Jump to content

Ոչ վերբալ հաղորդակցություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ոչ վերբալ հաղորդակցման միջոց

Ոչ վերբալ հաղորդակցություն, մարդկանց միջև շփում առանց բառերի: Այն ներառում է տեսողական ազդանշանների օգտագործում, ինչպիսիք են մարմնի լեզուն, հեռավորությունը և ֆիզիկական միջավայրը, տեսքը: Դա կարող է նաև ներառել ժամանակի օգտագործումը և տեսողական ընկալումը խոսելու ու լսելու ընթացքում:

Այնպես ինչպես բանավոր խոսքն է պարունակում որ վերբալ տարրեր, օրինակ՝ ձայնի որակ, արագություն, բարձրություն, խոսելու ոճ, ինչպես նաև տաղաչափական հատկանիշներ՝ ռիթմ, ինտոնացիա և սթրես, այնպես էլ գրավոր տեքստերը ունեն ոչ վերբալ տարրեր, ինչպիսիք են ձեռագիրը, գրելաոճը, բառերի դասավորությունը: Ինչևիցե, ոչ վերբալ հաղորդակցման հետազոտությունների մեծ մասը կենտրոնացված է անհատների միջև փոխգործունեությանը, որը կարելի է բաժանել երեք հիմնական ոլորտների՝ միջավայրի պայմանները, որտեղ շփումը տեղի է ունենում, հաղորդակցման ֆիզիկական բնութագիրը, փոխգործունեության ընթացքում հաղորդակցվողների պահվածքը:

Ոչ վերբալ հաղորդակցությունը իր մեջ ներառում է գիտակցական և անգիտակցական գործընթացների կոդավորուն ու ապակոդավորումը: Կոդավորումը գործընթաց է, որն ապահովում է դեմքի արտահայտությունները, ժեստերը և կեցվածքը: Ապակոդավորումը ստացված ինֆորմացիայի մեկնաբանումն է՝ հիմնվելով նախորդ փորձի վրա:

Ուղեղի միայն մի փոքր հատվածն է պատասխանատու վերբալ հաղորդակցման համար: Օրինակ մանկիկները իրենց հույզերը արտահայտում են դեմիք շարժումների միջոցով՝ դարձնելով դեմքը հաղորդակցման գլխավոր օրգանը: Երբ երեխաները դառնում են վերբալ հաղորդակցվողներ, նրանք ենթագիտակցորեն սկսում են ուշադրություն դարձնել դեմքի արտահայտություններին, ձայնի տոնայնությանը և այլ ոչ վերբալ տարրերին:

Մշակույթը նույնպես կարևոր դեր ունի ոչ վերբալ հաղորդակցման մեջ, և դա մեկն է այն ասպեկտներից, որն ազդում է ուսուցման կազմակերպման վրա: Այս առումով, ուսուցման գործընթացը կախված չէ բանավոր հաղորդակցումից, ավելի շուտ, ոչ խոսքային հաղորդակցումն է ծառայում է որպես հիմնական միջոց, որը ոչ միայն կազմակերպում է միջանձնային փոխազդեցություն, այլև փոխանցում մշակութային արժեքներ, և երեխաները դեռ երիտասարդ տարիքից սովորում են, թե ինչպես պետք է մասնակցել այս համակարգին:  

Ոչ վերբալ հաղորդակցման հետազոտական պատմությունը

Ոչ վերբալ հաղորդակցությունը մարդկության տարեկիցն է: Միլիոնավոր տարի առաջ արված քարանձավային փորագրություններում պատկերված են մարմնի շարժումների օգնությամբ իրենց էմոցիաները` ապրումները, հույզերը արտահայտող մարդիկ: Կնշանակի՝ ոչ վերբալ հաղորդակցությունը շրջանառության մեջ է մտել վերբալ հաղորդակցությունից դեռ շատ առաջ, իսկ էվոլյուցիայի արդյունքում ավելի ուշ երևան եկած խոսքը դարձել է փաստերի ու կոնկրետ երևույթների ավելի ստույգ փոխանցման միջոց: Գիտական հետազոտությունները ոչ վերբալ հաղորդակցման և վարքի վերաբերյալ սկսվել են 1872 և կապվում է Չարլզ Դարվինի «Հույզերի արտահայտումը կենդանիների և մարդու մոտ» գրքի հրապարակման հետ: Գրքում Դարվինը պնդում է, որ բոլոր կաթնասունները՝ մարդկիկ և կենդանիները, ցույց են տալիս իրենց զգացմունքները դեմքի արտահայտությունների միջոցով: Նա իր գրքում առաջ է քաշում հետևյալ հարցը. «Ինչու է մեր դեմքը ընդունում հատուկ արտահայտություններ որևէ զգացմունք պատկերելու ժամանակ, և ինչու ենք մենք կնճռոտում մեր քիթը, երբ զզվում ենք և սեղմում մեր ատամները, երբ զայրացած ենք»: Հիմնվելով հենց այս աշխատանքի վրա՝ իրենց ուսումնասիրություններն են սկսել մի շարք գիտնականներ: Այս ոլորտի «առաջնեկներից» մեկն է եղել հայազգի գիտնական Ալբեր Մեհրաբյանը, ով, ուսումնասիրելով հաղորդակցությունը, 1950 թ. առաջ է քաշել «7-38-55» սկզբունքը, այսինքն՝ 7 %-ը հաղորդակցության մեջ այն է, ինչ է ասվում, 38 %՝ ինչպես է ասվում, և 55 %-ը մարմնի ոչ վերբալ ազդակներն են՝ «մարմնի լեզուն»։

Ոչ վերբալ հաղորդակցման և մշակույթի կապը

Ոչ վերբալ հաղորդակցությունը հատուկ տեղ է գրավում մշակույթում: Օրինակ 1789 թ. ֆրանսիացիների մեծ մասը խոսում էր տեղական բարբառով և բոլորովին չէր հասկանում փարիզյան դիալեկտը: Մեծ կատակերգակ Մոլիերը, որը նաև բեմական արվեստի ռեֆորմատոր էր, գտավ սրամիտ լուծում: Նա իր թատերախմբով հյուրախաղային շրջագայությունների ժամանակ բեմադրում էր կատակերգություններ, որոնցում մեծ տեղ էր հատկացվում համր, գրոտեսկի հասնող տեսարաններին, և ինքն էլ որպես դերասան մասնակցում էր դրանց: Հետո հատուկ որոշմամբ տեղական բարբառը արգելվեց, և չենթարկվողները հեղափոխական անողոքությամբ սկսեցին գլխատվել բժիշկ-նորարար Գիլիոտինի հնարած սարքավորման օգնությամբ, որն, ինչպես պնդում էր Հիպոկրատի արևով երդված հումանիստը, մարդկանց այն աշխարհ էր ուղարկում գրեթե անցավ` կայծակնային արագության հաշվին:

Ոչ վերբալ հաղորդակցման դերը դիվանագիտության մեջ

Նիքսոնը և Քենեդին ընդդեմ միմյանց

Գանք քաղաքականությանը և դիվանագիտությանը: Մաքիավելին, Բիսմարկը, Գորչակովը` օրինակ, եղել են փայլուն հռետորներ, իսկ Չերչիլի ռադիոելույթները վճռական դեր են խաղացել Գերմանիայի դեմ Անգլիայի պատերազմում: Սակայն հազիվ թե այդ գործիչները նույն հաջողությունն ունենային, եթե հայտնվեին հեռուստաէկրաններին, այսինքն` մարդկանց տեսադաշտում: Նախագահության թեկնածուներ Նիքսոնի և Քենեդիի ընտրապայքարի ընթացքում, քանի դեռ այն ընթանում էր գրավոր ելույթների և ռադիոուղերձների շրջանակներում, հաղթելու հավանականությունը առաջինի կողմն էր, իսկ երբ նրանք հանդես եկան հեռուստատեսությամբ, իրադրությունը հարյուր ութսուն աստիճանով փոխվեց, ու Քենեդին հաղթեց: Ինչո՞ւմն էր գաղտնիքը: Նրանում, որ Ջոն Ֆիցջերալդը, հմուտ հռետոր լինելուց բացի, տիրապետում էր ոչ վերբալ արվեստի նրբություններին: Քաղաքական գործիչներին, հատկապես կառավարության ղեկավարներին, քաղաքական տեխնոլոգները սովորեցնում են ոչ վերբալ շփումների այնպիսի ձևեր, որոնք օգնում են նրանց հասարակության աչքին երևալ մարդասեր, ազնիվ, հոգատար, համեստ, ճշմարտախոս: Ոմանց դա հաջողվում է, ոմանց էլ՝ ոչ:

Ձայնը որպես ոչ վերբալ հաղորդակցման ձև

Ձայնի հնչերանգը մեծ նշանակություն ունի ոչ վերբալ հաղորդակցման մեջ: Կապված նրանից, թե ինչ տոնայնությամբ ենք մենք արտասանում տվյալ բառը, կարող է արտահայտել մեր վերաբերմունքը այդ երևույթի նկատմամբ: Օրինակ՝ եթե դիմացինի ձայնը ցածր է, ուրեմն նա լուրջ անձնավորություն է, որին կարելի է վստահել: Բարձր ձայն ասոցացվում է (զուգորդվում) կանացի կամ անձի թեթևամտության հետ: Մոնոտոն (միապաղաղ) ձայնը չի փոխվում անգամ հարցական և բացականչական նախադասությունների մեջ: Դրա համար հաճախ դժվար է հասկանալ, թե այդ ձայնով մարդը ինչ է ուզում արտահայտել. լուրջ է խոսում, թե կատակում է: Մեղեդային, երաժշտական ձայնը, ի տարբերություն մոնոտոն ձայնի, երգեցիկ, ելևէջներով հարուստ և արտահայտիչ ձայն է: Նման ձայն ունեցողը զգացմունքային անձնավորություն է և սովորաբար հեշտությամբ է հաղորդակցվում: Ուշադրություն պետք է դարձնել նաև ձայնի տեմպին, այսինքն` մարդն արագ է խոսում, թե դանդաղ: Հայտնի է, որ մենք խոսում ենք այն տեմպով, ինչ տեմպով որ մտածում ենք: Եթե խոսում ենք խիստ դանդաղ, մեր զրուցակիցը «կտրվում է» մեզնից և սկսում է մտածել այլ բանի մասին: Լավագույն դեպքում նա ձանձրանում է և սպասում զրույցի ավարտին: Եթե խոսում ենք շատ արագ, դիմացինը կարող է չորսալ զրույցի կարևոր կետերը, կորցնել մտքի թելը և, վերջին հաշվով, «անջատվել»` անգամ ֆիզիկապես ներկա լինելու պարագայում: Ձայնը վճռական նշանակություն է ունենում հեռախոսային խոսակցության ժամանակ, քանի որ այն դառնում է հաղորդակցության միակ և որոշիչ միջոցը:

Տարածական հաղորդակցման չորս գոտիները

Բարակ Օբաման հանդիպում է Ուեն Ջիաբաոյին Նյու Յորքում:

Հոգեբանները ոչ վերբալ հաղորդակցությունը կամ մարմնի լեզուն սերտորեն կապում են մարդու, այսպես կոչված անձնական չորս գոտիների հետ: Այս երևույթը հատկապես ուսումնասիրել է մարդաբան Է. Հոլը: Այդ գոտիներն են. ա) 15-45 սմ, մարդու ինտիմ, անձեռնմխելի սեփականություն, որը կարող են խախտել միայն ամենամոտ մարդիկ; բ) 46-122սմ, դիվանագիտական պաշտոնական և ոչ պաշտոնական հանդիպումների օպտիմալ տարբերակ; գ) 122-360 սմ, անծանոթ կամ ոչ մոտ ծանոթ մարդկանց հաղորդակցություն; դ) 360 սմ. և ավելի, դասախոսությունների և հրապարակային ելույթների դեպքում: Ազգությունից ազգություն՝ գոտիների չափերը տատանվում են: Ամերիկայի, Կանադայի, Հյուսիսային Եվրոպայի, Սկանդինավյան երկրների, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի ներկայացուցիչների համար, օրինակ, ընդունելի է այն տարբերակը, երբ գոտին կես մետրը չի գերազանցում: Իսկ իտալացիների, իսպանացիների, լատինաամերիկացիների, ասիացիների և ճապոնացիների զոնան հասնում է մինչև 25 սմ: Միջազգային հանդիպումներն ուշադիր դիտողը կարող է ականատես լինել զավեշտական տեսարանի: Ասիացի և եվրոպացի դիվանագետների զրույցի ընթացքում առաջինն անընդհատ գրոհում է, իսկ երկրորդը` նահանջում: Թերևս սա է պատճառը, որ ամերիկացիները և եվրոպացիները ասիացիներին համարում են անտակտ, իսկ վերջիններս առաջիններին` ամբարտավան:

Դեմքի արտահայտությունները և մարդկային հույզերը

Ոչ վերբալ հաղորդակցման հետ սերտորեն կապված է մարդկային հույզերը, որոնք արտահայտվում են դեմքի միմիկաների միջոցով: Այս տեսությունը ուսումնասիրել է ամերիկացի հայտնի հոգեբան, զգացմունքների և դրանց՝ դեմքի արտահայտությունների հետ կապի մասին ուսումնասիրություններում առաջիններից մեկը՝ Փոլ Էքմանը։ Նա իր հետազոտությունների արդյունքում ստեղծեց «զգացմունքների ատլաս»՝ ավելի քան տաս հազար դեմքի արտահայտություններով, և այժմ հայտնի է որպես «լավագույն մարդկային ստի դետեկտոր 21 աշխարհում»։ Նա առանձնացրել է 7 ունիվերսալ զգացմունքներ, որոնք ցանկացած ագզի, սեռի, ռասայի և տարիքի ներկայացուցչի դեմքին արտահայտվում են նույն կերպ։ Այս զգացմունքներն են՝ զայրույթ, զարմանքը, վախը, տխրությունը, զզվանքը, արհամարհանքը, ուրախությունը:

Զայրույթ

Նկարը պատկերում է զայրացած դեմք

Զայրույթը բացասական հույզ է, որը հաճախակի է արտահայտվում։ Զայրույթի ժամանակ մարդու վերին և ստորին կոպերը լարվում են (եթե իհարկե մարդ չի կենտրոնացել որևէ բանի վրա, հակառակ դեպքում դա վկայում է այն մասին, որ մարդը զայրացած է)։ Հաճախ հոնքերը մոտենում և իջնում են։ Երբ զայրույթն ուժեղանում է, նման տիպի արտահայտությունները դառնում են ավելի հաճախ, աչքերում երբեմն նկատվում է փայլ։ Հիմնականում բերանը փակ վիճակում է, շրթունքները սեղմված են, նեղացած։

Զարմանք

Զարմանքը այն զգացմունքներից է, որը հեշտ է տարբերակել։ Այդ երևույթի ժամանակ վերևի կոպերը բարձրանում են։ Սա չպետք է շփոթել հետաքրքրության հետ, երբ կոպերը բարձրացած են թեթևակիորեն։ Զարմանքի ժամանակ դեմքի այդպիսի արտահայտությունը տևում է մի քանի վայրկյան, այլապես այն կամ կեղծ է, կամ վկայում է նոր սկսվող վախի մասին։ Զարմանքը իր մեջ պարունակում է հոնքերի «մասնակցություն», որոնց շնորհիվ ճակատին երբեմն հայտնվում են կնճիռներ։ Զարմանքի ժամանակ մի փոքր բացվում է բերանը։

Վախ

Վախի ժամանակ բարձրանում են վերին կոպերը, ներքևինները՝ լարվում։ Որքան ուժեղ է վախի զգացումը, այնքան ավելի ցայտուն են դրանք դրսևորվում։ Հաճախ հոնքերը բարձրանում են և մոտենում իրար, իսկ շրթունքները ձգվում են։ Երբ մարդը մրաժամանակ զգում է և զարմանք, և վախ, բերանը նկատելիորեն բացվում է։

Տխրություն

1672թ.-ի քանդակը պատկերում է Մարիա Մագդալենայի արցունք

Տխրության ժամանակ իջնում են վերին և ստորին կոպերը։ Հոնքերը միանում են ներսի հատվածում և թեթևակի բարձրանում՝ կազմելով «տնակ» աչքերի համար։ Երբեմն իջնում են բերանի անկյունները, դառնում Ո-անման, փոքր-ինչ առաջ է գալիս ներքևի շրթունքը։ Տխուր մարդկանց հայացքը հիմնականում ցրված է։ Երբեմն այս հույզերը դժվար է նկատել, քանի որ դրանք արտահայտվում են քառորդ վայրկյանում (միկրոէմոցիաներ) կամ քողարկվում են։ Բացի այդ ոչ վերբալ նշանները վերլուծելիս նախ պետք իմանալ մարդու «բազային պահվածքը». արդյոք մարդը ստում է, թե ուղղակի հայտնվել է դիսկոմֆորտ զոնայում։

Զզվանք

Երբ քթարմատի և քթի վրա հայտնվում են կնճիռներ, ապա դա նշանակում է, որ տվյալ անձը զզվում է։ Որքան դրանք շատ են, այնքան ուժեղ է զզվանքի զգացումը։ Երբեմն վերևի շրթունքը փոքր-ինչ բարձրանում է, իսկ ներքևինն առաջ է գալիս։

Արհամարհանք

Արհամարհանքն արտահայտվում է բերանի մի անկյունի բարձրացմամբ։ Այս հույզը հեշտությամբ կարելի է հասկանալ իր դրսևորմամբ: Սա արտահայտվում է ասիմետրիկ /միակողմանի ժպիտով։ Երբեմն աչքերում կարող է հայտնվել փայլ, որն արտահայտում է կեղծ ուրախություն։

Ուրախություն

Ուրախությունն արտահայտվում է հիմնականում ծիծաղով, ժպիտով։ Այն կարող է լինել թեթևակի, այպես կոչված, «սոցիալական ժպիտ»։ Այն անկեղծ կոչել չի կարելի, քանի որ քաղաքավարության դրսևորում է. անկեղծ ուրախությանը միշտ մասնակցում են աչքի մկանները, և որպեսզի հնարավոր լինի տարբերել անկեղծ ուրախությունը կեղծից, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել աչքերին. մտովի փակել դեմքի ներքևի մասը և նայել աչքերին, եթե նրանք «ժպտում են», ապա հույզը կեղծ չէ։

Բոլոր վերոնշյալ հույզերից ուրախությունը տարբերվում է նրանով, որ կարող է արտահայտվել միայն մեկ մկանի օգնությամբ այն դեպքում, երբ մնացածների դեպքում անհրաժեշտ է 3-5-ը։

Արտաքին հղումներ

Աղբյուր