեց տարի անց, նա ամուսնացել է Իսրայելի արտաքին գործերի նախարարության աշխատակից Արի Էշելի հետ: Ամուսնու դստերը՝ Ռութին, համարում է նաև իրենը[3]:
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 חה"כ תמר אשל (שוהם) — Knesset.
- ↑ סיפורה של עליה ד'
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 «Tamar Eshel | Jewish Women's Archive». jwa.org. Վերցված է 2018-12-05T11:00:04Z-ին.
Արտաքին հղումներ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թամար Էշել» հոդվածին։ |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Թամար Էշել կատեգորիայում։ |