Jump to content

Հայկական հարց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայկական հարց, Օսմանյան կայսրության տիրապետությունից Արևմտյան Հայաստանի ազատագրման, հայ ժողովրդի ինքնորոշման ու սեփական պետականության վերականգնման, հայ ժողովրդի համախմբման և այդ նպատակներին հասնելու համար հայ ժողովրդի մղված ազգային-ազատագրական պայքարի անվանումը դիվանագիտության պատմության մեջ։ Ասպարեզ է իջել որպես Արևելյան հարցի բաղկացուցիչ մաս 1877-78-ի ռուս-թուրքական պատերազմից հետո։

Եզրույթի ի հայտ գալը

Հայկական վիլայեթները
Բեռլինի կոնգրեսը

Հայկական հարցն Արևելյան հարցին առնչվում էր Օսմանյան կայսրության հետ Ռուսական կայսրության փոխհարաբերությունների միջոցով։ Արևելյան և Հայկական հարցերը XIX դարի ընթացքում և XX դարի առաջին տասնամյակներին գտնվում էին միջազգային քաղաքականության կիզակետում։ 1877-78-ի ռուս-թուրքական պատերազմը ոտքի հանեց հայ ժողովրդին, որը մեծ հույսեր էր կապում ռուսական զենքի հաղթանակի հետ, և ինչը օբյեկտիվորեն համընկնում էր թուրքական լծից հայ ժողովրդի ազատագրության կենսական շահերին։ Պատերազմն ավարտվեց Ռուսաստանի հաղթանակով։ 1878փետրվարի 19-ին Սան–Ստեֆանո բնակավայրում կնքվեց հաշտության նախնական պայմանագիր, որի 16-րդ հոդվածով Օսմանյան կայսրությունը պարտավորվում էր բարեփոխումներ անցկացնել հայաբնակ վայրերում։ 16-րդ հոդվածի առավելությունն այն էր, որ Ռուսաստանը հանդես էր գալիս իբրև հայ ժողովրդի պաշտոնական հովանավոր, իսկ Արևմտյան Հայաստանի զգալի մասի միացումը Ռուսաստանին հայերին ազգային համախմբության, տնտեսական և մշակութային զարգացման հնարավորություն էր տալիս։ Սակայն պայմանագիրը կնքվեց միջազգային լարված պայմաններում, Ռուսաստանին հակադրվեց անգլո-ավստրիական ուժեղ դաշինքը։ Մեծ Բրիտանիան և Ավստրո-Հունգարիան նախաձեռնեցին հրավիրել միջազգային նոր համաժողով, որի նպատակն էր խոչընդոտել Ռուսաստանին օգտվելու իր հաղթանակի պտուղներից։ Բեռլինի կոնգրեսի (1878) հրավիրման նախօրեին Մկրտիչ Խրիմյանի գլխավորությամբ Եվրոպա ուղարկվեց հայ ազգային պատվիրակությունը՝ եվրոպական պետությունների կառավարությունների աջակցությունը հայցելու կոնգրեսում հօգուտ հայերի որոշումներ ընդունելիս։

Չստանալով իրական երաշխիքներ՝ հայ ազգային պատվիրակությունը, այնուամենայնիվ մեկնեց Բեռլին, սակայն նրան չթույլատրվեց նույնիսկ մասնակցել կոնգրեսի նիստերին։ Բեռլինի կոնգրեսում, Սան Ստեֆանոյի պայմանագրի վերանայման հետևանքով, արևմտա-եվրոպական դիվանագիտությանը հաջողվեց Ռուսաստանին զրկել հայկական գործերը տնօրինելու մենաշնորհից։ Սան Ստեֆանոյի և Բեռլինի պայմանագրերի համապատասխանաբար 16-րդ և 61-րդ հոդվածներով սկզբնավորվեց Հայկական հարցի դիվանագիտական պատմությունը, ինչպես նաև հասարա-քաղաքական կյանքում եվրոպական դիվանագիտության օգնությամբ թուրքական լուծը թոթափելու, հայերի անկախությունն ու ինքնավարությունը ձեռք բերելու մտայնությունն ու գործելակերպը, որը շարունակվեց մինչև Առաջին համաշխարհային պատերազմն ու նրանից հետո։

Պատմություն

Կոտորածների առաջին փուլը

Սպանված հայերը Համիդյան կոտորածների ընթացքում Էրզրում քաղաքում

Հայկական հարցի ստեղծման և հայ ազատագրական պայքարի վերելքի շրջանում (XIX դարի վերջին քառորդ) ավելի խստացան սուլթանական կառավարության ճնշումներն ու հալածանքները, սկսվեցին հայերի զանգվածային ջարդեր (Համիդյան կոտորածներ), որոնց զոհ գնաց ավելի քան 300 հզ հայ։ Եվրոպական տերությունները, որոնց համար Հայկական հարցը սոսկ միջոց էր միջամտելու Օսմանյան կայսրության ներքին գործերին, փորձեցին ճնշում գործադրել նրա վրա՝ նոր զիջումներ և շահույթներ կորզելու համար։ Սակայն հայկական ջարդերը մեծ արձագանք գտան Եվրոպայում, եվրոպացի մարդասեր հասարակայնությունը պահանջում էր բավարարել հայերի պահանջները բարենորոգումներ անցկացնել Արևմտյան Հայաստանում։ 1895մայիսի 11-ին Անգլիայի, ֆրանսիայի և Ռուսաստանի՝ Կոստանդնուպոլսի դեսպանները մշակեցին և թուրքական կառավարությանը ներկայացրին հայկական նահանգներում (Վանի, Էրզրումի, Բիթլիսի, Դիարբեքիրի, Սվասի, Խարբերդի վիլայեթները) բարենորոգումներ անցկացնելու ծրագիր։ Սուլթանական կառավարությունը երկար ձգձգումներից հետո ընդունեց մայիսյան բարենորոգումների ծրագիրը, բայց այս անգամ ևս, օգտվելով մեծ տերությունների միջև եղած հակասություններից, չիրագործեց։ Դեռ ավելին, կատաղի հարձակում սկսեց հայերի դեմ՝ կազմակերպելով նոր զանգվածային ջարդեր Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում։

Երիտթուրքական հեղաշրջում

Հայ զոհերի դիակները Ադանայի կոտորածի ժամանակ

1908-ի երիտթուրքական հեղաշրջումով Հայկական հարցը թևակոխեց զարգացման նոր փուլ։ Հայ հասարա-քաղաքական որոշ գործիչներ Հայկական հարցի լուծումը կապեցին թուրք պետականության բարենորոգման հետ։ Սակայն հայերի վիճակը չբարելավվեց, իսկ 1909ապրիլին երիտթուրքերն իրագործեցին Ադանայի կոտորածը, որին զոհ գնաց ավելի քան 30 հզ հայ։

1912-14-ին, երբ բալկանյան ժողովուրդների ազգային-ազատագրական պայքարի հետևանքով նոր հարված հասցվեց թուրք բռնատիրությանը, Հայկական հարցը վերստին դարձավ մեծ տերությունների և Օսմանյան կայսրության միջև բանակցությունների առարկա։ Արևմտյան Հայաստանում բարենորոգումներ անցկացնելու հարցի շուրջ սկսվեց բարդ պայքար, որը շարունակվեց մինչև Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918) սկիզբը։

Ներկայումս թյուրքալեզու տարածքների քարտեզ

Պատերազմի մեջ մտնելով Գերմանիայի կողմում՝ Օսմանյան կայսրության կառավարող շրջանները հույս ունեին իրականացնել Կովկասից Ռուսաստանին հեռացնելու, Մերձավոր Արևելքի, Կովկասի, Ռուսաստանի, Միջին Ասիայի մահմեդականներին միավորելով «մեծ Թուրան» ստեղծելու վաղեմի գաղափարը։ Այդ նպատակին հասնելու ճանապարհին խոչընդոտ էր հանդիսանում ոչ միայն Ռուսաստանը, այլև հայ ժողովուրդը։ Երիտթուրքական կառավարությունը գտնում էր, որ ամենից առաջ պետք է ոչնչացնել Արևմտյան Հայաստանի հայ բնակչությանը, որի ռուսական կողմնորոշումը հանրահայտ էր։

Հայերի բռնի տեղահանումը դեպի Մեզիրեի բանտը թուրք զինվորների կողմից. Խարբերդ, Արևմտյան Հայաստան, Օսմանյան կայսրություն, Ապրիլ, 1915։

Երիտթուրքերը, Արևմտյան Հայաստանի և Օսմանյան կայսրության մյուս մասերում ապրող հայերին ոչնչացնելու և այդ ձևով Հայկական հարցը լուծելու նպատակով և օգտվելով պատերազմի ընձեռած հնարավորությունից, մերձճակատային շրջաններից հայերին տեղահանելու անվան տակ կազմակերպեցին և իրականացրին ավելի քան 1,5 մլն հայերի տեղահանությունն ու կոտորածը (Հայոց ՑեղասպանությունԱրևմտյան Հայաստանը և Կիլիկիան զրկվեցին բնիկ՝ հայ բնակչությունից։

Ռուսների կողմից գրավված տարածքները Արևմտյան Հայաստանում

Կովկասյան ճակատում հաջող գործողությունների շնորհիվ ռուսական զորքերը հայկական կամավորական ջոկատների հետ մինչև 1916-ը գրավեցին Արևմտյան Հայաստանի զգալի մասը։ Գրավված տարածքներում 1916-ի հունիսին Ռուսական կայսրությունը ստեղծեց «Պատերազմի իրավունքով Թուրքիայից գրաված մարզերի զինվորական գեներալ-նահանգապետություն»։ Եթե պատերազմի նախօրեին և սկզբնական շրջանում ցարիզմը ներկայանում էր իբրև Օսմանյան կայսրությունում ապրող քրիստոնյաների, մասնավորապես՝ հայերի պաշտպան, կամավորական ջոկատներ էր ստեղծում, ապա այժմ ձգտում էր Հայկական հարցը հանել ռուսական դիվանագիտության գործունեության ոլորտից և զրոյի հավասարեցնել հայերի քաղաքական նշանակությունը։ Պատերազմի իրավունքով գրավված հայկական նահանգները պետք է վերածվեին Ռուսաստանի սովորական ծայրամասային նահանգների՝ գործնականում զրկված բնիկ՝ հայ բնակչությունից։

Ցարական իշխանության անկումը

Ռուսաստանում 1917Փետրվարյան հեղափոխությունից հետո ստեղծված Ժամանակավոր կառավարությունը 1917ապրիլի 25-ի որոշումով իր իրավասության տակ վերցրեց Արևմտյան Հայաստանի գրավված մասերի կառավարումը։ Տեղահանված և աքսորված հայերին թույլատրվեց վերադառնալ հայրենի տները։ 1917-ի մայիսից ռուս-թուրքական ճակատում ստեղծվեց ոչ պաշտոնական զինադադարի իրադրություն։ Ճակատում գտնվող ռուս զինվորներին համակել էր ճակատը լքելու և տուն վերադառնալու ձգտումը։ Այդ տրամադրություններն առավել զգալի դարձան 1917հոկտեմբերյան հեղաշրջումից հետո։ Կովկասյան ճակատը մերկանում էր, և բարենպաստ պայմաններ էին ստեղծվում թուրքական արշավանքի համար։

Պատկեր:Image 4286.jpg
Հայաստանի Առաջին Հանրապետությունը
Հայոց պատմություն
Հայաստանի զինանշանը
Նախապատմություն
Մ.թ.ա. 2800 - մ.թ.ա. 590
Արատտա
Մ.թ.ա. 2800~16-րդ
Հայասա
Մ.թ.ա. 16-13-րդ
Վանի թագավորություն
Մ.թ.ա. 9-6-րդ
Հին շրջան
Մ.թ.ա. 590 - մ.թ. 428
Երվանդունիների թագավորություն
Մեծ Հայք, Փոքր Հայք, Ծոփք և Կոմմագենե
Արտաշեսյանների թագավորություն
Արշակունիների թագավորություն
Քրիստոնեության ընդունում
Ավատատիրության հաստատում
Գրերի գյուտ
Միջնադար
428 - 1375
Պարսկա-Բյուզանդական տիրապետություն
Արաբական տիրապետություն
Բագրատունիների թագավորություն
Վասպուրական
Վանանդ, Լոռի և Սյունիք
Կիլիկիայի հայկական թագավորություն
Զաքարյան իշխանապետություն
Օտար տիրապետություն
1375 - 1918
Խաչենի իշխանություն
Կարա-Կոյունլուներ և Ակ-Կոյունլուներ
Թուրք-պարսկական
տիրապետություն
Արևելյան Հայաստանը Ռուսաստանի կազմում
Հայոց ցեղասպանություն
Հայկական սփյուռք
Ժամանակակից պատմություն
1918 - ներկա
Հայաստանի առաջին հանրապետություն
Լեռնահայաստան
Խորհրդային Հայաստան
Արցախյան ազատամարտ
Հայաստան
Արցախի Հանրապետություն

Հայաստանի պորտալ

Ռուսաստանում իշխանության գլուխ անցած խորհրդային կառավարությունը 1917դեկտեմբերի 29-ին ընդունեց Դեկրետ «Թուրքահայաստանի մասին» փաստաթուղթը, որը ճանաչում էր հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, վաղուց կորցրած պետականության վերականգնումը։ Խորհրդային կառավարությունը պաշտոնապես հայտարարում էր, որ պաշտպանում է «Արևմտյան Հայաստանի ազատ ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ մինչև լիակատար անկախություն»։ Սակայն դեկրետը չիրագործվեց. կնքելով Գերմանիայի և նրա դաշնակիցների հետ անջատ հաշտության պայմանագիր, Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը փաստորեն հրաժարվեց այդ դեկրետից։ Խախտելով 1917դեկտեմբերի 18-ին Երզնկայում կնքված ռուս-թուրքական զինադադարը՝ 1918-ի փետրվարին թուրքական զորքերը հարձակման անցան ամբողջ ճակատով և դարձյալ նվաճեցին Արևմտյան Հայաստանը։ Իր նպատակներին ծառայեցնելով Բրեստի հաշտության (1918) ընձեռած հնարավորությունները՝ թուրքական կառավարությունը շարունակեց ճնշում գործադրել Անդրկովկասի վրա՝ պահանջելով նրա անջատվելը Ռուսաստանից՝ հետագա խնդիր ունենալով Անդրկովկասը բաժանել մասերի և այնտեղ հաստատել իր գերիշխանությունը։ 1918-ին վերսկսելով հարձակումը, մայիսի կեսին թուրքական զորքերը գրավեցին Ալեքսանդրապոլը՝ ստեղծելով Երևանը գրավելու իրական վտանգ։ Հայ ժողովուրդը հայտնվեց օրհասական վիճակում։ Սակայն Սարդարապատի ճակատամարտում, Ղարաքիլիսայի ճակատամարտում և Բաշ Ապարանի ճակատամարտում հայկական զորքերն ու աշխարհազորը կանգնեցրին թշնամուն և վերացրին հայ ժողովրդի ֆիզիզկական բնաջնջման վտանգը։ Միաժամանակ վերսկսվեցին բանակցությունները Թուրքիայի և Անդրկովկասյան սեյմի միջև։ 1918մայիսի 26-ին հռչակվեց Վրաստանի Հանրապետության, 27-ին՝ Ադրբեջանի Հանրապետության (Անդրկովկասի արևելքում), մայիսի 28-ին՝ Հայաստանի Հանրապետության ստեղծումը։ Իր ստեղծման պահին Հայաստանի Հանրապետության տարածքը կազմում էր 9 հզ կմ2-ից մի փոքր ավելի, բնակչությունը 326 հզ։ Թուրքիային, բացի բուն Արևմտյան Հայաստանից, անցան նաև Կարսը, Արդահանը, Սուրմալուն, Շարուրը, Նախիջևանի գավառը, Ալեքսանդրապոլի և Էջմիածնի գավառների զգալի մասը։ Պատերազմում Թուրքիայի պարտությունից և Մուդրոսի զինադադարի (1918) կնքումից հետո թուրքական զորքերը հեռացան Հայաստանի Հանրապետության և Կարսի մարզի տարածքից, վերականգնվեց 1914-ի սահմանը, Հայաստանի Հանրապետության տարածքը կազմեց 56 հզ կմ2։

Պատկեր:Հայաստանը-ըստ-Սևրի-պայմանագրի.jpg

     Ըստ Սևրի պայմանագրի Հայաստանի Առաջին Հանրապետությանն անցնող տարածքը      Ըստ Կարսի պայամանգրի Հայաստանի Առաջին Հանրապետության կորցրած տարածքները      Հայաստանի Հանրապետության ներկա սահմանները

1919-20-ին Հայաստանի Առաջին Հանրապետությունը մեծ ջանքեր գործադրեց Հայկական հարցը լուծել արևմտյան տերությունների աջակցությամբ, մեկ միասնական, անկախ պետության մեջ միավորել Հայաստանի արևելյան և արևմտյան մասերը։ Հայկական հարցը քննարկվեց Փարիզի հաշտության կոնֆերանսում (1919-20), որտեղ որոշում ընդունվեց ԱՄՆ-ին տրամադրել Հայաստանի մանդատը։ Այդ որոշումը հաստատեց Ազգերի լիգան։ Սակայն ԱՄՆ-ի Սենատը մերժեց նախագահ Վուդրո Վիլսոնի առաջարկը Հայաստանի մանդատը վերցնելու վերաբերյալ։ 1920օգոստոսի 10-ին Անտանտը հաշտություն կնքեց պարտված Թուրքիայի հետ (Սևրի հաշտության պայմանագիր), համաձայն որի, Թուրքիայի սուլթանական կառավարությունը ճանաչում էր Հայաստանը իբրև ազատ և անկախ պետություն։ ԱՄՆ-ի նախագահին հանձնարարվում էր որոշել Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը՝ Հայաստանի համար ելքով դեպի Սև ծով։

Հայաստանը` միայնակ

Թուրքիայում իշխանության գլուխ անցած ազգայնամոլ կառավարությունը՝ Մուստաֆա Քեմալի գլխավորությամբ, չընդունեց Սևրի պայմանագիրը։ Խորհրդային կառավարությունը, ձգտելով Թուրքիայում սկսված ազգայնամոլ շարժումն ուղղել Անտանտի դեմ, փորձեց իր միջնորդությամբ կայունացնել վիճակը տարածաշրջանում։ Սակայն խորհրդա-հայկական և խորհրդա-թուրքական բանակցությունները բազմիցս ընդհատվեցին և ձգձգվեցին։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ժամանակ էր շահում մինչև Սևրի հաշտության կնքումը, իսկ թուրքական կողմը չէր ուզում հրաժարվել արևմտահայկական հողերից։ 1920-ի ամռանը Խորհրդային Ռուսաստանը Թուրքիային տրամադրեց ռազմական և դրամական զգալի օգնություն, որը նա օգտագործեց արևմուտքում՝ Հունաստանի, արևելքում՝ Հայաստանի Հանրապետության դեմ։ 1920-ի սեպտեմբերին թուրքական բանակն անցավ հարձակման։ Անկարայի կառավարությունը, նորանոր հողեր զավթելով, հայ ժողովրդի արևելյան հատվածը կոտորելով, ձգտում էր զրկել հայերին սեփական պետություն վերստեղծելու հնարավորությունից։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ենթադրում էր, որ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ը և Իտալիան, իրականացնելով Սևրի հաշտության պայմանները, անմիջապես հանդես կգան հօգուտ հայերի և հակահարված կտան Թուրքիային։ Հայկական կառավարությունը դիմեց Ազգերի լիգային՝ խնդրելով միջոցներ կիրառել Թուրքիայի դեմ՝ համաձայն Սևրի պայմանագրի։ Սակայն դիմումներն արդյունք չտվեցին։ Թուրքական զորքերը շարունակեցին հարձակումը։ Թուրքիայի անհաշտ ու ռազմատենչ դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ պայմանավորված էր ստեղծված միջազգային բարենպաստ իրադրությամբ, որից հաջողությամբ օգտվեց քեմալական կառավարությունը, ինչպես և Անտանտի ու Խորհրդային Ռուսաստանի միջև ռազմական առճակատումով։

Հեղափոխական քարոզչությամբ բարոյալքված, հարևանների ոտնձգությունների դեմ անընդհատ պատերազմելու հետևանքով թուլացած հայկական բանակը պարտվեց։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը 1920դեկտեմբերի 2-ին ստորագրեց Ալեքսանդրապոլի պայմանագիրը, որով հանրապետությանն էին մնում միայն Երևանի և Սևանի շրջակա տարածքները, հայկական կառավարությունը հրաժարվում էր Սևրի պայմանագրից, Թուրքիան իր հսկողությունն էր սահմանում հաղորդակցության ճանապարհների վրա ևն։ Նույն օրը, Խորհրդային Ռուսաստանի ճնշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարությունը հրաժարվեց իշխանությունից։ 1921մարտի 16-ին Մոսկվայում Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվեց բարեկամության և եղբայրության մասին պայմանագիր, որը թալանչիական էր Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ։ Այդ պայմանագրի համաձայն որոշված էր Խորհրդային Հայաստանի և Թուրքիայի սահմանը։ Թուրքիային էին անցնում ոչ միայն ամբողջ Արևմտյան Հայաստանը՝ Կարսի մարզի հետ, այլև Սուրմալուի գավառը։ Պայմանագրում մտցվեց հատուկ հոդված, որի համաձայն Նախիջևանի մարզում կազմվում էր «ինքնավար տարածք՝ Ադրբեջանի հովանավորության ներքո, պայմանով, որ Ադրբեջանը սույն հովանավորությունը չի զիջի մի երրորդ պետության»։ Մոսկվայի պայմանագիրը խորապես հակասում էր հայ ժողովրդի շահերին։ 1921հոկտեմբերի 13-ին Կարսում ՌԽՖՍՀ մասնակցությամբ կնքվեց պայմանագիր մի կողմից Խորհրդային Հայաստանի, Խորհրդային Վրաստանի, Խորհրդային Ադրբեջանի, մյուս կողմից՝ Թուրքիայի միջև, որն աննշան տարբերությամբ կրկնում էր Մոսկվայի պայմանագիրը և ձեռնտու էր բոլորին, բացի Խորհրդային Հայաստանից։

Անգլիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի կառավարությունները փորձում էին Հայկական հարցը ծառայեցնել իրենց ծրագրերին և երբեք լրջորեն չմտահոգվեցին հայ ժողովրդի ճակատագրով։ 1920-ի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Լոնդոնի կոնֆերանսում, իսկ 1921-ի հունվարին Փարիզում Անտանտի գլխավոր նիստում Ֆրանսիան հանդես եկավ Սևրի պայմանագիրը վերանայելու պահանջով։ Մինչև Լոզանի կոնֆերանսը (1922-23) Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Իտալիան նահանջել էին Սևրի հաշտության դրույթները պաշտպանելու և Հայկական հարցը լուծելու դիրքերից։ 1921-ի Լոնդոնի կոնֆերանսի որոշումներում «Հայկական անկախ պետություն» արտահայտությունը փոխարինվեց Թուրքիայի տարածքում «Հայկական ազգային օջախ» ստեղծելու մասին վերացական ձևակերպումով, ինչը Լոզանի կոնֆերանսում ջնջվեց այդ նույն դիվանագետների ձեռքով։ Ազգերի լիգան նույնպես անկարող եղավ ինչ-որ կերպ թեթևացնել ցեղասպանության ենթարկված և տեղահանված ժողովրդի վիճակը։

Հայկական հարցի անկապտելի մասն է կազմում Լեռնային Ղարաբաղի հարցը։ 1918-20-ին Ադրբեջանի Հանրապետության մուսավաթական կառավարությունը բազմիցս փորձեց զավթել Լեռնային Ղարաբաղը, Նախիջևանն ու Զանգեզուրը։ Սակայն Հայաստանի այդ շրջանների բնակչությունը զենքով պաշտպանեց իր հողն ու իրավունքներն այդ ոտնձգություններից։ 1921հուլիսի 5-ին ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոյի նիստում որոշվեց Լեռնային Ղարաբաղը տալ Ադրբեջանին։ Այդ ոչ սահմանադրական, կուսակցական, այսինքն՝ անիրավական որոշմամբ բուն հայկական հողերը՝ հայ բնակչությամբ, արհեստականորեն անջատվեցին Հայաստանից, իսկ 1923-ի սահմանազատման հետևանքով մարզը զրկվեց Խորհրդային Հայաստանի հետ ընդհանուր սահման ունենալուց և անջատվեց «ադրբեջանական» տարածքի բարակ շերտով։

Հետպատերազմյան շրջան

Պոտսդամի կոնֆերանսում. ձախից աջ` Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի առաջնորդները:

Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939-1945) ավարտին նկատելիորեն ուժեղացավ սփյուռքահայերի շարժումը՝ Թուրքիային անցած Արևմտյան Հայաստանի տարածքը Խորհրդային Հայաստանին միացնելու համար։ Սփյուռքահայ կազմակերպություններն ու գործիչներն այդ պահանջով դիմեցին հաղթող տերությունների ղեկավարներին, ՄԱԿՍան Ֆրանցիսկոյի կոնֆերանսին (1945-ի ապրիլ), երեք դաշնակից տերությունների ղեկավարների Բեռլինի կոնֆերանսին (1945-ի օգոստոս), արտաքին գործերի նախարարների խորհրդի Լոնդոնի նստաշրջանին (1945-ի սեպտեմբեր), երեք տերությունների արտաքին գործերի նախարարների Մոսկվայի խորհրդակցությանը (1945-ի դեկտեմբեր), ՄԱԿԳլխավոր ասամբլեայի Լոնդոնի 1-ին նստաշրջանին (1946-ի հունվար) ևն։ 1945նոյեմբեր 29-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Զ դիմեց ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ղեկավարներին՝ պահանջելով Խորհրդային Հայաստանին միացնել Արևմտյան Հայաստանը։ 1945-ի մարտին խորհրդային կառավարությունը, ելնելով երկրորդ աշխարհամարտից հետո ստեղծված միջազգային նոր իրադրությունից, հայտարարեց 1925-ի խորհրդա-թուրքական պայմանագիրը չեղյալ հայտարարելու իր մտադրության մասին։ 1945-ի հունիսին Մոսկվայում տեղի ունեցան խորհրդա-թուրքական բանակցություններ՝ ԽՍՀՄ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունները կարգավորելու շուրջ, որը պայմանավորված էր խորհրդային կառավարության կողմից իբրև ժամանակի ոգուն չհամապատասխանող և արմատական բարելավման կարիք ունեցող 1925-ի պայմանագիրը չեղյալ հայտարարելու հետ։ Թուրքական կողմն առաջարկեց կնքել դաշնակցային պայմանագիր։ Դրան խորհրդային կողմը պատասխանեց, որ դեմ չէ որոշակի պայմաններով այդպիսի պայմանագիր կնքելուն, մասնավորապես, եթե Թուրքիան վերադարձնի 1921-ին Խորհրդային Հայաստանից խլված Կարսը և Արդահանը։ Սակայն դաշնակցային պայմանագիրը Թուրքիայի հետ չկնքվեց։ Երեք դաշնակից տերությունների (ԽՍՀՄ, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա) ղեկավարների 1945-ի Բեռլինի (Պոտսդամի) կոնֆերանսում, ի թիվս այլ հարցերի, լսվեց նաև Հայկական հարցը։

1953մայիսի 30-ին խորհրդային կառավարությունը, անտեսելով հայ ժողովրդի ակնկալիքներն ու ձգտումները, Թուրքիայի կառավարությանը հայտարարեց, որ

Հանուն բարիդրացիական հարաբերությունների պահպանման և խաղաղության ու անվտանգության ամրապնդման Հայաստանի և Վրաստանի կառավարությունները հնարավոր գտան հրաժարվել Թուրքիայի նկատմամբ ունեցած իրենց տարածքային պահանջներից...։

Այդպիսով, խորհրդային կառավարությունը հայտարարում է, որ Խորհրդային Միությունը տարածքային ոչ մի պահանջ չունի Թուրքիայից։ ԽՍՀՄ-ի նման հակահայական դիրքը հաստատվել է հետագայում ևս՝ միջազգային մի շարք փաստաթղթերում։

1960-ական թթ

Հայկական հարցը լուծելու, համաշխարհային համագործակցության կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչել տալու համար սփյուռքահայերի պայքարը առավել գործուն դարձավ 1960-ական թթ. կեսից՝ Հայոց Ցեղասպանության 50-ամյակի նախօրեին։ 1965-ին Մեծ Եղեռնի տարելիցն առաջին անգամ պաշտոնապես նշվեց Խորհրդային Հայաստանում։ Վերսկսվեց Հայկական հարցը և Հայոց Ցեղասպանության հիմնախնդրի ուսումնասիրությունը։

1960-80-ական թթ

Հայերի տարածվածությունը հայ ժողովրդի հայրենիք Հայկական լեռնաշխարհում:

1960-80-ական թթ. նկատելիորեն ուժեղացավ համաշխարհային հասարակայնության հետաքրքրությունը Հայկական հարցի նկատմամբ, և այն քննարկվեց միջազգային տարբեր կազմակերպություններում, գիտական և հասարակական համաժողովներում, կոնֆերանսներում և գիտաժողովներում։ 1960-ական թթ. վերջից Հայկական հարցը դարձավ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի ազգային փոքրամասնությունների պաշտպանության և խտրականության կանխման ենթահանձնաժողովի քննարկման առարկա։ Հայկական հարցին հատուկ նվիրվեց Փարիզի ժողովուրդների մշտական ատյանի նիստը 1984-ի ապրիլին, եկեղեցիների համաշխարհային խորհրդի համագումարը (ԱՄՆ, 1989-ի մայիս) ևն, որոնց որոշումներում նշվեց հայ ժողովրդի նկատմամբ Թուրքիայի իրագործած ցեղասպանության վնասների փոխհատուցման անհրաժեշտությունը, սփյուռքահայերին իրենց հայրենիքը վերադառնալու իրավունքի ապահովումը։ Հայոց Ցեղասպանության փաստի համաշխարհային ճանաչման և դատապարտման հարցին 1970-80-ական թթ. գործուն աջակցություն ցույց տվեցին մի շարք երկրներ (Հունաստան, Ֆրանսիա, Արգենտինա, Ուրուգվայ ևն)։ ԱՄՆ-ի Սենատում և Ներկայացուցիչների պալատում բազմիցս քննարկվեցին Օսմանյան կայսրությունում Հայոց Ցեղասպանության մասին բանաձևեր, որոնք, սակայն, Թուրքիայի ճնշմամբ մերժվեցին։ Թուրքիան վարում է Հայոց Ցեղասպանության փաստը չճանաչելու և մերժելու քաղաքականություն։ 1983-ից Հայկական հարցը քննարկվել է Եվրոխորհրդարանում։ 1987հունիսի 18-ին Եվրոխորհրդարանն ընդունեց բանաձև «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին»։ 1988նոյեմբերի 22-ին ՀԽՍՀ ԳԽ ընդունեց , Օրենք օսմանյան Թուրքիայում հայերի 1915 թվականի ցեղասպանության դատապարտման մասին» փաստաթուղթը։

Հայերի տարածվածությունը աշխարհում

Ներկայումս

Ժամանակակից պայմաններում Հայկական հարցը ընկալվում է որպես ամբողջ աշխարհի հայության ձգտումը՝ վերականգնել պատմական արդարությունը, ստեղծել իրական պայմաններ հայ ազգի համախմբման, սփյուռքահայերի ազգային ինքնության պահպանման, Պատմական Հայաստանի միավորման համար։

Հայտնի խոսքեր

Բեռլինի կոնգրեսից հետո, որտեղ հայ ժողովրդի հույսերը չարդարացան, Գարեգին Սրվանձտյանն ասել է.

Հայաստանի մէջ է բուն հայկական խնդիրը, և Պերլինի մէջ կորոնենք զայն:
«Քանի դեռ Հայկական հարցը լուծված չէ, այն շարունակ, ինչպես դամոկլյան սուր, կճոճվի Թուրքիայի գլխավերևում, մինչև վերջապես ասիական Թուրքիայի համար կդառնա նույնը, ինչ Հունական կամ Բուլղարական հարցն է եղել եվրոպական Թուրքիայի համար»:

Յոհաննես Լեփսիուս,գերմանացի հոգևորական և հասարակական գործիչ

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։